Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վախենո՞ւմ ես մահացածներից

Վախենո՞ւմ ես մահացածներից

Վախենո՞ւմ ես մահացածներից

ՇԱՏԵՐՆ այս հարցին պատասխանում են. «Ո՛չ, ինչո՞ւ պետք է վախենամ»։ Նրանք իսկապես հավատում են, որ մահացածներն այլևս գոյություն չունեն։ Սակայն միլիոնավոր մարդիկ էլ համոզված են, որ մահացածները շարունակում են ապրել հոգևոր ոլորտում։

Բենինում (Աֆրիկա) շատերը հավատում են, որ մահացածները կարող են վերադառնալ և սպանել իրենց ընտանիքի անդամներին։ Մարդիկ վաճառում են իրենց ունեցվածքը կամ պարտքով են կենդանիներ գնում զոհաբերություններ և ծիսական արարողություններ կատարելու համար, որպեսզի իրենց մահացած հարազատներին հանդարտեցնեն։ Ոմանք էլ զբաղվում են ոգեհարցությամբ և հավատում են, որ մարդու ոգին վերապրում է մահից հետո ու կարող է հաղորդակցվել կենդանի մարդկանց հետ։ Իսկ մյուսների հետ սարսափելի բաներ են տեղի ունենում. նրանք մտածում են, որ այդ ամենը անում են մահացածների ոգիները։

Ագբուլան, որն ապրում է Բենինի և Նիգերիայի սահմանի մոտ, պատմում է. «Ոգեհարցությունը մեր առօրյա կյանքի մի մասն է։ Օրինակ՝ մենք սովորություն ունենք լվանալ դիակները։ Դա մի ծիսակատարություն է, որի ժամանակ մահացածների ոգիներին պատրաստում ենք հոգևոր ոլորտ ուղարկելու համար։ Հաճախ ես հավաքում էի օճառի մնացուկները և խառնում որոշ բույսերի տերևների հետ։ Հետո խառնուրդը քսում էի իմ որսորդական հրացանին և բարձրաձայն ասում էի, թե ինչ կենդանի եմ ուզում սպանել, որպեսզի ոգիները լսեն ու օգնեն»։ Այսպիսի սովորույթները օգտակար ու անվնաս են թվում, սակայն ոգեհարցության որոշ տեսակներ իրականում վախ են ներշնչում։

«Երբ տղաներիցս երկուսը անհայտ պատճառներով մահացան, ես սկսեցի կասկածել, որ ինձ վրա թուղթուգիր են արել։ Ճշմարտությունն իմանալու համար գնացի մի տարեց մարդու մոտ, որը ճանաչված ոգեհարց էր։ Նա հաստատեց իմ բոլոր կասկածները և ասաց, որ այժմ տղաներս ոգեղեն աշխարհում սպասում են, թե երբ է մահանալու իրենց սպանող անձնավորությունը, որ դառնան վերջինիս ծառաները։ Ոգեհարցը ասաց նաև, որ շուտով նույն ճակատագրին է արժանանալու երրորդ որդիս։ Մի քանի օր հետո նա էլ մահացավ»։

Հետագայում Ագբուլան հանդիպեց Ջոնին, որը Եհովայի Վկա է։ Ջոնը Աստվածաշնչի օգնությամբ բացատրեց, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Ագբուլայի կյանքը փոխվեց։

Մահացածները շարունակո՞ւմ են ապրել

Ինչպե՞ս կարող ենք իմանալ այս հարցի պատասխանը։ Մարդկանցից ոչ ոք, ինչքան էլ մեծ հեղինակություն ունենա, չի կարող տալ այս հարցի պատասխանը։ Սակայն Եհովան պատասխանում է այդ հարցին, քանի որ նա է «երկնքում և երկրի վրա տեսանելի բաները և անտեսանելի բաները» Ստեղծողը (Կողոսացիներ 1։16)։ Բոլոր արարածների կյանքը կախված է նրանից (Հայտնություն 4։11)։ Նա ստեղծել է հրեշտակներին ոգեղեն ոլորտում ապրելու համար, իսկ մարդկանց՝ երկրի վրա (Սաղմոս 104։4, 23, 24)։ Հետևաբար, մահացածները շարունակում են ապրել, թե ոչ՝ կարող ենք իմանալ Աստծու Խոսքից՝ Աստվածաշնչից։

Մահվան մասին առաջին անգամ խոսել է Եհովա Աստված։ Նա զգուշացրել էր Ադամին ու Եվային, որ կմահանան, եթե անհնազանդ գտնվեն (Ծննդոց 2։17)։ Ի՞նչ էր դա նշանակում։ Եհովան ասաց. «Հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։ Երբ մարդը մահանում է, նրա մարմինը սկսում է քայքայվել և հողի վերածվել։ Կյանքը ընդհատվում է։

Ադամն ու Եվան գիտակցաբար չհնազանդվեցին, ուստիև մահվան դատապարտվեցին։ Բայցևայնպես, առաջին մարդը, որ մահացավ, Աբելն էր։ Նրա եղբայրը՝ Կայենը, սպանեց նրան (Ծննդոց 4։8)։ Հետաքրքիրն այն է, որ Կայենը չէր վախենում, որ իր մահացած եղբայրը վրեժ կառնի իրենից։ Ընդհակառակը՝ նա կենդանի մարդկանցից էր վախենում (Ծննդոց 4։10–16

Դարեր անց, երբ Հերովդես թագավորը մոգերից իմացավ, որ Երուսաղեմում «հրեաների թագավոր» է ծնվել, որոշեց սպանել Բեթլեհեմի և նրա շրջակայքում ապրող երկու տարեկան ու ավելի փոքր տարիքի բոլոր տղա երեխաներին։ Բայց հրեշտակը պատվիրեց Հովսեփին վերցնել Մարիամին ու երեխային և «փախչել Եգիպտոս» (Մատթեոս 2։1–16

Հերովդեսի մահից հետո հրեշտակը ասաց Հովսեփին, որ կարող է վերադառնալ Իսրայել, քանի որ «նրանք, ովքեր փնտրում էին երեխայի հոգին, մահացել են» (Մատթեոս 2։19, 20)։ Հրեշտակը, որը ոգեղեն արարած էր, գիտեր, որ Հերովդեսը այլևս չի կարող վնաս պատճառել Հիսուսին։ Հովսեփը նույնպես չէր վախենում մահացած Հերովդեսից։ Սակայն նա վախենում էր այն բանից, թե ինչ կարող էր անել թագավորի դաժան որդին՝ Արքեղայոսը։ Ուստի Հովսեփը իր ընտանիքի հետ միասին գնաց ու բնակվեց Գալիլեայում՝ Արքեղայոսի տիրապետության տարածքից դուրս (Մատթեոս 2։22

Այսպիսով՝ տեսնում ենք, որ մահացածները անզոր են։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, ինչ տեղի ունեցավ Ագբուլայի հետ։

Դևեր, կամ՝ անմաքուր ոգիներ

Հիսուսը իր երկրային կյանքի ընթացքում առնչվել է նաև չար ոգիներին։ Նրանք գիտեին, թե ով է Հիսուսը և նրան դիմելիս ասում էին՝ «Աստծու Որդի»։ Հիսուսն էլ գիտեր, թե ովքեր են նրանք։ Դրանք մահացած մարդկանց ոգիները չէին։ Հիսուսը նրանց կոչեց «դևեր», կամ՝ անմաքուր ոգիներ (Մատթեոս 8։29–31; 10։8; Մարկոս 5։8

Աստվածաշունչն ասում է, որ կան Աստծուն հավատարիմ ոգիներ և ոգիներ, որոնք ըմբոստացել են նրա դեմ։ «Ծննդոց» գրքում կարդում ենք, որ երբ Եհովան արտաքսեց Ադամին ու Եվային Եդեմից, նա քերովբեներին, կամ՝ հրեշտակներին կանգնեցրեց պարտեզի արևելյան կողմում, որպեսզի ոչ ոք դրախտ չմտնի (Ծննդոց 3։24)։ Սա, ակներևաբար, առաջին անգամն էր, որ մարդիկ տեսան ոգեղեն էակներին։

Մի որոշ ժամանակ հետո մի խումբ հրեշտակներ մարդկային մարմին առան և եկան երկիր, մինչդեռ Եհովան նրանց երկրի վրա ոչ մի հանձնարարություն չէր տվել։ Փաստորեն, նրանք «չպահեցին իրենց սկզբնական դիրքը» հոգևոր ոլորտում (Հուդա 6)։ Հրեշտակները եսասիրական մղումներ ունեին։ Նրանք ամուսնացան երկրի աղջիկների հետ։ Նրանցից մի խառնածին սերունդ լույս աշխարհ եկավ։ Այդ երեխաները դարձան հսկաներ՝ նեֆիլիմ։ Այդ հսկաները և իրենց ըմբոստ հայրերը երկիրը լցրին բռնությամբ ու չարությամբ (Ծննդոց 6։1–5)։ Եհովան մաքրեց չարությունը՝ ջրհեղեղ բերելով Նոյի օրերում։ Չար մարդկությունը, ինչպես նաև հսկաները կործանվեցին։ Իսկ ի՞նչ պատահեց հրեշտակներին։

Ջրհեղեղից հետո նրանք ստիպված եղան հոգևոր ոլորտ վերադառնալ։ Սակայն Եհովան թույլ չտվեց, որ հրեշտակները «իրենց սկզբնական դիրքը» զբաղեցնեն (Հուդա 6)։ Աստվածաշնչում կարդում ենք. «Աստված ետ չկանգնեց մեղք գործած հրեշտակներին պատժելուց, այլ տարտարոսը գցելով՝ նրանց մատնեց թանձր խավարի խորքերը, որպեսզի պահվեն դատաստանի համար» (2 Պետրոս 2։4

Տարտարոսը բառացի վայր չէ, այն նվաստացած վիճակ է, որը սահմանափակում է վտարվածների գործունեությունը։ Դևերը այլևս չեն կարող նյութական մարմիններ առնել, բայց դեռևս մեծ զորություն ունեն և կարող են ազդել մարդկանց ու կենդանիների վրա (Մատթեոս 12։43–45; Ղուկաս 8։27–33)։ Նրանք նաև խաբում են մարդկանց՝ ձևացնելով, թե իրենք մահացածների ոգիներ են։ Ո՞րն է նրանց նպատակը։ Դևերը ցանկանում են, որ մարդիկ չերկրպագեն Եհովային իրեն ընդունելի կերպով, և չեն ուզում, որ մարդիկ ճշմարտությունն իմանան մահացածների վիճակի մասին։

Ինչպե՞ս հաղթահարել վախի զգացումը

Ագբուլան հասկացավ, որ Աստվածաշնչի բացատրությունը մահացածների վիճակի վերաբերյալ խելամիտ է, իմացավ նաև ճշմարտությունը ոգիների մասին։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Ջոնի հետ, ինչպես նաև Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն կարդալ։ Ագբուլային մխիթարեց այն, որ իր որդիները ոչ թե հոգևոր ոլորտում սպասում են, թե երբ են դառնալու իրեն սպանողի ծառաները, այլ պարզապես քնած վիճակում են (Հովհաննես 11։11–13

Ագբուլան նաև դադարեց սնոտիապաշտական սովորություններին հետևելուց։ Նա այրեց ամեն բան, ինչը կապ ուներ մոգության հետ (Գործեր 19։19)։ Շրջապատի մարդիկ զգուշացրին նրան, որ ոգիները կբարկանան։ Բայց նա չվախեցավ, այլ հետևեց Եփեսացիներ 6։11, 12–ի խորհրդին. «Հագե՛ք Աստծու ամբողջ սպառազինությունը.... որովհետև մեր պայքարը.... ոգեղեն չար ուժերի դեմ է»։ Այս հոգևոր սպառազինության մեջ մտնում են՝ ճշմարտությունը, արդարությունը, խաղաղության բարի լուրը, հավատը և ոգու սուրը՝ Աստծու Խոսքը։ Այս սպառազինությունը Աստված է տվել, և այն շատ զորեղ է։

Ագբուլայի ընկերներից ու հարազատներից շատերը հրաժարվեցին նրա հետ շփվելուց, քանի որ նա չէր հետևում ոգեհարցությանն առնչվող սովորություններին։ Սակայն Եհովայի վկաների Թագավորության սրահում նա գտավ նոր ընկերներ, որոնք ապրում են Աստվածաշնչի սկզբունքներով։

Ագբուլան այժմ գիտի, որ Եհովան շուտով մաքրելու է երկիրը չարությունից, և դևերն այլևս ոչ մի ազդեցություն չեն բանեցնելու մարդկանց վրա։ Իսկ հետո Նա վերացնելու է նրանց (Հայտնություն 20։1, 2, 10)։ Աստված հարություն է տալու «բոլոր նրանց, ովքեր գերեզմաններում են գտնվում» (Հովհաննես 5։28, 29)։ Նրանց մեջ կլինեն Աբելը, Հերովդես թագավորի հրամանով սպանված երեխաները և միլիոնավոր մարդիկ։ Ագբուլան հավատում է, որ կտեսնի իր երեք որդիներին։ Քո սիրելի անձնավորություններն էլ, ովքեր մահացել են, կլինեն հարություն առածների մեջ։ Հարություն առած մարդիկ կվստահեցնեն, որ իրենց մահից մինչև հարություն ոչինչ չեն զգացել, նրանք անգիտակից վիճակում են եղել՝ անտեղյակ այն ծիսական արարողություններին, որոնք արվել են իրենց համար։

Դու մահացածներից վախենալու ոչ մի պատճառ չունես։ Ընդհակառակը՝ կարող ես անձկագին սպասել այն ժամանակին, երբ կրկին կտեսնես քո սիրելիներին։ Իսկ մինչ կգա այդ ժամանակը, դու կարող ես սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ընկերակցիր նրանց հետ, ովքեր հավատում են Աստվածաշնչի ուսմունքներին։ Ոգեհարցությունը մի՛ համարիր հաճելի ու անվնաս զբաղմունք։ Աշխատիր ոչ մի կերպ չառնչվել ոգեհարցությանը։ Պաշտպանիր ինքդ քեզ դևերից՝ հագնելով «Աստծու ամբողջ սպառազինությունը» (Եփեսացիներ 6։11)։ Եհովայի վկաներն ուրախությամբ կօգնեն քեզ, քանի որ նրանք բոլոր մարդկանց առաջարկում են Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություն «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի * օգնությամբ։

Ագբուլան այլևս չի վախենում մահացածներից և գիտի, թե ինչպես պաշտպանվել դևերից։ Նա ասում է. «Չգիտեմ, թե ով է սպանել երեք որդիներիս։ Սակայն այն օրվանից, ինչ ծառայում եմ Եհովային, ես յոթ երեխա եմ ունեցել։ Հոգևոր ոլորտից և ոչ մեկը դեռ չի վնասել նրանց»։

[ծանոթագրություն]

^ պարբ. 25 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Մեջբերում 13–րդ էջի վրա]

Ագբուլան այլևս չի վախենում մահացածներից և գիտի, թե ինչպես պաշտպանվել դևերից

[նկար 12–րդ էջի վրա]

Կայենը չէր վախենում, որ իր մահացած եղբայրը վրեժ կառնի իրենից