Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ Եհովայի վկաները սրբապատկերներ չեն օգտագործում

Ինչո՞ւ Եհովայի վկաները սրբապատկերներ չեն օգտագործում

Մեր ընթերցողները հարցնում են

Ինչո՞ւ Եհովայի վկաները սրբապատկերներ չեն օգտագործում

Ամբողջ աշխարհում հնդուականները, բուդդայականները, կաթոլիկները և ուղղափառները իրենց երկրպագության մեջ մեծ տեղ են տալիս սրբապատկերներին, արձանիկներին և այլ առարկաներին։ Իսկ Աֆրիկայի որոշ երկրներում մարդիկ իրենց երկրպագության մեջ օգտագործում են փայտյա կամ քարե քանդակներ՝ կարծելով, թե դրանց մեջ ապրում է ինչ–որ աստված։

Սակայն Եհովայի վկաները չեն օգտագործում ո՛չ սրբապատկերներ և ո՛չ էլ արձանիկներ։ Նրանց հանդիպման վայրերում՝ Թագավորության սրահներում, դուք չեք տեսնի նման բաներ *։ Ինչո՞ւ։ Ուշադրություն դարձնենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այս մասին։

Աստծու պահանջը

Եգիպտոսից իսրայելացիներին ազատագրելուց հետո Եհովան, պարզ հրահանգներ տալով, հայտնեց, թե ինչպիսի երկրպագություն է պահանջում նրանցից։ Տասը պատվիրաններից երկրորդն ասում է. «Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ [«բացարձակ նվիրվածություն պահանջող», ՆԱ] Աստուած եմ» (Ելից 20։4, 5

Սակայն այն ընթացքում, երբ Մովսեսը Աստծուց ստանում էր տասը պատվիրանները, իսրայելացիները ոսկե հորթ էին ձուլում՝ հավանաբար ընդօրինակելով եգիպտացիներին, որոնք երկրպագում էին կենդանիներին։ Իսրայելացիները այդ արձանին չտվեցին եգիպտական ինչ–որ աստծու անուն. ըստ իրենց՝ նրանք երկրպագում էին Եհովային (Ելից 32։5, 6)։ Ինչպե՞ս վերաբերվեց դրան Եհովան։ Նրա բարկությունը բորբոքվեց բոլոր նրանց վրա, ովքեր երկրպագեցին այդ արձանին։ Երբ Մովսեսը սարից իջավ, տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել իսրայելացիների մեջ, զայրացավ և ոչնչացրեց ձուլածո կուռքը (Ելից 32։9, 10, 19, 20

Ավելի ուշ Եհովան երկրորդ պատվիրանին ավելացրեց հետևյալը. «Կուռք՝ մի որ եւ իցէ կերպարանքի պատկեր՝ արուի եւ կամ էգի նմանութիւնը, Երկրի վերայ եղող անասունի նմանութիւնը, օդի մէջ թռչող թեւաւոր թռչունի նմանութիւնը, Երկրի վերայ սողացողի նմանութիւնը, կամ երկրի տակ ջրերումը եղող ձկան նմանութիւնը չշինէք» (Բ Օրինաց 4։15–18)։ Պարզ է, ուրեմն, որ իսրայելացիները երկրպագության մեջ չպետք է օգտագործեին որևէ բանի նմանություն ունեցող պատկեր։

Սակայն հետագայում իսրայելացիները նորից կռապաշտներ դարձան։ Եհովան ուղարկեց իր մարգարեներին, որ նախազգուշացնի նրանց այն չարիքի մասին, որ գալու է իրենց վրա (Երեմիա 19։3–5; Ամովս 2։8)։ Իսրայել ազգը ականջ չդրեց այդ զգուշացումներին։ Ուստի Եհովան թույլ տվեց, որ մ.թ.ա. 607–ին բաբելոնացիները ավերեն Երուսաղեմը և գերեվարեն ժողովրդին (Բ Մնացորդաց 36։20, 21; Երեմիա 25։11, 12

Ինչի՞ն էին հավատում առաջին դարի քրիստոնյաները

Երբ առաջին դարում այլազգի մարդիկ ընդունում էին քրիստոնեությունը, նրանք այլևս կուռքեր չէին օգտագործում իրենց երկրպագության մեջ։ Արծաթագործ Դեմետրիոսը, որը Եփեսոսում կուռքեր էր պատրաստում, Պողոս առաքյալի քարոզչության մասին ասաց. «Մարդի՛կ, դուք լավ գիտեք, որ մեր բարեկեցությունը այս գործից է։ Բացի այդ, դուք տեսնում և լսում եք, թե ինչպես ոչ միայն Եփեսոսում, այլև գրեթե ողջ Ասիայով մեկ այս Պողոսը զգալի թվով մարդկանց համոզեց և մեկ ուրիշ կարծիքի բերեց նրանց՝ ասելով, որ ձեռքով պատրաստված բաները աստվածներ չեն» (Գործեր 19։25, 26

Պողոսի խոսքերը հաստատում են այն, ինչ ասաց Դեմետրիոսը։ Երբ քարոզում էր Աթենքում, առաքյալը հրեաներին ասաց. «Չպետք է մտածենք, թե Աստվածային էությունը նման է ոսկու, արծաթի կամ քարի, նման մի բանի, ինչը մարդկանց արվեստով ու հնարամտությամբ է քանդակված։ Ճիշտ է, Աստված անտեսեց այսպիսի անգիտության ժամանակները, մինչդեռ հիմա նա մարդկանց ասում է, որ նրանք բոլորը ամենուրեք պետք է զղջան» (Գործեր 17։29, 30)։ Այս մասին նա նաև գրեց թեսաղոնիկեցիներին. «Ձեր կուռքերից դարձաք դեպի Աստված» (1 Թեսաղոնիկեցիներ 1։9

Հովհաննես առաքյալը նույնպես զգուշացրեց քրիստոնյաներին, որ երկրպագության մեջ չպետք է կուռքեր օգտագործել։ Առաջին դարի վերջին նա պատվիրեց նրանց. «Պահպանե՛ք ձեզ կուռքերից» (1 Հովհաննես 5։21

Եհովայի վկաները հնազանդվում են Աստծու կողմից տրված առաջնորդությանը և երկրպագության մեջ սրբապատկերներ չեն օգտագործում։ Նրանք լուրջ են վերաբերվում Աստծու հետևյալ խոսքերին. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը. եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին» (Եսայիա 42։8

[ծանոթագրություն]

^ պարբ. 4 Որոշ Թագավորության սրահներում կան աստվածաշնչային կերպարների նկարներ։ Դրանք միայն գեղեցկության համար են և չեն համարվում սրբապատկերներ։ Եհովայի վկաները չեն աղոթում այդ նկարներին և ոչ էլ խոնարհվում են դրանց առաջ։

[Մեջբերում 31–րդ էջի վրա]

«Ես եմ Եհովան, սա է իմ անունը. եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին» (Եսայիա 42։8)