Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին
Ընտանեկան երջանկության բանալին
Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին
Ջոնը * պատմում է. «Նախքան ինձ պատժելը ծնողներս միշտ փորձում էին հասկանալ, թե ինչու եմ այդ բանն արել։ Նրանք նաև հաշվի էին առնում բոլոր հանգամանքները։ Այսօր ես էլ եմ այդպես դաստիարակում իմ աղջիկներին։ Սակայն երբեմն զգում եմ, որ կինս՝ Ալիսոնը, խիստ է վերաբերվում նրանց։ Պատճառն այն է, որ նրա ծնողները այլ կերպ են դաստիարակել իրենց երեխաներին. պատժել են՝ առանց հանգամանքները հաշվի առնելու»։
Քարոլը պատմում է. «Երբ ընդամենը հինգ տարեկան էի, հայրս լքեց մեզ։ Հետագայում նույնիսկ չհետաքրքրվեց ո՛չ ինձանով և ո՛չ էլ իմ երեք քույրերով։ Մայրս օրուգիշեր աշխատում էր մեր կարիքները հոգալու համար։ Ես նույնպես մի շարք պատասխանատվություններ էի հանձն առել, որպեսզի հոգ տանեի քույրերիս։ Ինձ համար շատ դժվար էր. երեխա էի, բայց ուսերիս ծանր բեռ էր դրված։ Այդ պատճառով էությամբ շատ լուրջ եմ։ Երբ հարկ է լինում խրատել երեխաներիս, ժամերով մտածում եմ նրանց կատարած սխալի մասին ու անհանգստանում եմ։ Ուզում եմ իմանալ, թե ինչու են այդպիսի բան արել, ինչ էին մտածում այդ պահին։ Սակայն ամուսինս՝ Մարկը, այդքան չի մտահոգվում, որովհետև նա մեծացել է հոգատար ընտանիքում և ունեցել է սիրող, բայցև հետևողական հայր, որը հավատարմորեն հոգ է տարել իր մորը։ Ուստի երբ երեխաների հետ կապված ինչ–որ հարց է առաջանում, ամուսինս ուզում է անմիջապես լուծում տալ խնդրին։ Նա ծանրութեթև է անում իրավիճակը, շտկում է սխալը ու այլևս չի մտածում տեղի ունեցածի մասին»։
ՎԵՐՈՀԻՇՅԱԼ օրինակները ցույց են տալիս, որ մեր դաստիարակությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ երեխաներին մեծացնելու հարցում։ Ինչ խոսք, ամուսինների միջև այս առնչությամբ տարաձայնություններ կլինեն, քանի որ նրանք մեծացել են տարբեր ընտանիքներում։ Սակայն երբեմն այդ տարակարծությունները լարվածություն են առաջացնում կողակիցների միջև։
Լարվածությունը կարող է սրվել հատկապես այն ժամանակ, երբ ծնողները էմոցիոնալ առումով ուժասպառ են եղած։ Օրինակ՝ երբ երեխա են ունենում, ամուսինները շուտով հասկանում են, որ նրան մեծացնելը դժվար է, հոգնեցնող և ժամանակատար։ Ջոանը, որը իր ամուսնու՝ Դարենի հետ երկու աղջիկ է մեծացրել, ասում է. «Ես սիրում եմ երեխաներիս, սակայն նրանց մեծացնելը
դժվար գործ է եղել մեզ համար. նրանք հազվադեպ էին ճիշտ ժամին գնում քնելու, արթնանում էին այն ժամանակ, երբ իրականում պետք է քնած լինեին, երբ ուզում էի ինչ–որ բան ասել, ինձ ընդհատում էին, կոշիկներն ու շորերը իրենց տեղում չէին դնում, խաղալիքները թափթփում էին, հաց ուտելուց հետո երբեք սեղանը չէին հավաքում»։Ջեկը, որի կինը երկրորդ երեխան ունենալուց հետո տառապել է հետծննդյան դեպրեսիայով, պատմում է. «Հաճախ ուժասպառ տուն էի վերադառնում աշխատանքից և ուզում էի հանգստանալ, սակայն ստիպված էի գիշերվա կեսն անցկացնել նորածնի կողքին։ Ես այնքան էի հոգնում, որ բավարար ժամանակ չէի կարողանում տրամադրել մեծ աղջկաս։ Նա խանդում էր իր փոքրիկ քրոջը և ուզում էր միշտ մեր ուշադրության կենտրոնում լինել»։
Նման իրավիճակում ծնողները տարաձայնություններ են ունենում, թե ինչպես կրթեն երեխային, և հաճախ փոքր խնդիրները պատմություն են դառնում։ Անհամաձայնությունները կարող են բաժանում մտցնել ամուսինների միջև, իսկ երեխաները թերևս օգտվեն նման իրավիճակից, որպեսզի ծնողներից մեկի միջոցով հասնեն իրենց ուզածին։ Աստվածաշնչային ո՞ր սկզբունքները կօգնեն ամուսիններին ամուր պահելու իրենց միությունը և միևնույն ժամանակ հաջողությամբ դաստիարակելու իրենց երեխաներին։
Ժամանակ անցկացրեք ձեր կողակցի հետ
Աստված ծրագրել էր, որ տղամարդն ու կինը ամուսնանան և երեխաներ ունենալուց, նրանց մեծացնելուց ու ամուսնացնելուց հետո էլ շարունակեն պահպանել իրենց միությունը։ Ամուսնական կառույցի վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)։ Փաստորեն, այստեղից կարող ենք հասկանալ, որ, ըստ Աստծու նպատակի, երբ երեխան մեծանա և, ի վերջո, իր սեփական ընտանիքն ունենա, նա կառանձնանա իր ծնողներից (Մատթեոս 19։5)։ Իրականում երեխաներ մեծացնելը ամուսնության մեջ մի շրջան է, դա ամուսնական միության կապը չէ։ Անշուշտ, ծնողները պետք է դաստիարակեն երեխաներին, սակայն նրանք չպետք է մոռանան, որ իրենց միությունը ամուր պահելու համար պետք է նաև միասին ժամանակ անցկացնեն։
Ինչպե՞ս կարող են ամուսինները իրենց միությունն ամուր պահել երեխաներին մեծացնելուն զուգընթաց։ Կանոնավորաբար ժամանակ անցկացրեք միասին՝ առանց երեխաների։ Այդպիսով կկարողանաք ընտանեկան որոշ հարցեր քննարկել, նաև միասին լավ ժամանակ անցկացնել։ Ինչ խոսք, միշտ չէ, որ կկարողանաք առանձնանալ։ Օրինակ՝ Ալիսոնը պատմում է. «Երբ մի քանի րոպեով ուզում եմ ամուսնուս հետ առանձնանալ, հանկարծ փոքր աղջիկս ինչ–որ բանի կարիք է զգում, կամ մեծ աղջիկս է «խուճապի» մեջ ընկնում, քանի որ չի կարողանում գտնել իր մատիտները»։
Ջոանը և Դարենը կոնկրետ քնելու ժամ են սահմանել իրենց երեխաների համար, որպեսզի կարողանան միասին ժամանակ անցկացնել։ Ջոանն ասում է. «Մենք երեխաներից պահանջում ենք, որ նրանք արդեն անկողնում լինեն, երբ գալիս ենք լույսը անջատելու»։
Երբ ծնողները քնելու կոնկրետ ժամ են սահմանում երեխայի համար, նրանք կարողանում են ոչ միայն ազատ ժամանակ գտնել միմյանց համար, այլև օգնում են երեխային, որ «չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել» (Հռոմեացիներ 12։3)։ Ի վերջո, երեխաները պետք է հնազանդվեն ծնողների կողմից սահմանված կարգուկանոնին և հասկանան, որ թեև հայրիկն ու մայրիկը իրենց շատ են սիրում, սակայն պետք է ենթարկվեն նրանց և չմտածեն, թե ծնողները պարտավոր են կատարել իրենց քմահաճույքները։
ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Քնելու կոնկրետ ժամ սահմանեք և միշտ հետևեք, որ այն չխախտվի։ Եթե երեխան ձգձգում է քնելու ժամը և անընդհատ ինչ–որ բաներ է ուզում, օրինակ՝ մի բաժակ ջուր, կատարեք միայն մեկ խնդրանքը և թույլ մի տվեք, որ նա ուշ քնի։ Իսկ եթե աղաչում–պաղատում է, որ գոնե հինգ րոպե ուշ քնի, և դուք չեք ուզում մերժել նրան, ապա լարեք զարթուցիչը, որպեսզի հինգ րոպեից զանգը հնչի ու հիշեցնի, որ հարկավոր է գնալ քնելու։ Այդպես ձեր ««այո»–ն այո կլինի, իսկ «ոչ»–ը՝ ոչ» (Մատթեոս 5։37)։
Միասնական եղեք դաստիարակության հարցում
«Լսիր որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը» (Առակաց 1։8)։ Աստվածաշնչի այս խոսքերից կարող ենք հասկանալ, որ թե՛ հայրը և թե՛ մայրը իրավունք ունեն օրենքներ սահմանելու երեխաների համար։ Սակայն հնարավոր է, որ ծնողները տարբեր կարծիքներ ունենան երեխայի դաստիարակության և ընտանիքում կանոնների սահմանման վերաբերյալ, նույնիսկ եթե նրանք միանման ընտանիքներում են մեծացել։ Ինչպե՞ս կարող են հարթել իրենց տարաձայնությունները։
«Կարևոր է, որ երեխաների ներկայությամբ չհայտնես քո անհամաձայնությունը»,— ասում է Ջոնը, սակայն ընդունում է, որ այդպես անելը դժվար է։ Նա շարունակում է. «Երեխաները շատ ուշադիր են։ Եթե նույնիսկ բառերով չենք արտահայտում, միևնույն է, աղջիկս մեր վերաբերմունքից զգում է, որ մեր միջև անհամաձայնություն կա»։
Ինչպե՞ս են Ջոնն ու Ալիսոնը հաղթահարում այս խնդիրը։ Ալիսոնն ասում է. «Եթե համաձայն չեմ ամուսնուս հետ, սպասում եմ մինչև աղջիկս հեռանա, հետո արտահայտում եմ իմ կարծիքը։ Ես չեմ ուզում, որ մեր երեխան մտածի, թե կարող է «բաժանել» մեզ ու իր ուզածն առաջ տանել։ Իսկ եթե նա գլխի է ընկնում, որ մեր միջև տարակարծություն կա, ես նրան բացատրում եմ, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է հնազանդվի Եհովայի հաստատած գլխավորությանը։ Ուստի ես հոժարակամորեն հնազանդվում եմ իր հորը, իսկ նա էլ պետք է հնազանդվի մեզ՝ իր ծնողներին» (1 Կորնթացիներ 11։3; Եփեսացիներ 6։1–3)։ Իսկ Ջոնն ասում է. «Սովորաբար ես եմ նախաձեռնություն վերցնում երեխաներին դաստիարակելու հարցում։ Սակայն լինում են դեպքեր, երբ Ալիսոնն ավելի լավ գիտի, թե ինչ է եղել, ու ես թույլ եմ տալիս, որ նա այդ հարցով զբաղվի։ Եթե ինչ–որ բանում էլ համաձայն չեմ նրա հետ, առանձին խոսում ենք այդ մասին»։
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի երեխաների դաստիարակության վերաբերյալ տարակարծությունները պատնեշ չստեղծեն ձեր միջև, որը պատճառ կդառնա, որ երեխան կորցնի հարգանքը ձեր հանդեպ։
ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Ամեն շաբաթ ժամանակ հատկացրեք երեխաների դաստիարակության հետ կապված հարցերը քննարկելու համար։ Խոսեք այն տարաձայնությունների մասին, որ հնարավոր է ունենաք։ Փորձեք հասկանալ ձեր կողակցի տեսակետը և հաշվի առեք, որ նա իր անձնական փոխհարաբերությունն ունի երեխայի հետ։
Գնահատեք իրար՝ որպես ծնողներ
Ինչ խոսք, երեխա դաստիարակելը դժվար է։ Բայց պետք է գիտակցել, որ ժամանակի ընթացքում երեխաները մեծանալու են և թողնելու են հայրական տունը, իսկ դուք և ձեր կողակիցը շարունակելու եք միասին ապրել։ Ուստի հարց է առաջանում՝ այդ ընթացքում ձեր ամուսնական միությունը ավելի կամրանա՞, թե՞ կթուլանա։ Հարցի պատասխանը կախված է այն բանից, թե ինչպես կկիրառեք Ժողովող 4։9, 10 համարներում նշված սկզբունքը. «Երկուսը լաւ է քան թէ մէկը. որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը։ Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միւսին վեր կ’կացնէ»։
Երբ ծնողները երեխաներին դաստիարակելիս համագործակցում են, արդյունքում կարող են մեծ հաջողությունների հասնել։ Քարոլը արտահայտում է իր զգացումները. «Ես գիտեի, որ ամուսինս հրաշալի հատկություններ ունի։ Բայց միասին երեխաներին կրթելիս ուրիշ շատ լավ հատկություններ հայտնաբերեցի նրա մեջ։ Երբ տեսնում էի, թե ինչպես է նա սիրով հոգ տանում մեր դուստրերին, իմ սերն ու հարգանքը նրա հանդեպ ավելի էր մեծանում»։ Իսկ Ջոնը Ալիսոնի մասին հետևյալն է ասում. «Տեսնելով, թե որքան հոգատար մայր է կինս՝ ես ավելի եմ հիանում նրանով»։
Եթե ժամանակ տրամադրեք ձեր կողակցին և երեխաներին մեծացնելիս համագործակցեք, տարիների ընթացքում ձեր ամուսնական միությունն ավելի ամուր կդառնա։ Այդպիսով լավ օրինակ կթողնեք ձեր երեխաներին։
[ծանոթագրություն]
^ պարբ. 3 Անունները փոխված են։
ՀԱՐՑՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ...
▪ Ամեն շաբաթ ժամանակ անցկացնո՞ւմ ենք միասին՝ առանց երեխաների։
▪ Երեխաներին դաստիարակելիս աջակցո՞ւմ եմ կողակցիս։