Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Իմ մահանալու ժամը դեռ չի եկել»

«Իմ մահանալու ժամը դեռ չի եկել»

«Իմ մահանալու ժամը դեռ չի եկել»

Հանկարծ աղբատար մեծ մեքենան շեղվեց իր ուղուց, մայթ բարձրացավ և հարվածեց մի ամուսնական զույգի ու 23–ամյա մի երիտասարդի։ Ավելի ուշ Նյու Յորքի թերթերից մեկում տեղեկացվեց, որ ամուսնական զույգը անմիջապես մահացել է, իսկ երիտասարդը անգիտակից վիճակում է։ Երբ վերջինս գիտակցության եկավ և հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, ասաց. «Չեմ հավատում, որ ինձ հետ նման բան է պատահել։ Աստվա՜ծ իմ, խնդրում եմ, օգնության հասիր, իմ մահանալու ժամը դեռ չի եկել»։

ՀԱՎԱՆԱԲԱՐ շատ ես լսել այսպիսի դեպքերի մասին։ Սովորաբար երբ անհատը պատահարից հետո կենդանի է մնում, մարդիկ ասում են. «Նրա ժամը դեռ չէր եկել», իսկ երբ մահանում է, մտածում են. «Երևի այդպես պիտի լիներ» կամ «Աստված այդպես կամեցավ»։ Անկախ նրանից՝ այդ մարդիկ դժբախտությունը վերագրում են ճակատագրին թե Աստծուն, տրամաբանությունը նույնն է. նրանք հավատում են, որ կյանքում տեղի ունեցող թե՛ լավ, թե՛ վատ իրադարձությունները նախասահմանված են, և ոչինչ հնարավոր չէ փոխել։ Որտեղի՞ց սկիզբ առավ այս գաղափարը։

Հնում բաբելոնացիները հավատում էին, որ աստղերն ազդում են մարդկանց կյանքի վրա։ Այդ պատճառով նրանք նայում էին երկնքին ու գուշակություններ անում կյանքում առաջնորդություն ստանալու համար։ Իսկ հույները և հռոմեացիները երկրպագում էին ճակատագրի աստվածուհիներին, որոնք որոշում էին, թե ինչպիսին է լինելու մարդկանց ապագան։ Նրանց որոշումը մնում էր անփոփոխ, նույնիսկ եթե դա հակառակ էր իրենց գլխավոր աստծու՝ Զևսի, կամ՝ Յուպիտերի կամքին։

Հնդուականները և բուդդայականները հավատում են, որ մարդու ներկա կյանքը սերտորեն կապված է իր նախկին կյանքի հետ, իսկ թե ինչպիսին կլինի նրա հաջորդ կյանքը, կախված է այն բանից, թե ինչ կյանքով է ապրում հիմա։ Ուրիշ կրոններում նույնպես ընդունված են այսպիսի ֆատալիստական գաղափարները, անգամ քրիստոնեական աշխարհի եկեղեցիներն են հավատում նախասահմանության ուսմունքին։

Ուստի զարմանալի չէ, որ մեր օրերում էլ մարդիկ դեռ հավատում են, որ ճակատագիրն է ղեկավարում իրենց կյանքը։ Դո՞ւ էլ ես այդպես մտածում։ Արդյո՞ք կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, հաջողություններն ու ձախողությունները, անգամ ծնունդն ու մահը նախասահմանված են։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։

[նկար 3–րդ էջի վրա]

Ken Murray/New York Daily News