Ծառ, որի տերևները չեն չորանում
Ծառ, որի տերևները չեն չորանում
ԵՐԲԵՎԷ տեսե՞լ ես սաղարթախիտ ծառերով ծածկված մի վայր։ Շատ գեղեցիկ տեսարան է։ Մի՞թե կմտածես, թե այդ տարածքում երաշտ է։ Իհարկե ոչ։ Կմտածես, որ ջրառատ վայր է, որովհետև ծառերը կանաչ ու փարթամ են։
Աստվածաշունչը նրանց, ովքեր հոգևորապես հասուն են, համեմատում է տերևախիտ ծառերի հետ։ Եկեք այս հրաշալի նկարագրության մասին կարդանք «Սաղմոսներ» գրքի առաջին երեք համարներում։
«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում. այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։ Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան»։
Նմանապես, Երեմիա 17։7, 8–ում կարդում ենք. «Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ Նա նման կ’լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. նա իր արմատները կ’ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. այլ նորա տերեւները կանաչ կ’լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց»։
Ինչպես նկատեցինք, ծառերի օրինակով ցույց է տրվում, թե ինչպիսին է մարդը, երբ անում է այն, ինչ ճիշտ է, երբ ուրախություն է ստանում Աստծու օրենքը կատարելուց և նրան անվերապահորեն վստահելուց։ Եկեք մանրամասնորեն քննենք, թե հոգևոր հասուն մարդը ինչպե՞ս է նման փարթամ ծառի։
Ջրի առվակների մոտ տնկված
Այս ծառերը տնկված էին առվակների կամ ջրերի մոտ։ Եսայիա 44։3, 4 համարներում ևս պատկերավոր նկարագրություն է տրվում այն մասին, թե Եհովա Աստված ինչպես է հոգալու Բաբելոնի գերությունից վերադարձող հրեաների մասին։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասաց. «Ջուր պիտի թափեմ ծարաւի վերայ, եւ հեղեղներ՝ չորութեան վերայ.... նորանք պիտի ծլեն խոտերի մէջ, ինչպէս ուռիները ջրերի վտակների մօտ»։ Այստեղ «հեղեղներ» և «վտակներ» բառերը օգտագործվում են ցույց տալու համար, թե ինչպես են օրհնվելու նրանք, ովքեր ունեն Աստծու պաշտպանությունը և առաջնորդությունը։ Այդ մարդիկ ասես սլացիկ և տերևազարդ բարդիներ լինեն։
Այսօր նույնպես գյուղական վայրերում կարելի է տեսնել, թե ինչպես է խոր ջրհորներից, գետերից, լճերից կամ ջրամբարներից ջուրը հոսում դեպի այգիներ ու դաշտեր։ Այդպես է գործում ոռոգման համակարգը։ Հաճախ այդ վտակները մի կողմից դաշտերն են ջրում, իսկ մյուս կողմից՝ իր երկայնքով
տնկված ծառերը, որոնք ասես սահմանագիծ լինեն։Ինչպե՞ս են աճում ծառերը, որոնք ոռոգվում են վտակներով։ Սաղմոս 1։3–ում ասվում է, որ ծառը «իր պտուղը տալիս է իրան ժամանակին»։ Աստվածաշնչում նշվում է այնպիսի ծառերի մասին, ինչպիսիք են՝ թզենին, նռենին, խնձորենին, արմավենին, ձիթենին։ Օրինակ՝ թզենու բարձրությունը հասնում է 9 մետրի, մինչդեռ մյուս ծառերն այդքան բարձր չեն, սակայն կարող են լինել փարթամ և առատ պտուղ տալ ժամանակին։
Հնում Սիրիայում և Պաղեստինում բարդիներն աճում էին գետաբերանին։ Աստվածաշնչում, երբ խոսվում է բարդիների մասին, սովորաբար նշվում է, որ նրանք աճում են գետահովիտներում (Ղեւտացոց 23։40, ՆԱ)։ Ուռենիները, որոնք ուռազգիների ընտանիքին են պատկանում, ինչպեսև բարդիները, նույնպես ջրառատ վայրերում էին աճում (Եզեկիէլ 17։5)։ Այս ստվարախիտ ծառերը պարզ պատկերում են այն, ինչ ուզում էին ասել սաղմոսերգուն և Երեմիան. նրանք, ովքեր պահում են Աստծու օրենքը և ապավինում են նրան, միշտ հոգևորապես առողջ կլինեն և ինչ էլ որ անեն, կհաջողվեն։ Մի՞թե սրան չեն ձգտում բոլոր մարդիկ։
Նրա ուրախությունը Եհովայի օրենքի մեջ է
Այսօր մարդիկ փորձում են ամեն կերպ հասնել հաջողության։ Նրանք ամեն ինչ անում են մեծ համբավ և հարստություն ձեռք բերելու համար։ Սակայն հաճախ այդ նպատակները չեն իրականանում, և մարդիկ հուսախաբ են լինում։ Իսկ ինչպե՞ս ունենալ երջանիկ ու գոհացուցիչ կյանք։ Լեռան քարոզի ժամանակ Հիսուսը տվեց այս հարցի պատասխանը։ Նա ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 5։3)։ Ուրեմն իսկական երջանկությունը կախված է ոչ թե նյութական բաներից, այլ հոգևոր կարիքները բավարարելուց։ Իսկ ինչպե՞ս կարող ենք բավարարել մեր հոգևոր կարիքները։
Նախ՝ սաղմոսերգուն նշում է, որ պետք է հեռու մնանք ամբարիշտներից, մեղավորների ճանապարհից և ծաղրողներից։ Այո՛, երջանիկ լինելու համար մենք պետք է հեռու մնանք այնպիսի մարդկանցից, ովքեր ծաղրում են կամ անտեսում են Աստծու օրենքները։
Ապա՝ պետք է ուրախություն ստանանք Եհովայի օրենքից։ Երբ ինչ–որ բան մեզ ուրախություն է պատճառում, մենք ամեն ժամանակ փորձում ենք դրանով զբաղվել, այնպես չէ՞։ Աստծու օրենքից ուրախություն ստանալ նշանակում է խոր գնահատանք ունենալ Աստծու Խոսքի հանդեպ և ավելի շատ բան սովորել։
Ի վերջո, մենք պետք է «ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա մտածենք»։ Դա նշանակում է կանոնավորաբար ընթերցել Աստվածաշունչը և խորհրդածել կարդացածի շուրջ։ Աստծու Խոսքի հանդեպ ունե՞նք այն նույն զգացողությունը, որն ուներ սաղմոսերգուն. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97)։
Իսկապես, երբ Եհովայի Խոսքից ձեռք ենք բերում գիտելիքներ ու հասկացողություն և ապավինում ենք նրան ու վստահում ենք իր խոստումներին, պահպանում ենք մեր հոգևոր առողջությունը։ Այդպիսով մենք նմանվում ենք այն երջանիկ մարդուն, որի մասին սաղմոսերգուն ասաց. «Ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան»։