Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կորնթոս «երկու նավահանգիստների տիրակալ»

Կորնթոս «երկու նավահանգիստների տիրակալ»

Կորնթոս «երկու նավահանգիստների տիրակալ»

ԵԹԵ նայեք Հունաստանի քարտեզին, ապա կտեսնեք, որ երկրի հիմնական մասը թերակղզի է, որը հարավում նմանվում է մի մեծ կղզու։ Ցամաքի մի հատված, որի ամենանեղ մասը մոտ վեց կիլոմետր է, կապող օղակ է Պելոպոնես թերակղզու և հյուսիսում գտնվող երկրի հիմնական մասի միջև։

Ցամաքի այդ հատվածը, որը կոչվում է Կորնթոսի պարանոց, նաև համարվում է կամուրջ ծովերի միջև։ Պարանոցի արևելյան կողմում Սարոնիկոս ծոցն է, որով նավերը դուրս են գալիս էգեյան ու Միջերկրական ծովեր, իսկ արևմուտքում գտնվում է Կորնթոսի ծոցը, որից ճանապարհ է բացվում դեպի Հոնիական ծով, Ադրիատիկ ծով և Միջերկրական ծովի արևմտյան մաս։ Կենտրոնական հատվածում գտնվում է Կորնթոս քաղաքը, որտեղ կանգ էր առնում Պողոս առաքյալը իր միսիոներական շրջագայությունների ժամանակ։ Հին աշխարհում այն եղել է բարգավաճ, շքեղ քաղաք, որը, սակայն, վատ համբավ է ունեցել։

Քաղաք ծովի ու ցամաքի խաչմերուկում

Կորնթոս քաղաքը գտնվում է այս պարանոցի արևմտյան մասում։ Այն ունի երկու նավահանգիստ՝ Լեքեոնը և Կենքրան։ Այդ պատճառով էլ հույն աշխարհագրագետ Ստրաբոնը Կորնթոս քաղաքը նկարագրելիս այն անվանել է «երկու նավահանգիստների տիրակալ»։ Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ Կորնթոսը մեծ ազդեցություն է ունեցել միջազգային առևտրի վրա՝ վերահսկելով թե՛ ցամաքային առևտուրը հյուսիսի և հարավի միջև, թե՛ ծովային առևտուրը արևելքի և արևմուտքի միջև։

Փոքր Ասիայից, Ասորիքից, Փյունիկիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Իսպանիայից եկած նավերը բեռնաթափվում էին նավահանգիստներից մեկում, և բեռը ցամաքով փոխադրվում էր պարանոցի մյուս կողմը, որտեղ այն բարձվում էր ուրիշ նավերի վրա, ու բեռնավորված նավերը շարունակում էին իրենց ճանապարհը։ Իսկ եթե նավերը փոքր էին լինում, բեռները նույն նավով տեղափոխվում էին մյուս նավահանգիստ այն ճանապարհով, որը կոչվում է դիոլկոս (տե՛ս  շրջանակը, էջ 27

Ինչո՞ւ էին նավաստիները նախընտրում բեռները ցամաքով տանել։ Պելոպոնեսի հարավային մասում ուժեղ փոթորիկներ էին լինում, ու եթե նավաստիները փոթորկոտ ծովի միջով անցնեին 320 կիլոմետր, կվտանգեին իրենց կյանքը։ Հատկապես վտանգավոր էր Մալեա հրվանդանը, որի մասին անգամ մի ասացվածք էր հյուսվել. «Անցիր Մալեան ու մոռացիր տունդարձի մասին»։

Մոռացված նավահանգիստ

Կենքրա նավահանգիստը, որը գտնվում է Կորնթոս քաղաքից մոտ 11 կիլոմետր դեպի արևելք, ասիական ծովային ուղիների վերջին նավակայանն էր։ Երկրաշարժերի պատճառով, որոնք տեղի են ունեցել մ.թ. չորրորդ դարի վերջին, այդ նավահանգստի գրեթե կեսը անցել է ջրի տակ։ Կենքրայի մասին խոսելիս Ստրաբոնը գրել է, որ այն եղել է հարուստ և մարդաշատ նավահանգիստ, իսկ հռոմեացի փիլիսոփա Ապուլեյոսը այն անվանել է «մեծ և ապահով հանգրվան, որտեղ միշտ նավեր են գալիս աշխարհի տարբեր ծայրերից»։

Հռոմի տիրապետության ժամանակ նավահանգիստը ունեցել է երկու կորաձև նավամատույց, որոնք ունեին 150–200 մետր երկարություն։ Այստեղ կարող էին 40 մետր երկարությամբ նավեր կայանել։ Հարավ–արևմուտքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի տաճար, որը հավանաբար եղել է Իսիս աստվածուհու սրբարանը։ Նավահանգըստի մյուս կողմում գտնվող շինությունը թերևս եղել է Աֆրոդիտեի սրբարանը։ Այս երկու աստվածուհիները համարվել են նավաստիների հովանավորները։

«Սուրբ Պողոսի հետքերով» գրքում նշվում է. «Ձմռանը Կորնթոսի վրանագործները, որոնք նաև առագաստներ էին կարում, ավելի շատ էին գործ ունենում, քան մյուս սեզոններին։ Եվ քանի որ ձմռանը ծովային ուղիները փակ էին, երկու նավահանգիստներն էլ լցված էին լինում նավերով, որոնք պետք է վերանորոգվեին։ Ցանկացած մարդ, ով կար անել գիտեր, հեշտությամբ էր գործ գտնում» (In the Steps of St. Paul)։ Ահա թե ինչու էր Պողոս առաքյալը Կորնթոսում վրանագործությամբ զբաղվում (Գործեր 18։1–3

Մոտավորապես մ.թ. 52–ին՝ 18 ամիս Կորնթոսում մնալուց հետո, Պողոսը Կենքրայից ուղևորվեց դեպի Եփեսոս (Գործեր 18։18, 19)։ Հաջորդ չորս տարիներին Կենքրայում կազմավորվեց քրիստոնեական ժողով։ Աստվածաշնչում գրված է, որ Պողոսը Հռոմի քրիստոնյաներին խնդրեց օգնել Ֆիբե անունով քրիստոնյա մի կնոջ, որը ծառայում էր «Կենքրայի ժողովում» (Հռոմեացիներ 16։1, 2

Այսօր զբոսաշրջիկները հանգստանում են Կենքրայում և լողում են բյուրեղյա ջրերում։ Սակայն նրանցից քչերը գիտեն, որ դարեր առաջ այս նավահանգիստը եղել է աշխույժ գործարար մի վայր, որտեղ ծաղկել է առևտուրը։ Այստեղ նաև քրիստոնեական մեծ գործունեություն է ծավալվել։ Նույնը կարելի է ասել Կորնթոսի մյուս նավահանգստի՝ Լեքեոնի մասին, որը գտնվում է պարանոցի արևմտյան մասում։

Դուռ դեպի արևմուտք

Կորնթոսի ագորայից՝ առևտրա–հասարակական կենտրոնից, 2 կիլոմետր երկարությամբ ճանապարհ էր բացվում դեպի Լեքեոնի նավահանգիստ։ Հետաքրքիր է այն, թե ինչպես է կառուցվել այս նավահանգիստը։ Շինարարները փորել են ափը և մի պատվար են կառուցել, որը կպաշտպաներ խարիսխ գցած նավերը կատաղի քամիներից։ Մի ժամանակ դա ամենամեծ նավահանգիստն էր Միջերկրականի տարածաշրջանում։ Հնագետները այդ տարածքում գտել են փարոսի մնացորդներ և Պոսեյդոնի արձանը՝ ջահակալը ձեռքին։

Ճանապարհի վրա, որը պաշտպանված էր կրկնակի պատերով, կային մայթեր, պետական շենքեր, տաճարներ, սյունաշարեր և խանութներ։ Այստեղ Պողոսը հավանաբար քարոզել է խանութպանների, գործարարների, գնորդների, ստրուկների և շատ ուրիշ մարդկանց։

Լեքեոնը ոչ միայն առևտրական նավահանգիստ էր, այլ նաև ռազմածովային բազա։ Որոշ մարդկանց կարծիքով՝ հին ժամանակների ամենահզոր ռազմանավերից մեկը՝ տրիրեմը, մոտ մ.թ.ա. 700–ին կառուցվել է կորնթացի նավաշինարար Ամենոկլեսի կողմից Լեքեոնում։ Մ.թ.ա. 480–ին Սալամիսում աթենացիները հենց այս տրիրեմի շնորհիվ ջախջախեցին պարսիկների նավատորմը։

Երբեմնի աշխույժ նավահանգիստն այսօր դարձել է «լքված, եղեգնապատ ծովածոց»։ Ոչինչ չի վկայում, որ դարեր առաջ սա եղել է Միջերկրականի ամենամեծ նավահանգիստներից մեկը։

Ապականված քաղաք

Քաղաքը հարստանում ու բարգավաճում էր բարձր հարկերի և տուրքերի շնորհիվ։ Մ.թ.ա. յոթերորդ դարի վերջին քաղաքացիներից հարկ չէին պահանջում, քանի որ շուկաների և նավահանգիստների հարկերն արդեն բավական մեծ եկամուտ էին բերում։

Կորնթոսը լրացուցիչ եկամուտ էր ստանում նաև այն առևտրականներից, որոնք ժամանակավորապես ապրում էին քաղաքում։ Նրանցից շատերը սիրում էին զվարճանալ և անբարո կյանք էին վարում։ Նավաստիները նույնպես հարստացնում էին Կորնթոսը։ Ինչպես նշում է Ստրաբոնը, նրանք շռայլորեն վատնում էին իրենց փողերը։ Քաղաքի բնակիչները բազմաթիվ ծառայություններ էին առաջարկում, օրինակ՝ նավանորոգում։

Ըստ տեղեկությունների՝ Պողոսի օրերում քաղաքի բնակչությունը հասնում էր 400 000–ի։ Այն զիջում էր Հռոմին, Ալեքսանդրիային և Անտիոքին (Ասորիք)։ Կորնթոսում ապրում էին տարբեր ազգի մարդիկ՝ հույներ, հռոմեացիներ, ասորիներ, եգիպտացիներ, հրեաներ։ Քաղաքի երկու նավահանգիստների շնորհիվ այն մշտապես հյուրընկալում էր բազմաթիվ ճանապարհորդների, մրցախաղերի այցելուների, դերասանների, փիլիսոփաների, գործարար մարդկանց։ Այցելուները նվիրաբերություններ էին անում տաճարներին և զոհեր մատուցում աստվածներին։ Իսկապես, Կորնթոսում աշխույժ մթնոլորտ էր տիրում, սակայն այս ամենի հետ մեկտեղ այն լավ համբավ չուներ։

Նավերը Կորնթոս էին բերում ոչ միայն բեռներ, այլև տարբեր ժողովուրդների սովորություններ։ «Սուրբ Պողոսի հետքերով» գրքում ասվում է. «Կորնթոսը, որը գտնվում էր երկու նավահանգիստների միջև, որդեգրել էր տարբեր ազգերի այլասերված բարքերը» (In the Steps of St. Paul)։ Արևելքի և Արևմուտքի սովորությունները ողողել էին քաղաքը և անառակությամբ լցրել այն։ Կորնթոսը դարձել էր հին Հունաստանի ամենաապականված քաղաքը։ Եթե մարդիկ որևէ մեկին ասում էին կորնթացի, նկատի ունեին այն, որ նա անբարոյական է։

Ահա այսպիսի նյութապաշտ ու անբարո միջավայրում էին ապրում Կորնթոսի քրիստոնյաները։ Այդ պատճառով էլ Պողոսը նամակների միջոցով հորդորում էր նրանց աստվածապաշտ կյանքով ապրել։ Նա զգուշացնում էր, որ չպետք է շփում ունենալ ագահների, շորթողների և անբարո մարդկանց հետ։ Այս նամակները օգնում են պատկերացնելու, թե ինչի դեմ են պայքարել քրիստոնյաները (1 Կորնթացիներ 5։9, 10; 6։9–11, 18; 2 Կորնթացիներ 7։1

Սակայն այն, որ Կորնթոսում տարբեր ազգի մարդիկ կային, իր դրական կողմն էլ ուներ։ Կորնթացիները ավելի ազատամիտ էին, քան մյուս երկրների մարդիկ, ուր գնում էր Պողոսը։ Աստվածաշնչի մի մեկնաբան նշում է. «Արևելքի և Արևմուտքի մարդիկ, որոնք գալիս էին այս հին նավահանգիստը, իրենց հետ բերում էին փիլիսոփայական և կրոնական նորանոր գաղափարներ»։ Այդ պատճառով էլ գոյություն ունեին տարբեր կրոններ, ինչի շնորհիվ էլ, ակներևաբար, Պողոսը հեշտությամբ էր քարոզում։

Կորնթոսի երկու նավահանգիստների՝ Կենքրայի և Լեքեոնի շնորհիվ քաղաքը բարգավաճում էր և մեծ ճանաչում էր ձեռք բերում։ Սակայն մյուս կողմից քրիստոնյաները ծանր փորձություններ էին դիմագրավում։ Այսօրվա աշխարհում նույն իրավիճակն է տիրում։ Նյութապաշտության և անբարոյության ապականիչ ազդեցությունը կարող է վնասել Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Ուստի մենք նույնպես պետք է լրջորեն վերաբերվենք Պողոսի խորհուրդներին՝ ուղղված Կորնթոսի քրիստոնյաներին։

[նկար 27–րդ էջի վրա]

 Դիոլկոս. «Նավարկություն» Ցամաքով

Երբ մ.թ.ա. յոթերորդ դարի վերջին ջրանցք կառուցելու ծրագիրը ձախողվեց, Կորնթոսի կառավարիչը՝ Պերիանդերը, նավահանգիստների միջև մի ճանապարհ կառուցեց *։ Այն կոչվում էր դիոլկոս, որը նշանակում է «քաշել–տանել»։ Դա սալաքարերով պատված մի ճանապարհ էր, որի վրա՝ խոր ակոսների մեջ, տեղադրված էին փայտյա ռելսեր՝ պատված յուղով։ Նավերը կայանում էին նավահանգիստներից մեկում և բեռնաթափվում, այնուհետև ապրանքները դրվում էին սայլերի վրա, և այդ ճանապարհով ստրուկները, դրանք քաշելով, տանում էին մյուս նավահանգիստ։ Փոքր նավերը՝ բեռներով լցված, նույնպես այս ձևով էին տարվում մյուս նավահանգիստ։

[ծանոթագրություն]

^ պարբ. 29 Ժամանակակից ջրանցքի շինարարության մասին տե՛ս «Արթնացե՛ք»–ի 1984 թ. դեկտեմբերի 22–ի համարում «Կորնթոսի ջրանցքի պատմությունը» վերնագրով հոդվածը (էջ 25–27, անգլ.)։

[Քարտեզ 25–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերը դիտելու համար տե՛ս հրատարակությունը)

ՀՈՒՆԱՍՏԱՆ

ՀՈՆԻԱԿԱՆ ԾՈՎ

Կորնթոսի

ծոց

Լեքեոնի նավահանգիստ

Հին Կորնթոս

Պելոպոնես

Կենքրա

Կորնթոսի պարանոց

Սարոնիկոս

Մալեա հրվանդան

ԷԳԵՅԱՆ ԾՈՎ

[նկար 25–րդ էջի վրա]

Այսօր բեռնանավերը անցնում են Կորնթոսի ջրանցքով

[նկար 26–րդ էջի վրա]

Լեքեոնի նավահանգիստը

[նկար 26–րդ էջի վրա]

Կենքրայի նավահանգիստը

[նկար 25–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Todd Bolen/Bible Places.com