Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մարդը միայն հացով չի ապրում. ինչպես վերապրեցի նացիստական ճամբարներից

Մարդը միայն հացով չի ապրում. ինչպես վերապրեցի նացիստական ճամբարներից

Մարդը միայն հացով չի ապրում. ինչպես վերապրեցի նացիստական ճամբարներից

ՊԱՏՄՈՒՄ է ՅՈԶԵՖ ՀԻՑԻԳԸ

«Ի՞նչ ես կարդում,— հարցրի ես բանտակցիս։— Աստվածաշունչ,— ասաց նա և ավելացրեց,— ես այն քեզ կտամ, եթե դու մի շաբաթ քո օրաբաժին հացը ինձ տաս»։

ԾՆՎԵԼ եմ 1914 թ. մարտի 1–ին Մոզելում, որն այն ժամանակ Գերմանիայի մեջ էր մտնում։ Առաջին աշխարհամարտից հետո՝ 1918 թ.–ին, Մոզելը վերադարձվեց Ֆրանսիային։ 1940–ին այն նորից անցավ Գերմանիային։ Այնուհետև Երկրորդ աշխարհամարտի վերջին՝ 1945–ին, այն կրկին դարձավ Ֆրանսիայի մի մասը։ Ամեն անգամ իմ քաղաքացիությունը փոխվում էր, և այդ պատճառով ես գիտեի և՛ ֆրանսերեն, և՛ գերմաներեն։

Ծնողներս նախանձախնդիր կաթոլիկներ էին։ Ամեն օր քնելուց առաջ մեր ընտանիքը ծնկի էր գալիս ու աղոթում էր։ Կիրակի օրերին և տոներին եկեղեցի էինք գնում։ Ես շատ կրոնասեր էի։

Ինչպես դարձա Եհովայի վկա

1935–ին մեր տուն եկան երկու Եհովայի վկա։ Զրույցն այն մասին էր, թե ինչու է կրոնը միջամտել Առաջին համաշխարհային պատերազմին։ Այդ զրույցից հետո իմ հետաքրքրությունն Աստվածաշնչի հանդեպ ավելի մեծացավ, և ես խնդրեցի քահանային, որ ինձ մի Աստվածաշունչ տա։ Նա ասաց, որ Աստծու Խոսքը հասկանալու համար պետք է աստվածաբանություն ուսումնասիրեմ։ Նրա խոսքերը բորբոքեցին Աստվածաշունչ ունենալու և կարդալու իմ ցանկությունը։

1937 թ. հունվարին գործընկերներիցս մեկը՝ Ալբին Ռելեվիդզը, որը Եհովայի վկա էր, ինձ հետ խոսեց այն մասին, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Ես հարցրի, թե նա արդյոք Աստվածաշունչ ունի։ Նա իր գրքում ցույց տվեց Աստծու անունը՝ Եհովա, ու այն տվեց ինձ։ Ես սկսեցի ագահաբար ընթերցել այդ գիրքը ու հաճախել Վկաների հանդիպումներին մոտակա Թիոնվիլ քաղաքում։

1937 թ. օգոստոսին Ալբինի հետ գնացի Փարիզ՝ մասնակցելու Վկաների միջազգային համաժողովին։ Այնտեղ սկսեցի քարոզել տնից տուն։ Շատ չանցած՝ մկրտվեցի, իսկ 1939–ին սկսեցի ծառայել լիաժամ։ Ես նշանակվեցի ծառայելու Մեց քաղաքում։ Հուլիսին հրավիրվեցի Փարիզ՝ աշխատելու Եհովայի վկաների մասնաճյուղում։

Անհանգիստ ժամանակներ

Մասնաճյուղում իմ ծառայությունը կարճ տևեց։ 1939–ի օգոստոսին բանակում ծառայելու ծանուցագիր ստացա։ Ու քանի որ հրաժարվեցի պատերազմին մասնակցելուց, ինձ բանտարկեցին։ Հաջորդ տարվա մայիսին Գերմանիան հանկարծակի հարձակվեց Ֆրանսիայի վրա և գրավեց այն։ Ես նորից դարձա գերմանացի։ 1940–ի հուլիսին, երբ ազատվեցի բանտից, վերադարձա ծնողներիս մոտ։

Քանի որ ապրում էինք նացիստական ռեժիմի տակ, ժողովի հանդիպումները գաղտնի էինք անցկացնում։ «Դիտարանը» ստանում էինք Մարիզ Անազիաքի միջոցով, որը մի համարձակ կին էր։ Ամեն անգամ մենք հանդիպում էինք հացի խանութում, որի տերը Եհովայի վկա էր։ Մինչև 1941 թվականը ինձ հաջողվում էր խուսափել հետապնդումներից։

Սակայն մի օր գեստապոն եկավ մեր տուն։ Սպան ասաց, որ Վկաների գործունեությունն արգելված է, ու հարցրեց, թե մտադիր չեմ արդյոք փոխել կրոնս։ Երբ ասացի՝ ոչ, նա կարգադրեց հետևել իրեն։ Այդ ժամանակ մայրս ուշագնաց եղավ։ Դա տեսնելով՝ սպան թույլ տվեց ինձ տանը մնալ և հոգ տանել մորս մասին։

Աշխատավայրում գործատիրոջս ողջունելիս «հա՛յլ Հիտլեր» չէի ասում։ Երբ հրաժարվեցի նացիստական կուսակցության անդամ լինելուց, հենց հաջորդ օրը գեստապոն ձերբակալեց ինձ։ Հարցաքննության ժամանակ կտրականապես հրաժարվեցի Վկաների անունները տալուց։ Քննիչը իր ատրճանակի կոթով ուժեղ հարվածեց գլխիս, և ես կորցրի գիտակցությունս։ 1942–ի սեպտեմբերի 11–ին Մեցի դատարանը դատապարտեց ինձ երեք տարվա ազատազրկման՝ «Եհովայի վկաների և Աստվածաշունչ ուսումնասիրողների ընկերությանն ի նպաստ պրոպագանդա տարածելու համար»։

Երկու շաբաթ անց ինձ ուղարկեցին Ցվայբրուքենի ուղղիչ աշխատանքային գաղութ։ Այնտեղ աշխատում էի երկաթգծի տեխսպասարկման բաժնում։ Մենք փոխում էինք ծանր երկաթգծերը և նորից հարթեցնում էինք խճաքարերը։ Նախաճաշին ստանում էինք մի բաժակ սուրճ և մոտ 75 գրամ հաց, իսկ ճաշին և ընթրիքին՝ մի աման ապուր։ Հետո ինձ տեղափոխեցին մոտակա քաղաքի բանտ, որտեղ պետք է աշխատեի կոշկակարի խանութում։ Մի քանի ամիս անց նորից հետ ուղարկեցին Ցվայբրուքեն. այս անգամ պիտի աշխատեի դաշտերում։

Ապրել եմ առանց հացի

Բանտակիցս մի հոլանդացի երիտասարդ էր։ Երբ որոշ չափով արդեն կարողանում էի խոսել նրա լեզվով, սկսեցի պատմել իմ համոզմունքների մասին։ Ժամանակի ընթացքում նա այնքան առաջադիմեց, որ ինձ խնդրեց իրեն մկրտել գետում։ Երբ դուրս եկավ ջրից, գրկեց ինձ ու ասաց. «Յո՛զեֆ, ես քո եղբայրն եմ»։ Որոշ ժամանակ հետո մենք բաժանվեցինք, քանի որ ինձ նորից ուղարկեցին աշխատելու երկաթգծում։

Այս անգամ բանտակիցս գերմանացի էր։ Մի երեկո տեսա, որ նա մի փոքրիկ գիրք է կարդում. դա Աստվածաշունչ էր։ Այդ ժամանակ էր, որ նա առաջարկեց ինձ փոխել իր գիրքը հացի հետ։ Ես համաձայնվեցի։ Թեև դա իսկական զոհողություն էր, բայց երբեք չեմ ափսոսել։ Այդժամ միայն հասկացա Հիսուսի խոսքերի նշանակությունը. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Եհովայի բերանից» (Մատթեոս 4։4

Միակ խնդիրն այն էր, թե որտեղ պետք է պահեի այն։ Ի տարբերություն մյուս բանտարկյալների՝ Վկաներին թույլ չէին տալիս Աստվածաշունչ ունենալ։ Ուստի այն կարդում էի երեկոները՝ վերմակս գլխիս գցած։ Իսկ օրվա ընթացքում այն թաքցնում էի վերնաշապիկիս տակ։ Ես չէի թողնում գիրքս բանտախցում, քանի որ հսկիչները անընդհատ ստուգում էին։

Սակայն մի օր Աստվածաշունչս մոռացա բանտախցում։ Երեկոյան շտապելով վերադարձա ու տեսա, որ գիրքս չկա։ Աղոթեցի Աստծուն ու գնացի բանտապահի մոտ։ Ասացի, որ գիրքս ինչ–որ մեկը վերցրել է, և ես ուզում եմ, որ ինձ վերադարձնեն այն։ Նա չնկատեց, թե ինչ գիրք է դա, և վերադարձրեց։ Սրտանց շնորհակալություն հայտնեցի Եհովային։

Մի անգամ էլ, երբ գնացել էի լողանալու, շորերս հանելիս այնպես արեցի, որ Աստվածաշունչն աննկատ ընկնի գետին։ Տեսնելով, որ պահակը չնկատեց՝ այն ոտքով հրեցի լողախցիկ։ Լողանալուց հետո նորից այն դուրս հրեցի մաքուր շորերիս կողմը։

Քաջալերանք և վհատություն

1943–ին մի առավոտ, երբ շարքով կանգնած էինք բակում, տեսա Ալբինին։ Նրան նույնպես բանտարկել էին։ Նա նայեց ինձ և որպես եղբայրության նշան՝ ձեռքը դրեց սրտին։ Հետո նշան արեց, որ ինձ նամակ կգրի։ Հաջորդ օրը կողքովս անցնելիս մի թղթի կտոր գցեց ցած։ Սակայն բանտապահը դա նկատեց, ու մեզ երկու շաբաթ մենախցում պահեցին։ Մեզ տալիս էին միայն մի կտոր չոր հաց ու ջուր։ Քնում էինք տախտակների վրա՝ առանց ծածկոցի։

Հետո ինձ տեղափոխեցին Զիգբուքի բանտ, որտեղ աշխատեցի մետաղների խանութում։ Աշխատանքը ուժասպառ էր անում ինձ, սնունդն էլ բավարար չէր։ Գիշերները երազում տեսնում էի տարատեսակ համեղ բաներ՝ թխվածքներ ու մրգեր, բայց երբ արթնանում էի, ստամոքսս դատարկ էր, կոկորդս՝ չոր։ Շատ էի հյուծվել։ Ամեն օր, սակայն, կարդում էի փոքրիկ Աստվածաշունչս ու ապրելու ուժ էի ստանում։

Վերջապես ազա՜տ եմ

1945–ի ապրիլին բանտապահները անսպասելիորեն փախան բանտից՝ բաց թողնելով դարպասները։ Ես ազա՜տ էի։ Սակայն սկզբում ստիպված էի որոշ ժամանակ պառկել հիվանդանոցում՝ ապաքինվելու։ Մայիսի վերջին գնացի տուն։ Ծնողներս կորցրել էին իրենց հույսը, որ ինձ երբևէ կտեսնեն։ Երբ մայրս տեսավ ինձ, ուրախությունից լաց եղավ։ Ցավոք, նրանք շուտ մահացան։

Ես սկսեցի հաճախել Թիոնվիլում գտնվող ժողով։ Անչափ ուրախ էի, որ կրկին հոգևոր ընտանիքիս հետ եմ։ Շատ էինք քաջալերվում, երբ պատմում էինք, թե ինչպես ենք հավատարիմ մնացել՝ չնայած տարբեր դժվարություններին։ Իմ թանկագին ընկերը՝ Ալբինը, մահացել էր Ռեգենսբուրգում՝ Գերմանիայում։ Հետո իմացա, որ հորեղբորս որդին՝ Յան Հիզիգերը, դարձել է Եհովայի վկա, սակայն նրան մահապատժի են ենթարկել զինծառայությունից հրաժարվելու համար։ Իսկ Յան Քեյրոյը, ում հետ ծառայել էի Փարիզի մասնաճյուղում, Գերմանիայի ուղղիչ–աշխատանքային գաղութներից մեկում անցկացրել էր հինգ տարի *։

Սկսեցի նորից քարոզել Մեց քաղաքում։ Այդ ընթացքում հաճախ էի հանդիպում Մինզանի ընտանիքին։ Նրանց աղջիկը՝ Թինան, մկրտվել էր 1946–ի նոյեմբերի 2–ին։ Նա նախանձախնդիր քարոզիչ էր։ Թինան ինձ դուր էր գալիս։ Մենք ամուսնացանք 1947–ի դեկտեմբերի 13–ին։ 1967–ի սեպտեմբերին կինս սկսեց ծառայել լիաժամ և մնաց այդ ծառայության մեջ մինչև իր մահը։ Նա մահացավ 2003 թ.–ին 98 տարեկանում։ Ես շատ եմ կարոտում իմ Թինային։

Այո՛, Աստծու Խոսքն է ինձ ուժ տվել դիմանալու դժվարություններին։ Ճիշտ է, երբեմն քաղցած էի մնում, սակայն կարողանում էի Աստվածաշնչով սնել միտքս։ Ես միշտ զորություն եմ ստացել Եհովայից։ Նրա «խօսքն ապրեցրել է ինձ» (Սաղմոս 119։50

[ծանոթագրություն]

^ պարբ. 27 Յան Քեյրոյի կենսագրությունը տե՛ս «Դիտարանի» 1989 թ. հոկտեմբերի 1–ի համարում, էջ 22–26, անգլ.։

[նկար 21–րդ էջի վրա]

Իմ թանկագին ընկեր Ալբինը

[նկար 21–րդ էջի վրա]

Մարիզ Անազիաքը

[նկար 22–րդ էջի վրա]

Աստվածաշունչը, որը ձեռք բերեցի մեկ շաբաթվա հացի դիմաց

[նկար 23–րդ էջի վրա]

Թինայի հետ 1946–ին

[նկար 23–րդ էջի վրա]

Յան Քեյրոյը իր կնոջ՝ Թիտիկայի հետ