Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մի՞թե Աստված երեխաներին երկինք է տանում և հրեշտակներ է դարձնում նրանց

Մի՞թե Աստված երեխաներին երկինք է տանում և հրեշտակներ է դարձնում նրանց

Մեր ընթերցողները հարցնում են

Մի՞թե Աստված երեխաներին երկինք է տանում և հրեշտակներ է դարձնում նրանց

Երբ երեխա է մահանում, ընտանիքի հարազատները փորձում են մխիթարել նրանց՝ ասելով. «Աստծուն ևս մի հրեշտակ էր պետք»։ Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արդյոք այս միտքը։

Եթե Աստված թույլ է տալիս, որ երեխաները մահանան, որպեսզի շատ հրեշտակներ ունենա երկնքում, ուրեմն նա անսիրտ է, նույնիսկ դաժան։ Աստվածաշունչը, սակայն, այլ բան է ասում (Յոբ 34։10)։ Խորհիր. մի՞թե կարեկից հայրը ուրիշի երեխային կբաժանի ընտանիքից միայն այն պատճառով, որ ցանկանում է, որ իր ընտանիքում շատ երեխաներ լինեն։

Ոչ մի ծնող չի կարող Եհովայից ավելի շատ կարեկից լինել։ Չէ՞ որ նրա գերագույն հատկությունը սերն է (1 Հովհաննես 4։8)։ Սիրո մարմնացում լինելով՝ Աստված երբեք դաժանորեն չի վարվում։

Հարցրու ինքդ քեզ. «Մի՞թե Աստված այդքան շատ հրեշտակների կարիք ունի»։ Աստվածաշունչն ասում է, որ նրա գործերը կատարյալ են (Բ Օրինաց 32։4)։ Երբ նա ստեղծեց հրեշտակներին, իր գործը կատարելապես ավարտին հասցրեց (Դանիէլ 7։10)։ Կարո՞ղ էր պատահել, որ Աստված ինչ–որ կերպով սխալ հաշվարկ արած լիներ։ Դա անհնար է։ Ամենակարող Աստվածը երբեք չի սխալվում։ Ճիշտ է, Եհովան մարդկանցից ընտրել է անհատների, որ իր Թագավորության մեջ կառավարեն, սակայն նրանք չէին մահանալու փոքր հասակում (Հայտնություն 5։9, 10

Պատճառներից մեկը, թե ինչու Աստված նման բան չէր անի, այն է, որ դա ներդաշնակ չէր լինի իր սկզբնական նպատակին։ Եդեմի պարտեզում Եհովան Ադամին ու Եվային ասել էր. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան» (Ծննդոց 1։28)։ Երեխաները պարգև են Աստծուց։ Եհովան մարդկանց երեխաներ ունենալու կարողություն էր տվել, որպեսզի, իր նպատակի համաձայն, երկիրը լցվեր արդար մարդկանցով։ Աստված չէր նպատակադրել, որ երեխաները մահանային ու հետո երկնքում հրեշտակ դառնային։ Աստվածաշունչը հստակ նշում է, որ երեխաները «Տիրոջ ժառանգութիւնն են» (Սաղմոս 127։3)։ Մի՞թե Եհովան՝ սիրո Աստվածը, կարող է հետ վերցնել իր տված նվերը։ Վստահաբար ոչ։

Երեխաների մահը մեծ վիշտ ու տառապանք է պատճառում։ Իսկ ի՞նչ հույս կարող են ունենալ վշտահար ծնողները։ Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված երկրային դրախտում հարություն է տալու միլիոնավոր մարդկանց։ Մի պահ պատկերացրեք. երեխաները հարություն են առնում և գրկախառնվում են իրենց ծնողների հետ (Հովհաննես 5։28, 29)։ Եհովայի կամքն է, որ երեխաները մեծանան, վայելեն կյանքը ու սովորեն իր նպատակների մասին։ Այսպիսով՝ երբ երեխաները մահանում են, հրեշտակներ չեն դառնում։ Ապագայում նրանք հարություն կառնեն երկրի վրա և ողջ հավիտենության ընթացքում կերկրպագեն Եհովա Աստծուն։