Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նրա հետքերով...

Նրա հետքերով...

Նամակ Իռլանդիայից

Նրա հետքերով...

ՄԻԳԱՄԱԾ օր էր։ Շարունակ բարակ անձրև էր մաղում։ Անձրևի կաթիլները թափվում էին մեքենայիս ապակիներին, ինչի պատճառով հազիվ էի տեսնում ճանապարհը։ Տասնվեց կիլոմետր անցնելուց հետո հասա բլրի գագաթ, որտեղից տեսարան էր բացվում դեպի Վեստփորթ։ Այն ափամերձ մի քաղաք է՝ Իռլանդիայի արևմուտքում։ Վերջապես արևի ճառագայթները ցրեցին մառախուղը, և ես տեսա ծովածոցի երկայնքով փռված ժայռոտ կղզիներ, որոնք ասես զմրուխտներ լինեին կապույտ թավշի վրա։ Դրանցից քչերն են մարդաբնակ, սակայն տեղի գյուղացիները իրենց անասուններին նավակներով տանում են այնտեղ արածեցնելու։

Ափի երկայնքով բլրաշարը ձգվում էր դեպի արևմուտք։ Հավամրգի թփերով ու տորֆով ծածկված բլուրները կեսօրվա արևի տակ նմանվում էին պսպղացող պղնձի։ Երկնակամարը հսկում էր Կրո Պատրիկ կոնաձև լեռնագագաթը, որը տեղացիները կոչում են Ռիկ։ Ես շարունակեցի ճանապարհս Վեստփորթի մարդաշատ ու նեղ փողոցներով, անցա Ռիկը և հասա մի վայր, ուր Եհովայի վկաները հազվադեպ են գալիս։

Նա, ում հետքերով գնում էի, չէր սպասում ինձ։ Ես նամակ էի ստացել, որում այդ մարդը հայտնել էր, որ տեղափոխվել է այստեղ և ցանկանում է շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը Եհովայի վկաների հետ։ Ես չգիտեի՝ քանի տարեկան է նա, ամուսնացած է, թե ամուրի, ինչով է հետաքրքրվում։ Մտածում էի, թե ինչպես եմ սկսելու զրույցը։ Կրկին նայեցի պայուսակիս մեջ՝ համոզվելու համար, թե արդյոք վերցրել եմ Աստվածաշունչս և այլ գրականություններ։

Ռիկ լեռնագագաթն արդեն հետևում էր մնացել։ Ճանապարհի մի կողմում փռված և մինչև ծովի ափերը հասնող ամայի դաշտերը նման էին կարկատանների՝ առանձնացված քարե պատնեշներով։ Այդ քարե պատերը կառուցվել էին դեռևս 19–րդ դարի Մեծ սովի տարիներին։ Իմ գլխավերևում հանգիստ ճախրում էր միայնակ ծովային որորը։ Հորիզոնում երևում էին ալոճենու և մամխի թփերը, որոնք, կորացած և իրար կռնած ծեր մարդկանց նման, ասես փորձում էին պաշտպանվել քամուց։

Մտա մի գյուղավան, որտեղ տները համարներ չունեին, իսկ փողոցները՝ անուններ։ Նամակի վրա նշված էր միայն տան անունն ու գյուղավանը։ Իմ նպատակն էր գտնել փոստատարին, ով, անկասկած, կարող էր օգնել ինձ։ Երեսուն րոպեից միայն կարողացա գտնել փոստատունը, որն ընդամենը մի սենյակ էր փողոցի վրա իրար կողք շարված տնակներից մեկում։ Դռան վրա կախված էր մի ցուցանակ, որի վրա գրված էր՝ «Փակ է»։ Մտա մոտակա խանութը ու հարցուփորձ արի։ Խանութպանը նկարագրեց ճանապարհը, որը ես այդքան էլ չպատկերացրի։

Ութ կիլոմետր գնալուց հետո գտա խանութպանի ասած «նշանը»՝ կտրուկ ոլորան դեպի աջ, իսկ ձախ կողմում՝ նեղ արահետ։ Թակեցի մոտակա տներից մեկի դուռը։ Մի ծեր կին բաց արեց ու երբ իմացավ, թե ում եմ փնտրում, հպարտությամբ ասաց, որ թեև իր ամբողջ կյանքն այդտեղ է ապրել, բայց այդպիսի մարդու չի ճանաչում։ Նա ինձ ներս հրավիրեց և ասաց, որ հիմա մի տեղ կզանգի ու հարցուփորձ կանի։

Հեռախոսով խոսելու ընթացքում նա աչքի տակով ինձ էր նայում, հավանաբար ուզում էր կռահել, թե ով եմ և ինչ եմ անում այս կողմերում։ Ես լուռ նայում էի շուրջս. դռան կողքին Մարիամի արձանիկն էր, պատի վրա Քրիստոսի մեծ նկարն էր, իսկ սեղանին՝ տերողորմյան։ Տարեց կնոջ հետաքրքրասիրությունը բավարարելու համար ես պարզապես ասացի, որ իր ընկերներից մի կարևոր լուր եմ բերել այդ մարդուն։

Կնոջ ամուսինը միացավ մեզ ու սկսեց ինձ պատմել տեղանքի պատմությունը։ Քանի որ կինը առաջին զանգից ոչինչ չիմացավ, նա ստիպեց ինձ մի փոքր էլ սպասել, որ ուրիշներին էլ զանգի։ Այնպիսի տպավորություն էր, թե այդ մարդու և նրա տան մասին գյուղացիները ոչինչ չէին լսել։ Ես նայեցի ժամացույցիս։ Արդեն բավական ուշ էր։ Շնորհակալություն հայտնեցի նրանց ու ճանապարհ ընկա դեպի տուն։

Հաջորդ շաբաթ նորից գյուղում էի։ Այս անգամ գտա փոստատարին, ու նա ինձ պարզ նկարագրեց, թե որ ուղղությամբ պետք է գնամ։ Տասնհինգ րոպե անց հասա այն խաչմերուկը, որի մասին ասել էր փոստատարը։ Թեքվեցի դեպի ձախ և մի քանի անգամ այդ ճանապարհով գնացի ու հետ եկա. փնտրում էի մյուս «նշանը»՝ հին քարե կամուրջը, որն այդպես էլ չգտա։ Բարեբախտաբար, տեսա վերջին «նշանը»։ Բլրի գլխին այն տունն էր, որն այդքան երկար փնտրում էի։

Մի պահ կանգ առա ու մտածեցի, թե ինչ պետք է ասեմ։ Մի տարեց մարդ բաց արեց դուռը։ Սակայն իմանալով, թե ում եմ փնտրում՝ նա ցույց տվեց ներքևում՝ ծառերի մեջ թաքնված մի տուն ու ասաց. «Քո ուզած տունը ա՜յ այնտեղ է»։ Իջա ու անհամբերությամբ թակեցի դուռը։ Սպասում էի ու հիանում իմ առաջ բացված հրաշք տեսարանով. ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Ատլանտյան օվկիանոսն էր։ Քամին ուժգին էր փչում, և հսկա ալիքները հարվածում էին ափին։ Ոչ ոք չէր երևում։ Տանն էլ մարդ չկար։ Ես հեռացա։

Մի քանի անգամ նորից եկա այդտեղ և, ի վերջո, հանդիպեցի մի երիտասարդի։ «Դուք ճիշտ հասցեով եք եկել,— ասաց նա,— սակայն մարդը, որին փնտրում եք, մեկ այլ վայր է տեղափոխվել, ու ես չգիտեմ նրա նոր հասցեն»։ Ես բացատրեցի, թե ինչու եմ եկել։ Պարզվեց, որ նա երբեք Եհովայի վկաների հետ չէր խոսել։ Երիտասարդը ինձ պատմեց, որ իրեն թալանել են։ Նրան հետաքրքրում էր, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ նման անարդար բաներ տեղի ունենան։ Նա սիրով վերցրեց «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, որոնց մեջ այդ թեմայով հոդվածներ կային։

Աստվածաշունչը մեզ հորդորում է ջանադրաբար փնտրել խոնարհ մարդկանց, որոնք ցանկանում են իմանալ ճշմարտությունն Աստծու մասին։ Ցավոք, ես չգտա նրան, ում փնտրում էի։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ ջանքերս ապարդյուն չէին։ Իռլանդիայում շատերն են ցանկանում լսել բարի լուրը, և ո՞վ գիտի, գուցե մի օր Եհովայի օրհնությամբ ճշմարտության սերմերը ծիլեր տան հեռավոր այս գյուղավանում։