Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգնություն փոթորկից տուժածներին

Օգնություն փոթորկից տուժածներին

Օգնություն փոթորկից տուժածներին

«ՆԱՐԳԻՍ» ցիկլոնը 2008 թ. մայիսի 2–ին հարվածեց Մյանմային և մեծ ավերածություններ պատճառեց։ Այդ մասին լուրը արագորեն տարածվեց միջազգային լրատվամիջոցներով *։ Վերջին տվյալների համաձայն՝ Իրավադիի դելտայի շրջանում զոհվել կամ անհայտ կորել է 140 000 հոգի։

Եհովայի վկաներից ոչ ոք չէր մահացել։ Նրանք փրկվել էին, քանի որ ապաստան էին գտել լավ կառուցված Թագավորության սրահներում։ Գյուղերից մեկում հարյուր հոգի, որոնցից միայն քսանն էին Վկաներ, ինը ժամ նստած էին մնացել Թագավորության սրահի տանիքի վրա, քանի որ ջուրը 5 մետր բարձրացել էր։ Բոլորը կենդանի էին մնացել։ Ցավալի է, բայց այդ գյուղի 300 բնակիչ մահացել էր։ Շատ այլ գյուղերում էլ Թագավորության սրահը միակ շինությունն էր, որ կանգուն էր մնացել։

Երկու օր անց Յանգոնում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղը օգնության խումբ ուղարկեց Բոտինգոն գյուղի ժողով, որը գտնվում էր Իրավադիի դելտայի մոտ։ Անցնելով ավերված տարածքներով և մահացած մարդկանց դիակների կողքով՝ Վկաները հասան Բոտինգոն։ Նրանք պետք է զգուշանային գողերից, քանի որ իրենց հետ վերցրել էին բրինձ, չորացրած լապշա, ջուր և մոմեր։ Այդ խումբը առաջինն էր, որ օգնության էր եկել։ Նրանք նաև բերել էին իրենց հետ Աստվածաշնչեր, աստվածաշնչային գրականություն, ելույթներ էին ներկայացրել ու քաջալերել մարդկանց։

Տուժած Վկաները, չնայած որ կորցրել էին իրենց ունեցվածքը, չէին ընկճվել։ Իրավադիի շրջանում ապրող Վկաներից մեկն ասում է. «Մենք կորցրինք ամեն ինչ. տներն ավերվեցին, բերքը փչացավ, խմելու ջուրը կեղտոտվեց։ Սակայն եղբայրներն ու քույրերը ուրիշների պես չվհատվեցին։ Նրանք ապավինեցին Եհովային և իր կազմակերպությանը։ Մենք պատրաստ էինք հետևելու ցանկացած առաջնորդության՝ կա՛մ մնալ գյուղում, կա՛մ որևէ այլ վայր տեղափոխվել»։

30 տուժած Վկաներ օգնության խմբին հասնելու համար 10 ժամվա ճանապարհ պետք է անցնեին։ Բայց դա նրանց չընկճեց։ Ճանապարհին նրանք ուրախությամբ երգում էին Թագավորության երգերը։ Իսկ երբ իմացան, որ մոտակա քաղաքում անցկացվում է Եհովայի վկաների շրջանային համաժողովը, խումբը որոշեց նախ գնալ համաժողով՝ հոգևոր կերակուր ստանալու և եղբայրների ընկերակցությունը վայելելու։

Փոթորկից տուժած տարածքներում Վկաների 35 տուն ավերվել էր, 125–ը մասամբ վնասվել էր, իսկ 8 Թագավորության սրահ թեթև վնասներ էին կրել։ Բարեբախտաբար, մասնաճյուղի շինություններին ոչինչ չէր եղել։

Քանի որ ցիկլոնի պատճառով մեծ ծառեր էին ընկել ու փակել ճանապարհները, ոչ ոք չէր կարողանում ներս գալ մասնաճյուղ կամ դուրս գալ այնտեղից։ Փոթորկից մի քանի ժամ հետո մասնաճյուղից ավելի քան 30 հոգի սկսեցին բացել ճանապարհը։ Մարդիկ կանգնում էին և ապշած նայում, թե ինչպես են նրանք աշխատում։ Կարճ ժամանակ անց մի խումբ Վկա կանայք զովացուցիչ ըմպելիքներ և մրգեր բերեցին աշխատողների ու հարևանների համար։ Երբ լրագրողներից մեկը տեսավ այս ամենը, հարցրեց. «Ովքե՞ր են այդ ջանասեր աշխատողները»։ Եվ երբ իմացավ, որ նրանք Եհովայի վկաներ են, ասաց. «Երանի բոլորը Եհովայի վկաների նման միասնական լինեին»։

Վկաներն արագ կազմավորեցին օգնության երկու կոմիտե՝ երկրի տարբեր մասերում օգնության աշխատանքները կազմակերպելու համար։ Հարյուրավոր կամավորներ ընդգրկվեցին օգնության խմբեր։ Մի քանի օրվա ընթացքում նոր տներ կառուցվեցին անօթևան մնացած Վկաների համար։ Ահա թե ինչ ասաց հարևաններից մեկը, երբ տեսավ, թե ինչպես են նոր տուն կառուցում մի Եհովայի վկայի համար. «Նրա տունը կառուցում են իր հավատակիցները։ Բայց իմ կրոնի անդամներից ոչ մեկը չեկավ ինձ օգնության։ Ես էլ պետք է Եհովայի վկա դարձած լինեի»։

Իսկ երբ շինարարները և օգնության կոմիտեի եղբայրները Թանլինում ուզում էին վերակառուցել Վկաներից մեկի տունը, որից գրեթե ոչինչ չէր մնացել, շատ զարմացան, երբ ընտանիքն ասաց. «Մենք դեռ կարող ենք ապրել մեր տանը։ Լավ կլինի, որ օգնեք նրանց, ովքեր անտուն են մնացել»։

Յանգոնի տարածքներից մեկում որոշ մարդիկ փորձել էին ապաստան գտնել տեղի եկեղեցիներից մեկում։ Սակայն եկեղեցու դռները կողպված էին եղել, և ոչ ոք չէր կարողացել ներս մտնել։ Մարդիկ այն աստիճան էին բարկացել, որ ցանկացել էին եկեղեցու դուռը կոտրել։ Իսկ Եհովայի վկաները շատերին պատսպարեցին Թագավորության սրահներում։ Օրինակ՝ մի Վկա ամուսնական զույգ Դալայի Թագավորության սրահում հարևաններից 20–ին ապաստան տվեց։ Առավոտյան արդեն այդ ընտանիքները ո՛չ տուն ունեին, ո՛չ ուտելիք։ Ամուսինը ինչ–որ տեղից բրինձ գնեց և կերակրեց բոլորին։

Յանգոնում ապրող մի ընտանիքում անդամներից մի քանիսը Եհովայի վկա էր, իսկ մյուսները տարբեր կրոնների անդամներ էին։ Ցիկլոնից հետո ամբողջ ընտանիքը եկավ Թագավորության սրահ՝ մասնակցելու հանդիպմանը։ Ո՞րն էր պատճառը։ Նրանցից մեկը ասում է. «Փոթորկից հետո մեր եկեղեցու առաջնորդն ասաց, որ կայցելի մեզ, բայց այդպես էլ չեկավ։ Միայն Վկաները եկան։ Նրանք մեզ բրինձ ու ջուր բերեցին։ Եհովայի վկաները տարբերվում են մյուսներից»։ Ամբողջ ընտանիքը ուրախությամբ մասնակցեց «Դիտարանի» ուսումնասիրության հոդվածի քննարկմանը, որն ուներ հետևյալ վերնագիրը՝ «Եհովան լսում է մեր աղաչանքը»։ Նրանք նույնիսկ մեկնաբանություններ տվեցին։

Աստվածաշունչ ուսումնասիրող մի կին փոթորկից մեկ շաբաթ անց եկավ ժողովի հանդիպման, որի ժամանակ ընթերցվեց մասնաճյուղից ստացած նամակը։ Այնտեղ գրված էր, թե ինչ է արվել տուժածներին օգնություն տրամադրելու համար, և ինչ դեպքեր են տեղի ունեցել այդ ընթացքում։ Նամակի ընթերցանության ժամանակ կինն արտասվեց։ Նա շատ էր ուրախացել, որ ոչ մի Եհովայի վկա չի զոհվել։ Հանդիպումից հետո կնոջը նույնպես անհրաժեշտ օգնություն տրվեց, իսկ նրա ավերված տան կողքը Վկաները մի վրան խփեցին։ Նա երախտապարտ էր իր հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։

Հիսուսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհաննես 13։35)։ Հակոբոս աշակերտն էլ ընդգծեց, որ իսկական հավատը դրսևորվում է գործերով (Հակոբոս 2։14–17)։ Եհովայի վկաները լրջորեն են վերաբերվում այս խոսքերին և իրենց սերը ցույց են տալիս՝ օգնելով ու աջակցելով կարիքի մեջ եղող մարդկանց։

[ծանոթագրություն]

^ պարբ. 2 «Բրիտանական հանրագիտարանը» (անգլ.) տեղեկացնում է. «Ատլանտյան օվկիանոսի և Կարիբյան ծովի արևադարձային ցիկլոնները սովորաբար կոչվում են փոթորիկներ, մինչդեռ Օվկիանայի արևմտյան մասի և Հարավչինական ծովի ցիկլոնները կոչվում են թայֆուն»։

[Մեջբերում 11–րդ էջի վրա]

Աստվածաշունչն ասում է, որ իսկական հավատը դրսևորվում է գործերով