Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ էին հռոմեացի զինվորները ուզում վերցնել Հիսուսի ներքնազգեստը

Հռոմեացի չորս զինվորները Հիսուսին ցցին գամելուց հետո վերցրին նրա վերնազգեստները և չորս մասի բաժանեցին։ «Բայց ներքնազգեստը առանց կարի էր՝ վերից վար գործված»,— գրված է Հովհաննես 19։23 համարում։ Այդ պատճառով զինվորները որոշեցին չպատռել այն, այլ վիճակ գցել։ Իսկ ինչպե՞ս էր այդ ներքնազգեստը կարված։

Ներքնազգեստը շապիկի նման տունիկա էր՝ պատրաստված կտավից կամ բրդից։ Այն հասնում էր մինչև ծնկները կամ ոտքի կոճը։ Սովորաբար ներքնազգեստը պատրաստվում էր այսպես. ուղղանկյունաձև երկու կտոր միացվում էր իրար. կարում էին միայն երեք կողմերը։ Գլխի և ձեռքերի համար անցք էր թողնվում։

Թանկարժեք տունիկան նույն ձևով էր կարվում, սակայն օգտագործվում էր «միայն մեկ կտոր, որը ծալվում էր երկու մասի, մեջտեղի մասում անցք էր կտրվում գլխի համար» և եզրերը վրակար էր արվում,— բացատրվում է «Հիսուսը և նրա աշխարհը» գրքում (անգլ.)։ Այսպիսի տունիկան պետք է նաև երկու կողմերից կարվեր։

Առանց կարի ներքնազգեստը, որը կրում էր Հիսուսը, պատրաստվում էր միայն Պաղեստինում։ Ներքնազգեստները գործվում էին ուղղահայաց հաստոցների վրա, որոնք ունեին զույգ հենք՝ մեկը գտնվում էր շրջանակի առջևի մասում, իսկ երկրորդը՝ հետևի մասում (երկայնակի թելեր)։ Մի աշխատության մեջ նշվում է, որ ջուլհակը գործի էր դնում մագոգը, որը միջնաթելով անցնում էր հենքի միջով և առջևից մինչև հետևի մասը սկսում էր գործել կտորը։ «Այդպիսով ստեղծվում էր խողովակաձև կտոր»։ Ակներևաբար, առաջին դարում հեշտ չէր առանց կարի տունիկա գտնել, այդ պատճառով էլ զինվորներից ամեն մեկն ուզում էր այն իր համար վերցնել։

Հին Իսրայելում մեղվապահներ եղե՞լ են

Եբրայերեն Գրությունների համաձայն՝ Աստված խոստացել էր իսրայելացիներին տանել «մի կաթ ու մեղր բղխող երկիր» (Ելից 3։8)։ Հետաքըրքիր է, սակայն, Աստվածաշնչում գրված չէ, որ հին Իսրայելում մեղվապահներ են եղել, թեև հաճախ է խոսվում մեղրի մասին։ Այդուհանդերձ, վերջերս Իսրայելի Բեթ Շեան հովտում հայտնաբերվեց մի վայր, որը վկայում էր այն մասին, որ հնում բնակիչները զբաղվել են «մեղվապահությամբ արդյունաբերական մակարդակով»։

Երուսաղեմի Եբրայական համալսարանի հնագիտության ինստիտուտի հետազոտողները Թել Ռեկովի պեղումների ժամանակ հայտնաբերել են մի վայր, որտեղ մ.թ.ա. 10–րդ դարից մինչև 9–րդ դարի սկիզբը՝ Իսրայելի միապետության վաղ շրջանում, փեթակներ են պահվել։ Միջին Արևելքում սա առաջին դեպքն էր, որ փեթակներ հայտնաբերվեցին։ Ենթադրվում է, որ մեղվանոցներում եղել է մոտավորապես հարյուր փեթակ, որոնք դասավորված են եղել շարքերով և ունեցել են երեք հարկ։

Համալսարանի հաշվետվության մեջ նշվում է, որ յուրաքանչյուր փեթակ ունեցել է «գլանի ձև, .... 80 սանտիմետր երկարություն, իսկ գլանի տրամագիծը եղել է 40 սանտիմետր։ Փորձառու մեղվապահները և հետազոտողները, ովքեր այցելել են այս տեղանքը, հաշվել են, որ ամեն տարի այս փեթակներից հնարավոր է եղել ստանալ ավելի քան կես տոննա մեղր»։

[նկար 22–րդ էջի վրա]

ՏԵՂԱՆՔ ԹԵԼ ՌԵԿՈՎՈՒՄ

[թույլտվությամբ]

Institute of Archaeology/Hebrew University © Tel Rehov Excavations