Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նա խոհեմությամբ վարվեց

Նա խոհեմությամբ վարվեց

Ընդօրինակեք նրանց հավատը

Նա խոհեմությամբ վարվեց

ԱԲԻԳԵԱՆ սարսափ տեսավ երիտասարդի աչքերի մեջ։ Վերջինս խիստ մտահոգված էր, քանի որ իրենց մեծ վտանգ էր սպառնում. մոտ 400 ռազմիկներ ճանապարհ էին ընկել և գալիս էին սպանելու Աբիգեայի ամուսնու՝ Նաբաղի տան բոլոր տղամարդկանց։ Ինչո՞ւ։

Բանն այն էր, որ Նաբաղը կրկին դաժանորեն և հանդգնորեն էր վարվել։ Սակայն այս անգամ նա վիրավորել էր մի մարդու, որը նվիրված և փորձառու ռազմիկների հրամանատար էր։ Այդ պատճառով էր, որ Նաբաղի ծառաներից մեկը, որը հավանաբար հովիվ էր, շտապեց Աբիգեայի մոտ՝ վստահ լինելով, որ վերջինս ինչ–որ բան կձեռնարկի իրենց փրկելու համար։

Իսկ ո՞վ էր Աբիգեան, և ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։ Ինչպե՞ս էր ստեղծվել այս իրավիճակը։ Ի՞նչ կարող էր անել այդ կինը մի ամբողջ բանակի դեմ։

«Խոհեմամիտ եւ գեղեցկադէմ»

Աբիգեան և Նաբաղը համապատասխան զույգ չէին։ Նաբաղը դժվար թե կարողանար ավելի լավ կողակից գտնել, ինչը չենք կարող ասել Աբիգեայի մասին։ Նաբաղը հարուստ մարդ էր։ Այդ պատճառով էլ ինքն իրեն կարևոր անձնավորություն էր համարում, մինչդեռ ուրիշները այլ կարծիք ունեին նրա մասին։ Աստվածաշնչում ուրիշ ոչ մեկի մասին այսքան անարգալից կերպով չի խոսվում։ Նրա անունը նշանակում է «անմիտ», կամ՝ «հիմար»։ Հայտնի չէ, թե նրա ծնողները այս անունը տվել էին նրան ծնվելո՞ւ ժամանակ, թե՞ նրան այդպես էին սկսել անվանել ավելի ուշ։ Ամեն դեպքում, այդ անունը լիովին համապատասխան էր։ Նաբաղը «խստաբարոյ եւ չարագործ էր»։ Քանի որ հարբեցող էր և կռվարար, շատերը ատում էին նրան և վախենում նրանից (Ա Թագաւորաց 25։2, 3, 17, 21, 25

Իսկ Աբիգեան բոլորովին այլ անձնավորություն էր։ Նրա անունը նշանակում է «իմ հայրը ուրախացավ»։ Շատ հայրեր հպարտանում են, որ գեղեցիկ աղջիկ ունեն, սակայն իմաստուն հայրերին ուրախացնում է այն, որ իրենց երեխան աչքի է ընկնում խելացիությամբ։ Հաճախ արտաքնապես գեղեցիկ անձնավորությունը չի գիտակցում լավ հատկությունների կարևորությունը, օրինակ՝ խոհեմության, իմաստության, քաջության կամ հավատի։ Սակայն Աբիգեան այդպիսին չէր։ Աստվածաշնչում գրված է, որ նա «խոհեմամիտ եւ գեղեցկադէմ էր» (Ա Թագաւորաց 25։3

Իսկ ինչո՞ւ էր այդ խելացի աղջիկը ամուսնացել այդպիսի տղամարդու հետ։ Պետք է նշել, որ աստվածաշնչային ժամանակներում երիտասարդները հիմնականում ծնողների ընտրությամբ էին ամուսնանում։ Անգամ եթե ծնողները չէին միջամտում, միևնույն է, նրանք պետք է տային իրենց համաձայնությունը։ Արդյո՞ք իր ծնողների հավանությամբ կամ նույնիսկ միջնորդությամբ էր Աբիգեան ամուսնացել Նաբաղի հետ։ Գուցե նրա ընտանիքն աղքատ է եղել, և ծնողները ցանկացել են, որ իրենց աղջիկը հարուստ մարդու հետ ամուսնանա։ Չենք կարող ստույգ ասել։ Այնուհանդերձ, այն, որ Նաբաղը հարուստ էր, դեռ չէր նշանակում, որ կարող էր նաև լավ ամուսին լինել։

Իմաստուն ծնողները սովորեցնում են իրենց երեխաներին, որ ամուսնությունը պատվավոր միություն է։ Նրանք չեն հորդորում երեխաներին ամուսնանալ հանուն փողի և ոչ էլ ստիպում են ժամանակից շուտ ընկերություն անել ցանկացած մեկի հետ (1 Կորնթացիներ 7։36)։ Ցավոք, Աբիգեայի համար նման հարցերի շուրջ մտածելը շատ ուշ էր։ Նա ամուսնացած էր Նաբաղի հետ և իր լավագույնն էր անում այդ իրավիճակում։

«Նա կշտամբանքներ տեղաց նրանց վրա»

Մի անգամ Նաբաղը իր անմտության պատճառով Աբիգեային շատ վատ դրության մեջ գցեց։ Նա վիրավորել էր Դավթին՝ Եհովայի հավատարիմ ծառային, ում Սամուել մարգարեն օծել էր որպես թագավոր, որը հաջորդելու էր Սավուղ թագավորին (Ա Թագաւորաց 16։1, 2, 11–13)։ Այդ ժամանակ Դավիթը իր 600 նվիրված ռազմիկների հետ ապրում էր անապատում, քանի որ նախանձ Սավուղ թագավորը ուզում էր սպանել նրան։

Նաբաղը ապրում էր Մաոնում, սակայն աշխատում էր Կարմեղոսի մոտակայքում, որտեղ հավանաբար հողատարածք ուներ *։ Այս քաղաքները գտնվում էին բարձրության վրա և ունեին հարուստ արոտավայրեր, այդ պատճառով էլ դրանք հարմար էին ոչխարներ պահելու համար։ Նաբաղը այնտեղ պահում էր 3 000 ոչխար։ Հետաքրքիր է, որ շրջակայքը անմարդաբնակ ու ամայի էր։ Հարավում Փառանի հսկա անապատն էր, իսկ արևելքում Աղի ծով տանող ճանապարհն էր, որը անցնում էր կիրճերի միջով և քարայրների կողքով։ Ինչ խոսք, Դավիթը և իր մարդիկ շատ դժվարությունների էին բախվում այս շրջաններում ապրելու ժամանակ. հավանաբար պետք է որսորդություն անեին և այդպիսով կերակուր հայթայթեին իրենց համար։ Սակայն այդ վայրերում նրանք հաճախ էին հանդիպում Նաբաղի հովիվներին։

Իսկ ինչպե՞ս էին Դավթի ռազմիկները վարվում Նաբաղի հովիվների հետ։ Ինչ խոսք, նրանք կարող էին գողանալ նրանց ոչխարները, բայց այդպես չէին անում։ Ընդհակառակը՝ պաշտպանում էին Նաբաղի ծառաներին և ոչխարներին (Ա Թագաւորաց 25։15, 16)։ Սովորաբար հովիվները շատ դժվարություններ էին դիմագրավում ոչխարների հոտը հսկելու ժամանակ, քանի որ ամենուր գիշատիչ կենդանիներ կային։ Բացի այդ, Իսրայելի հարավային սահմանը մոտ էր, և այդ պատճառով մյուս կողմից ավազակախմբերը հաճախ էին հարձակվում *։

Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար էր 600 տղամարդկանց սննդով ապահովել։ Այդ պատճառով մի օր Դավիթը տասը պատգամաբեր է ուղարկում Նաբաղի մոտ։ Նա ճիշտ ժամանակ էր ընտրել Նաբաղից օգնություն խնդրելու համար, քանի որ մոտեցել էր ոչխարներին խուզելու ժամանակը։ Իսկ այդ շրջանում, համաձայն սովորության, մարդիկ ավելի առատաձեռն էին և խնջույքներ էին կազմակերպում։ Բացի դրանից, Դավիթը պատվիրել էր իր մարդկանց իրենից տարիքով մեծ Նաբաղի հետ հարգալից և բարեհամբույր ձևով խոսել։ Նույնիսկ խնդրել էր. «Շնորհք արա.... քո որդի Դաւիթին»։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց Նաբաղը (Ա Թագաւորաց 25։5–8

Նաբաղը խոսեց կոպիտ ու անարգալից ձևով։ «Նա կշտամբանքներ տեղաց նրանց վրա»։ Այդ ժլատ մարդը սկսեց բարձրաձայն գանգատվել և ասել, որ չի կարող իր հացը, ջուրը և մորթած անասունի միսը տալ անծանոթ մարդկանց։ Նույնիսկ ծաղրեց Դավթին որպես անարժեք մի մարդու և համեմատեց նրան իր տիրոջից փախած ծառայի հետ։ Այս չար անձնավորությունը Սավուղի պես վարվեց, որն ատում էր Դավթին։ Նրանցից ոչ մեկն էլ Եհովայի տեսակետը չուներ։ Մինչդեռ Եհովան սիրում էր Դավթին ու գիտեր, որ նա ոչ թե ըմբոստ ծառա է, այլ Իսրայելի ապագա թագավորը (Ա Թագաւորաց 25։10, 11, 14, ՆԱ)։

Երբ Դավթի մարդիկ վերադարձան ու ամեն բան պատմեցին նրան, վերջինս շատ բարկացավ։ «Ամեն մարդ իր սուրը մէջքը կապէ»,— պատվիրեց Դավիթը։ 400 ռազմիկներով նա պատրաստվեց դուրս գալու Նաբաղի դեմ։ Դավիթը ուխտ արեց սպանել Նաբաղի տան բոլոր տղամարդկանց (Ա Թագաւորաց 25։12, 13, 21, 22)։ Ինչ խոսք, նրա ցասումը տեղին էր, բայց իր բարկությունն արտահայտելու ձևն էր սխալ։ Աստվածաշունչն ասում է. «Մարդու զայրույթը Աստծու արդարությունը չի գործադրում» (Հակոբոս 1։20)։ Հետաքրքիր է, սակայն, ինչպե՞ս էր Աբիգեան փրկելու իր ընտանիքը։

«Օրհնեալ է քո խոհեմութիւնը»

Կարելի է ասել, որ Աբիգեան ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջին քայլն արդեն արել էր. նա, ի տարբերություն իր ամուսնու, պատրաստակամորեն լսել էր։ Ծառան Նաբաղի մասին ասել էր. «Նա մի այնպիսի չար մարդ է, որ նորա հետ խօսել չի լինիլ» * (Ա Թագաւորաց 25։17)։ Ցավոք, Նաբաղի գոռոզությունը թույլ չէր տվել, որ լսի երիտասարդին։ Այսպիսի վերաբերմունքը տարածված է նաև այսօր։ Ինչևէ, ծառան գիտեր, որ Աբիգեան այդպիսին չէ։ Դա էր պատճառը, որ խնդիրը լուծելու համար նա մոտեցավ իր տիրուհուն։

Աբիգեան փոքր–ինչ մտածեց ու անմիջապես գործի անցավ։ Այդ մասին կարդում ենք. «Աբիգեան շուտով.... առավ»։ Այս արձանագրության մեջ նրա առնչությամբ չորս անգամ օգտագործվում է «շուտով» բառը։ Եվ իրոք, նա արագորեն նվերներ պատրաստեց Դավթի և նրա մարդկանց համար. հաց, գինի, ոչխար, բոված ցորեն, չամիչի բլիթներ, չորացրած թզի բլիթներ։ Ինչ խոսք, Աբիգեան գիտեր, թե ինչ ունի իր տանը և լիովին տեղյակ էր իր տան գործերից։ Նա առաքինի կին էր, նման այն կնոջը, որի մասին հետագայում խոսվեց «Առակաց» գրքում (Առակաց 31։10–31)։ Այս ամենը Աբիգեան իր ծառաների միջոցով ուղարկեց Դավթին, իսկ հետո ինքը ճանապարհ ընկավ։ «Բայց,— կարդում ենք Աստվածաշնչում,— իր մարդին Նաբաղին չ’իմացրեց» (Ա Թագաւորաց 25։18, 19

Արդյո՞ք Աբիգեան այդպիսով ոտնահարեց իր ամուսնու գլխավորությունը։ Իհա՛րկե ոչ։ Նաբաղը Եհովայի օծյալի հանդեպ արհամարհական վերաբերմունք էր դրսևորել, ինչի արդյունքում մահանալու էին իր ընտանիքի անմեղ մարդիկ։ Հետևաբար եթե Աբիգեան անմիջապես գործի չանցներ, գուցե մեղսակից դառնար։ Այդ խոհեմ կինը առավել հնազանդվեց Աստծուն, քան իր ամուսնուն։

Ճանապարհին Աբիգեան անսպասելիորեն հանդիպեց Դավթին ու նրա մարդկանց։ Նա շտապ իջավ ավանակի վրայից ու ծնկի եկավ (Ա Թագաւորաց 25։20, 23)։ Ապա իր սիրտը թափեց նրա առաջ ու աղաչեց, որ ողորմի իր ամուսնուն և ընտանիքին։

Աբիգեան մեղքն իր վրա վերցրեց և խնդրեց ներել անձամբ իրեն։ Նա իրատեսորեն ընդունեց, որ իր ամուսինը անմիտ է։ Այդպիսով Աբիգեան հավանաբար ուզում էր ասել, որ Դավթի արժանապատվությունից ցածր կլինի նման անհատին պատժել։ Նա նաև ցույց տվեց, որ վստահում է ապագա թագավորին՝ որպես Եհովայի ներկայացուցչի, որը մղում է «Տիրոջ պատերազմները»։ Բացի այդ, Աբիգեան գիտեր Դավթի և նրա թագավորության վերաբերյալ Եհովայի խոստումների մասին, քանի որ ասաց. «Տէրը.... քեզ Իսրայէլի վերայ թագաւոր նշանակէ»։ Դեռ ավելին, հորդորեց քայլեր չձեռնարկել և արյունապարտ չդառնալ, ինչը հետագայում կարող էր «գայթակղություն» լինել, այսինքն՝ նրա խիղճը կտանջեր (Ա Թագաւորաց 25։24–31)։ Նրա խոսքերն, անշուշտ, ազդեցին Դավթի վրա։

Նա ընդունեց Աբիգեայի նվերներն ու ասաց. «Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմաւորելու. Եւ օրհնեալ է քո խոհեմութիւնը. եւ օրհնեալ ես դու որ այսօր ինձ արգիլեցիր արիւնի մէջ մտնելուց»։ Դավիթը գովեց նրան համարձակ և արագ գործելու համար ու ընդունեց, որ իրեն հետ պահեց արյունահեղություն անելուց։ «Խաղաղութիւնով տունդ գնա,— ասաց Դավիթը,— ահա խօսքիդ լսեցի եւ քո խնդիրքն ընդունեցի» (Ա Թագաւորաց 25։32–35

«Ահա քո աղախինը»

Հրաժեշտ տալուց հետո Աբիգեան սկսեց մտածել այդ հանդիպման մասին։ Նա չէր կարող չնկատել Նաբաղի և Դավթի միջև եղած մեծ տարբերությունը։ Ամեն դեպքում, նա չկենտրոնացավ այդ մտքի վրա։ Կարդում ենք. «Աբիգեան գնաց Նաբաղի մօտ»։ Այո՛, նա վճռել էր շարունակել լավագույն կերպով կատարել իր պարտականությունները, այդ պատճառով էլ վերադարձավ ամուսնու մոտ։ Վերջինս իրավունք ուներ իմանալու, որ իր կինը գնացել է Դավթի ու նրա մարդկանց մոտ, նվերներ է տարել, և որ մի մեծ վտանգից են իրենք փրկվել։ Հետևաբար Աբիգեան պետք է պատմեր այդ մասին, քանի դեռ Նաբաղը մեկ ուրիշից չէր լսել։ Բայց անմիջապես չկարողացավ խոսել ամուսնու հետ, որովհետև նա թագավորի պես քեֆ էր անում ու հարբած էր (Ա Թագաւորաց 25։36

Խոհեմություն դրսևորելով՝ Աբիգեան սպասեց մինչև առավոտ, որպեսզի Նաբաղը սթափ վիճակում լինի, թեև մյուս կողմից դա կարող էր վտանգավոր լինել, քանի որ վերջինս տաքարյուն մարդ էր։ Այդուհանդերձ, նա քաջություն դրսևորեց և պատմեց նրան տեղի ունեցածը։ Անկասկած, Աբիգեան ակնկալում էր, որ Նաբաղը զայրույթից կպայթի ու բռնության կդիմի։ Բայց, ի զարմանս նրա, Նաբաղը անշարժացավ (Ա Թագաւորաց 25։37

Ի՞նչ պատահեց այդ մարդուն։ «Նորա սիրտն իր միջումը մեռաւ, եւ քար դառաւ»։ Հավանաբար Նաբաղը կաթված էր ստացել։ Տասը օրից նա մահացավ, բայց ոչ թե հիվանդության պատճառով, այլ որ «Տէրը զարկեց» (Ա Թագաւորաց 25։38)։ Այսպիսով վերջ դրվեց Աբիգեայի մղձավանջային կյանքին։ Թեև այսօր Եհովան նման կերպով չի միջամտում, սակայն այս դեպքը ցույց է տալիս, որ Նրա աչքից չի վրիպում ընտանիքներում տեղի ունեցող բռնությունն ու դաժանությունը։ Ճիշտ ժամանակին Եհովան արդարություն է հաստատում։

Աբիգեային օրհնություններ էին սպասում։ Երբ Դավիթը լսեց Նաբաղի մահվան լուրը, պատգամաբերներ ուղարկեց նրա ձեռքը խնդրելու։ «Ահա քո աղախինը,— ասաց Աբիգեան,— թող սպասաւոր լինի իմ տիրոջ ծառաների ոտքերը լուանալու համար»։ Այն, որ այս խոհեմ կինը պետք է դառնար Դավթի կինը, պատճառ չդարձավ, որ նա մեծամտանա։ Նա անգամ առաջարկեց լինել նրա ծառաների աղախինը։ Աստվածաշնչում գրված է, որ Աբիգեան նորից արագ գործի է անցնում, այս անգամ, սակայն, Դավթի կինը դառնալու համար (Ա Թագաւորաց 25։39–42

Ինչ խոսք, Աբիգեայի կյանքում դժվարություններ կլինեին։ Դավիթը արդեն ամուսնացած էր Աքինոամի հետ։ Իսկ բազմակնությունն իր հերթին դժվարություններ էր ստեղծում հավատարիմ կանանց համար *։ Բացի այդ, վերջինս դեռ թագավոր չէր, ուստի բազում այլ խնդիրներ կունենային։ Այդուհանդերձ, Աբիգեան պատրաստակամորեն օգնեց ու աջակցեց իր կողակցին ողջ կյանքում։ Նա գնահատող ամուսին ուներ։ Դավիթը նաև պաշտպանում էր իր կնոջը։ Մի առիթով նա փրկեց Աբիգեային ավազակների ձեռքից։ Հետագայում նրանք մի որդի ունեցան (Ա Թագաւորաց 30։1–19)։ Այո՛, Դավիթը ընդօրինակում էր Եհովա Աստծուն, որը սիրում և գնահատում է Աբիգեայի նման խոհեմ, քաջ և հավատարիմ կանանց։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 13 Սա հայտնի Կարմեղոս լեռը չէ, որը գտնվում է հյուսիսում։ Այլ այն քաղաքն է, որը անապատի հարավում է։

^ պարբ. 14 Դավիթը հավանաբար մտածում էր, որ տեղի հողատերերի հոտերը պաշտպանելով՝ ծառայություն է մատուցում Եհովա Աստծուն։ Նա գիտեր, որ Եհովայի նպատակի համաձայն՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի ժառանգները պետք է ապրեին այդ երկրում։ Ուստի օտար զավթիչներից ու ավազակախմբերից այն պաշտպանելը սուրբ ծառայության մի ձև էր։

^ պարբ. 19 Ծառայի օգտագործած արտահայտությունը բառացի նշանակում է «բելիարի որդի (անպիտան)»։ Աստվածաշնչի այլ թարգմանությունների այս հատվածում Նաբաղը ներկայացվում է որպես մեկը, «ով չի լսում ոչ ոքի», ուստի կարելի է գալ հետևյալ եզրահանգման՝ «նրա հետ խոսելն օգուտ չունի»։

[նկար 19–րդ էջի վրա]

Ի տարբերություն իր ամուսնու՝ Աբիգեան կարողանում էր լսել

[նկար 20–րդ էջի վրա]

Դավթի հետ խոսելիս Աբիգեան խոնարհություն, քաջություն և խոհեմություն դրսևորեց