1 Դիմեք հեղինակի օգնությանը
Ի՞նչը կօգնի հասկանալու Աստվածաշունչը
1 Դիմեք հեղինակի օգնությանը
«Մի ժամանակ քնելուց առաջ Աստվածաշունչ էի կարդում,— պատմում է Նինֆան, որը ապրում է Իտալիայում։— Ես հասկանում էի, որ դա Աստծու Խոսքն է, այդ պատճառով ուզում էի իմանալ, թե ինչ է Աստված գրել այնտեղ։ Նպատակ էի դրել ամբողջությամբ կարդալ գիրքը։ Բայց բավականություն չստացա ընթերցանությունից։ Ճիշտ է, սկզբում ավելի հեշտ էր, բայց հետո նկատեցի, որ դժվարանում եմ հասկանալ։ Որոշեցի այլևս չկարդալ»։
ՆԻՆՖԱՅԻ պես՝ շատերն են փորձել կարդալ Աստվածաշունչը, բայց արագ հուսահատվել են։ Իսկ դո՞ւք։ Մի՛ մոռացեք, որ Աստվածաշնչի Հեղինակը՝ Եհովա Աստված, ուզո՛ւմ է, որ դուք կարդաք ու հասկանաք իր Խոսքը։ Ուստի դիմեք Նրա օգնությանը։
Հիսուսի առաքյալները «անուսում և հասարակ մարդիկ» էին. նրանք չէին հաճախել ռաբունական դպրոցներ՝ կրոնական կրթություն ստանալու համար (Գործեր 4։13)։ Այնուամենայնիվ, Հիսուսը վստահեցրեց նրանց, որ կարող են հասկանալ Աստծու Խոսքը։ Ինչպե՞ս։ Նա ասաց. «Օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ» (Հովհաննես 14։26)։ Մի պահ խորհեք. Աստված իր սուրբ ոգու, կամ՝ գործուն ուժի միջոցով ստեղծել է երկրագունդը և կենդանի արարածներին (Ծննդոց 1։2)։ Նա նաև սուրբ ոգու միջոցով ներշնչել է մոտ 40 հոգու՝ իր մտքերը Աստվածաշնչում գրի առնելու համար (2 Պետրոս 1։20, 21)։ Ուստի այդ նույն ոգին էլ կարող է օգնել նրանց, ովքեր ուզում են հասկանալ Աստվածաշունչը։
Իսկ ինչպե՞ս է հնարավոր ստանալ Աստծու սուրբ ոգին։ Պետք է այն հավատով խնդրել Աստծուց։ Գուցե անհրաժեշտ լինի շարունակ խնդրել սուրբ ոգին։ «Շարունակե՛ք խնդրել, և կտրվի ձեզ,— ասաց Հիսուսը,— եթե դուք .... գիտեք, թե ինչպես բարի պարգևներ տաք ձեր երեխաներին, ապա որքա՛ն առավել Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։9, 13)։ Եհովան առատաձեռնորեն կտա իր ոգին նրանց, ովքեր անկեղծորեն են խնդրում։ Գործուն ուժը կօգնի ձեզ հասկանալու Աստվածաշնչի՝ հազարավոր տարիներ առաջ գրված ներշնչյալ խոսքերը։ Դեռ ավելին, Աստծու սուրբ ոգին կարող է իմաստություն տալ ձեզ, որպեսզի կյանքում կիրառեք այն, ինչ կարդում եք (Եբրայեցիներ 4։12; Հակոբոս 1։5, 6)։
Այսուհետ ամեն անգամ Աստվածաշունչ ընթերցելուց առաջ աղոթեք Աստծուն, խնդրեք նրանից սուրբ ոգին, որպեսզի հասկանաք նրա Խոսքը։