Գիտեի՞ք արդյոք
Գիտեի՞ք արդյոք
Ովքե՞ր էին Հիսուսին հակառակվող դպիրները
Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը հաճախ էր հանդիպում դպիրների ոչ միայն Երուսաղեմում, այլև փոքր քաղաքներում և գյուղերում։ Նրանք ապրում էին նաև Երուսաղեմից և նույնիսկ Պաղեստինի հրեական համայնքներից դուրս։ Դպիրները պաշտոնյաներ էին, կրթվում էին Օրենքով և ծառայում էին որպես գրագիր կամ տեղի դատավոր (Մարկոս 2։6; 9։14; Ղուկաս 5։17–21)։
Երուսաղեմում դպիրները սերտորեն համագործակցում էին հրեական կառավարության հետ (Մատթեոս 16։21)։ Ինչպես նշվում է մի աշխատությունում, նրանց պարտականությունն էր «համագործակցել քահանաների հետ թե՛ դատավարությունների առնչությամբ, թե՛ հրեական ավանդույթներն ու օրենքները կիրառելու հարցում, թե՛ Սինեդրիոնի առօրյա աշխատանքներում» (The Anchor Bible Dictionary)։ Որպես Օրենքի նշանավոր ուսուցիչներ՝ դպիրներից ոմանք համարվում էին Սինեդրիոնի, կամ՝ հրեական գերագույն ատյանի անդամ։ Նրանք ծառայում էին ավագ քահանաների և փարիսեցիների հետ։
Աստվածաշնչում հաճախ է նշվում, որ դպիրները եղել են Հիսուսի հակառակորդները։ Սակայն նրանցից ոմանք այդպիսին չեն եղել։ Օրինակ՝ մի առիթով դպիրներից մեկն ասաց Հիսուսին. «Ուր էլ որ գնալու լինես, ես քո հետևից կգամ»։ Մի անգամ էլ Հիսուսը դպիրներից մեկին ասաց. «Դու հեռու չես Աստծու թագավորությունից» (Մատթեոս 8։19; Մարկոս 12։28–34)։
Ի՞նչ է նշանակում լինել օծված
Աստվածաշնչյան ժամանակներում Մերձավոր Արևելքում մարդու գլուխը յուղով օծելը այն բանի նշանն էր, որ նա բարեհաճություն է վայելում, կամ էլ այդպիսով մարդիկ իրենց հյուրին էին պատվում։ Սովորաբար օգտագործում էին ձիթապտղի յուղ, որին ավելացված էր օծանելիք։ Եբրայեցիները նույնպես մարդու գլխին յուղ էին լցնում, կամ՝ օծում էին նրան, երբ վերջինս ընտրվում էր հատուկ դիրք զբաղեցնելու համար։ Օրինակ՝ Ահարոնը օծվեց, որպեսզի ծառայի որպես քահանայապետ (Ղեւտացոց 8։12)։ Իսկ Դավիթ թագավորի առնչությամբ կարդում ենք. «Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան եւ.... Տիրոջ Հոգին եկաւ Դաւիթի վերայ» (Ա Թագաւորաց 16։13)։
Եբրայերենում այն բառը, որն օգտագործվում է օծել բառի համար «մաշակ»–ն է, որից ծագել է «մաշի՛ակ», կամ՝ Մեսիա բառը։ Դրան համապատասխան հունարեն բառը «կրի՛ո»–ն է, որից ծագել է «կրիստո՛ս», կամ՝ Քրիստոս բառը։ Հետևաբար, թե՛ Ահարոնը, թե՛ Դավիթը կարող են կոչվել մեսիա, այսինքն՝ օծյալ։ Մովսեսը նույնպես կոչվեց քրիստոս՝ օծյալ, այն իմաստով, որ Աստված նշանակել էր նրան՝ ծառայելու որպես Իր ներկայացուցիչ (Եբրայեցիներ 11։24–26)։
Հիսուս նազովրեցին անձամբ Աստծու կողմից էր նշանակվել մեծ դիրքի։ Յուղով օծվելու փոխարեն՝ Հիսուսն օծվեց Աստծու սուրբ ոգով (Մատթեոս 3։16)։ Որպես Եհովայի կողմից ընտրված օծյալ՝ Հիսուսը կոչվեց Մեսիա՝ Քրիստոս (Ղուկաս 4։18)։