Որքա՞ն պետք է նվիրաբերեմ
Մեր ընթերցողները հարցնում են
Որքա՞ն պետք է նվիրաբերեմ
«Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 9։7)։ Այս խոսքերին ծանոթ են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Սակայն եկեղեցի հաճախող որոշ անհատներ գուցե պարտավորված են զգում իրենց կարողություններից վեր նվիրաբերություններ անելու։ Իրականում կան այնպիսի կրոններ, որոնք իրենց անդամներից պահանջում են որոշակի քանակությամբ փող վճարել, կամ՝ տասանորդ տալ, այսինքն՝ եկամտի տասը տոկոսը։
Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Պահանջվո՞ւմ է, որ մենք տասանորդ վճարենք և որքա՞ն գումար պետք է նվիրաբերենք։
Պարտադիր և հոժարակամ նվիրաբերությունները անցյալում
Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստված հստակ պատվերներ էր տվել Իսրայել ազգին տասանորդ տալու մասին (Ղեւտացոց 27։30–32; Թուոց 18։21, 24; Բ Օրինաց 12։4–7, 11, 17, 18; 14։22–27)։ Դրանց հնազանդվելը իսրայելացիների կարողություններից վեր չէր։ Եհովան խոստացել էր, որ եթե կատարեն իր պատվերները, ապա «առատություն կտա» նրանց (Բ Օրինաց 28։1, 2, 11, 12)։
Իսրայելացիները կարող էին նաև հոժարակամորեն նվիրաբերել այնքան, որքան ցանկանում էին։ Օրինակ՝ երբ Դավիթ թագավորը ծրագրել էր Եհովայի համար մի տաճար կառուցել, «հինգ հազար տաղանդ ոսկի» a նվիրաբերվեց (Ա Մնացորդաց 29։7)։ Իսկ երբ Հիսուսը երկրի վրա էր, նա տեսավ «մի կարիքավոր այրու, որը շատ չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ էր գցում» տաճարի գանձանակի մեջ։ Նրա նվիրաբերությունը կազմում էր մարդու օրավարձի ընդամենը 1,5 տոկոսը։ Սակայն Հիսուսն ասաց, որ կնոջ գցած այդ չնչին գումարը ընդունելի է (Ղուկաս 21։1–4)։
Քրիստոնյաներից պահանջվո՞ւմ է փող նվիրաբերել
Քրիստոնյաներն այսօր Մովսիսական օրենքի տակ չեն, ուստիև Աստծուն որոշակի քանակությամբ փող նվիրաբերելու պարտադիր պահանջ չկա։ Այդուհանդերձ, ճշմարիտ քրիստոնյաները մեծ ուրախություն են ստանում տալուց։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործեր 20։35)։
Եհովայի վկաներից յուրաքանչյուրը աջակցում է համաշխարհային քարոզչական գործին՝ կամավոր նվիրաբերություններ անելով։ Այդ միջոցներով տպագրվում են պարբերագրեր, որոնցից մեկն այժմ քո ձեռքում է, կառուցվում և վերանորոգվում են երկրպագության վայրեր, որոնք կոչվում են Թագավորության սրահներ։ Իսկ նրանք, ովքեր կամավոր հատուկ ծառայողներ են և իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշակերտներ պատրաստելու գործին, որոշակի դրամական օժանդակություն են ստանում իրենց ճանապարհածախսը և մյուս անձնական ծախսերը հոգալու համար։ Սակայն նվիրաբերված փողից ոչ ոք աշխատավարձ չի ստանում, և ոչ ոք դա չի էլ ակնկալում։ Իրականում Եհովայի վկաները փող չեն ստանում՝ քարոզչական գործը կատարելու համար։ Նրանք բոլորն էլ աշխատում են՝ իրենց կարիքները բավարարելու համար, ինչպես որ Պողոսն էր անում՝ վրանագործությամբ զբաղվելով (2 Կորնթացիներ 11։9; 1 Թեսաղոնիկեցիներ 2։9)։
Ուրեմն, որքա՞ն փող պետք է տա անհատը, եթե ցանկանում է նվիրաբերություն անել և աջակցել Եհովայի վկաների համաշխարհային գործին։ Պողոս առաքյալը գրեց. «Թող ամեն մեկը անի ճիշտ այնպես, ինչպես որ իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 8։12; 9։7)։
[ծանոթագրություն]
a 2008 թ.–ին 28,3 գրամ ոսկու միջին գինը եղել է 871 դոլար։ Կարելի է ասել, որ տաճարի շինարարության համար նվիրաբերվեց 4 794 855 000 դոլար։