Մեկ կեղծ ուսմունքին հաջորդում է մյուսը
ՊՈՂՈՍ առաքյալը առաջին դարի վերջում ապրող քրիստոնյաներին գրեց. «Զգո՛ւյշ եղեք»։ Ինչի՞ց։ «Գուցե լինի մեկը, որը իբրև իր զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ՝ մարդկանց ավանդության համաձայն» (Կողոսացիներ 2։8)։
Սակայն երկրորդ դարի կեսերին որոշ քրիստոնյաներ, ականջ չդնելով Պողոսի զգուշացմանը, սկսեցին որդեգրել փիլիսոփայական գաղափարներ և դրանց միջոցով բացատրել իրենց հավատալիքները։ Պատճառն այն էր, որ նրանք ցանկանում էին ընդունված լինել Հռոմեական կայսրությունում ապրող կրթված մարդկանց կողմից։ Այսպիսով աստիճանաբար փոփոխություններ մտան քրիստոնեության մեջ։
Հուստինոս Վկան, որն այդ քրիստոնյաներից էր և հայտնի էր բոլորին, ասում էր, որ Աստծու Պատգամախոսը, նախքան որպես մարդ երկիր գալը, հայտնվել է հույն փիլիսոփաներին։ Հուստինոսի և նրա համախոհների կարծիքով՝ քրիստոնեության մեջ փիլիսոփայության ու առասպելաբանության ներմուծումը այն դարձրեց համաշխարհային մի կրոն, որը գոհացրեց բոլորին։
Հուստինոսի «քրիստոնեությունը» սկսեց մեծ փոփոխություններ կրել։ Մեկ կեղծ ուսմունք ընդունելու պատճառով այլ ուսմունքներ հորինվեցին, և այդպես ձևավորվեցին այն հավատալիքները, որոնք այսօր համարվում են քրիստոնեական։ Պարզելու համար, թե որոնք են այդ սխալ ուսմունքները, տեսնենք թե ինչ է ասվում որոշ աշխատություններում և Աստվածաշնչում։