Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նա, ով միշտ կատարում է իր խոստումները

Նա, ով միշտ կատարում է իր խոստումները

Մոտեցեք Աստծուն

Նա, ով միշտ կատարում է իր խոստումները

ՅԵՍՈՒ 23։14

ԴԺՎԱՐԱՆՈ՞ՒՄ ես վստահել ուրիշներին։ Ցավոք, ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ մարդկանց վստահությունն օրեցօր պակասում է։ Պատճառն այն է, որ երբ վստահելի անձնավորությունը ստում է կամ չի կատարում իր խոստումը, մարդը կորցնում է իր հավատը բոլորի հանդեպ։ Սակայն կա մեկը, ում կարող ես վստահել, և նա քեզ հուսախաբ չի անի։ Առակաց 3։5–ն ասում է. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը»։ Ինչո՞ւ կարող ենք վստահել Եհովային։ Այս հարցի պատասխանն իմանալու համար քննենք Հեսուի խոսքերը, մի մարդու, ով ամբողջ սրտով վստահում էր Եհովային։

Հեսուն, որը Մովսեսի մահից հետո դարձավ Իսրայելի առաջնորդը, արդեն բոլորում էր իր 110 տարին։ Իր ողջ կյանքի ընթացքում նա ականատես է եղել, թե ինչ զարմանահրաշ գործեր է արել Եհովան իր ժողովրդի համար։ Օրինակ՝ թե ինչպես է մոտ 60 տարի առաջ նա ազատել իրենց գերությունից և անցկացրել Կարմիր ծովի միջով։ Հիմա արդեն, մտածելով իր անցած տարիների մասին, Հեսուն իր մոտ է կանչում Իսրայելի «ծերերին, իշխաններին, դատաւորներին եւ ոստիկաններին» (Յեսու 23։2)։ Այն խոսքերը, որ նա ասելու էր, ծնունդ էին առել ոչ թե տարիների ընթացքում ձեռք բերած իմաստությունից, այլ հավատով լի սրտի խորհրդածություններից։

«Ես այսօր գնում եմ ամեն երկրի ճանապարհը»։ «Ամեն երկրի ճանապարհը» արտահայտությունը եբրայերեն մի դարձված է, որը նշանակում է մահ։ Այս խոսքերով Հեսուն ուզում էր ասել, որ երկար չի ապրի։ Հասկանալով, որ մահը մոտ է՝ նա հավանաբար երկար մտածել էր իր անցած կյանքի մասին։ Ի՞նչ էր նա պատրաստվում ասել այն մարդկանց, ովքեր նույնպես պաշտում էին Եհովային։

Հեսուն շարունակում է իր խոսքը. «Ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ»։ Սրանք այն մարդու խոսքերն են, ով ամբողջությամբ ապավինում էր Աստծուն։ Ի՞նչ հիմքեր ուներ Հեսուն։ Նա չէր մոռացել այն ամենը, ինչ տեսել էր իր կյանքի ընթացքում, ուստի վստահ էր, որ Եհովան միշտ կատարում է իր խոստումները *։ Հեսուի խոսքերի նպատակը պարզ է. նա ուզում էր, որ իսրայելացիները շարունակեն հավատալ, որ իրենց ապագայի մասին Եհովայի բոլոր խոստումները կկատարվեն։

Աստվածաշնչի մասին մի գրքում Յեսու 23։14 համարի վերաբերյալ ասվում է. «Դուրս գրիր Աստվածաշնչի բոլոր խոստումները, հետո ուսումնասիրիր ողջ պատմությունը և հարցուփորձ արա բոլոր ստեղծվածներին, միևնույնն է, չես գտնի մի խոստում, որի մասին Աստված մոռացել է կամ որը չի կատարել»։ Եթե հնարավոր լիներ, որ այսպիսի հետազոտություն անեիր, ապա ի վերջո դու էլ Հեսուի պես հետևյալ եզրակացության կգայիր՝ Եհովան միշտ կատարում է իր խոստումները (Գ Թագաւորաց 8։56; Եսայիա 55։10, 11

Աստվածաշնչում գրված են Եհովայի բազմաթիվ խոստումները, որոնց մի մասն արդեն կատարվել է, որոշ մասն էլ կատարվում է մեր աչքի առաջ։ Կան նաև այնպիսի խոստումներ, որ Աստված տվել է ապագայի վերաբերյալ *։ Ուսումնասիրելով դրանք՝ դու ավելի շատ կվստահես Եհովային, քանի որ նա միշտ կատարում է իր խոստումները։

[Ծանոթագրություններ]

^ պարբ. 4 Եհովայի խոստումներից մի քանիսը, որ կատարվեցին Հեսուի կյանքի ընթացքում. Աստված խոստացել էր, որ Իսրայելը իր երկիրը կունենա (համեմատի՛ր Ծննդոց 12։7 և Յեսու 11։23 համարները)։ Նա խոստացել էր ազատել իր ժողովրդին Եգիպտոսից (համեմատի՛ր Ելից 3։8 և 12։29–32 համարները)։ Հավաստիացրել էր, որ հոգալու է իր ժողովրդի կարիքները (համեմատի՛ր Ելից 16։4, 13–15 և Բ Օրինաց 8։3, 4 համարները)։

^ պարբ. 6 Աստծու խոստումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3–րդ, 7–րդ և 8–րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։