Ճշմարիտ երկրպագության մասին
Ինչ ենք սովորում Հիսուսից
Ճշմարիտ երկրպագության մասին
Աստված բոլորի՞ երկրպագությունն է ընդունում
▪ Հիսուսը կարեկցում էր այն մարդկանց, ովքեր խաբվել էին կեղծ կրոնի կողմից։ Նա ասաց. «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որ գալիս են .... ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են» (Մատթեոս 7։15)։ Ճանաչո՞ւմ ես մարդկանց, ովքեր կրոնը օգտագործում են որպես միջոց վատ գործեր անելու համար։
Իր Հորն ուղղված աղոթքում Հիսուսն ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Աստված չի ընդունում այն երկրպագությունը, որը չի համապատասխանում Աստվածաշնչին։ Առաջին դարում կային կեղծ կրոնականներ, որոնց համար Հիսուսը Եսայիայի մարգարեությունից մեջբերեց Եհովայի խոսքերը. «Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանք մարդկանց պատվերները որպես ուսմունքներ են սովորեցնում» (Մատթեոս 15։9)։
Կա՞ արդյոք ճշմարիտ կրոն
▪ Երբ Հիսուսը զրուցում էր սամարուհու հետ, որը խաբվել էր կեղծ կրոնի կողմից, ասաց. «Դուք երկրպագում եք նրան, ինչը չեք ճանաչում .... ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար» (Հովհաննես 4։22, 23)։ Հստակ է ուրեմն, որ հնարավո՛ր է գտնել ճշմարիտ կրոնը։
Հիսուսն ասաց. «Ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես որ Հայրը սովորեցրեց ինձ, ա՛յն եմ խոսում»։ Նա գիտեր, որ իր սովորեցրած կրոնական ուսմունքները ճիշտ են (Հովհաննես 8։28)։ Այդ պատճառով էլ ասաց. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Քանի որ գոյություն ունի Հորը մոտենալու մեկ միջոց, ապա պետք է լինի նաև մեկ ճշմարիտ կրոն։
Ինչպե՞ս կարող ես ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին
▪ Քրիստոնյան նա է, ով հետևում է Հիսուս Քրիստոսին։ Քննենք ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող չորս նշան։
1) Իր աղոթքում Հիսուս Քրիստոսն ասաց. «Ես ճանաչեցրի քո անունը» (Հովհաննես 17։26)։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները նույնպես մարդկանց հայտնում են Աստծու անունը։
2) Հիսուսը քարոզում էր Աստծու Թագավորության մասին։ Նա իր աշակերտներին ուղարկեց տնետուն՝ քարոզելու այդ Թագավորության մասին։ Նա ասաց. «Որ քաղաքը կամ գյուղը որ մտնեք, փնտրեք, թե ով է այնտեղ արժանի»։ Հետագայում Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց. «Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք» (Մատթեոս 10։7, 11; 28։19)։ Հետևաբար դու կարող ես հեշտությամբ ճանաչել ճշմարիտ քրիստոնյաներին, որովհետև նրանք առայսօր շարունակում են քարոզել բարի լուրը։
3) Հիսուսը չէր խառնվում քաղաքականությանը։ Իսկ իր հետևորդների մասին ասաց. «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհաննես 17։14)։ Ճշմարիտ քրիստոնյաները հայտնի են քաղաքականության մեջ իրենց ունեցած չեզոք դիրքով։
4) Հիսուսը անձնազոհ սեր դրսևորեց մարդկանց հանդեպ։ Նա ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհաննես 13։35)։ Ճշմարիտ քրիստոնյաները սիրում են իրար և չեն մասնակցում պատերազմներին։
Ի՞նչ օգուտներ կստանաս, եթե երկրպագես ճշմարիտ Աստծուն
▪ Նախ պետք է ճանաչես Եհովային։ Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելը կօգնի քեզ գտնելու կյանքի լավագույն ուղին։ Քո սիրտը Աստծու հանդեպ սիրով կլցվի։ Եհովան խոստանում է, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են իրեն, հավիտյան կապրեն։ Հիսուսն ասաց. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն» (Հովհաննես 17։3)։
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս գրքի 15–րդ գլուխը՝
[Նկար 16–րդ էջի վրա]
«Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են» (Մատթեոս 7։15)