Աստվածաշունչն իսկապես ներշնչված է Աստծուց
ՊՈՂՈՍ առաքյալը ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց, որ Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Առաքյալը գրել է հունարենով և օգտագործել է մի բառ, որը նշանակում է Աստծու շունչ։ Նա նկատի ուներ, որ Աստված իր սուրբ ոգու միջոցով առաջնորդել է Աստվածաշունչը գրողներին արձանագրելու միայն այն, ինչ ինքն է ցանկացել, որ նրանք գրեն։
Այդ մարդիկ «Աստծու կողմից խոսեցին, քանի որ սուրբ ոգուց էին մղված» (2 Պետրոս 1։21)։ Ուստի Պողոսը կարող էր Աստվածաշնչի գրքերը նկարագրել որպես «սուրբ գրություններ, որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար Քրիստոս Հիսուսում ունեցած հավատի միջոցով» (2 Տիմոթեոս 3։15)։
Շատ մարդիկ չեն ընդունում, որ Աստված է այս գրքի հեղինակը։ Քննադատները հարցականի տակ են դնում Աստվածաշնչի վավերականությունը և, ինչպես նշում է հնագետ Չարլզ Մարսթոնը, արհամարհում են այդ գրքի արձանագրությունները։ Ոմանք էլ այն համարում են «առասպելների ու հեքիաթների ժողովածու»։
Քննիր ապացույցները
Հարց է ծագում. կարելի՞ է վստահել Աստվածաշնչին։ Այս հարցի պատասխանն իմանալը անչափ կարևոր է։ Քանի որ եթե այդ գիրքը պարունակում է այն տեղեկությունը, որն Աստված ինքն է տվել, ապա անմտություն, նույնիսկ ճակատագրական կլինի անտեսել այն։ Այս գրքի խոսքերը կձևավորեն անհատի հավատը և իսկապես ազդեցություն կունենան նրա գործերի վրա միայն այն դեպքում, եթե նա դրանք համարի ոչ թե մարդկանց, այլ Աստծու խոսքեր (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։
Իսկ ինչպե՞ս կարող ես վստահել Աստծու Խոսքին։ Օրինակ՝ ինչպե՞ս ես սկսում վստահել մարդկանց։ Ինչ խոսք, դժվար է անմիջապես վստահել մեկին, ում մասին դու շատ քիչ բան գիտես։ Բայց երբ սկսում ես ավելի լավ ճանաչել մարդկանց, ժամանակի ընթացքում համոզվում ես, թե արդյոք նրանք իսկապես ազնիվ և վստահելի մարդիկ են։ Նույն կերպով էլ կարող ես շատ բան իմանալ Սուրբ գրքի մասին։ Անվերապահորեն մի՛ ընդունիր այն գաղափարներն ու թեորիաները, որոնք անվստահություն են ներշնչում Աստվածաշնչի հանդեպ։ Ժամանակ հատկացրու և քննիր ապացույցները, որոնք թիկունք են կանգնում այն պնդմանը, որ Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց»։
Դիմադրիր «ընկերների» հարձակմանը
Մի՛ անտեսիր այն հանգամանքը, որ որոշ մարդիկ, ովքեր ներկայանում են որպես Աստվածաշնչի «ընկերներ», կարող են կասկածի տակ դնել նրա վավերականությունը։ Այսօր Աստվածաշնչի մեկնաբաններից շատերը թեև պնդում են, թե քրիստոնյաներ են, բայց «Սուրբ գիրքը համարում են մարդու կողմից գրված մի պատմություն»,— ասվում է մի աստվածաբանական բառարանում (New Dictionary of Theology)։
Շատ աստվածաբաններ կասկածներ են հայտնում Աստվածաշնչի գրքերը գրողների վերաբերյալ։ Ոմանք ասում են, թե Եսայիա մարգարեն չի գրել իր անունը կրող գիրքը։ Նրանք նշում են, որ այս գիրքը գրվել է Եսայիայի ժամանակներից հետո։ Լոութեր Քլարկը իր՝ «Աստվածաշնչի համառոտ մեկնաբանություն» աշխատության մեջ պնդում է, թե «այն գրել են տարբեր սերունդների մարդիկ» (Concise Bible Commentary)։ Սակայն նման հայտարարությունները անտեսում են, որ Հիսուս Քրիստոսը և իր աշակերտները հաճախ են նշել, որ այդ գիրքը գրել է Եսայիան (Մատթեոս 3։3; 15։7; Ղուկաս 4։17; Հովհաննես 12։38–41; Հռոմեացիներ 9։27, 29)։
Ցավալի է, բայց քննադատները, ինչպես օրինակ՝ մեկնաբան Ջոն Դամելոուն, ասում են, որ «Դանիէլ» գրքի մարգարեությունները «իրականում պատմական դեպքեր են, որոնք արդեն կատարված են եղել, բայց հեղինակը ներկայացրել է դրանք որպես մարգարեություն»։ Փաստորեն, նրանք կրկին անտեսում են Հիսուս Քրիստոսի տված վկայությունը։ Վերջինս զգուշացրեց, որ կլինի «ամայացում բերող պղծությունը (որի մասին Դանիել մարգարեն խոսեց)՝ կանգնած սուրբ վայրում» (Մատթեոս 24։15)։ Խելամի՞տ է հավատալ, որ Հիսուս Քրիստոսը կխաբեր մարդկանց՝ պատմությունը ներկայացնելով որպես մարգարեություն։ Բնականաբար ոչ։
Նշանակություն ունի՞, թե ով է գրողը
Գուցե հարցնես. «Նշանակություն ունի՞, թե ովքեր են գրել Աստվածաշնչի գրքերը»։ Այո՛։ Մի՞թե կվստահեիր քո ընկերոջ թողած կտակին, որի մեջ գրված է նրա վերջին կամքը, եթե պարզվեր, որ իրականում նա չի գրել այն։ Ենթադրենք՝ մասնագետն ասում է քեզ, որ դա կեղծ փաստաթուղթ է, և լավ մղումներից ելնելով՝ նրա ընկերները գրել են այն, ինչ իրենց համոզմամբ՝ եղել է քո ընկերոջ ցանկությունը։ Մի՞թե այս հանգամանքը չէր արժեզրկի այդ փաստաթուղթը։ Համոզված կլինեի՞ր, որ այնտեղ իսկապես գրված են ընկերոջդ ցանկությունները։
Նույնը կարելի է ասել Աստվածաշնչի մասին։ Զարմանալի չէ, որ շատերը, նույնիսկ իրենց քրիստոնյա համարող մարդիկ, անտեսում են այն, ինչ Սուրբ գիրքն ասում է ազնվության, բարոյականության և այլ բաների վերաբերյալ։ Որքան հաճախ ենք լսում, թե ինչպես են մարդիկ անտարբերությամբ ասում. «Դե, այդ ամենը գրված է Հին Կտակարանում»։ Այսինքն՝ նրանք ուզում են ասել, որ իրենց համար պակաս արժեքավոր է Աստվածաշնչի այդ հատվածը։ Մինչդեռ Պողոս առաքյալը Հին Կտակարանը անվանեց «սուրբ գրություններ», որոնք «ներշնչված են Աստծուց»։
Բայց գուցե առարկես՝ ասելով. «Մի՞թե ոչ մի մասնագետի ու աստվածաշնչագետի չպետք է վստահել»։ Անշուշտ, մենք պարտական ենք այն ազնիվ աստվածաբաններին, որոնք պարզել են, թե ինչ է իրականում գրված եղել Աստվածաշնչի բնագիր տեքստում։ Պարզ է, որ որոշ սխալներ սպրդել են տեքստի մեջ, քանի որ այն կրկնօրինակվել և արտագրվել է դարերի ընթացքում։ Սակայն հիշենք, որ մեծ է տարբերությունը, երբ ընդունում ես, որ սխալներ են սպրդել Աստվածաշնչի տեքստի կրկնօրինակումների ժամանակ, և երբ մերժում ես ամբողջ Աստվածաշունչը՝ համարելով այն մարդկային մտքի արդյունք։
Հավատ ունենանք «սուրբ գրությունների» նկատմամբ
Պողոսը Տիմոթեոսին գրեց, որ Աստվածաշունչը ներշնչված է Աստծուց, սակայն մինչ այդ առաքյալը նշել էր, թե ինչու է այս արձանագրությունը կարևոր։ «Վերջին օրերում,— գրեց նա,— չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ մոլորեցնելով և մոլորվելով» (2 Տիմոթեոս 3։1, 13)։ Հավանաբար արդեն Պողոսի օրերում իմաստուն և խելացի մարդիկ, «համոզիչ փաստարկներ» բերելով, մոլորեցնում էին մարդկանց, որ հավատ չընծայեն Հիսուս Քրիստոսին (1 Կորնթացիներ 1։18, 19; Կողոսացիներ 2։4, 8)։ Նրանց ազդեցությունից պաշտպանվելու համար Պողոսը հորդորեց Տիմոթեոսին հարատևել այն բաներում, որ վաղ մանկությունից սովորել էր սուրբ գրություններից, որոնք Աստծուց են ներշնչված (2 Տիմոթեոս 3։14, 15)։
Այսպես վարվելը կարևոր է նաև քեզ համար, քանի որ ապրում ենք «վերջին օրերում»։ Մի՛ անտեսիր այն վտանգը, որ կարող ես մոլորվել խելացի մարդկանց «համոզիչ փաստարկներով»։ Ընդօրինակիր առաջին դարի քրիստոնյաներին և վստահիր այն ամենին, ինչ սովորում ես Աստվածաշնչից՝ Աստծու ներշնչված Խոսքից։
Եհովայի վկաները սիրով կօգնեն քեզ հավատ զարգացնելու Աստվածաշնչի հանդեպ։ Նրանք կարող են ցույց տալ, թե ինչպես են աստվածաշնչյան սկզբունքները շարունակում արժեքավոր մնալ դարեր անց, ինչպես է գիտությունն ապացուցում Աստվածաշնչի տեղեկության ճշգրտությունը, երբ խոսքը գիտական ոլորտին առնչվող հարցերին է վերաբերում։ Կիմանաս, թե ինչպես է այդ գիրքը սկզբից մինչև վերջ ներդաշնակ, թե ինչպես են կատարվել մարգարեությունները և էլի շատ ու շատ բաներ։ Եթե ցանկանում ես, կարող ես գրել այս պարբերագրի հրատարակիչներին և ծանոթանալ այն փաստերին, որոնք օգնել են միլիոնավոր ազնվասիրտ մարդկանց համոզվելու, որ Աստվածաշունչն իսկապես ներշնչված է Աստծուց։