Ինչու կարող ես վստահել Ավետարաններին
«Այս գրքերը մեծ հաջողություն ունեցան, դրանց հիման վրա միլիոններ արժեցող ֆիլմեր ստեղծվեցին.... ու գրքեր գրվեցին։.... Քրիստոնեական աղանդները ընդունեցին դրանք։ Դրանց հիման վրա առաջ եկան կրոններ և թեորիաներ, որոնք վեճերի առիթ դարձան» («ՍՈՒՊԵՐ ԻՆՏԵՐԵՍԱՆՏԵ», ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԳԻՐ)։
ՊԱՐԲԵՐԱԳՐՈՒՄ նշվում էր, թե վերջին տարիներին ինչ մեծ հետաքրքրություն էր առաջացել կեղծ ավետարանների ժողովածուի, առաքյալների նամակների և գրվածքների հանդեպ, որոնք հայտնաբերվել են 20–րդ դարի կեսերին Եգիպտոսի Նագ Համադի գյուղում և այլ վայրերում։ Այս և ուրիշ փաստաթղթերը սովորաբար համարվում են Գնոստիկ կամ Ապոկրիֆներ՝ անվավեր գրքեր *։
Արդյոք գաղտնի՞ է պահվել ճշմարտությունը
Այն դարաշրջանում, երբ մարդիկ լրջորեն չէին վերաբերվում Աստվածաշնչին և ավանդական կրոններին, Գնոստիկ կամ Ապոկրիֆ գրվածքները թվում էր, թե ողջունվում էին։ Այս գրվածքները մեծ ազդեցություն են ունեցել Հիսուս Քրիստոսի ուսմունքների և քրիստոնեության մասին մարդկանց ունեցած տեսակետների վրա։ Մի պարբերագրում այս առնչությամբ նշվում էր. «Թովմասի Ավետարանը և ապոկրիֆյան մյուս [գրվածքները] հասնում են մի խումբ մարդկանց սրտին, որոնց թիվը շարունակում է մեծանալ մեր օրերում. նրանք ծարավ են հոգևորի, բայց չեն վստահում կրոններին»։ Հաշվարկների համաձայն՝ միայն Բրազիլիայում «կան 30 խմբեր, որոնց հավատալիքները հիմնված են Ապոկրիֆների վրա»։
Այս գրվածքների հայտնագործումը հանրությանը ներկայացրեց այն թեորիան, որ մ.թ. չորրորդ դարում կաթոլիկական եկեղեցին դավադրաբար թաքցրել է Հիսուսի մասին ճշմարտությունը, որ նրա կյանքի մասին որոշ իրադարձություններ, որոնք ներկայացվում են Ապոկրիֆներում, գաղտնի են պահվել և որ ժամանակակից չորս Ավետարանները վերափոխվել են։ Կրոնագիտության պրոֆեսոր Իլան Փագելզը նշում է. «Այժմ տեսնում ենք, որ այն, ինչ կոչում ենք քրիստոնեություն կամ քրիստոնեական ավանդություն, իրականում առաջ է եկել գոյություն ունեցող բազում աղբյուրներից»։
Աստվածաշնչագետների կարծիքով, ինչպես օրինակ՝ Պագելսի, Աստվածաշունչը քրիստոնեական հավատի միակ աղբյուրը չէ, կան այլ աղբյուրներ նույնպես, օրինակ՝ ապոկրիֆյան գրվածքները։ Իսկ Բի–Բի–Սի ընկերության «Աստվածաշնչային առեղծվածներ» վերնագրով ծրագրում նշվել էր, որ ապոկրիֆյան գրվածքները Մարիամ Մագդաղենացուն ներկայացնում են որպես «ուսուցիչ և աշակերտների հոգևոր առաջնորդ։ Նա ոչ միայն աշակերտ է, այլև առաքյալների առաքյալ»։ Խոսելով Մարիամ Մագդաղենացու դերի մասին՝ լրագրող Խուան Արիասը բրազիլական թերթերից մեկում գրել է. «Այսօր մենք հավատում ենք, որ վաղ քրիստոնեական շարժումը, որ հիմնադրեց Հիսուսը, «ֆեմինիստական էր», քանի որ վաղ եկեղեցիները կանանց տներն էին, որտեղ նրանք ծառայում էին որպես քահանաներ ու եպիսկոպոսներ» (Estado de São Paulo)։
Շատերի համար ապոկրիֆյան գրվածքները ավելի մեծ արժեք ունեն, քան Աստվածաշունչը։ Սակայն արդյոք ապոկրիֆյան գրվածքները քրիստոնեական հավատի ճշգրի՞տ աղբյուր են։ Երբ դրանք հակասում են Աստվածաշնչի ուսմունքներին, որի՞ն պետք է հավատալ՝ Աստվածաշնչի՞ն, թե՞ Ապոկրիֆներին։ Ճշմարտությունը իսկապես գաղտնի պահվե՞լ է չորրորդ դարում և վերափոխե՞լ են չորս Ավետարանները՝ աղավաղելով Հիսուսի, Մարիամ Մագդաղենացու և ուրիշների մասին տեղեկությունները։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար եկեք քննենք Հովհաննեսի Ավետարանը։
Հովհաննեսի Ավետարանի ճշգրտության ապացույցները
Հովհաննեսի Ավետարանից մի արժեքավոր հատված հայտնաբերվել է Եգիպտոսում 20–րդ դարում և հայտնի է «Ջոն Ռայլենդսի պապիրուս 457» անունով (միջազգային դասակարգմամբ՝ P52)։ Պապիրուսը պարունակում է այն, ինչ ժամանակակից Աստվածաշնչերում գրված է Հովհաննես 18։31–33, 37, 38 համարներում։ Այն պահպանվում է Ջոն Ռայլենդսի գրադարանում (Մանչեստր, Անգլիա)։ Սա ներկայումս գոյություն ունեցող Քրիստոնեական Հունարեն Գրությունների ամենահին ձեռագիրն է։ Շատ աստվածաշնչագետներ կարծում են, որ այս ձեռագիրը գրվել է մ.թ. 125 թվականին՝ Հովհաննեսի մահից ընդամենը մի քանի տարի անց։ Հետաքրքիրն այն է, որ այս ձեռագրի տեքստը համընկնում է հետագայում գրված ձեռագրերին։ Այն փաստը, որ մ.թ. 125–ին Հովհաննեսի Ավետարանից մեկ օրինակ արդեն կար Եգիպտոսում, որտեղ էլ հայտնաբերվել է այս պատառիկ ձեռագիրը, ցույց է տալիս, որ բարի լուրի մասին իսկապես արձանագրվել է առաջին դարում և ինչպես Աստվածաշունչն է նշում, հենց Հովհաննեսի կողմից։ Ուստի այս Ավետարանը մի գիրք է՝ գրված մեկի կողմից, ով ականատես է եղել այն դեպքերին, որոնց մասին գրել է։
Ապոկրիֆները թվագրվում են սկսած երկրորդ դարից՝ հարյուր կամ ավելի տարիներ անց նկարագրվող դեպքերից, որոնք արդեն տեղի են ունեցել։ Որոշ մասնագետներ փորձում են պնդել, թե Ապոկրիֆները հիմնված են ավելի վաղ գրվածքների կամ ավանդույթների վրա, սակայն ոչ մի փաստ չկա, որ դա իրոք այդպես է։ Հետևաբար տեղին է հարցնել. «Ո՞ւմ է հարկավոր ավելի շատ հավատալ՝ ականատեսի տված վկայությունների՞ն, թե՞ այն մարդկանց, ովքեր ապրել են տեղի ունեցած դեպքերից հարյուր տարի հետո։ Պատասխանն ակնհայտ է *։
Ռայլենդսի պապիրուսը 457 (P52), Հովհաննեսի Ավետարանից մի հատված, որը գրվել է բնագիր տեքստն արձանագրվելուց ընդամենը մի քանի տասնամյակ հետո (թվագրվում է մ.թ. 2–րդ դարով)
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն պնդման մասին, որի համաձայն՝ Ավետարանները վերափոխել են՝ աղավաղելով Հիսուսի կյանքի մասին տեղեկությունները։ Կա՞ն արդյոք փաստեր, որ Հովհաննեսի Ավետարանը վերափոխել են չորրորդ դարում։ Ժամանակակից Աստվածաշնչի գլխավոր աղբյուրներից մեկը չորրորդ դարի Վատիկանյան ձեռագիրն է։ Բարեբախտաբար, կա նաև մեկ ուրիշ ձեռագիր, որը պարունակում է Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանների մեծ մասը։ Այն կոչվում է Բոդմերական պապիրուս, որը թվագրվում է մ.թ. 175–225 թվականներով։ Մասնագետների կարծիքով՝ այս ձեռագրի տեքստը շատ նման է Վատիկանյան ձեռագրին։
Փաստորեն, նշանակալից ոչ մի փոփոխություն չի արվել Աստվածաշնչի Ավետարաններում, և Վատիկանյան ձեռագիրը հենց դրա մասին է վկայում։ Ոկսիրինքոսում (Եգիպտոս) հայտնաբերված պատառիկ ձեռագրերի հավաքածուն ուսումնասիրելուց հետո Քեմբրիջի համալսարանի դոկտոր Պիտեր Հեդը գրեց. «Այս ձեռագրերը հաստատում են ունցիալային ձեռագրերի տեքստը [մեծատառերով գրված ձեռագրեր, որոնք թվագրվում են չորրորդ դարից սկսած], որը ժամանակակից քննադատական հրատարակությունների համար հիմք է հանդիսանում։ Հետևաբար առաջին դարի Նոր Կտակարանի տեքստը փոխանցելու համար նոր հասկացողության կարիք չկա»։
Ի՞նչ եզրակացության ենք հանգում
Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները երկրորդ դարի կեսերից ընդունված են եղել ամբողջ աշխարհի քրիստոնյաների կողմից։ Տատիանոսի գրած աշխատությունը՝ «Դիաթեսարոնը» (հունարենից թարգմանաբար նշանակում է «Չորս Ավետարանների ներդաշնակությունը»), որը ամբողջացվել է մ.թ. 160–175 թվականներին, հիմնված է եղել միայն կանոնական համարվող չորս Ավետարանների վրա և ոչ թե Գնոստիկ «ավետարանների» (տե՛ս «Հնագույն մի փաստ» շրջանակը)։ Հատկանշական են նաև մ.թ. երկրորդ դարի վերջին ապրած Իրենեոսի նկատառումները։ Նա պնդում էր, որ պետք է չորս Ավետարան լինի, ինչպես որ երկրագունդը ունի չորս կողմեր և չորս հիմնական քամիներ։ Գուցե նրա բերած համեմատությունները անհամատեղելի թվան, սակայն նրա պնդումը թիկունք է կանգնում այն մտքին, որ այդ ժամանակ գոյություն է ունեցել կանոնական համարվող միայն չորս Ավետարան։
Ի՞նչ են այս փաստերը ցույց տալիս։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները, այդ թվում նաև Ավետարանները երկրորդ դարից սկսած՝ հիմնականում անփոփոխ են մնացել։ Ուստի հիմնավոր պատճառներ չկան հավատալու, որ չորրորդ դարում Աստծուց ներշնչված Գրությունների որևէ հատված աղավաղվել է կամ գաղտնի պահվել։ Ընդհակառակը՝ աստվածաշնչագետ Բրուս Մեթսգերը գրում է. «Մինչև երկրորդ դարի վերջ.... ոչ միայն Միջերկրական ծովի, այլև Բրիտանիայից մինչև Միջագետք ընկած տարածքում գտնվող ժողովների գրեթե մեծ մասը սկսեց միասնաբար նույն բանը սովորեցնել Նոր Կտակարանի մասին»։
Պողոս և Պետրոս առաքյալները նույնպես թիկունք են կանգնել Աստծու Խոսքի ճշմարտությանը։ Նրանք զգուշացրել են իրենց հավատակիցներին, որ չընդունեն ցանկացած բան և չհավատան այն ամենին, ինչ իրենց չեն սովորեցրել։ Տիմոթեոսին Պողոսը գրեց. «Ո՛վ Տիմոթեոս, պահպանի՛ր այն, ինչ վստահված է քեզ՝ հեռու մնալով դատարկ զրույցներից, որոնք ոտնահարում են սուրբ բաները, ինչպես նաև այն հակասություններից, որ գոյություն ունեն «գիտություն» կոչվածի մեջ։ Որովհետև այդպիսի գիտությունը ցուցադրաբար ներկայացնելով՝ մի քանիսը շեղվեցին հավատից»։ Իսկ Պետրոսը վկայակոչեց. «Ոչ թե վարպետորեն հնարված սուտ պատմություններին հետևելով էր, որ ձեզ տեղեկացրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորության ու ներկայության մասին, այլ նրա մեծափառությանը ականատես լինելով» (1 Տիմոթեոս 6։20, 21; 2 Պետրոս 1։16)։
Դարեր առաջ Եսայիա մարգարեն գրեց հետևյալ ներշնչված խոսքերը. «Խոտը կ’չորանայ, ծաղիկը կ’թառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան» (Եսայիա 40։8)։ Ուրեմն մենք էլ կարող ենք ունենալ այս նույն վստահությունը, որ Նա, ով ներշնչել է Սուրբ Գիրքը, կարող էր նաև դարեր շարունակ պահպանել այն, որպեսզի «ամեն տեսակ մարդիկ փրկվեն և ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթեոս 2։4)։
^ պարբ. 3 «Գնոստիկ» և «Ապոկրիֆ» բառերը հունարենից թարգմանված նշանակում են «գաղտնի գիտություն» և «ծածուկ»։ Դրանք վերաբերում են պարականոն գրվածքներին, որոնք փորձում են ընդօրինակել Ավետարանները, «Գործերը» և Քրիստոնեական Հունարեն Գրությունների կանոնական համարվող նամակները։
^ պարբ. 11 Մեկ ուրիշ խնդիր էլ այն է, որ ապոկրիֆյան գրվածքներից ընդամենը մի քանի օրինակ է մնացել։ Մարիամ Մագդաղեանացու Ավետարանից երեք պատառիկ ձեռագրեր են պահպանվել. դրանցից մեկը պարունակում է բնագիր տեքստի կեսը, իսկ մյուս երկուսը ավելի փոքր ձեռագրեր են։ Ավելին, գոյություն ունեցող ձեռագրերի մեջ զգալի տարբերություն կա։