Անցնել բովանդակությանը

 Ընտանեկան երջանկության բանալին

Ծնողնե՛ր, պատասխանատու անհատներ մեծացրեք

Ծնողնե՛ր, պատասխանատու անհատներ մեծացրեք

Ջորջն * ասում է. «Ամեն երեկո նույն պատմությունն էր։ Մայքլը՝ չորս տարեկան որդիս, ամբողջ տնով մեկ թափում էր իր խաղալիքները ու չէր հավաքում։ Ես ստիպում էի նրան հավաքել դրանք մինչև քնելը։ Բայց Մայքլը հիստերիայի մեջ էր ընկնում, ճչում էր և իրեն շատ վատ պահում։ Երբեմն այնքան էի նյարդայնանում, որ գոռում էի նրա վրա, բայց արդյունքում իրավիճակը ավելի էր լարվում։ Ես չէի ուզում, որ անկողին մտնեինք իրարից խռով, դրա համար նրան այլևս չէի ստիպում հավաքել խաղալիքները. ինքս էի դա անում»։

Էմիլին պատմում է. «13–ամյա աղջիկս՝ Ջեննին, չէր կարողանում հասկանալ, թե իր ուսուցչուհին ինչ առաջադրանքներ է հանձնարարում տանն անելու համար։ Դպրոցից տուն գալուց հետո նա մեկ ժամ լաց էր լինում։ Ես խորհուրդ էի տալիս աղջկաս խնդրել ուսուցչուհուն, որ օգնի, բայց Ջեննին պնդում էր, որ նա շատ խիստ է, և ինքը վախենում է հարցնել նրանից։ Այնքան էի ուզում ուղիղ դպրոց գնալ և ուսուցչուհու երեսին ասել այն, ինչ մտածում էի նրա մասին։ Կարծում էի, որ ոչ ոք իրավունք չունի երեխայիս այսպիսի վատ վիճակի մեջ գցել»։

ԳՈՒՑԵ Ջորջի և էմիլիի պես դու էլ երբեմն նույն ապրումներն ես ունենում։ Այդ ծնողների նման՝ շատերը չեն կարողանում տեսնել, թե ինչպես է իրենց երեխան պայքարում որևէ խնդրի դեմ կամ տխրում։ Բնական է, որ ծնողները փորձում են պաշտպանել իրենց զավակներին։ Սակայն մյուս կողմից՝ նմանատիպ իրավիճակները հնարավորություն են տալիս ծնողներին սովորեցնելու երեխաներին լինել պատասխանատու անձնավորություններ։ Անշուշտ, ծնողները պետք է հաշվի առնեն, որ 4 տարեկան և 13 տարեկան երեխային կրթելիս պետք է տարբեր մոտեցում ցուցաբերել։

Ճշմարտությունն այն է, որ դու չես կարող միշտ երեխայիդ կողքին լինել, որ պաշտպանես խնդիրներից։ Ի վերջո, երեխան թողնելու է իր հորն ու մորը և պատասխանատվության «իր սեփական բեռն է կրելու» (Գաղատացիներ 6։5; Ծննդոց 2։24 Որպեսզի երեխաները հոգան իրենց մասին, ծնողները պետք է սովորեցնեն նրանց լինել ոչ եսասեր, հոգատար, պատասխանատվության զգացում ունեցող չափահաս մարդիկ։ Իսկ դա հեշտ գործ չէ։

Ծնողները կարող են ընդօրինակել Հիսուսին այն հարցում, թե ինչպես էր նա վերաբերվում իր աշակերտներին։ Թեև Հիսուսը ծնող չէր, սակայն իր աշակերտներին կրթելիս նպատակ ուներ օգնելու նրանց, որ կարողանան իր մահից հետո էլ շարունակել քարոզչական գործը (Մատթեոս 28։19, 20)։ Նմանապես, յուրաքանչյուր ծնողի նպատակն է պատասխանատվության զգացում ունեցող երեխաներ մեծացնել։ Քննարկենք երեք բնագավառ, որոնցում Հիսուսը լավ օրինակ է թողել։

«Օրինակ թող» երեխայիդ համար։

Իր կյանքի վերջում Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ձեզ օրինակ թողեցի, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհաննես 13։15)։ Նմանապես, ծնողները պետք է բացատրեն և իրենց օրինակով ցույց տան երեխաներին, թե ինչ է նշանակում պատասխանատու անձնավորություն լինել։

Հարցրու ինքդ քեզ. «Հաճա՞խ եմ դրականորեն արտահայտվում իմ պարտականությունների մասին։ Ասո՞ւմ եմ, որ բավարարվածություն եմ ստանում ուրիշների համար տքնաջան աշխատելուց։ Թե՞ անընդհատ գանգատվում եմ ու երանի տալիս այն մարդկանց, ովքեր հեշտ կյանքով են ապրում»։

Ինչ խոսք, ոչ ոք կատարյալ չէ։ Երբեմն բոլորս էլ շատ ծանրաբեռնված ենք լինում։ Սակայն քո օրինակը թերևս ամենաուժեղ միջոցն է օգնելու երեխաներիդ, որ տեսնեն պատասխանատու մարդ լինելու կարևորությունն ու արժեքը։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Եթե հնարավոր է, երեխայիդ երբեմն քեզ հետ աշխատանքի վայր տար և ցույց տուր նրան, թե ինչպես ես աշխատում ընտանիքի կարիքները հոգալու համար։ Երեխայիդ հետ օգնիր ինչ–որ մեկին, ով կարիք ունի։ Հետո ասա նրան, թե ինչ հաճույք ստացար այդ աշխատանքը կատարելուց (Գործեր 20։35

Ողջամիտ ակնկալիքներ ունեցիր։

Հիսուսը լավ գիտակցում էր՝ ժամանակ է հարկավոր, որ աշակերտները պատրաստ լինեն պատասխանատվություններ հանձն առնելու։ Մի անգամ նա ասաց նրանց. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց դուք հիմա ի վիճակի չեք դրանք տանելու» (Հովհաննես 16։12)։ Ուսուցիչը չպահանջեց, որ սկզբում իր աշակերտները մենակ կատարեն դրանք։ Ընդհակառակը՝ նա բավական ժամանակ հատկացրեց նրանց բազում բաներ սովորեցնելու համար, և երբ իր կարծիքով նրանք պատրաստ էին, այդ ժամանակ միայն մենակ ուղարկեց աշակերտներին։

Ծնողների կողմից նույնպես ողջամիտ չի լինի պահանջել երեխաներից կատարել այնպիսի պարտականություններ, որոնց նրանք դեռ պատրաստ չեն։ Երեխաների մեծանալուն զուգընթաց ծնողները պետք է որոշեն, թե ինչ հանձնարարություններ կարող են նրանք անել։ Օրինակ՝ պետք է սովորեցնեն նրանց հետևել անձնական հիգիենային, իրենց սենյակի մաքրությանը, լինել ճշտապահ և չվատնել փողը։ Երբ երեխան դպրոց գնա, ծնողները պետք է օգնեն նրան մեծ պատասխանատվությամբ մոտենալու իր տնային հանձնարարություններին։

Սակայն հանձնարարություններ տալուց ավելին է հարկավոր անել։ Ծնողները պետք է օգնեն երեխային, որ կատարի դրանք։ Ջորջը, ում խոսքերը բերվում են հոդվածի սկզբում, հասկացավ, որ պատճառներից մեկը, թե ինչու Մայքլը չէր հավաքում իր խաղալիքները, այն էր, որ դա շատ դժվար էր իր համար։ «Երեխայի վրա գոռալու փոխարեն,— ասում է Ջորջը,— ես մի մեթոդ մշակեցի»։

Ի՞նչ արեց նա։ «Նախ հատուկ ժամ սահմանեցի քնելուց առաջ խաղալիքները հավաքելու համար,— պատմում է Ջորջը։— Հետո Մայքլի հետ սկսեցինք դասավորել խաղալիքները. մի մասը՝ ես, մի մասը՝ ինքը։ Այս հանձնարարությունը խաղի վերածեցի, նույնիսկ մի մրցման՝ տեսնելու համար, թե ով առաջինը կվերջացնի։ Շուտով սա սովորություն դարձավ։ Ես խոստացա Մայքլին, որ եթե նա արագ հավաքի, քնելուց առաջ մի հեքիաթ ևս կպատմեմ։ Սակայն եթե չհասցնի, ապա հեքիաթի համար քիչ ժամանակ կմնա»։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Մտածիր, թե ողջամտության սահմաններում ինչ կարող ես ակնկալել յուրաքանչյուր երեխայից, որ տան գործերը ժամանակին արվեն։ Հարցրու ինքդ քեզ. «Կա՞ն բաներ, որ դեռ երեխաներիս փոխարեն եմ անում, մինչդեռ իրենք ինքնուրույն կարող են անել»։ Եթե այո, ապա օգնիր նրանց, որ իրենք կատարեն դրանք։ Բացատրիր, որ կախված այն բանից, թե ինչպես նրանք կկատարեն իրենց հանձնարարությունները, արդյունքները կլինեն կա՛մ լավ, կա՛մ վատ։ Ըստ այդմ՝ երեխան կա՛մ մրցանակ կստանա, կա՛մ կզրկվի դրանից։

Հստակ խորհուրդներ տուր։

Հիսուսը, ինչպես յուրաքանչյուր լավ ուսուցիչ, գիտեր, որ սովորելու լավագույն միջոցը սովորածը կիրառելն է։ Օրինակ՝ նա ճիշտ ժամանակին իր աշակերտներին «երկու–երկու ուղարկեց դեպի այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը պատրաստվում էր գնալ» (Ղուկաս 10։1)։ Սակայն նրանց չթողեց առանց օգնության, այլ ուղարկելուց առաջ հստակ խորհուրդներ տվեց (Ղուկաս 10։2–12)։ Երբ աշակերտները վերադարձան և պատմեցին իրենց հաջողությունների մասին, Հիսուսը գովեց ու քաջալերեց նրանց (Ղուկաս 10։17–24)։ Նա իր վստահությունն արտահայտեց նրանց ունակությունների հանդեպ և ցույց տվեց իր հավանությունը։

Ինչպե՞ս ես արձագանքում, երբ երեխաներդ դժվար պատասխանատվությունների առաջ են կանգնում։ Փորձո՞ւմ ես հետ պահել նրանց այն բաներից, որոնցից նրանք վախենում են, պաշտպանել հիասթափությունից կամ անհաջողություններից։ Գուցե անմիջապես քո մեջ ցանկություն է առաջանում «փրկել» երեխաներիդ կամ քեզ վրա վերցնել նրանց բեռը։

Սակայն մտածիր. եթե ամեն անգամ «փրկես» երեխաներիդ, ապա ի՞նչ ցույց կտաս. որ վստահո՞ւմ ես նրանց և հավատո՞ւմ ես նրանց ուժերին, թե՞ մտածում ես, որ նրանք դեռ անօգնական մանուկներ են և միշտ պետք է քեզ դիմեն օգնության համար։

Իսկ ինչպե՞ս լուծեց ծագած խնդիրը էմիլին, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում։ Միջամտելու փոխարեն՝ նա խորհուրդ տվեց Ջեննիին անձամբ խոսել ուսուցչուհու հետ։ էմիլին ու Ջեննին միասին գրի առան այն բոլոր հարցերը, որը վերջինս պետք է տար իր ուսուցչուհուն։ Հետո որոշեցին, թե երբ նա պետք է խոսի, նույնիսկ փորձեցին, թե ինչպես կարող է ընթանալ զրույցը։ էմիլին ասում է. «Ջեննին համարձակությամբ լցվեց և խոսեց ուսուցչուհու հետ»։ Արդյո՞ւնքը։ «Ուսուցչուհին գովեց նրան նախաձեռնություն վերցնելու համար։ Ջեննին շատ ուրախ էր, իսկ ես՝ հպարտ»։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Գրի առեք այն խնդիրները, որոնց բախվում է ձեր երեխան։ Ապա այդ խնդրի դիմաց նշեք, թե ինչ կարող եք անել երեխային օգնելու համար՝ առանց նրան «փրկելու»։ Միասին փորձեք այն քայլերը, որոնք նա պետք է անի, որ հաղթահարի այդ դժվարությունը։ Վստահեցրեք նրան, որ նա կարող է դա անել։

Եթե միշտ պաշտպանես երեխաներիդ խնդիրներից, ապա, փաստորեն, թույլ չես տա, որ նրանք սովորեն ինքնուրույն հաղթահարել կյանքի դժվարությունները։ Փոխարենը՝ քաջալերիր նրանց, որ պատասխանատվություններ ստանձնեն։ Եթե այդպես վարվես, ամենաթանկ պարգևներից մեկը կփոխանցես նրանց։

^ պարբ. 3 Անունները փոխված են։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ...

  • Երեխաներիցս ողջամիտ բանե՞ր եմ ակնկալում։

  • Ասում և իմ օրինակով ցույց տալի՞ս եմ, թե ինչ պետք է անեն՝ հաջողություն ունենալու համար։

  • Վերջին անգամ ե՞րբ եմ քաջալերել կամ գովել երեխայիս։