Եհովայի վկաները հավատով բուժումներ անո՞ւմ են
Մեր ընթերցողները հարցնում են
Եհովայի վկաները հավատով բուժումներ անո՞ւմ են
▪ Եհովայի վկաները հավատով բուժումներ չեն անում։ Հիսուսի նման՝ նրանք ընդունում են, որ իրենց առաքելությունը Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելն է։ Նրանք ընդունում են նաև, որ ճշմարիտ քրիստոնյաները պետք է ճանաչվեն ոչ թե «բուժումներ» անելով, այլ մեկ այլ կարևոր առանձնահատկությամբ։
Մ.թ. առաջին դարում Հիսուսը, կարեկցանքից մղված, բուժում էր հիվանդներին։ Աստծու Որդին այդպիսով փաստում էր, որ երբ երկրի վրա հաստատվի Աստծու Թագավորությունը և ինքը իշխի որպես թագավոր, «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Քրիստոնեական աշխարհի, ինչպես նաև ոչ քրիստոնեական կրոնների պատկանող որոշ անհատներ պնդում են, թե իրենք կարող են հրաշքով բուժումներ անել։ Սակայն, ինչպես Մատթեոս 7։22, 23- ում է ասվում, Հիսուսը խստորեն կհանդիմանի այն անհատներին, ովքեր «շատ զորավոր գործեր են անում» իր անունով։ Նա կասի նրանց. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենություն գործողներ»։ Ուրեմն կարելի՞ է ասել, որ մեր օրերում Աստծու հավանությունն ու օրհնությունը ունեն նրանք, ովքեր թվացյալ հրաշքներ են գործում և հավատով բուժումներ անում։
Տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Հիսուսի բուժումների մասին։ Եթե մեր օրերի հավատով բուժումները համեմատենք Սուրբ Գրքի արձանագրության հետ, պարզ կդառնա՝ արդյոք ներկայիս բուժումները Աստծո՞ւց են, թե՞ ոչ։
Հիսուսը երբեք բուժումների միջոցով չէր փորձում մարդկանց իր հետևորդը դարձնել կամ ունկնդիրների մեծ բանակ հավաքել։ Ընդհակառակը՝ նա որոշ հիվանդների բուժում էր ժողովրդի աչքից հեռու։ Իսկ հաճախ պատվիրում էր, որ այդ հրաշքների մասին ոչ ոքի չպատմեն (Ղուկաս 5։13, 14)։
Հիսուսը երբեք փող չէր ուզում իր կատարած հրաշքների համար (Մատթեոս 10։8)։ Բացի այդ, բոլոր հիվանդները, ովքեր գալիս էին նրա մոտ, կատարելապես բուժվում էին, և դա կախված չէր անհատի հավատի մեծությունից (Ղուկաս 6։19; Հովհաննես 5։5–9, 13)։ Հիսուսը նույնիսկ հարություն էր տալիս մահացածներին (Ղուկաս 7։11–17; 8։40–56; Հովհաննես 11։38–44)։
Հրաշքներ գործելիս Հիսուսը կենտրոնանում էր ծառայության վրա և երկար չէր խոսում իր հրաշագործությունների մասին։ Նրա գլխավոր գործը Թագավորության բարի լուրը հռչակելն էր։ Հիսուսը օգնում էր իր հետևորդներին աշակերտներ պատրաստելու։ Վերջիններս պետք է հայտնեին մարդկանց այն հրաշալի հույսի մասին, որ Աստծու Թագավորության ներքո մարդիկ կատարյալ առողջություն են ունենալու (Մատթեոս 28։19, 20)։
Թեև առաջին դարում Հիսուսի հետևորդները հրաշքով բուժելու «պարգևներ» ունեին, սակայն հետագայում այդ պարգևները անհետացան (1 Կորնթացիներ 12։29, 30; 13։8, 13)։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները հայտնի են ոչ թե բուժումներ անելով, այլ իրար հանդեպ անձնազոհ սեր դրսևորելով (Հովհաննես 13։35)։ Այսօր հավատով բուժումները չեն նպաստում, որ բոլոր ազգի և ռասայի մարդիկ կազմեն քրիստոնեական մեկ ընտանիք, ուր կիշխեր անձնազոհ սերը։
Իրականում այսօր կան ճշմարիտ քրիստոնյաներ, ովքեր այնքան են սիրում մարդկանց, որ իրար կամ առհասարակ որևէ մեկի չեն վնասում, նույնիսկ քաղաքական կատաղի կոնֆլիկտների ժամանակ։ Ովքե՞ր են այդ մարդիկ։ Եհովայի վկաները։ Այս մարդիկ, որոնք տարբեր ռասաներից են, տարբեր ազգերից, մշակույթներից ու էթնիկական խմբերից, ամբողջ աշխարհում հայտնի են իրենց անկեղծ սիրով, որը միավորում է իրենց։ Եվ սա իսկական հրաշք է, որը հնարավոր է դառնում միայն Աստծու սուրբ ոգու շնորհիվ։ Դու կարող ես համոզվել դրանում, եթե այցելես նրանց ժողովի հանդիպումներից մեկը։
[Նկար 13–րդ էջի վրա]
Այսօր հավատով բուժումներ անողներն ունե՞ն Աստծու հավանությունը