Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող ես հաղթահարել բացասական զգացումները

Ինչպե՞ս կարող ես հաղթահարել բացասական զգացումները

Ինչպե՞ս կարող ես հաղթահարել բացասական զգացումները

ԵՐԲԵՎԷ ունեցե՞լ ես բացասական զգացումներ։ Եթե այո, ապա դու միակը չես։ Այսօր մարդիկ տարբեր խնդիրներ են դիմագրավում. ունեն տնտեսական դժվարություններ, բռնության են ենթարկվում, անարդարության բախվում։ Զարմանալի չէ, որ շատերը համակվում են տխրության, մեղավորության և անարժեքության զգացումով։

Սակայն նման զգացումները վտանգավոր են. անհատը կարող է կորցնել ինքնավստահությունը, տրամաբանելու ունակությունը և զրկվել ուրախությունից։ Աստվածաշունչն ասում է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի» (Առակներ 24։10)։ Այս անհանգիստ աշխարհում դժվարությունները հաղթահարելու համար մեզ ուժ ու էներգիա է հարկավոր, ինչը կօգնի շարունակ կառավարելու բացասական զգացումները a։

Աստվածաշունչը զորեղ պաշտպանություն է և օգնում է պայքարելու բացասական զգացումների դեմ։ Եհովա Աստված՝ մեր Ստեղծիչն ու Պահապանը, չի ուզում, որ դու վհատված ու անհույս վիճակում մնաս (Սաղմոս 36։9)։ Այժմ տեսնենք, թե ինչ երեք կերպերով է Աստծու Խոսքը օգնում մեզ հաղթահարելու բացասական զգացումները։

Աստված հետաքրքրված է քեզնով

Ոմանք կարծում են, թե Աստված այնքան զբաղված է, որ ուշադրություն չի դարձնում մեր զգացումներին։ Դու է՞լ ես այդպես մտածում։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ մեր Ստեղծիչը անտարբեր չէ մեր զգացումների հանդեպ։ Ահա թե ինչ է գրել սաղմոսերգուն. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34։18)։ Ի՜նչ մխիթարական է իմանալ, որ ամենակարող Գերիշխանը մեր կողքին է, երբ նեղության մեջ ենք։

Աստված անտարբեր չէ։ Նա նաև հեռու չէ մեզնից։ Աստվածաշունչը նշում է, որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Նա սիրում է մարդկանց և ցավ է զգում, երբ տեսնում է նրանց տառապելիս։ Օրինակ՝ մոտ 3500 տարի առաջ, երբ իսրայելացիները գերի էին Եգիպտոսում, Եհովան տեսավ նրանց տառապանքը ու ասաց. «Արդարև, տեսա իմ ժողովրդի հարստահարումը Եգիպտոսում և լսեցի վերահսկիչների կեղեքումների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը։ Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները։ Ես իջնելու եմ, որ ազատեմ նրանց» (Ելք 3։7, 8

Աստված շատ լավ է հասկանում մեր զգացմունքները։ Չէ՞ որ «նա է ստեղծել մեզ, և ոչ թե մենք մեզ» (Սաղմոս 100։3)։ Անգամ երբ մարդիկ չեն հասկանում մեզ, կարող ենք վստահ լինել, որ Աստված հասկանում է։ Սուրբ Գրքում կարդում ենք. «Աստված այնպես չի նայում, ինչպես որ մարդն է նայում, քանի որ մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամուել 16։7)։ Այո՛, նույնիսկ մեր ամենախորունկ զգացումները աննկատ չեն մնում Աստծուց։

Ինչ խոսք, Եհովան տեսնում է նաև մեր թերություններն ու սխալները։ Սակայն մենք պետք է երախտապարտ լինենք մեր սիրառատ Ստեղծչին, քանի որ նա ներում է մեզ։ Աստծուց ներշնչված՝ Դավիթը գրել է. «Ինչպես հայրն է գթում իր որդիներին, այնպես էլ Եհովան է գթում իրենից վախեցողներին, որովհետև նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։13, 14)։ Հնարավոր է՝ մենք միայն վատն ենք տեսնում մեր մեջ, սակայն Աստված այդպես չի նայում մեզ։ Նա մեր մեջ լավն է փնտրում և անտեսում է մեղքերն ու սխալները այնքան ժամանակ, քանի դեռ զղջում ենք դրանց համար (Սաղմոս 139։1–3, 23, 24

Ուստի երբ համակվում ենք անարժեքության զգացումով, պետք է պայքարենք դրա դեմ։ Մենք պետք է հիշենք, թե Աստված ինչպես է նայում մեզ (1 Հովհաննես 3։20

Մտերիմ եղիր Աստծու հետ

Երբ մեզ նայում ենք Աստծու աչքերով, կարողանում ենք հաղթահարել բացասական զգացումները։ Դա անելն ավելի հեշտ է դառնում, երբ մտերմանում ենք նրա հետ։ Բայց արդյոք հնարավո՞ր է մտերմանալ Աստծու հետ։

Լինելով սիրող Հայր՝ Եհովա Աստված ուզո՛ւմ է օգնել մեզ իր հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու։ Աստվածաշունչը հորդորում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Ու թեև թույլ և մեղավոր մարդիկ ենք, սակայն կարող ենք ջերմ ու մտերիմ հարաբերություններ ունենալ Տիեզերքի Գերիշխանի հետ։

Աստված իր մասին հայտնել է Աստվածաշունչ գրքում, որ կարողանանք ճանաչել նրան։ Կանոնավորաբար ընթերցելով այն՝ շատ բան կսովորես Աստծու հրաշալի հատկությունների մասին b։ Իսկ երբ խորհրդածես այդ ամենի շուրջ, կմտերմանաս Եհովայի հետ։ Կհասկանաս, որ նա սիրող ու կարեկից Հայր է։

Երբ կարդում ենք Աստվածաշունչը և խորհրդածում կարդացածի շուրջ, մտերմանում ենք մեր երկնային Հոր հետ, քանի որ նրա խոսքերը, թափանցելով մեր սիրտն ու միտքը, ուղղում, մխիթարում ու առաջնորդում են մեզ։ Այսպես պետք է անել հատկապես այն ժամանակ, երբ պայքարում ենք այնպիսի մտքերի ու զգացումների դեմ, որոնք անհանգստացնում են մեզ ու խլում մեր խաղաղությունը։ Իրոք, Աստծու Խոսքը կարող է մխիթարել մեզ։ Սաղմոսերգուն անձամբ էր զգացել դա։ «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս»,— ասաց նա (Սաղմոս 94։19)։ Եթե խոնարհաբար ընդունենք Աստծու Խոսքի ճշմարտությունը, կտեսնենք, որ բացասական զգացումները աստիճանաբար անհետանում են, և մենք մխիթարվում ենք ու խաղաղություն զգում, որը միայն Աստված կարող է տալ։ Այո՛, Եհովան մխիթարում է մեզ, ինչպես որ սիրող ծնողն է հանգստացնում իր լաց լինող երեխային։

Աստծու ընկերը դառնալու համար պետք է նաև կանոնավորաբար զրուցել նրա հետ։ Աստվածաշունչը հավաստիացնում է. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, [Աստված] լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Ինչ մտավախություն ու անհանգստություն էլ ունենանք, կարող ենք աղոթել Աստծուն, որ օգնի մեզ։ Եթե բացենք մեր սիրտը նրա առաջ, մեր միտքը կխաղաղվի։ Պողոս առաքյալը գրել է. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7

Անկասկած, քո երկնային Հոր հետ մտերիմ փոխհարաբերություններ կունենաս, եթե ընթերցես Աստվածաշունչը, խորհրդածես կարդացածիդ շուրջ և աղոթես։ Աստծու հետ մտերմությունը իսկապես զորեղ միջոց է բացասական զգացումների դեմ պայքարելու համար։ Ուրիշ ի՞նչը կարող է օգնել մեզ։

Հայացքդ հառիր ապագայի վառ հույսին

Անգամ ծանր փորձությունների ներքո կարող ենք մեր միտքը կենտրոնացած պահել դրական բաների վրա։ Ինչպե՞ս։ Աստված մեզ իրական հույս է տալիս։ Պետրոս առաքյալը խոսեց այս հրաշալի հույսի մասին՝ ասելով. «[Աստծու] խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն պիտի բնակվի» (2 Պետրոս 3։13)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։

«Նոր երկինք» արտահայտությունը վերաբերում է մի կառավարության՝ Աստծու երկնային Թագավորությանը, որի թագավորը Հիսուս Քրիստոսն է։ «Նոր երկիրը» այն նոր հասարակությունն է, որն ունի Աստծու հաճությունը և հավիտյան ապրելու է երկրի վրա։ «Նոր երկնքի» կառավարման ներքո «նոր երկրի» հասարակության անդամները կձերբազատվեն բացասական զգացումներից։ Այդ հավատարիմ մարդկանց առնչությամբ Սուրբ Գիրքը հավաստիացնում է, որ Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4

Անկասկած, կհամաձայնվես, որ այս խոստումը անչափ մխիթարում և ուրախություն է պատճառում մեզ։ Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին տրված այս խոստումը կոչում է «սքանչելի հույս» (Տիտոս 2։13)։ Եթե մեր հայացքը հառենք մարդկության վերաբերյալ Աստծու խոստումներին և հիշենք, թե ինչու են այս խոստումները իրական ու վստահելի, մեզնից կվանենք բացասական զգացումները (Փիլիպպեցիներ 4։8

Փրկության այս հույսը Աստվածաշունչը նմանեցնում է սաղավարտի (1 Թեսաղոնիկեցիներ 5։8)։ Հնում զինվորը չէր կարող առանց սաղավարտի դուրս գալ պատերազմի դաշտ։ Նա գիտեր, որ այն մեղմացնում է հարվածները և չի թողնում, որ գլուխը վնասվի։ Ինչպես որ սաղավարտն էր պաշտպանում զինվորի գլուխը, այնպես էլ հույսը պաշտպանում է մեր միտքը։ Կենտրոնանալով հուսադրող մտքերի վրա՝ կկարողանանք վանել բացասական զգացումները, վախը, հոռետեսական մտքերը։

Փաստորեն, հնարավոր է պայքարել բացասական զգացումների դեմ։ Եվ դու կարո՛ղ ես դա անել։ Հիշի՛ր, թե ինչպես է Աստված նայում քեզ, մտերմացի՛ր նրա հետ և հայացքդ հառի՛ր ապագայի վառ հույսին։ Եթե այդպես վարվես, կարող ես համոզված լինել, որ քո աչքերով կտեսնես այն նոր աշխարհը, ուր բացասական զգացումներ այլևս չեն լինի (Սաղմոս 37։29

[Ծանոթագրություններ]

a Նրանք, ովքեր պայքարում են քրոնիկ դեպրեսիայի դեմ, կարող են խորհրդակցել մասնագետի հետ (Մատթեոս 9։12

b «Դիտարանի» 2009​թ. օգոստոսի 1-ի համարում Աստվածաշնչի ընթերցանության գործնական գրաֆիկ կա։

[Մեջբերում 19–րդ էջի վրա]

«Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները» (ԵԼՔ 3։7, 8

[Մեջբերում 20–րդ էջի վրա]

«Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (ՍԱՂՄՈՍ 94։19

[Մեջբերում 21–րդ էջի վրա]

«Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐ 4։7

[Շրջանակ/ Նկար 21–րդ էջի վրա]

Մխիթարական համարներ Եհովա Աստծու մասին

«Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (ԵԼՔ 34։6

«Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ 16։9

«Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (ՍԱՂՄՈՍ 34։18

«Ո՛վ Եհովա, դու բարի ես ու ներելու պատրաստ» (ՍԱՂՄՈՍ 86։5

«Եհովան բարի է ամենքի հանդեպ, և նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է» (ՍԱՂՄՈՍ 145։9

«Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից և ասում. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»» (ԵՍԱՅԻԱ 41։13

«Օրհնյալ լինի.... գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը» (2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 1։3

«Մեր սրտերում հավաստիացած ենք, որ Աստված սիրում է մեզ, որ եթե նույնիսկ ինչ-որ բաներում էլ մեր սրտերը դատապարտում են մեզ, հիշում ենք, որ Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։19, 20

[Շրջանակ/ Նկարներ 22–րդ էջի վրա]

Նրանց հաջողվել է հաղթահարել բացասական զգացումները

«Հայրս հարբեցող է եղել և մեծ ցավ է պատճառել ինձ։ Տարիներ շարունակ ինձ համակել է անարժեքության զգացումը։ Սակայն երբ Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրեցի, իմացա երկրի վրա հավիտյան ապրելու խոստման մասին։ Այս հույսը իմ սիրտը ուրախությամբ լցրեց։ Աստվածաշունչ ընթերցելը կյանքիս մի մասը դարձավ։ Այս գիրքը միշտ իմ կողքին եմ պահում։ Երբ բացասական զգացումները կրկին համակում են ինձ, բացում եմ Աստծու Խոսքը և մխիթարական համարներ կարդում այնտեղից։ Հասկանալով, թե ինչ հրաշալի հատկություններ ունի Աստված՝ համոզվում եմ, որ շատ թանկ եմ նրա համար» (Կատյա c, 33 տարեկան կին)։

«Ես հարբեցող էի, բացի այդ, օգտագործում էի հաշիշ, կոկաին և այլ թմրանյութեր։ Ես կորցրի գրեթե ամեն բան, որ ունեի, ու դարձա մուրացկան։ Սակայն կյանքս լիովին փոխվեց, երբ Եհովայի վկաները ինձ հետ սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Աստիճանաբար ճանաչեցի Աստծուն ու մտերմացա նրա հետ։ Թեև դեռ պայքարում եմ մեղավորության և անարժեքության զգացումների դեմ, սակայն սովորել եմ ապավինել Աստծուն, քանի որ նա ողորմած է և սիրառատ։ Վստահ եմ, որ Աստված ինձ ուժ կտա հաղթահարելու իմ բացասական զգացումները։ Աստվածաշնչյան ճշմարտությունները թերևս իմ կյանքում ամենալավ բանն էին, որ իմացա» (Ռենատո, 37 տարեկան տղամարդ)։

«Փոքրուց սովորություն եմ ունեցել համեմատել ինձ ավագ եղբորս հետ։ Միշտ ինձ ստորացած եմ զգացել։ Մինչև օրս էլ մտավախություններ ունեմ ու վստահ չեմ իմ ուժերի վրա։ Այդուհանդերձ, վճռել եմ չհանձնվել։ Անդադար աղոթում եմ Եհովային։ Նա օգնում է ինձ հաղթահարելու բացասական զգացումները։ Ես մխիթարվում եմ՝ իմանալով, որ Աստված իսկապես սիրում է ինձ և հոգ է տանում իմ մասին» (Ռոբերտա, 45 տարեկան կին)։

[Ծանոթագրություն]

c Որոշ անուններ փոխված են։