Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հրաշքով տարբեր լեզուներով խոսելը Աստծո՞ւց է

Հրաշքով տարբեր լեզուներով խոսելը Աստծո՞ւց է

Հրաշքով տարբեր լեզուներով խոսելը Աստծո՞ւց է

«ՊԱՐԶԱՊԵՍ չեմ հասկանում,— ասում է Դևոն անունով մի մարդ։— Ամեն շաբաթ մեր եկեղեցում շատերը սուրբ ոգի են ստանում և սկսում են օտար լեզուներով խոսել։ Սակայն նրանցից ոմանք անբարո կյանք են վարում։ Իսկ ես, թեև ամեն կերպ ջանում եմ արդար կյանքով ապրել, բայց սուրբ ոգի չեմ ստանում, որքան էլ որ աղոթում եմ դրա համար։ Ինչո՞ւ ինձ չի տրվում սուրբ ոգու այդ պարգևը»։

Գաբրիել անունով մի մարդ նույնպես պատկանում է այնպիսի կրոնի, որը դավանողները պնդում են, թե սուրբ ոգի են ստանում, և խոսում են տարբեր լեզուներով։ Նա խոստովանում է. «Երբ ես աղոթում եմ, մյուսները ընդհատում են ինձ իրենց բարձր ձայներով. դա ինձ նյարդայնացնում է։ Նրանք սկսում են խոսել այնպիսի լեզվով, որ ո՛չ ես եմ հասկանում, ո՛չ էլ իրենք։ Նրանց խոսքերը ոչ ոքի օգուտ չեն տալիս։ Բայց մի՞թե Աստծու ոգու պարգևը չպետք է ինչ-որ նպատակի ծառայի»։

Դևոնի և Գաբրիելի խոսքերը մտածելու տեղիք են տալիս։ Արդյո՞ք հրաշքով տարբեր լեզուներով խոսելու կարողությունը, որ ունեն որոշ կրոնների պատկանող մարդիկ, իրականում պարգև է Աստծուց։ Եկեք քննենք, թե ինչ է գրված Աստվածաշնչում լեզուներով խոսելու պարգևի մասին, որը տրվեց առաջին դարում։ Դա կօգնի մեզ գտնելու այս հարցի պատասխանը։

Նրանք «սկսեցին տարբեր լեզուներով խոսել»

Աստծու Խոսքում կարդում ենք, որ որոշ տղամարդկանց ու կանանց շնորհվեց տարբեր լեզուներով խոսելու կարողություն, լեզուներ, որ նրանք երբեք չէին սովորել։ Առաջին անգամ այս պարգևը տրվեց մ.թ. 33-ի Պենտեկոստեին՝ Հիսուսի մահից մի քանի շաբաթ անց։ Այդ օրը Երուսաղեմում մոտ 120 աշակերտներ «ոգով լցվեցին ու սկսեցին տարբեր լեզուներով խոսել»։ Այդ ժամանակ ուրիշ երկրներից եկած մարդիկ «շփոթության մեջ ընկան, որովհետև ամեն մեկը լսում էր, թե իր մայրենի լեզվով ինչպես էին նրանք խոսում» (Գործեր 1։15; 2։1–6

Աստվածաշնչում նշվում է, որ Հիսուսի հետևորդ դարձած այլ մարդիկ նույնպես ստացան այս պարգևը։ Օրինակ՝ սուրբ ոգի ստանալուց հետո Պողոս առաքյալը հրաշքով կարողացավ խոսել մի շարք լեզուներով (Գործեր 19։6; 1 Կորնթացիներ 12։10, 28; 14։18)։ Տրամաբանական է, որ Աստծու սուրբ ոգու ցանկացած պարգև պետք է կարևոր նպատակի ծառայի։ Իսկ առաջին դարում ի՞նչ նպատակի ծառայեց լեզուներով խոսելու պարգևը։

Նշան էր Աստծու հավանության և աջակցության

Պողոս առաքյալը Կորնթոս քաղաքում ապրող քրիստոնյաներին, որոնց ակներևաբար շնորհվել էր օտար լեզուներով խոսելու կարողությունը, բացատրեց, որ «լեզուները նշանի համար են.... անհավատների համար», այսինքն՝ նրանց համար, ովքեր քրիստոնյաներ չեն (1 Կորնթացիներ 14։22)։ Ուստի մյուս բոլոր գերբնական կարողությունների նման՝ տարբեր լեզուներով խոսելու պարգևը ցույց էր տալիս, որ նորաստեղծ քրիստոնեական ժողովը ունի Աստծու հավանությունն ու աջակցությունը։ Դրանք ճշմարտությունը փնտրողներին ճանապարհային նշանների պես ցույց էին տալիս, թե որտեղ կարող են գտնել Աստծու ընտրած մարդկանց։

Ուշագրավ է այն փաստը, որ Աստվածաշնչում չի խոսվում այն մասին, թե Հիսուսը կամ նրանից առաջ ապրած մարգարեները հրաշքով խոսել են օտար լեզուներով։ Այդ պարգևը շնորհվել է միայն Հիսուսի աշակերտներին, ինչը ցույց է տալիս, որ այն ծառայել է ևս մեկ կարևոր նպատակի։

Միջոց էր բարի լուրը տարածելու

Սկզբում Հիսուսն իր աշակերտներին հրահանգ տվեց Աստծու Թագավորության բարի լուրը քարոզել միայն հրեաներին (Մատթեոս 10։6; 15։24)։ Այդ պատճառով նրանք հիմնականում լինում էին այն տարածքներում, որտեղ հրեաներ էին բնակվում։ Բայց շուտով փոփոխություն էր լինելու։

Մ.թ. 33-ին՝ իր մահից շատ չանցած, հարություն առած Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել»։ Նա նաև ասաց, որ նրանք իր վկաները կլինեն «մինչև աշխարհի ծայրերը» (Մատթեոս 28։19; Գործեր 1։8)։ Ուստի ամբողջ աշխարհում բարի լուրը քարոզելու համար հարկավոր էր իմանալ ոչ միայն եբրայերեն, այլև շատ այլ լեզուներ։

Խնդիրն այն էր, որ առաջին դարի աշակերտներից շատերը «անուսում և հասարակ» մարդիկ էին (Գործեր 4։13)։ Ինչպե՞ս էին նրանք քարոզելու հեռավոր երկրներում ապրող մարդկանց, որոնց լեզուն ո՛չ գիտեին, ո՛չ էլ երբևէ լսել էին։ Սուրբ ոգու միջոցով այս նախանձախնդիր քարոզիչներից ոմանք կարողացան հրաշքով վարժ խոսել այդ լեզուներով։

Այս արձանագրություններից իմանում ենք, որ լեզուներով խոսելու պարգևը ծառայում էր երկու կարևոր նպատակի։ Առաջին՝ այն Աստծու հավանությունն ու աջակցությունն ունենալու նշան էր։ Երկրորդ՝ այն արդյունավետ միջոց էր, որն օգնեց առաջին դարի քրիստոնյաներին կատարելու իրենց տրված պատվերը՝ քարոզել տարբեր ազգերի մարդկանց։ Իսկ այսօր հրաշքով տարբեր լեզուներով խոսելու կարողությունը ծառայո՞ւմ է այս նպատակներին։

Նշա՞ն է Աստծու հավանության ու աջակցության

Եթե ցանկանում ես մի որևէ ցուցանակ կամ նշան հնարավորինս շատ մարդիկ տեսնեն, ապա որտե՞ղ կփակցնես այն։ Փոքր շինության ներսո՞ւմ։ Իհարկե ոչ։ Պենտեկոստեի օրը տեղի ունեցածի մասին արձանագրությունից իմանում ենք, որ անցորդների «մի բազմություն» տեսավ այդ նշանը. աշակերտները հրաշքով տարբեր լեզուներով էին խոսում։ Արդյունքում «այդ օրը մոտ երեք հազար հոգի ավելացավ աշակերտների թվին» (Գործեր 2։5, 6, 41)։ Եթե այսօր որոշ մարդիկ պնդում են, որ հրաշքով խոսում են տարբեր լեզուներով, բայց դա անում են միայն իրենց եկեղեցում, ապա ինչպե՞ս կարող է դա նշան լինել այն բազմաթիվ մարդկանց համար, ովքեր, նրանց կարծիքով, անհավատ են։

Աստծու Խոսքում ասվում է, որ «մարմնի գործերը», այդ թվում նաև պոռնկությունը խանգարում են, որ սուրբ ոգին գործի։ Գրված է նաև, որ «այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (Գաղատացիներ 5։17–21)։ Եթե տեսնես մեկին, ով չի ապրում բարոյական բարձր չափանիշներով, բայց խոսում է լեզուներով, մի՞թե շփոթության մեջ չես ընկնի և չես մտածի. «Այստեղ հակասություն կա։ Ինչպե՞ս կարող է սուրբ ոգին շնորհվել նրան, ում արարքները դատապարտվում են Աստվածաշնչում»։ Սա կարելի է համեմատել այն նշանի հետ, որը սխալ ճանապարհ է ցույց տալիս։

Միջո՞ց է բարի լուրը տարածելու

Ի՞նչ կարող ենք ասել տարբեր լեզուներով խոսելու պարգևի երկրորդ նպատակի մասին։ Մի՞թե այսօր այն ծառայում է բարի լուրը օտարազգի մարդկանց քարոզելու նպատակին։ Հիշենք, որ 33 թ. Պենտեկոստեին Երուսաղեմում հավաքված օտարերկրացիները պարզ հասկանում էին այն աշակերտներին, ովքեր խոսում էին իրենց լեզվով։ Սակայն, ի տարբերություն աշակերտների, այսօր հրաշքով տարբեր լեզուներով խոսող մարդիկ ասում են բաներ, որ ոչ ոք չի հասկանում։

Ակնհայտ է, որ այսօր լեզուներով խոսելու կարողությունը բոլորովին տարբերվում է սուրբ ոգու այն պարգևից, որ տրվեց Հիսուսի հետևորդներին։ Իրականում ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ առաքյալների մահից հետո որևէ մեկին շնորհվել է այդ կարողությունը։ Այս փաստը չի զարմացնում Աստվածաշունչ ընթերցողներին, քանի որ Պողոս առաքյալը, խոսելով գերբնական կարողությունների, այդ թվում նաև հրաշքով տարբեր լեզուներով խոսելու մասին, սուրբ ոգուց ներշնչված, մարգարեացավ, որ դրանք «կդադարեն» (1 Կորնթացիներ 13։8)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե այսօր ովքեր ունեն սուրբ ոգի։

Ովքե՞ր են փաստում, որ ունեն սուրբ ոգի

Հիսուսը գիտեր, որ քրիստոնեական ժողովի կազմավորումից հետո տարբեր լեզուներով խոսելու պարգևը դադարելու է։ Իր մահից կարճ ժամանակ առաջ նա խոսեց այն հավիտենական նշանի մասին, որը միշտ բնորոշելու է իր հետևորդներին. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։35)։ Իսկ այն նույն համարում, որտեղ նշվում է գերբնական կարողությունների դադարելու մասին, ասվում է. «Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։8

Սերը Աստծու սուրբ ոգու «պտղի» ինը երեսակներից առաջինն է (Գաղատացիներ 5։22, 23)։ Ուրեմն ովքեր իսկապես ունեն Աստծու ոգին, ուստիև հավանությունն ու աջակցությունը, անկեղծորեն սիրում են միմյանց։ Հարկ է նշել նաև, որ սուրբ ոգու պտղի երեսակներից մեկն էլ խաղաղությունն է։ Սա նշանակում է, որ ովքեր ունեն սուրբ ոգին, նպաստում են խաղաղությանը և չեն դրսևորում անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն և բռնություն։

Հիշենք նաև Հիսուսի մարգարեական խոսքերը, որ գրված են Գործեր 1։8-րդ համարում։ Նա ասաց, որ իր աշակերտները զորություն կստանան, որպեսզի իր վկաները լինեն «մինչև աշխարհի ծայրերը»։ Հիսուսը նաև նշեց, որ այս գործը արվելու էր «մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28։20)։ Ուստի այս համաշխարհային քարոզչական աշխատանքը նույնպես բնորոշելու է նրանց, ովքեր իսկապես ունեն սուրբ ոգին։

Ի՞նչ ես կարծում, ովքե՞ր են այսօր փաստում, որ ունեն սուրբ ոգին։ Ամբողջ աշխարհում ովքե՞ր են դրսևորում ոգու պտուղը, հատկապես սերն ու խաղաղությունը, և հրաժարվում են զենք վերցնելուց, ինչի պատճառով էլ հալածվում են իշխանությունների կողմից (Եսայիա 2։4)։ Ովքե՞ր են ջանում հեռու մնալ մարմնի գործերից, ինչպես օրինակ, պոռնկությունից, և նույնիսկ դադարում են շփվելուց այն հավատակիցների հետ, ովքեր նման բան են արել և չեն զղջում իրենց արածի համար (1 Կորնթացիներ 5։11–13)։ Ովքե՞ր են ամենուրեք քարոզում բարի լուրն այն մասին, որ մարդկության միակ հույսը Աստծու Թագավորությունն է (Մատթեոս 24։14

Այս պարբերագրի հրատարակիչները, առանց որևէ կասկածի, հայտնում են, որ Եհովայի վկաներն են համապատասխանում սուրբ ոգին ունեցող մարդկանց նկարագրությանը, որ տրվում է Աստվածաշնչում։ Դուք կարող եք համոզվել դրանում, եթե ավելի լավ ճանաչեք նրանց։ Ինքներդ ստուգեք, նրանք ունե՞ն Աստծու հավանությունն ու աջակցությունը, թե՞ ոչ։