Նա մեծացավ «Եհովայի մոտ»
Ընդօրինակեք նրանց հավատը
Նա մեծացավ «Եհովայի մոտ»
ՄԱՅԻՍ կամ հունիս ամիսն էր։ Չոր եղանակները սկսվել էին։ Ցորենի արտերն արդեն դեղնել էին. հնձի ժամանակն էր։ Տարբեր տեղերից իսրայելացիները եկել էին այստեղ՝ Գաղգաղա։ Նրանց կանչել էր Սամուելը, որը տարիներ շարունակ մարգարե և դատավոր է եղել Իսրայելում։ Աստծու այս հավատարիմ ծառան նայում էր իր շուրջը հավաքված մարդկանց դեմքերին։ Ժողովուրդը լուռ էր։
Իսրայելացիները չէին գիտակցում իրավիճակի լրջությունը։ Նրանք ուզում էին, որ Սամուելն իրենց վրա թագավոր նշանակի՝ չհասկանալով, որ այդպիսով մերժում են իրենց Աստծուն՝ որպես Թագավորի, և անարգում են նրան ու նրա մարգարեին։ Կկարողանա՞ր Սամուելն իր խոսքերով հասնել նրանց սրտին, կկարողանա՞ր այնպես անել, որ նրանք զղջային։
Ալեհեր մարգարեն իր տեսքով պատկառանք էր ներշնչում ներկաներին և մղում էր մարդկանց լսելու իրեն։ Նա դիմեց բազմությանը. «Ես ծերացել եմ ու ալեհեր դարձել.... Իմ պատանեկությունից մինչև այս օրը ես ձեր առջևից եմ գնացել» (1 Սամուել 11։14, 15; 12։2)։ Այո՛, Սամուելն արդեն ծեր էր։ Բայց նրա հիշողության մեջ դեռ վառ էին իր պատանեկության տարիները. այդ ժամանակ կայացրած որոշումները մեծ դեր էին խաղացել նրա ողջ կյանքում։ Նա մանկուց ի վեր հավատարմորեն ու նվիրվածությամբ ծառայել էր Եհովային։
Տարիներ շարունակ Սամուելը պահել ու զորացրել էր իր հավատը, չնայած որ իր շուրջն ապրում էին մարդիկ, ովքեր իրենց վարքով անարգում էին Աստծուն և ցույց էին տալիս, որ հավատ չունեն նրա հանդեպ։ Մենք նույնպես ապրում ենք ապականված ու անհավատ աշխարհում, և մեզ համար էլ է դժվար պահպանել մեր հավատը։ Ուստի եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Սամուելի կյանքից։
Մանուկ Սամուելը «ծառայություն էր անում Եհովայի առաջ»
Սամուելը ոչ սովորական մանկություն է ունեցել։ Նրա ծնողները՝ Եղկանան ու Աննան, Եհովային խոստացել էին իրենց փոքրիկին նվիրել նրան։ Սամուելը ողջ կյանքում հատուկ ծառայություն էր մատուցելու Աստծուն. նա ուխտավոր էր լինելու a։ Ուստի կաթից կտրելուց կարճ ժամանակ անց, երբ Սամուելը հավանաբար մոտ չորս տարեկան էր, նրան տարան Սելով, որպեսզի ծառայի Եհովայի խորանում։ Սելովը նրանց տնից՝ Ռամայից, ավելի քան 30 կիլոմետր հեռու էր։ Արդյո՞ք դա նշանակում էր, որ ծնողները չէին սիրում փոքրիկին և պարզապես ուզում էին ազատվել նրանից։
Ամենևի՛ն։ Աննան ու Եղկանան շատ էին սիրում իրենց առաջնեկին. չէ՞ որ Սամուելի ծնունդը Աննայի աղոթքի պատասխանն էր։ Նա Աստծուց որդի էր խնդրել և խոստացել էր, որ երեխային կնվիրի նրան, որպեսզի նա իր ողջ կյանքում սուրբ ծառայություն մատուցի Եհովային։ Փոքրիկին բերելով Սելով՝ ծնողները վստահ էին, որ այնտեղ կխնամեն նրան։ Հեղի քահանայապետն, անշուշտ, հոգ կտաներ այդ մասին, քանի որ փոքրիկ Սամուելը նրա մոտ էր ծառայելու։ Այնտեղ կային նաև կանայք, որոնք աջակցում էին խորանում մատուցվող ծառայությանը՝ որոշ գործեր անելով (Ելք 38։8)։
Բացի այդ, ամեն տարի Աննան Սամուելի համար մի նոր վերնահագուստ էր կարում և իր հետ բերում Սելով, որպեսզի որդին այն կրեր ծառայության ժամանակ։ Սամուելն, անշուշտ, շատ էր ուրախանում, երբ տեսնում էր ծնողներին։ Նրանց քաջալերական խոսքերն ու խորհուրդները թարմություն
էին պատճառում տղային։ Անկասկած, ամեն անգամ ծնողները վստահեցնում էին նրան, որ այդ սուրբ վայրում Եհովային ծառայելը մեծ առանձնաշնորհում է։Աննան ու Եղկանան լավ օրինակ են ծնողների համար։ Այսօր շատերն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են երեխաների ֆիզիկական կարիքները հոգալու վրա՝ անտեսելով հոգևորը։ Իսկ Սամուելի ծնողներն առաջին հերթին մտածում էին իրենց երեխայի հոգևոր կարիքների մասին, և դա մեծ ազդեցություն թողեց նրա ողջ կյանքի վրա (Առակներ 22։6)։
Փորձենք պատկերացնել, թե ինչպես էր փոքրիկ տղան մեծանում բարձր բլուրներով շրջապատված Սելով քաղաքում։ Հավանաբար այդ բլուրների լանջերին զբոսնելիս Սամուելը նայում էր ցած՝ քաղաքին և նրա մի կողմում փռված հարթավայրին, ու նրա սիրտը լցվում էր բերկրանքով ու հպարտությամբ, երբ տեսնում էր Եհովայի խորանը։ Ամբողջ աշխարհում սա մաքուր երկրպագության միակ վայրն էր, որը պատրաստվել էր մոտ 400 տարի առաջ։ Անձամբ Մովսես մարգարեն էր վերահսկել այդ աշխատանքները։ Այդ խորանն իրոք որ սուրբ վայր էր b։
Փոքր հասակից Սամուելը սիրում էր խորանը։ 1 Սամուել 2։18-ում կարդում ենք. «Մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած, ծառայություն էր անում Եհովայի առաջ»։ Նրա կրած հագուստից կարելի է եզրակացնել, որ նա խորանում օգնում էր քահանաներին, թեև քահանայական դասին չէր պատկանում։ Նրա պարտականության մեջ մտնում էր դեպի խորանի գավիթ տանող դռները ամեն առավոտ բացելը։ Նա նաև սպասավորություն էր անում տարեց Հեղի քահանայապետին։ Սամուելը անչափ թանկ էր համարում իր առանձնաշնորհումը, սակայն կար մի բան, որ ցավ էր պատճառում իր փոքրիկ սրտին. Եհովայի տանը զարհուրելի բաներ էին կատարվում։
Նա անարատ մնաց
Մանուկ հասակում Սամուելը տեսնում էր, թե ինչպես էին Աստծու խորանում ծառայություն մատուցողները անօրենություն և անառակություն գործում։ Նրանց թվում էին Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, որոնց մասին գրված է. «Հեղիի որդիները անպիտան մարդիկ էին. նրանք չէին ընդունում Եհովային» (1 Սամուել 2։12)։ Նրանք անպիտան մարդիկ էին, քանի որ չէին հարգում Եհովային։ Աստծու արդար չափանիշներն ու պահանջները չէին հետաքրքրում քահանայի որդիներին, այդ պատճառով նրանք լուրջ մեղքեր էին գործում։
Աստծու Օրենքում հստակ նշված էր, թե խորանում քահանաներն ինչ պարտականություններ ունեին և թե ինչպես պետք է զոհեր մատուցեին։ Դրանք շատ կարևոր էին, քանի որ Աստված այդ զոհերի միջոցով էր ներում մարդկանց մեղքերը, նրանց մաքուր էր համարում, օրհնում ու առաջնորդություն տալիս։ Սակայն Օֆնին ու Փենեհեսը դրդում էին մյուս քահանաներին նույնպես անհարգալից վերաբերվելու այդ զոհաբերություններին c։
Կարող ենք պատկերացնել, թե ինչպես էր Սամուելը զարմանքով նայում քահանաներին, որոնք ոտնահարում էին Եհովայի պատվերները և մնում անպատիժ։ Քանի՜ անգամ էր նա տեսել, թե ինչպես են խեղճ ու կրակ մարդիկ գալիս խորան մխիթարվելու և թարմանալու հույսով, սակայն այնտեղից հեռանում էին հիասթափված, նվաստացած և հուսախաբ։ Իսկ ի՞նչ զգաց նա, երբ իմացավ, որ Օֆնին ու Փենեհեսը, արհամարհելով Եհովայի օրենքը, սեռական հարաբերություններ էին ունենում այն կանանց հետ, որոնք ծառայում էին խորանի մուտքի մոտ (1 Սամուել 2։22)։ Հավանաբար Սամուելը սպասում էր, որ Հեղին մի բան կձեռնարկի։
Որպես քահանայապետ՝ Հեղին պարտավոր էր հետևելու այն ամենին, ինչ տեղի էր ունենում խորանում, ուստի պետք է լուրջ քայլերի դիմեր անօրենության դեմն առնելու համար։ Նաև որպես 1 Սամուել 2։23–25)։ Բայց նրանց հարկավոր էր ավելի խիստ հանդիմանել, քանի որ մահվան արժանի հանցանք էին գործում։
հայր՝ պետք է ուղղեր իր որդիներին, քանի որ նրանք հոգևորապես վնասում էին ոչ միայն իրենց, այլև ուրիշներին։ Սակայն Հեղին թերանում էր իր պարտականությունները կատարելու մեջ։ Նա իր որդիներին պարզապես մեղմորեն խրատում էր (Իրավիճակն այնքան բարդացավ, որ Եհովան մի մարգարե ուղարկեց Հեղիի մոտ՝ նրան խիստ դատավճիռ հայտնելու։ Նա ասաց, որ Հեղիի երկու անօրեն որդիները մեկ օրվա մեջ կմեռնեն և Հեղիի տունը մեծ կորուստ կունենա, մինչև անգամ քահանայությունից կզրկվի, քանի որ նա իր որդիներին Աստծուց ավելի էր պատվում։ Այս խիստ նախազգուշացումը որևէ ազդեցություն թողե՞ց Հեղիի և նրա որդիների վրա։ Աստվածաշնչից իմանում ենք, որ նրանց չար սիրտը չփոխվեց (1 Սամուել 2։27–3։1)։
Իսկ ինչպե՞ս էր այդ ամենն ազդում փոքրիկ Սամուելի վրա։ Այս պատմության մութ էջերում երբեմն լուսավոր տողեր են հայտնվում, երբ կարդում ենք, թե ինչպես էր Սամուելը մեծանում և հոգևորապես առաջադիմում։ Հիշենք, թե ինչ էր գրված 1 Սամուել 2։18-ում։ Այնտեղ կարդում ենք, որ մանուկ Սամուելը հավատարմորեն «ծառայություն էր անում Եհովայի առաջ»։ Նույնիսկ կյանքի այդ վաղ շրջանում նա իր ուշադրությունը կենտրոնացնում էր Եհովային ծառայելու վրա։ Իսկ 21-րդ համարում կարդում ենք. «Մանուկ Սամուելը մեծանում էր Եհովայի մոտ»։ Տարիների ընթացքում Սամուելի փոխհարաբերությունները իր երկնային Հոր հետ ավելի էին ամրանում։ Այդպիսի մտերիմ փոխհարաբերությունը Եհովայի հետ ամենահզոր պաշտպանությունն էր նրա համար։
Սամուելը գուցե մտածեր, որ եթե քահանայապետն ու իր որդիները մեղք են գործում, ապա ինքն էլ ինչ ուզի, կարող է անել։ Սակայն այդպիսի արդարացումն ընդունելի չէ։ Նույնիսկ եթե մեղք գործողները հեղինակություն ունեցող մարդիկ են, պետք է հիշել, որ յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր արարքների համար։ Այսօր շատ երիտասարդ քրիստոնյաներ, հետևելով Սամուելի օրինակին, մեծանում են «Եհովայի մոտ» և մտերիմ փոխհարաբերություններ են զարգացնում նրա հետ՝ չնայած իրենց շրջապատի մարդկանց վատ օրինակին։
Եհովային հավատարիմ մնալու Սամուելի վճռականությունը ի՞նչ ազդեցություն թողեց իր կյանքի վրա։ 1 Սամուել 2։26-ում գրված է. «Այդ ընթացքում մանուկ Սամուելը շարունակում էր մեծանալ և ավելի հաճելի էր դառնում թե՛ Եհովային և թե՛ մարդկանց»։ Այո՛, նա վայելում էր բոլոր նրանց համակրանքը, որոնց կարծիքն իր մասին իրոք կարևոր էր։ Եհովան շատ թանկ էր գնահատում այս փոքրիկին իր հավատարմության համար։ Անշուշտ, Սամուելը վստահ էր, որ իր Աստվածը վերջ կդնի Սելովում տեղի ունեցող անօրենությանը, սակայն նրան գուցե անհանգստացներ այն հարցը, թե երբ կանի դա։
«Խոսի՛ր, քո ծառան լսում է»
Մի գիշեր պարզ դարձավ այդ հարցի պատասխանը։ Լուսադեմին, երբ Խորանում դեռ առկայծում էր ճրագակալի լույսը, լռության մեջ Սամուելը մի ձայն լսեց։ Ինչ-որ մեկը իրեն էր կանչում։ Նա մտածեց, թե կանչողը Հեղին է, որն արդեն ծեր էր և լավ չէր տեսնում։ Սամուելը վեր կացավ ու հավանաբար ոտաբոբիկ «վազեց Հեղիի մոտ»՝ իմանալու, թե նա ինչ է ուզում։ Այո՛, Սամուելը հարգանքով էր վերաբերվում Հեղիին և բարի էր նրա հանդեպ, քանի որ վերջինս Եհովայի կողմից նշանակված քահանայապետն էր՝ չնայած իր գործած մեղքերին (1 Սամուել 3։2–5)։
Սամուելն արթնացրեց Հեղիին՝ ասելով. «Այստե՛ղ եմ, կանչե՞լ ես ինձ»։ Բայց Հեղին ասաց. «Չեմ կանչել։ Գնա պառկիր»։ Նույն բանը կրկնվեց մի քանի անգամ։ Հետո Հեղին հասկացավ, որ Եհովան էր նրան կանչում։ Այդ ժամանակներում հազվադեպ էր Աստծու կողմից տեսիլք կամ մարգարեություն տրվում, և պարզ է, թե ինչու։ Սակայն Եհովան դարձյալ սկսեց խոսել մարդկանց հետ, այս անգամ՝ փոքրիկ Սամուելի միջոցով։ Ուստի Հեղին տղային սովորեցրեց, թե ինչ պատասխանի, երբ հաջորդ անգամ լսի այդ ձայնը։ Սամուելը այդպես էլ արեց։ Շատ չանցած՝ նա դարձյալ լսեց այդ ձայնը, որ կանչում էր. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Տղան պատասխանեց. «Խոսի՛ր, քո ծառան լսում է» (1 Սամուել 3։1, 5–10)։
Վերջապես Սելովում եղավ մեկը, որը արժանի էր լսելու Եհովայի ձայնը։ Այդ փոքրիկ տղան լսեց և հնազանդվեց Աստծուն մինչև կյանքի վերջ։ Իսկ դո՞ւ։ Պետք չէ սպասել, որ մի օր գիշերով Աստված ձայն կտա ու կսկսի խոսել մեզ հետ։ Այսօր նա մեզ հետ խոսում է Աստվածաշնչի
միջոցով։ Որքան շատ լսենք Աստծուն և հնազանդվենք նրա ձայնին, այնքան ավելի կզորանա մեր հավատը։ Այդպես զորացավ Սամուելի հավատը։Այդ դեպքը Սամուելի կյանքում մեծ նշանակություն ունեցավ։ Նա սկսեց ավելի մոտիկից ճանաչել Եհովային, դարձավ նրա մարգարեն ու խոսնակը։ Սկզբում նա վախենում էր Հեղիին հայտնել Եհովայի դատավճիռը. քահանայապետի ընտանիքի դեմ ասված մարգարեությունը շուտով իրականանալու էր։ Բայց հետո Սամուելը համարձակությամբ լցվեց ու Եհովայի բոլոր խոսքերը պատմեց Հեղիին։ Նա էլ խոնարհությամբ ընդունեց Աստծու դատավճիռը։ Որոշ ժամանակ անց ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես Եհովան ասել էր։ Երբ Իսրայելը դուրս եկավ փղշտացիների դեմ պատերազմելու, Օֆնին ու Փենեհեսը մեկ օրվա մեջ մարտի դաշտում ընկան։ Հեղին նույնպես այդ օրը մահացավ, երբ լուր բերին, որ Եհովայի տապանակը թշնամու ձեռքն է ընկել (1 Սամուել 3։10–18; 4։1–18)։
Տարիների ընթացքում մարդիկ Սամուելին ճանաչեցին որպես Աստծու կողմից ընտրված մարգարե։ Աստվածաշնչում նրա մասին կարդում ենք. «Եհովան նրա հետ էր, ու նրա ասած խոսքերից ոչ մեկը գետին չընկավ» (1 Սամուել 3։19)։
«Սամուելը Եհովային կանչեց»
Արդյո՞ք դա նշանակում է, թե իսրայելացիները հետևեցին Սամուելի առաջնորդությանը ու դարձան հավատարիմ և հոգևորապես հասուն մարդիկ։ Ո՛չ։ Որոշ ժամանակ անց նրանք որոշեցին, որ իրենց ավելին է պետք, քան մի մարգարե, որը կդատեր իրենց։ Նրանք ցանկացան մյուս ազգերի պես թագավոր ունենալ։ Եհովայի խոսքերին հետևելով՝ Սամուելը համաձայնվեց կատարել նրանց ցանկությունը։ Այդ պատճառով նա ժողովրդին կանչեց Գաղգաղա։ Բայց նա պետք է ցույց տար իսրայելացիներին, որ նրանք, այդպիսի պահանջ ներկայացնելով, մեծ մեղք են գործում։ Նրանք ոչ թե մարգարեին էին մերժում, որն ընդամենը մարդ էր, այլ մերժում էին Եհովային՝ իրենց Աստծուն։
Ի՞նչ էր ասելու նա իսրայելացիներին։ Սկզբում տարեց մարգարեն հիշեցրեց մարդկանց 1 Սամուել 12։17, 18)։
իր հավատարիմ կյանքի ընթացքը։ Այնուհետև «Սամուելը Եհովային կանչեց»։ Նա խնդրեց Եհովային, որ որոտ ու անձրև բերի երկրի վրա (Որոտ ու անձրև՞։ Հնձի ժամանակ՝ չոր եղանակին, անձրև՞ էր տեղալու։ Դա չլսված բան էր։ Ոմանք գուցե չհավատացին իրենց լսածին և ծաղրանքով վերաբերվեցին մարգարեի խոսքին, սակայն դա երկար չտևեց։ Երկինքը հանկարծ ծածկվեց մութ ամպերով։ Արտերում ցորենի հասկերը քամուց սկսեցին հողմակոծ լինել։ Որոտի թնդյունը խլացրեց բոլոր ձայները, և տեղատարափ անձրև սկսվեց։ Ժողովուրդը սաստիկ վախեցավ Եհովայից ու Սամուելից։ Այո՛, Սամուելի Աստվածը հասավ այդ ապստամբ ժողովրդի սրտին. նրանք հասկացան, թե որքան լուրջ էր իրենց մեղքը (1 Սամուել 12։18, 19)։
Ի տարբերություն նրանց՝ Սամուելն իր ողջ կյանքի ընթացքում՝ մանուկ հասակից մինչև ծերություն, հավատաց Աստծուն, և Աստված վարձատրեց նրան։ Եհովան չի փոխվել։ Այսօր էլ նա օգնում է նրանց, ովքեր Սամուելի պես ամուր հավատ ունեն։ Ուստի եկեք ընդօրինակենք այս հավատարիմ մարդուն։
[Ծանոթագրություններ]
a Ուխտավորները երդման տակ էին. նրանք չպետք է ալկոհոլ օգտագործեին և կտրեին իրենց մազերը։ Շատերը երդվում էին ուխտավոր լինել մի որոշ ժամանակով, բայց ոմանք էլ ողջ կյանքում են ուխտավոր եղել, ինչպես օրինակ՝ Սամսոնը, Սամուելը և Հովհաննես Մկրտիչը։
b Խորանը փայտե ուղղանկյունաձև հենքի վրա հավաքված մեծ վրան էր։ Այն պատրաստելու համար օգտագործվել էին բարձրորակ նյութեր, օրինակ՝ փոկի կաշի, գեղեցիկ ասեղնագործված կտոր և արծաթով ու ոսկով պատված թանկարժեք փայտ։ Խորանը կանգնեցված էր ուղղանկյունաձև գավիթում, որտեղ գտնվում էր նաև մեծ զոհասեղանը։ Ժամանակի ընթացքում խորանի կողքին, ամենայն հավանականությամբ, ուրիշ սենյակներ էլ էին պատրաստվել քահանաների համար։ Սամուելը հավանաբար այդ սենյակներից մեկում էր մնում։
c Նրանք անհարգալից վերաբերմունք էին դրսևորում երկու կերպով։ Օրենքում նշված էր, թե զոհաբերված անասունի որ կտորները պետք է տրվեին քահանաներին (2 Օրենք 18։3)։ Սակայն քահանաները այլ կերպ էին վարվում. նրանք ուղարկում էին իրենց սպասավորներին, որ մեծ պատառաքաղը մտցնեն կաթսայի մեջ, որտեղ եփվում էր միսը, և վերցնեն այն լավ կտորը, որը պատառաքաղը կհաներ։ Նաև երբ որևէ մեկը իր զոհը բերում էր այրելու, նախքան ճարպը կմատուցվեր Եհովային, քահանաների սպասավորները գալիս էին այդ մարդու մոտ և սպառնալով նրան՝ քահանայի հասանելիք միսը հում վիճակում էին պահանջում (Ղևտական 3։3–5; 1 Սամուել 2։13–17)։
[Նկար 17–րդ էջի վրա]
Թեև Սամուելը վախենում էր, բայց համարձակորեն Եհովայի դատավճիռը հայտնեց Հեղիին
[Նկար 18–րդ էջի վրա]
Սամուելը հավատով աղոթեց, և Եհովան պատասխանեց նրան