Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուս. ինչու է մահացել

Հիսուս. ինչու է մահացել

Հիսուս. ինչու է մահացել

«Մարդու Որդին եկավ.... որ.... իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (ՄԱՐԿՈՍ 10։45

Հիսուսը գիտեր, թե ինչ է իրեն սպասում։ Նա հասկանում էր, որ հանգիստ կյանքով չի ապրելու։ Ավելին, Աստծու Որդին գիտակցում էր, որ իր կյանքը ողբերգական ավարտ է ունենալու և որ ինքը մահանալու է երեսուներեք տարեկան հասակում։ Ուստի լիովին պատրաստ էր երես առ երես կանգնելու մահվան առաջ։

Աստվածաշունչը մեծ նշանակություն է տալիս Հիսուսի մահվանը։ Մի աշխատության մեջ ասվում է, որ Քրիստոնեական Հունարեն Գրություններում, կամ՝ Նոր Կտակարանում Հիսուսի մահվան մասին հիշատակվում է մոտ 175 անգամ։ Սակայն ինչո՞ւ Հիսուսը պետք է տառապեր և մահանար։ Այս հարցի պատասխանն իմանալը կարող է խորը ազդեցություն թողնել մեր կյանքի վրա։

Ի՞նչ էր սպասում Հիսուսին։ Իր կյանքի վերջին տարվա ընթացքում Հիսուսը մի քանի անգամ տեղեկացրեց իր աշակերտներին, թե ինչ տառապանքների միջով է անցնելու և ինչպես է մահանալու։ Երբ նա գնում էր Երուսաղեմ՝ նշելու իր վերջին Պասեքը, 12 առաքյալներին ասաց. «Մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, որոնք մահվան կդատապարտեն նրան, ապա կմատնեն ուրիշ ազգերի մարդկանց, որոնք կծաղրեն նրան ու կթքեն նրա վրա, կխարազանեն ու կսպանեն նրան» * (Մարկոս 10։33, 34)։ Ինչո՞ւ էր նա այդքան վստահ, որ այս բաները կատարվելու են իր հետ։

Հիսուսը շատ մարգարեություններ գիտեր Եբրայերեն Գրություններից, որոնք կանխագուշակում էին, թե ինչպես է նա մահանալու (Ղուկաս 18։31–33)։ Քննենք որոշ մարգարեություններ և դրանց աստվածաշնչյան հղումները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են դրանք իրականացել։

Մեսիային պետք է...

մատնեին 30 կտոր արծաթով (ԶԱՔԱՐԻԱ 11։12; ՄԱՏԹԵՈՍ 26։14–16

հարվածեին և թքեին նրա վրա (ԵՍԱՅԻԱ 50։6; ՄԱՏԹԵՈՍ 26։67; 27։26, 30

ցցին գամեին (ՍԱՂՄՈՍ 22։16; ՄԱՐԿՈՍ 15։24, 25

ցցի վրա անարգեին (ՍԱՂՄՈՍ 22։7, 8; ՄԱՏԹԵՈՍ 27։39–43

մահապատժի ենթարկեին՝ առանց ոսկորները կոտրելու (ՍԱՂՄՈՍ 34։20; ՀՈՎՀԱՆՆԵՍ 19։33, 36

Հիսուսի վրա կատարվեցին այս և մի շարք այլ մարգարեություններ։ Սակայն նա ինքը չէր կարող իրականացնել դրանք։ Այս բոլոր մարգարեությունների կատարումը փաստում է, որ Հիսուսն իսկապես ուղարկված էր Աստծու կողմից *։

Ինչևէ, անդրադառնանք այն հարցին, թե ինչու էր անհրաժեշտ, որ Հիսուսը տառապեր ու մահանար։

Հիսուսը մահացավ, որպեսզի պատասխան տրվի կարևոր հարցերին։ Հիսուսը տեղյակ էր տիեզերական նշանակություն ունեցող այն կարևոր հարցերին, որոնք բարձրացվել էին Եդեմի պարտեզում։ Ադամն ու Եվան, ենթարկվելով ըմբոստ ոգեղեն արարածի ազդեցությանը, նախընտրեցին չհնազանդվել Աստծուն։ Մարդկային առաջին զույգի ըմբոստությունը հարցականի տակ դրեց Աստծու գերիշխանության արդարացի լինելը, կամ՝ նրա ղեկավարման ձևը։ Նրանց մեղքի հետևանքով մի հարց էլ բարձրացավ. արդյո՞ք մարդ արարածը փորձությունների ներքո հավատարիմ կմնա Աստծուն (Ծննդոց 3։1–6; Հոբ 2։1–5

Հիսուսը սպառիչ պատասխան տվեց Եհովայի գերիշխանության և մարդու անարատության հետ կապված կարևոր հարցերին։ Իր կատարյալ հնազանդությամբ «մինչև մահ.... տանջանքի ցցի վրա» նա թիկունք կանգնեց Աստծու գերիշխանությանը (Փիլիպպեցիներ 2։8)։ Հիսուսը նաև փաստեց, որ կատարյալ մարդը կարող է կատարյալ անարատություն դրսևորել Եհովայի հանդեպ՝ չնայած դաժան փորձություններին։

Հիսուսը մահացավ, որպեսզի ազատի մարդկությանը։ Եսայիա մարգարեն կանխագուշակեց, որ խոստացյալ Մեսիան իր տառապանքով ու մահով կքավի մարդկության մեղքերը (Եսայիա 53։5, 10)։ Աստծու Որդին հստակ հասկանում էր դա, ուստի հոժարակամորեն «իր կյանքը փրկանք տվեց շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Իր զոհաբերական մահով նա դուռ բացեց անկատար մարդկանց համար, որպեսզի նրանք ամուր փոխհարաբերություններ վայելեն Եհովայի հետ և ազատվեն մեղքից ու մահից։ Հիսուսի մահը նաև հնարավորություն է տալիս մեզ վերագտնելու այն, ինչը կորցրին Ադամն ու Եվան՝ երկրի վրա կատարյալ պայմաններում հավիտյան ապրելու հեռանկարը * (Հայտնություն 21։3, 4

Ինչ կարող ես անել դու։ Այս հոդվածաշարում մենք տեսանք, թե ինչ է Աստվածաշունչը պատմում Հիսուսի մասին. որտեղից է նա եկել, ինչպես է ապրել և ինչու է մահացել։ Հիսուսի մասին այս ճշմարտություններն իմանալը շտկում է մեր թյուր կարծիքը։ Ավելին, եթե վարվենք դրանց համաձայն, կարող ենք օրհնություններ ստանալ՝ վայելել խաղաղ կյանք այսօր և հավիտենական կյանք՝ ապագայում։ Աստվածաշունչը տեղեկացնում է մեզ, թե ինչ պետք է անենք, եթե ցանկանում ենք քաղել այս օգուտները։

Ավելի շատ բաներ սովորիր Հիսուս Քրիստոսի և Եհովայի նպատակի իրականացման մեջ ունեցած նրա դերի մասին (ՀՈՎՀԱՆՆԵՍ 17։3

Հավատ զարգացրու Հիսուսի հանդեպ և քո ապրելակերպով ցույց տուր, որ ընդունում ես նրան՝ որպես քո Փրկչի (ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։36; ԳՈՐԾԵՐ 5։31

Եհովայի վկաները մեծ հաճույքով կօգնեն քեզ ավելի շատ բան սովորելու Հիսուսի՝ Աստծու «միածին Որդու» մասին, ում միջոցով կարող ենք ստանալ «հավիտենական կյանքի» պարգևը (Հովհաննես 3։16

[ծանոթագրություններ]

^ պարբ. 5 Հիսուսը հաճախ իրեն կոչում էր «մարդու Որդի» (Մատթեոս 8։20)։ Դա ցույց էր տալիս, որ նա մարդ արարած է և որ Աստվածաշնչի մարգարեության մեջ հիշատակված «մարդու որդի» արտահայտությունը իրեն է վերաբերում (Դանիել 7։13, 14

^ պարբ. 13 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այն մարգարեությունների մասին, որոնք կատարվեցին Հիսուսի վրա, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի «Հիսուս Քրիստոս. խոստացյալ Մեսիան» հավելվածը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 17 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար այն մասին, թե ինչ արժեք ունի Հիսուսի զոհաբերական մահը, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը՝ «Փրկանք. Աստծու մեծագույն նվերը»։