Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արդյո՞ք հավիտենական կյանքը դրախտում ձանձրալի կլինի

Արդյո՞ք հավիտենական կյանքը դրախտում ձանձրալի կլինի

Մեր ընթերցողները հարցնում են

Արդյո՞ք հավիտենական կյանքը դրախտում ձանձրալի կլինի

Աստվածաշունչը դրախտ-երկրի վրա հավիտյան ապրելու հույս է տալիս մեզ (Սաղմոս 37։29; Ղուկաս 23։43)։ Սակայն արդյո՞ք կատարյալ պայմաններում հավիտյան ապրելը ձանձրալի կլինի։

Այս հարցը անչափ կարևոր է։ Հետազոտողները պարզել են, որ քրոնիկ ձանձրույթը կարող է մտահոգ դարձնել մարդուն, վհատեցնել նրան և դրդել ռիսկի դիմելու։ Նրանք, ովքեր կյանքում չունեն նպատակ կամ ովքեր հոգնել են իրենց առօրյայից, թերևս ընկնեն ձանձրույթի գիրկը։ Սակայն արդյո՞ք դրախտում մարդիկ աննպատակ են ապրելու։ Արդյո՞ք այնտեղ առօրյան ձանձրալի է լինելու։

Նախ մտածեք այն մասին, որ Եհովա Աստված՝ Աստվածաշնչի Հեղինակն է ձեզ առաջարկում հավիտենական կյանք (Հովհաննես 3։16; 2 Տիմոթեոս 3։16)։ Աստծու ամենագլխավոր հատկությունը սերն է (1 Հովհաննես 4։8)։ Եհովան խորունկ սեր է տածում մեր հանդեպ և տվել է մեզ բազմաթիվ բարիքներ, որոնք մեզ հաճույք են պատճառում (Հակոբոս 1։17

Մեր Ստեղծիչը գիտի, որ երջանիկ լինելու համար մենք պետք է իմաստալից գործով զբաղվենք (Սաղմոս 139։14–16; Ժողովող 3։12)։ Դրախտում աշխատող մարդիկ ռոբոտի նման չեն լինի։ Աշխատանքը, որ նրանք կանեն, օգուտներ կբերի թե՛ իրենց, թե՛ իրենց սիրելիներին (Եսայիա 65։22–24)։ Մի՞թե ձեզ համար կյանքը ձանձրալի կլինի, եթե ողջ օրը զբաղված լինեք հետաքրքիր ու ոգեշնչող աշխատանքով։

Նկատի առեք նաև այն, որ Եհովա Աստված թույլ չի տա ցանկացած մարդու ապրել դրախտում։ Նա հավիտենական կյանքի պարգևը առաջարկում է միայն այն անհատներին, ովքեր ընդօրինակում են իր Որդուն՝ Հիսուսին (Հովհաննես 17։3)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը հաճույքով էր կատարում իր Հոր կամքը։ Նա իր հետևորդներին թե՛ խոսքով, թե՛ գործով ցույց էր տալիս, որ հարատև երջանկությունը ավելի շատ տալու մեջ է, քան ստանալու (Գործեր 20։35)։ Վերականգնված դրախտում բոլորը կհետևեն երկու մեծագույն պատվիրաններին՝ սիրել Աստծուն և մերձավորին (Մատթեոս 22։36–40)։ Միայն պատկերացրեք. շրջապատված եք մարդկանցով, ովքեր եսասեր չեն, սիրում են ձեզ և սիրում են իրենց աշխատանքը։ Ի՞նչ եք կարծում, կձանձրանա՞ք այսպիսի միջավայրում։

Ուրիշ ի՞նչ դուռ կբացվի դրախտում մեր առաջ։ Ամեն օր մենք նորանոր բաներ կսովորենք Արարչի մասին։ Հետազոտողները բազմաթիվ բացահայտումներ են արել Եհովայի ստեղծագործությունների վերաբերյալ (Հռոմեացիներ 1։20)։ Սակայն այդ ամենը անծայրածիր օվկիանոսի ընդամենը մեկ կաթիլն է։ Հազարավոր տարիներ առաջ հավատարիմ Հոբը, խորհելով Աստծու ստեղծագործության մասին ունեցած իր գիտելիքների շուրջ, ասաց. «Սրանք [Աստծու] ճանապարհների եզրերն են և ընդամենը շշուկ է լսվում նրա մասին։ Բայց ո՞վ կարող է հասկանալ նրա հզոր որոտը» (Հոբ 26։14)։ Այս խոսքերը ճշմարիտ են նաև այսօր։

Անգամ հավիտենության մեջ մենք չենք կարողանա ամեն ինչ բացահայտել Եհովա Աստծու և նրա գործերի մասին։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված հավիտյան ապրելու ցանկություն է դրել մեր սրտում։ Սակայն նշում է նաև, որ մենք «երբեք չենք կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է» (Ժողովող 3։10, 11)։ Ի՞նչ եք կարծում, մի՞թե ձանձրալի կլինի Արարչի մասին նոր բաներ սովորելը։

Նույնիսկ այսօր նրանք, ովքեր զբաղված են այն կարևոր գործով, որն օգուտներ է բերում ուրիշներին և փառաբանում Արարչին, հազիվ թե ձանձրանան։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ եթե միշտ զբաղված լինենք նման գործով, անգամ հավիտենության մեջ երբեք չենք ձանձրանա։

[նկար 27-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Earth: Image Science and Analysis Laboratory, NASA-Johnson Space Center; Galaxy: The Hubble Heritage Team (AURA/STScI/NASA)