Ապրիր ունեցածդ միջոցների համեմատ. ինչպե՞ս
«ՈՏՔԴ վերմակիդ չափով մեկնիր»։ Այս հայտնի առածի իմաստն այն է, որ մարդ պետք է իր հնարավորությունների չափով ծախսի։
Այս խոսքերի նշանակությունը հասկանալը մի բան է, սակայն դրանք գործի դնելն ու դրանցից օգուտ քաղելը մեկ այլ բան։ Մարդիկ կխուսափեին բազմաթիվ ֆինանսական խնդիրներից, եթե ջանային հետևել այս կարևոր խորհրդին։ Իսկ ինչպե՞ս։ Որտե՞ղ կարող ենք վստահելի առաջնորդություն գտնել։ Այս հարցում օգնության աղբյուր է Աստվածաշունչը։ Եկ տեսնենք, թե ինչ է այն առաջարկում։
Աստվածաշնչյան օգտակար սկզբունքներ
Աստվածաշունչը բազմաթիվ գործնական սկզբունքներ է պարունակում, որոնք կարող են օգնել քեզ տնօրինելու գումարդ։ Վստահ ենք՝ կհամաձայնվես, որ այս սկզբունքները կարող են օգտակար լինել քեզ համար։ Քննենք դրանցից մի քանիսը։
Կազմիր ծրագիր կամ բյուջե։
Գումարդ հմտորեն տնօրինելու համար պետք է հաշվարկես, թե որքան փող ես ստանալու և ինչ ծախսեր ունես անելու։ Աստվածաշունչն ասում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5)։ Ոմանք կիրառում են հետևյալ պարզ մեթոդը. վերցնում են տարբեր ծրարներ և դրանց վրա առանձին-առանձին գրում են «ուտելիք», «վարձեր» կամ «հագուստ» և, ըստ այդմ, կազմակերպում իրենց ծախսերը։ Անկախ նրանից՝ այս պարզ մեթոդն ես կիրառում, թե մեկ այլ մանրակրկիտ կերպով մշակված տարբերակ, կարևորն այն է, որ իմանաս, թե ինչի վրա ես ծախսում փողերդ, և միշտ առաջին տեղում դնես ոչ թե հաճույքները, այլ անհրաժեշտ բաները։
Մի՛ նախանձիր։
Շատերը, ովքեր ապրում են զարգացող երկրներում, տենչում են ունենալ այն, ինչ ունեն արդեն զարգացած երկրներում ապրողները։ Բազմաթիվ մարդիկ ցանկանում են ձեռք բերել այն, ինչ իրենց հարևաններն են ցուցամոլաբար ներկայացնում։ Սա կարող է իսկական ծուղակ լինել, քանի որ գուցե հարևանը իրականում հնարավորություն չունի և այդ իրերը պարտքով է գնել։ Որքա՜ն ցավալի կլինի, եթե հետևելով ուրիշի անմիտ արարքին՝ կանգնենք ֆինանսական աղետի առաջ։ Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Նախանձ աչք ունեցող մարդը հարստության հետևից է ընկնում, բայց չգիտի, որ իր վրա չքավորություն է գալու» (Առակներ 28։22)։
Պարզ կյանքով ապրիր։
Հիսուսը խորհուրդ տվեց իր հետևորդներին իրենց աչքը «պարզ» պահել (Մատթեոս 6։22)։ Եթե միայն կարտոֆիլ գնելու հնարավորություն ունես, սակայն ուզում ես ամեն օր միս առնել, կարող ես հեշտությամբ ֆինանսական ճգնաժամի մեջ ընկնել։ Ըստ մի բանկի հաշվետվության՝ Ասիայում Ֆիլիպինների բնակչության մոտ մեկ երրորդը և Հնդկաստանի բնակչության կեսից ավելին ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, որի օրական եկամուտը կազմում է մոտավորապես 1,35 դոլար (Asian Development Bank)։ Չնչին եկամուտ ունենալու դեպքում իմաստուն կլինի կենտրոնանալ ամենաանհրաժեշտ բաների վրա։ Նույնիսկ հարուստ երկրներում ապրողներին այս սկզբունքը կարող է օգնել խուսափելու բազում ֆինանսական խնդիրներից։
Բավարարվիր անհրաժեշտ բաներով։
Այս խորհուրդը սերտորեն կապված է պարզ կյանք վարելու հետ։ Այդ մասին խոսվում է 1 Տիմոթեոս 6։8 համարում. «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք»։ Աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից ոմանք քիչ գումար են վաստակում, սակայն երջանիկ են, քանի որ նրանց բավարարվածություն է պատճառում այն, ինչ ունեն՝ ոչ միայն նյութական բաները, այլև ընտանիքի ու ընկերների սերը (Առակներ 15։17)։
Խուսափիր անտեղի պարտքերից։
Որքա՜ն ճշմարիտ են աստվածաշնչյան այս խոսքերը. «Հարուստը իշխում է աղքատների վրա, և պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է» (Առակներ 22։7)։ Չնայած լինում են դեպքեր, երբ պարտքով փող վերցնելը անխուսափելի է, սակայն նրանք, ովքեր անտեղի պարտքեր են անում, միայն թե գնեն իրենց ուզածը, հաճախ կքում են ծանր ֆինանսական բեռի տակ։ Այս իրավիճակը հատկապես սպառնում է վարկաքարտերից օգտվողներին։ «Թայմ» հանդեսում նշվում է. «Հենց որ վարկաքարտ ենք ունենում, դառնում ենք անխոհեմ ու անմտածված գնումներ ենք անում»։ Էրիկը, որն ապրում է Ֆիլիպիններում, ասում է. «Վարկաքարտից օգտվելիս հաճախ ավելի շատ ծախսեր եմ անում, քան կանխիկ գնումներ կատարելիս։ Այդ պատճառով էլ բյուջես ճեղքվում է, երբ գալիս է հաշիվներս վճարելու ժամանակը»։ Մենք պետք է շատ, այո՛, շատ իմաստուն լինենք, երբ օգտվում ենք վարկաքարտերից (2 Թագավորներ 4։1; Մատթեոս 18։25)։
Ինչ-որ բան գնելու համար նախապես փող հավաքիր։
Գուցե այսօր այդքան էլ ընդունված չէ որևէ գնում կատարելուց առաջ փող հավաքել, սակայն դա իմաստուն քայլ է ֆինանսական խնդիրներից խուսափելու համար։ Այդպես վարվելով՝ շատերը զերծ են մնում պարտքերից և դրա հետ կապված վտանգներից, օրինակ՝ բարձր տոկոսադրույքներից, որոնք ի վերջո կցվում են գնված ապրանքի գնին։ Հետաքրքիր է, որ Աստվածաշունչը մրջյունին «իմաստուն է» անվանում, քանի որ նա «մտածում է» ապագայի մասին՝ հավաքելով «ուտելիքի պաշարը հնձի ժամանակ» (Առակներ 6։6–8; 30։24, 25)։
Սովորիր ուրիշներից
Մեր քննարկած աստվածաշնչյան բոլոր խորհուրդները գեղեցիկ են հնչում, սակայն արդյոք դրանք օգնո՞ւմ են մարդկանց ապրելու իրենց ունեցածի համեմատ։ Եկ քննենք, թե ինչպես են ոմանք հետևել այս խորհուրդներին և հաջողությամբ հաղթահարել ֆինանսական դժվարությունները։
Դիոսդադոն, որը չորս երեխաների հայր է, խոստովանում է, որ վերջին ֆինանսական ճգնաժամի պատճառով ավելի դժվար է դարձել ընտանիքին հոգ տանելը։ Ահա թե ինչու, նա լավ գիտի բյուջե կազմելու օգուտները։ «Բյուջե կազմելիս ընդգրկում եմ վաստակածս յուրաքանչյուր սենտավոն,— ասում է նա։— Մի ցուցակ ունեմ, որտեղ նշում եմ, թե ինչի վրա եմ ծախսում փողս»։ Դանիլոն հետևում է նույն սկզբունքին։ Նա և իր կինը կորցրել են իրենց փոքրիկ բիզնեսը։ Բայցևայնպես, լավ բյուջե կազմելու շնորհիվ նրանց հաջողվում է բավարարել իրենց առաջնահերթ կարիքները։ Նա ասում է. «Մենք գիտենք, թե որքան է կազմում մեր ամսական եկամուտն ու ծախսը։ Դրա հիման վրա մանրամասնորեն քննարկում ենք, թե որքան գումար կարող ենք ծախսել»։
Իրենց ծրագրած բյուջեին հետևելու համար ոմանք հարկ են համարել որոշ հարցերում նվազեցնել ծախսերը։ Միրնան, որը այրի է և երեք երեխա է մեծացնում, ասում է. «Տրանսպորտով գնալու փոխարեն՝ այժմ ես ու երեխաներս ոտքով ենք գնում ժողով»։ Միրնան ջանքեր է թափում, որպեսզի սովորեցնի իր երեխաներին գնահատել պարզ կյանքով ապրելու արժեքը։ Նա ասում է. «1 Տիմոթեոս 6։8–10-ում արձանագրված սկզբունքը կիրառելու հարցում փորձում եմ երեխաներիս համար լավ օրինակ լինել։ Այս խոսքերն ընդգծում են, թե որքան կարևոր է գոհանալ ունեցածով»։
Ջերալդը, որը երկու երեխաների հայր է, նույն կերպով է վարվում։ Նա ասում է. «Ընտանեկան երկրպագության ժամանակ քննարկում ենք մեր այն հավատակիցների օրինակները, ովքեր կենտրոնանում են կարևոր՝ հոգևոր բաների վրա։ Դրա շնորհիվ երեխաներս սովորում են չպահանջել բաներ, որոնք այդքան էլ կարևոր չեն, իսկ դա անչափ ոգևորում է մեզ»։
Ջանեթը ամուրի է և լիաժամ կամավոր է ծառայում Ֆիլիպիններում՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելով մարդկանց հետ։ Վերջերս նա կորցրեց աշխատանքը, սակայն շարունակում է ապրել իր ունեցած միջոցների համեմատ։ Ջանեթն ասում է. «Դա ինձ հաջողվում է ինքնակարգապահության և ծախսերս նախօրոք պլանավորելու շնորհիվ։ Մեծ առևտրի կենտրոններից օգտվելու փոխարեն՝ գնում եմ այնպիսի խանութներ, որտեղ ավելի էժան ապրանքներ են վաճառում։ Ինչո՞ւ թանկ վճարեմ, եթե հնարավոր է նույն բանը ավելի էժան գնով առնել։ Ես նաև խուսափում եմ անմտածված գնումներ անելուց»։ Ջանեթը հասկանում է, թե որքան իմաստուն է նախօրոք փող հավաքելը։ «Եթե փողս ավելանում է,— ասում է նա,— մի կողմ եմ դնում այն, որպեսզի անկանխատեսելի ծախսերի համար որոշակի գումար ունենամ»։
Էրիկը, որի մասին խոսվեց վերևում, վարկաքարտերի հետ կապված ասում է. «Ես միայն ծայրահեղ դեպքերում եմ վարկաքարտից օգտվում»։ Իսկ Դիոսդադոն խոստովանում է. «Անտեղի ծախսերից խուսափելու համար հաճախ վարկաքարտս թողնում եմ գրասենյակում»։
Դու կարո՛ղ ես ապրել քո միջոցների համեմատ
Ինչ խոսք, թեև Աստվածաշունչը հիմնականում կենտրոնանում է հոգևոր հարցերի վրա, սակայն շատերը համաձայն են, որ այն տալիս է նաև նյութականի հետ կապված առաջնորդություն, որը նույնպես կարող է օգուտներ բերել մեզ (Առակներ 2։6; Մատթեոս 6։25–34)։ Եթե կիրառես վերը նշված աստվածաշնչյան սկզբունքները և սովորես ուրիշների օրինակներից, ովքեր արդեն օգուտներ են քաղել՝ հետևելով այս սկզբունքներին, դու նույնպես կկարողանաս ապրել քո միջոցների համեմատ։ Այսպես վարվելով՝ կխուսափես բազում անհանգստություններից ու ցավերից, որոնք այսօր տառապանք են պատճառում միլիոնավոր մարդկանց։