Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ

Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ

Ընդօրինակեք նրանց հավատը

Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ

ՄՈՒԹԸ վրա էր հասնում։ Եղիան, որը երիտասարդ չէր, վազում էր տեղատարափ անձրևի տակ։ Նա դեռ երկար ճանապարհ պետք է անցներ Հեզրայել հասնելու համար։ Եղիան վազում էր ու չէր հոգնում, քանի որ «Եհովայի ձեռքը» նրա վրա էր։ Նա երբևէ այսպիսի գերբնական զորություն չէր զգացել իր վրա։ Մարգարեն նույնիսկ առաջ ընկավ Աքաաբ թագավորի արքայական կառքից, որը մի քանի ձիեր էր լծած (1 Թագավորներ 18։46

Աքաաբ թագավորը իր կառքով մնաց հետևում։ Իսկ մարգարեին այժմ մի երկար ճանապարհորդություն էր սպասում։ Միայն պատկերացրու, թե ինչպես էր անձրևը ուժգին հարվածում նրա դեմքին, երբ վազում էր։ Հավանաբար նա խորհում էր իր կյանքի ամենահիշարժան պահի մասին։ Դա իր Աստված Եհովայի և ճշմարիտ երկրպագության փառահեղ հաղթանակն էր։ Կարմեղոս լեռը մնաց հեռվում, նրա գագաթը գրեթե չէր երևում, քանի որ հորդառատ անձրևի պատճառով երկինքը մռայլ ու ամպամած էր։ Այդ նույն լեռան վրա էր, որ Եհովան Եղիայի միջոցով Բահաղի երկրպագուներին հրաշքով խայտառակ պարտության մատնեց։ Հարյուրավոր չար ու խաբեբա մարգարեներ արդարացիորեն սրով ընկան։ Հետո Եղիան աղոթեց, որ Եհովան վերջ դնի երաշտին՝ այդ սարսափելի չորությանը, որը երեք ու կես տարի խանձել էր երկիրը։ Վերջապես հորդառատ անձրև սկսեց * (1 Թագավորներ 18։18–45

Եղիան շարունակում էր անձրևի տակ վազել Հեզրայելի ուղղությամբ, որը 30 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում։ Նա թերևս հույս ուներ, որ այս ամենից հետո շրջադարձային փոփոխություններ տեղի կունենան. այդ ամենի ականատեսը լինելուց հետո, անկասկած, Աքաաբը կփոխվի, նա վերջ կդնի Բահաղի երկրպագությանը, կսանձի իր թագուհուն՝ Հեզաբելին, և կդադարի Եհովայի ծառաներին հետապնդելուց։

Երբ ամեն բան կյանքում սկսում է ընթանալ ճիշտ այնպես, ինչպես մենք ենք ուզում, մեր մեջ հույսի նշույլ է առկայծում, մտածում ենք, որ մեր հանգամանքները կբարելավվեն, իսկ ամենածանր խնդիրները անցյալի գիրկը կանցնեն։ Եթե Եղիան այդպես էր մտածում, ապա դա զարմանալի չէր, քանի որ նա «այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակոբոս 5։17)։ Իրականում, Եղիայի խնդիրները ամենևին էլ վերջ չէին գտել։ Ընդամենը մի քանի ժամ անց նա վախով է լցվելու ու այն աստիճան է հուսահատվելու, որ գերադասելու է մահանալ։ Իսկ ի՞նչ էր պատահելու։ Ինչպե՞ս էր Եհովան օգնելու իր մարգարեին, որ վերջինս ամրացնի իր հավատն ու արիանա։ Եկ տեսնենք։

Շրջադարձային փոփոխություն

Երբ Աքաաբը հասավ Հեզրայելում գտնվող իր պալատ, ամենևին էլ ցույց չտվեց, որ փոխել է իր մտածելակերպը՝ դառնալով հոգևոր անձնավորություն։ Կարդում ենք. «Աքաաբը Հեզաբելին պատմեց այն ամենը, ինչ որ Եղիան արել էր, և թե ինչպես էր սրով սպանել բոլոր մարգարեներին» (1 Թագավորներ 19։1)։ Նկատի առ այն, որ երբ Աքաաբը սկսեց պատմել, թե ինչ էր տեղի ունեցել այդ օրը, նա չնշեց Եղիայի Աստված Եհովայի մասին։ Աքաաբը այդ օրվա հրաշքին նայեց միայն մարմնավոր աչքերով՝ այդ ամենը վերագրելով Եղիային։ Հստակ է ուրեմն, որ նա շարունակում էր անհարգալից վերաբերմունք դրսևորել Եհովայի հանդեպ։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց նրա կինը՝ վրիժառու Հեզաբելը։

Նա կատաղեց և հետևյալ պատգամը ուղարկեց Եղիային. «Թող աստվածները այսպես ու սրանից ավելին անեն, եթե վաղը այս ժամին ես քո հոգու հետ նույնը չանեմ, ինչ որ նրանցից ամեն մեկի հոգու հետ եղավ» (1 Թագավորներ 19։2)։ Սա մահվան ամենասարսափելի սպառնալիքն էր։ Փաստորեն, Հեզաբելը երդվեց, որ եթե չկարողանա մեկ օրվա ընթացքում սպանել Եղիային՝ այդպիսով վրեժ առնելով Բահաղի մարգարեներից, թող ինքը մահանա։ Պատկերացրու, թե ինչ զգաց Եղիան, երբ գիշերով՝ այդ անձրևային եղանակին, պատգամաբերը մտավ Հեզրայելի իր համեստ կացարան և քնից հանելով նրան՝ հայտնեց թագուհու այս սահմռկեցուցիչ խոսքերը։

Հուսալքված ու վախով համակված

Եթե Եղիան իր սրտում հույսեր էր փայփայում, թե Բահաղի երկրպագուների դեմ ուղղված պատերազմը ավարտվել է, ապա այդ պահին նրա սպասումները ի դերև եղան։ Հեզաբելը բնավ չէր պատրաստվում զիջելու իր դիրքերը։ Բազմաթիվ հավատարիմ մարգարեներ արդեն սրի էին մատնվել թագուհու կարգադրությամբ. այժմ հերթը հասել էր Եղիային։ Աստվածաշունչն ասում է, որ մարգարեն «վախեցավ»։ Գուցե նա մտովի պատկերացրեց այն սարսափելի մահը, որն իր համար նախատեսել էր Հեզաբելը։ Եթե մարգարեին անհանգստացնում էին այդ մտքերը, ապա զարմանալի չէ, որ նա վախով համակվեց։ Ինչևէ, «իր հոգին փրկելու» համար Եղիան փախավ (1 Թագավորներ 18։4; 19։3

Իհարկե, նա միակ հավատարիմ անձնավորությունը չէր, որ վախեցավ։ Ավելի ուշ նույն զգացումն ունեցավ նաև Պետրոս առաքյալը։ Օրինակ՝ երբ Հիսուսը այնպես արեց, որ նա էլ կարողանա քայլել ջրի վրայով, վերջինս «փոթորկին նայեց», ապա կորցնելով իր քաջությունը՝ սկսեց սուզվել (Մատթեոս 14։30)։ Եղիայի և Պետրոսի օրինակները մի արժեքավոր դաս են սովորեցնում մեզ. եթե ցանկանում ենք քաջ մնալ, չպետք է թույլ տանք, որ մեր միտքը կենտրոնանա մեզ վախեցնող վտանգների վրա։ Փոխարենը՝ պետք է մեր աչքերը հառենք մեր հույսի ու զորության Աղբյուրին։

«Բավակա՛ն է»

Վախը սրտում՝ Եղիան փախավ դեպի հարավ-արևմուտք՝ մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերսաբեե քաղաք, որը Հուդայի հարավային սահմանի մոտ էր։ Այնտեղ նա թողեց իր սպասավորին, իսկ ինքը մենակ ճանապարհ ընկավ անապատի միջով։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «մեկ օրվա ճանապարհ գնաց», ուստի կարող ենք եզրակացնել, որ մարգարեն լուսաբացին էր ճամփա ընկել՝ ակներևաբար, իր հետ ոչինչ չվերցնելով։ Ճնշված ու ավելի քան երբևէ վախից հուսահատ եղած՝ նա կիզիչ արևի տակ մի կերպ առաջ էր շարժվում՝ անցնելով անհարթ ու ամայի տեղանքով։ Երբ երկնքի շլացուցիչ հրե գունդը շառագունեց ու աստիճանաբար սուզվեց հորիզոնում, Եղիայի ուժերը դավաճանեցին նրան։ Ուժասպառ եղած՝ նա նստեց մի օրոճի տակ, որն այդ անբնակ տարածքի «ապաստարանն» էր (1 Թագավորներ 19։4

Ծայրահեղ վհատության մեջ Եղիան աղոթեց Աստծուն ու սկսեց իր հոգու համար մահ խնդրել՝ ասելով. «Ես իմ հայրերից ավելի լավը չեմ»։ Նա գիտեր, որ իր նախահայրերը պարզապես հող են դարձել, և նրանց ոսկորներն են մնացել գերեզմանում. նրանք չեն կարող ինչ-որ բարիք անել որևէ մեկին (Ժողովող 9։10)։ Եղիան իրեն այդ աստիճան անարժեք էր զգում։ Ուստի ամենևին էլ չենք զարմանում, երբ կարդում ենք, որ նա աղաղակեց՝ «բավակա՛ն է»։ Էլ ինչի՞ համար պետք է ապրեր նա։

Մի՞թե պետք է զարմանանք, եթե Աստծու ծառաներից որևէ մեկը այս աստիճան ծայրահեղ վհատության մեջ ընկնի։ Ամենևի՛ն։ Աստվածաշնչում արձանագրված են բազմաթիվ հավատարիմ տղամարդկանց ու կանանց օրինակներ, ովքեր այնքան են ընկճվել, որ նույնիսկ ցանկացել են մահանալ։ Նրանց թվում էին Ռեբեկան, Հակոբը, Մովսեսը և Հոբը (Ծննդոց 25։22; 37։35; Թվեր 11։13–15; Հոբ 14։13

Այսօր մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», ուստի չպետք է անակնկալի գանք՝ տեսնելով, որ շատերը, այդ թվում նաև Աստծու հավատարիմ ծառաները երբեմն ընկճվում են (2 Տիմոթեոս 3։1)։ Եթե դու էլ երբևէ նման անելանելի թվացող իրավիճակում հայտնվես, ընդօրինակիր Եղիային. բա՛ց արա սիրտդ Աստծու առաջ։ Չէ՞ որ Եհովան «ամենայն մխիթարության Աստված է» (2 Կորնթացիներ 1։3)։ Ի՞նչ ես կարծում, Աստված մխիթարե՞ց Եղիային։

Եհովան նեցուկ եղավ իր մարգարեին

Քո կարծիքով՝ ի՞նչ էր զգում Եհովան, երբ երկնքից նայում էր իր սիրելի մարգարեին, որն անապատում, ծառի տակ նստած, իր հոգու համար մահ էր աղերսում։ Եկ տեսնենք։ Երբ Եղիան քուն մտավ, Եհովան նրա մոտ մի հրեշտակ ուղարկեց։ Այդ հրեշտակը, կամաց դիպչելով Եղիային, արթնացրեց նրան ու ասաց. «Վե՛ր կաց ու կե՛ր»։ Մարգարեն լսեց նրան, վեր կացավ, կերավ նրա առաջ դրած մի կտոր տաք հացը և խմեց ջուրը։ Շնորհակալություն հայտնե՞ց նա հրեշտակին։ Արձանագրության մեջ միայն ասվում է, որ նա կերավ, խմեց ու նորից քնեց։ Արդյո՞ք մարգարեն այն աստիճան էր ընկճվել, որ չէր կարողանում խոսել։ Ինչևէ, հրեշտակը նրան երկրորդ անգամ արթնացրեց՝ հավանաբար մայրամուտին։ Մեկ անգամ ևս նա դիպավ Եղիային՝ ասելով՝ «վե՛ր կաց ու կե՛ր», ապա ավելացրեց. «Որովհետև ճանապարհդ երկար է լինելու» (1 Թագավորներ 19։5–7

Աստծու տված հասկացողության շնորհիվ էր, որ հրեշտակը գիտեր, թե ուր է Եղիան գնում։ Նա նաև գիտեր, որ այդ ճանապարհորդությունը մարգարեի ուժերից վեր է։ Ի՜նչ մխիթարական է ծառայել մի Աստծու, ով մեզնից լավ գիտի մեր նպատակների ու սահմանափակ հնարավորությունների մասին (Սաղմոս 103։13, 14)։ Ի՞նչ տվեց Եղիային այդ կերակուրը։

Կարդում ենք. «Նա վեր կացավ, կերավ ու խմեց։ Ուժ ստանալով իր կերածից՝ նա քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Քորեբ՝ մինչև ճշմարիտ Աստծու լեռը» (1 Թագավորներ 19։8)։ Եղիան 40 օր ու 40 գիշեր հաց չկերավ ինչպես Մովսեսը, որը նրանից վեց դար առաջ էր ապրել, և ինչպես Հիսուսը, որը մոտ տասը դար հետո էր միայն աշխարհ գալու (Ելք 34։28; Ղուկաս 4։1, 2)։ Ինչ խոսք, այդ կերակուրը չլուծեց նրա բոլոր խնդիրները, բայցևայնպես այն հրաշքով զորացրեց նրան։ Պատկերացրու, թե ինչպես էր տարիքն առած այս հավատարիմ ծառան օրեր ու շաբաթներ շարունակ՝ մոտ մեկ ու կես ամիս, անցնում ամայի վայրերով, ուր ճանապարհ անգամ չկար։

Եհովան այսօր նույնպես զորացնում է իր ծառաներին, սակայն նա անում է դա ոչ թե ֆիզիկական հրաշք-կերակուրի, այլ հոգևոր սննդի միջոցով (Մատթեոս 4։4)։ Երբ Աստվածաշնչից և դրա վրա հիմնված հրատարակություններից սովորում ենք Աստծու մասին, հոգևորապես զորանում ենք։ Այսպիսի սննդարար հոգևոր կերակուրը գուցե չազատի մեզ խնդիրներից, սակայն կարող է օգնել դիմադրելու բոլոր այն դժվարություններին, որոնց դեմ այլ կերպ հնարավոր չէ պայքարել։ Բացի այդ, հոգևոր կերակուրը առաջնորդում է «հավիտենական կյանքի» (Հովհաննես 17։3

Եղիան քայլեց մոտ 320 կիլոմետր, մինչև որ վերջապես հասավ Քորեբ լեռը, որտեղ Եհովա Աստված հրեշտակի միջոցով Մովսեսի հետ խոսել էր այրվող մորենու միջից և որտեղ ավելի ուշ Օրենքի ուխտն էր կապել իսրայելացիների հետ։ Եղիան ապաստան գտավ քարանձավում։

Ինչպես Եհովան մխիթարեց ու զորացրեց իր մարգարեին

Քորեբի մոտ Եհովայի «խոսքը», որն ակներևաբար տրվեց ոգեղեն պատգամաբերի կողմից, հետևյալ պարզ հարցն էր. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»։ Հավանաբար հարցը մեղմ տոնով էր ասվել, քանի որ մարգարեն այն ընդունեց որպես առաջարկ՝ բաց անելու իր սիրտը։ Նա ասաց. «Մեծ նախանձախնդրություն ունեցա Զորքերի Աստված Եհովայի համար, որովհետև Իսրայելի որդիները քո ուխտը թողեցին, քո զոհասեղանները քանդեցին և քո մարգարեներին սրով սպանեցին, միայն ես եմ մնացել։ Եվ հիմա իմ հոգին են փնտրում, որ վերցնեն» (1 Թագավորներ 19։9, 10)։ Եղիայի խոսքերից երևում է, որ նա վհատված էր առնվազն երեք պատճառով։

Առաջին՝ նա մտածում էր, թե իր աշխատանքն իզուր է։ Թեպետ տարիներ շարունակ «մեծ նախանձախնդրություն» էր դրսևորել Եհովայի ծառայության մեջ, ամեն ինչից վեր էր դասել Աստծու սուրբ անունը և երկրպագությունը, սակայն տեսնում էր, որ հանգամանքները գնալով միայն վատթարանում են։ Մարդիկ դեռ անհավատ էին ու ըմբոստ, իսկ կեղծ երկրպագությունը լայն տարածում էր գտնում։ Երկրորդ՝ Եղիան իրեն միայնակ էր զգում։ «Միայն ես եմ մնացել»,— ասաց նա, կարծես իր ազգակիցների մեջ մենակ ինքն էր մնացել Եհովային ծառայող։ Երրորդ՝ Եղիան սաստիկ վախեցած էր։ Իր օրերում ապրող շատ մարգարեների արդեն սպանել էին, և նա համոզված էր, որ հաջորդը ինքն է լինելու։ Թերևս Եղիայի համար հեշտ չէր ընդունել, որ նա այդպիսի զգացական վիճակում է, սակայն նա թույլ չտվեց, որ հպարտությունը կամ շփոթվածությունը հետ պահի իրեն Եհովային ծառայելուց։ Այն, որ նա իր սիրտը բաց արեց Եհովայի առաջ, հրաշալի օրինակ է բոլոր հավատարիմ մարդկանց համար (Սաղմոս 62։8

Ինչպե՞ս արձագանքեց Եհովան՝ տեսնելով իր ծառայի վախերն ու անհանգստությունները։ Հրեշտակն ասաց Եղիային, որ կանգնի քարայրի մուտքի մոտ։ Նա հնազանդվեց՝ չիմանալով, թե ինչ է սպասում իրեն։ Շուտով սաստիկ քամի բարձրացավ՝ հավանաբար խլացուցիչ ոռնոցով։ Քամին այնքան ուժգին էր, որ պատռեց լեռներն ու կոտրեց ժայռերը։ Պատկերացրու Եղիային, որը մի ձեռքով փորձում էր փակել երեսը, իսկ մյուսով բռնել քամուց քշվող իր մազոտ հանդերձը։ Այնուհետև երկրաշարժն է սկսում ցնցել երկիրը։ Մարգարեն ջանում է չկորցնել իր հավասարակշռությունը և պահել իրեն երերացող գետնի վրա։ Նա հազիվ ուզում է ուշքի գալ տեղի ունեցածից, երբ կրակի մի հսկա ալիք է անցնում։ Խանձող տապից պաշտպանվելու համար նա նետում է իրեն քարայրի մեջ (1 Թագավորներ 19։11, 12

Արձանագրությունը մեզ հայտնում է, որ Եհովան չէր գտնվում բնության տարերային այս ահազդու երևույթների մեջ։ Եղիան գիտեր, որ Եհովան բնության առասպելական աստվածներից չէ, ինչպես օրինակ՝ Բահաղը, որին իր մոլորված երկրպագուները պաշտում էին որպես «ամպեր հեծնողի», այսինքն՝ անձրև բերողի։ Եհովան բնության բոլոր անհաղթահարելի ուժերի իրական Աղբյուրն է։ Նա անհամեմատ մեծ է իր ստեղծագործություններից, և նույնիսկ երկինքները չեն կարող պարունակել նրան (1 Թագավորներ 8։27)։ Ինչպե՞ս այս ամենն օգնեց Եղիային։ Հիշիր, թե ինչպես էր վախեցել նա։ Իրականում մարգարեն ոչ մի հիմք չուներ վախենալու Աքաաբից ու Հեզաբելից, քանի որ նրա կողքին Եհովայի նման Աստված կար, մեկը, որի տրամադրության տակ են բնության բոլոր անհաղթահարելի ուժերը (Սաղմոս 118։6

Երբ կրակը չքացավ, լռություն տիրեց, և Եղիան լսեց «մի մեղմ, ցածր ձայն»։ Այն առաջարկում էր մարգարեին կրկին արտահայտվել՝ սիրտը բաց անել և իր անհանգստությունների մասին պատմել երկրորդ անգամ *։ Հավանաբար դա թեթևացում բերեց նրան։ Եղիային մեծապես մխիթարեց այն, ինչ հետո ասաց այդ «մեղմ, ցածր ձայնը»։ Եհովան վստահեցրեց իր ծառային, որ նա ամենևին էլ անարժեք չէ իր աչքում։ Իսկ ինչի՞ց էր դա երևում. Աստված շատ մանրամասնություններ հայտնեց իր հետագա նպատակների մասին, որը վերաբերում էր Իսրայելում Բահաղի երկրպագության դեմ մղված պատերազմին։ Հստակ է ուրեմն, որ Եղիայի աշխատանքը զուր չէր, քանի որ Աստծու նպատակը անշեղորեն առաջ էր ընթանում։ Ավելին, մարգարեն այդ նպատակի մեջ իր դերն էր ունենալու, քանի որ Եհովան նրան կրկին գործի դրեց՝ տալով որոշ հրահանգներ (1 Թագավորներ 19։12–17

Իսկ ի՞նչ արեց Եհովան Եղիայի միայնության զգացումը փարատելու համար։ Առաջին՝ նա պատվիրեց իր ծառային մարգարե օծել Եղիսեին, որն ի վերջո հաջորդելու էր իրեն։ Այս երիտասարդը մի քանի տարի շարունակ պետք է լիներ Եղիայի համագործակիցն ու օգնականը։ Որքա՜ն սփոփիչ էր այս միտքը նրա համար։ Երկրորդ՝ Եհովան հայտնեց հետևյալ մխիթարական լուրը. «Իսրայելում յոթ հազար մարդ եմ թողել, ովքեր ծնկի չեկան Բահաղի առաջ, և ովքեր շրթունքներով չհամբուրեցին նրան» (1 Թագավորներ 19։18)։ Եղիան բնավ էլ մենակ չէր։ Ըստ ամենայնի, նրա սիրտը ջերմացավ՝ լսելով այդ հազարավոր հավատարիմ մարդկանց մասին, ովքեր հրաժարվել էին Բահաղին երկրպագելուց։ Նրանք ունեին Եղիայի կարիքը, որն այդ դժվարին ժամանակներում իր անձնվեր ծառայությամբ Աստծուն հավատարիմ մնալու հրաշալի օրինակ կլիներ իրենց համար։ Հավանաբար նա խորապես հուզվեց, երբ Եհովայի՝ «մեղմ, ցածր ձայնով» ասված խոսքերը լսեց նրա պատգամաբերի միջոցով։

Եղիայի նման՝ մենք գուցե սարսռանք՝ ականատես լինելով բնության տարերային ուժերին, որոնք դրսևորվում են ստեղծագործության մեջ, և մեր արձագանքը բնական է։ Արարչագործության մեջ վառ կերպով արտացոլվում է Ստեղծչի զորությունը (Հռոմեացիներ 1։20)։ Եհովան մինչ օրս հաճույք է ստանում իր անսահման զորությունը գործի դնելուց, որպեսզի սատար կանգնի հավատարիմ ծառաներին (2 Տարեգրություն 16։9)։ Այնուամենայնիվ, Աստված մեզ հետ ավելի հանգամանալից խոսում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (Եսայիա 30։21)։ Ինչ-որ իմաստով Աստվածաշունչը նման է այդ «մեղմ, ցածր ձայնին», որի միջոցով Եհովան մեզ այսօր առաջնորդում է, ուղղում է, քաջալերում է և հավաստիացնում իր սիրո մեջ։

Մխիթարություն գտա՞վ Եղիան Եհովայի մոտ, երբ Քորեբ լեռան վրա էր։ Կասկած չկա։ Շուտով այդ խիզախ, հավատարիմ մարգարեն կրկին գործի անցավ և սկսեց պայքարել կեղծ երկրպագության դեմ։ Եթե մենք էլ սրտանց ընդունենք Աստծու խոսքը՝ «Սուրբ Գրքերի տված մխիթարությունը», կկարողանանք ընդօրինակել Եղիայի հավատը (Հռոմեացիներ 15։4

[ծանոթագրություններ]

^ պարբ. 4 Տե՛ս «Դիտարանի» 2008​թ. հունվարի 1-ի և ապրիլի 1-ի համարներում տեղ գտած՝ «Ընդօրինակեք նրանց հավատը» խորագրի հետևյալ հոդվածները՝ «Նա պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը» և «Նա դիտում էր և սպասում»։

^ պարբ. 29 Այդ «մեղմ, ցածր ձայնը» թերևս նրանն է, ով փոխանցում էր «Եհովայի խոսքը», ինչպես նշված է 1 Թագավորներ 19։9-ում։ 15-րդ համարում այդ ոգեղեն անձնավորությունը անվանվում է «Եհովա»։ Կարող ենք նաև հիշել այն պատգամաբերի մասին, ում Եհովան օգտագործեց անապատում Իսրայել ազգին առաջնորդելու համար և ում մասին Աստված ասաց. «Նա իմ անունն է կրում» (Ելք 23։21)։ Թեև չենք կարող պնդել, սակայն արժե նշել, որ մինչմարդկային գոյության ժամանակ Հիսուսը ծառայել է որպես «Խոսք»՝ հատուկ Խոսնակ՝ Եհովայի պատգամը փոխանցելու իր ծառաներին (Հովհաննես 1։1

[նկար 19-րդ էջի վրա]

Եհովան առատորեն օրհնեց Եղիային թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում

[նկար 20-րդ էջի վրա]

Խոր վհատության մեջ Եղիան իր սիրտը բաց արեց Եհովայի առաջ

[նկար 21-րդ էջի վրա]

Եհովան իր անհաղթահարելի զորության շնորհիվ մխիթարեց և քաջալերեց Եղիային