Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Ընտանեկան երջանկության բանալին

Հարգանք դրսևորիր կողակցիդ հանդեպ

Հարգանք դրսևորիր կողակցիդ հանդեպ

Ուիլն * ասում է. «Երբ Ռեյչլը վշտանում է, սկսում է ժամերով լաց լինել։ Իսկ երբ նստում ենք խոսելու, նա բորբոքվում է կամ էլ չի ուզում խոսել։ Ինչ անում եմ, չի ստացվում։ Չգիտեմ՝ ինչ անեմ»։

Ռեյչլն ասում է. «Երբ Ուիլը տուն մտավ, ես լաց էի լինում։ Փորձեցի բացատրել, թե ինչ է պատահել, բայց նա ընդհատեց ինձ։ Ասաց, որ դա այնքան էլ լուրջ բան չէ և չարժե ուշադրություն դարձնել։ Դա ինձ ավելի շատ վշտացրեց»։

ՀԱՎԱՆԱԲԱՐ դու և քո կողակիցը նույնպես հայտնվում եք նման իրավիճակում։ Ուիլն ու Ռեյչլը փորձում էին հաղորդակցվել իրար հետ, բայց արդյունքում հիասթափություն ապրեցին։ Ինչո՞ւ։

Տղամարդիկ ու կանայք յուրովի են հաղորդակցվում, և նրանց կարիքները տարբեր են։ Կինը կարող է իր զգացումներն արտահայտել անկեղծորեն և խոսել երկար։ Իսկ տղամարդը փորձում է խուսափել խնդիրներից կամ արագորեն լուծել դրանք։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել այս տարբերությունները և կողակցիդ հետ խոսել այնպես, որ հիասթափություն չապրեք։ Հարկավոր է հարգանք դրսևորել նրա հանդեպ։

Հարգալից անձնավորությունը գնահատում է ուրիշներին և ջանում է հասկանալ նրանց զգացումները։ Գուցե փոքրուց սովորել ես հարգել նրանց, ովքեր իշխանություն ունեն և քեզնից ավելի փորձառու են։ Ամուսնության մեջ, սակայն, այդպես չէ. հարկավոր է հարգել մեկին, ով քիչ թե շատ հավասար է քեզ՝ քո կողակցին։ «Ես գիտեի, որ Ֆիլը համբերատարությամբ ու հասկացողությամբ է լսում ուրիշներին,— ասում է Լինդան, որը ութ տարի է, ինչ ամուսնացած է։— Ուզում էի, որ ինձ էլ լսի ու հասկանա»։ Հավանաբար դու նույնպես համբերատարությամբ ես լսում ընկերներիդ և նույնիսկ անծանոթներին ու հարգանքով ես վերաբերվում նրանց։ Իսկ կողակցի՞դ։ Ինչպե՞ս ես վերաբերվում նրան։

Անհարգալից վերաբերմունքը լարվածություն է ստեղծում. ընտանիքում առաջանում են թեժ վիճաբանություններ։ Մի իմաստուն կառավարիչ ասաց. «Ավելի լավ է մի կտոր չոր հաց հանդարտությամբ, քան զոհաբերված կենդանիներով լի տունը՝ վեճերով» (Առակներ 17։1)։ Աստվածաշունչը ամուսնուն խորհուրդ է տալիս «պատիվ տալ» կնոջը, այսինքն՝ հարգել նրան  (1 Պետրոս 3։7)։ Իսկ «կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33

Ինչպե՞ս կարող ես հարգալից ձևով հաղորդակցվել կողակցիդ հետ։ Քննենք Աստվածաշնչի վրա հիմնված մի քանի գործնական խորհուրդ։

Երբ կողակիցդ ուզում է արտահայտվել

Խնդիր։

Բազմաթիվ մարդիկ ավելի շատ սիրում են խոսել, քան լսել։ Իսկ դո՞ւ։ Աստվածաշունչն ասում է. «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից» (Առակներ 18։13)։ Ուստի նախքան խոսելը լսիր։ Ինչո՞ւ։ «Ես նախընտրում եմ, որ ամուսինս լսի ինձ և ոչ թե անմիջապես առաջարկի խնդրի լուծումը,— ասում է Քերան, որը 26 տարի է, ինչ ամուսնացած է։— Ինձ նույնիսկ պետք չէ, որ նա համաձայնվի ինձ հետ կամ հասկանա, թե որն է խնդիրը։ Ուղղակի ուզում եմ, որ լսի ինձ և հասկանա իմ զգացումները»։

Մյուս կողմից՝ որոշ տղամարդիկ ու կանայք չեն սիրում արտահայտվել, և նրանց դուր չի գալիս, երբ կողակիցը ստիպում է խոսել իրենց զգացումների մասին։ Լորին, որը վերջերս է ամուսնացել, նկատեց, որ իր ամուսնուն երկար ժամանակ է հարկավոր, մինչև որ տրամադրվի խոսելու իր զգացմունքների մասին։ «Ես պիտի համբերությամբ սպասեմ, մինչև որ նա սկսի արտահայտվել»,— ասում է նա։

Լուծում։

Եթե այնպիսի մի բանի մասին պետք է խոսեք, որը կարող է տարաձայնություն առաջացնել, սպասեք, մինչև որ երկուսդ էլ տրամադրված լինեք խոսելու։ Իսկ եթե կողակիցդ չի ուզում խոսե՞լ։ Հիշիր, որ «մարդու սրտի մտադրությունները խոր ջրերի պես են, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք» (Առակներ 20։5)։ Եթե դույլը ջրհորից շատ արագ հանես, բավական ջուր կթափվի։ Նմանապես, եթե, օրինակ, միանգամից բորբոքված խոսես, կողակիցդ կպաշտպանվի, և քեզ չի հաջողվի «դուրս հանել խոր ջրերը», այսինքն՝ տրամադրել նրան արտահայտվելու։ Փոխարենը՝ հանգիստ ու հարգալից տոնով հարցեր տուր և համբերատար եղիր, եթե նա անմիջապես չի արտահայտվում։

Իսկ երբ կողակիցդ խոսում է, «արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» (Հակոբոս 1։19)։ Ուշադիր լսողը լսում է ոչ միայն ականջներով, այլև սրտով։ Երբ կողակիցդ խոսում է, փորձիր հասկանալ, թե ինչ է նա զգում։ Դատելով քո լսելու ձևից՝ նա կհասկանա, թե որքանով ես հարգում իրեն։

Իսկ ինչպե՞ս կարող ես լսել։ Քննենք Հիսուսի օրինակը։ Երբ մի հիվանդ մարդ մոտեցավ նրան, նա անմիջապես չլուծեց նրա խնդիրը։ Նախ՝ Հիսուսը լսեց այդ մարդուն։ Հետո՝ խղճահարվեց և ապա՝ բուժեց (Մարկոս 1։40–42)։ Երբ կողակիցդ խոսում է, նույն ձևով վարվիր։ Հիշիր՝ նա, ամենայն հավանականությամբ, ոչ թե ուզում է, որ խնդրին արագ լուծում տրվի, այլ ցավակից սիրտ է փնտրում։ Ուստի ուշադիր լսիր։ Մտիր նրա դրության մեջ։ Միայն ու միայն դրանից հետո քայլերի դիմիր խնդիրը լուծելու համար։ Այդպես վարվելով՝ ցույց կտաս, որ հարգում ես կողակցիդ։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հաջորդ անգամ, երբ կողակիցդ սկսի խոսել քեզ հետ, մի շտապիր անմիջապես պատասխանել։ Սպասիր, մինչև վերջացնի իր ասելիքը և մինչև համոզվես, որ լիովին հասկացել ես, թե ինչ է ուզում ասել։ Հետո հարցրու. «Քո կարծիքով՝ ես լսո՞ւմ էի քեզ»։

Երբ դու ես ուզում արտահայտվել

Խնդիր։

«Երգիծական հաղորդումներում սովորական բան է համարվում կողակցի հասցեին վիրավորական ու հեգնական խոսքեր ասելը»,— նշում է Լինդան, որի մասին հիշատակեցինք հոդվածի սկզբում։ Ոմանք մեծանում են այնպիսի ընտանիքներում, որտեղ անհարգալից խոսքը սովորական բան է։ Հետագայում, երբ նրանք ամուսնանում են, դժվարանում են խուսափել նույն սխալից իրենց ընտանիքում։ Այվին, որն ապրում է Կանադայում, ասում է. «Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ կծու հեգնանքը, գոռգոռոցը և պիտակ կպցնելը սովորական բան են համարվում»։

Լուծում։

Երբ ուրիշների հետ խոսում ես կողակցիդ մասին, ասա «միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին» (Եփեսացիներ 4։29)։ Այնպես խոսիր, որ նրանց մեջ հարգանք առաջանա կողակցիդ նկատմամբ։

 Նույնիսկ երբ մենակ ես կողակցիդ հետ, զգույշ եղիր, որ կծու հեգնական խոսքեր չասես կամ պիտակներ չկպցնես։ Մի անգամ Դավիթ թագավորի կինը՝ Մեղքողը, բարկացավ իր ամուսնու վրա։ Նա կծու հեգնանքով արտահայտվեց՝ ասելով, որ Դավիթը իրեն «դատարկագլուխ մարդու» պես է պահում։ Նրա խոսքերը վիրավորեցին Դավթին։ Դրանք դուր չեկան նաև Աստծուն (2 Սամուել 6։20–23)։ Ի՞նչ ենք սովորում։ Երբ խոսում ես կողակցիդ հետ, հետևիր, թե ինչ բառեր ես օգտագործում (Կողոսացիներ 4։6)։ Լինդայի ամուսին Ֆիլն ասում է, որ ինքն ու իր կինը մինչև հիմա տարաձայնություններ են ունենում։ Նա նկատել է, որ երբեմն իր խոսքերի պատճառով իրավիճակն ավելի է բարդանում։ «Ես հասկացա, որ վիճաբանության մեջ հաղթելն իրականում պարտություն է։ Շատ ավելի լավ է այնպիսի բան անել, որը կնպաստի մեր փոխհարաբերությունների բարելավմանը»,— ասում է նա։

Հին ժամանակներում մի տարեց այրի կին հորդորեց իր հարսներից «ամեն մեկին հանգստություն գտնել իր ամուսնու տանը» (Հռութ 1։9)։ Երբ ամուսինն ու կինը պատվում են միմյանց, նրանք «հանգստություն են գտնում» իրենց տանը։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Միասին քննարկեք այս ենթավերնագրի տակ նշված առաջարկները։ Հարցրու կողակցիդ. «Երբ քո մասին խոսում եմ ուրիշների ներկայությամբ, դու քեզ լա՞վ ես զգում, թե՞ ճնշվում ես։ Ի՞նչ փոփոխություններ կարող եմ անել, որ մեր փոխհարաբերությունները լավանան»։ Ուշադիր լսիր, թե կողակիցդ ինչ է ասում։ Ձգտիր նրա առաջարկները կիրառել։

Ընդունեք միմյանց, ինչպիսին որ կաք

Խնդիր։

Որոշ նորապսակներ սխալմամբ կարծում են, որ եթե Աստվածաշունչը ամուսիններին անվանում է «մեկ մարմին», ուրեմն նրանք պետք է միշտ համակարծիք լինեն կամ ունենան նույն հատկությունները (Մատթեոս 19։5)։ Բայց շուտով նրանք հայտնաբերում են, որ այդպիսի մտածելակերպը չի համապատասխանում իրականությանը։ Նրանց միջև եղած տարբերությունների պատճառով հաճախ վիճաբանություններ են առաջանում։ Լինդան ասում է. «Մեր միջև եղած հիմնական տարբերություններից մեկն այն է, որ Ֆիլը ինձնից քիչ է անհանգստանում։ Օրինակ՝ նա կարողանում է դժվար իրավիճակում իրեն հանգիստ պահել, այնինչ ես անհանգստանում եմ։ Դա ինձ բարկացնում է, որովհետև ինձ թվում է՝ նրան չի հետաքրքրում այն, ինչ անհանգստացնում է ինձ»։

Լուծում։

Ընդունիր կողակցիդ այնպիսին, ինչպիսին նա կա։ Օրինակ՝ աչքերի և ականջների գործունեությունը տարբերվում է իրարից, սակայն նրանց համագործակցության շնորհիվ մարդը անվտանգ կարողանում է անցնել ճանապարհը։ Էդրիենը, որը գրեթե երեսուն տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Քանի դեռ մեր տեսակետները ներդաշնակ են Աստվածաշնչին, մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ։ Ի վերջո, մենք ամուսնացել ենք իրար հետ և ոչ թե կլոնավորվել»։

Երբ կողակիցդ այլ կարծիք ունի կամ այլ կերպ է արձագանքում, մի՛ մտածիր միայն քո շահերի մասին։ Հաշվի առ նրա զգացումները (Փիլիպպեցիներ 2։4)։ Էդրիենի ամուսին Կայլը խոստովանում է. «Միշտ չէ, որ հասկանում եմ կնոջս տեսակետը կամ համաձայնվում եմ նրա հետ։ Սակայն ինքս ինձ հիշեցնում եմ, որ նրան ավելի շատ եմ սիրում, քան իմ կարծիքը։ Երբ նա ուրախ է, ես էլ եմ ուրախ»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Գրի առ, թե որ հարցերում է կողակցիդ տեսակետը կամ գործելակերպը ավելի լավ, քան քոնը (Փիլիպպեցիներ 2։3

Հարգանքը երջանիկ ու երկարատև ամուսնության գրավականներից մեկն է։ Լինդան ասում է. «Փոխադարձ հարգանքը սիրտդ լցնում է բավարարվածության և ապահովության զգացումով։ Անկասկած, շատ կարևոր է սովորել հարգել կողակցիդ»։

^ պարբ. 3 Անունները փոխված են։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Այն, ինչով կողակիցս տարբերվում է ինձնից, ինչպե՞ս է հարստացնում մեր ընտանեկան կյանքը։

  • Ինչո՞ւ լավ կլինի՝ զիջեմ կողակցիս, եթե նրա տեսակետը չի հակասում Աստվածաշնչին։