Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ո՛վ Եհովա, դու.... ճանաչում ես ինձ»

«Ո՛վ Եհովա, դու.... ճանաչում ես ինձ»

Մոտեցեք Աստծուն

«Ո՛վ Եհովա, դու.... ճանաչում ես ինձ»

«ՄԱՐԴՈՒ համար չկա ավելի մեծ բեռ, քան այն բանի գիտակցումը, որ ոչ ոք հոգ չի տանում իր մասին կամ չի հասկանում իրեն»,— ասել է գրող Արթուր Ստեյնբեկը։ Համաձա՞յն ես այս մտքին։ Եղե՞լ է այնպես, որ ոչ ոք չի հասկացել, թե ինչ խնդիրներ ունես դու և առավել ևս՝ ինչ ես զգում։ Եթե այո, ապա քեզ համար կարող է մխիթարական լինել հետևյալ միտքը. Եհովան այնքան հոգատար է իր երկրպագուներից յուրաքանչյուրի հանդեպ, որ տեղյակ է այն ամենին, ինչ պատահում է նրանց հետ օրվա ընթացքում։ 139-րդ սաղմոսում գրված խոսքերը, որ պատկանում են Դավթին, հաստատում են այս միտքը։

Վստահ լինելով, որ Աստված հոգ է տանում իր մասին՝ Դավիթն ասաց. «Ո՛վ Եհովա, դու քննեցիր ինձ և ճանաչում ես ինձ» (համար 1)։ Եբրայերեն այն բայը, որը թարգմանվել է «քննել», կարող է վերաբերել օգտակար մետաղների հանքաքար փնտրելուն (Հոբ 28։3), երկիր հետախուզելուն (Դատավորներ 18։2) կամ իրավական բնույթի փաստեր հետազոտելուն (2 Օրենք 13։14)։ Այո՛, Եհովան այնքան լավ գիտի մեզ, որ կարծես քննում է մեր կյանքի ամեն մի ոլորտ, ամեն մի մանրամասնություն։ Դավիթն այս համարում օգտագործում է «ինձ» դերանունը։ Այստեղից կարող ենք հասկանալ, որ Աստված հետաքրքրվում է իր յուրաքանչյուր ծառայով։ Նա քննում է ամեն մեկին և ճանաչում է նրանց անհատապես։

Դավթի խոսքերից երևում է, թե որքան խորն է Աստված քննում. «Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտքերը» (համար 2)։ Ինչ-որ իմաստով՝ Եհովան «հեռվում» է՝ ապրում է երկնքում։ Բայց նա գիտի, թե երբ ենք նստում և հանգստանում (ինչը սովորաբար լինում է ծանր աշխատանքային օրվա վերջում), առավոտյան երբ ենք վեր կենում և զբաղվում մեր առօրյա գործերով։ Նա գիտի նաև մեր մտքերը, ցանկությունները և մտադրությունները։ Արդյո՞ք Դավիթը վախենում էր այն բանից, որ Եհովան այդքան խորությամբ է քննում իրեն։ Ընդհակառակը՝ նա ուրախ էր դրա համար (համար 23, 24)։ Ինչո՞ւ։

Դավիթը գիտեր, որ Եհովան դրական մղումներից ելնելով է մանրակրկիտ կերպով քննում իր երկրպագուներին։ Հենց սա նկատի ուներ, երբ գրեց. «Դու հետևում ես իմ գնալուն ու պառկելուն, և ծանոթ ես իմ բոլոր ճանապարհներին» (համար 3)։ Ամեն օր Եհովան տեսնում է «մեր բոլոր ճանապարհները»՝ մեր սխալներն ու լավ գործերը։ Մեր ո՞ր կողմերի վրա է նա կենտրոնանում՝ դրակա՞ն, թե՞ բացասական։ Եբրայերեն բառը, որը թարգմանվում է «հետևել», կարող է նշանակել «մաղել» կամ «քամհարել», ճիշտ ինչպես հողագործն է քամհարում հացահատիկը՝ առանձնացնելով այն մղեղից։ «Ծանոթ լինել» արտահայտությունը թարգմանվել է եբրայերեն մի բառից, որը կարող է նշանակել «փայփայել, թանկ գնահատել»։ Երբ Աստված քննում է այն ամենը, ինչ խոսում կամ անում են իր երկրպագուները ամեն օր, նա կենտրոնանում է նրանց դրական հատկությունների վրա։ Եհովայի համար շատ թանկ են մեր այդ հատկությունները, և նա բարձր է գնահատում, որ ջանում ենք իրեն հաճեցնել։

139-րդ սաղմոսից սովորում ենք, որ Եհովան խորապես հետաքրքրվում է իր երկրպագուներով։ Աստված քննում և հետևում է նրանց, երբ զբաղված են լինում իրենց ամենօրյա գործերով։ Դրա շնորհիվ նա իմանում է, թե ինչ խնդիրների են բախվում իր ծառաները, և հասկանում է, թե դրանք ինչ ցավ են պատճառում։ Քո մեջ ցանկություն չի՞ առաջանում երկրպագելու նման հոգատար Աստծուն։ Եթե այո, ապա կարող ես վստահ լինել. Եհովան երբեք չի «մոռանա քո աշխատանքը և այն սերը, որ դրսևորեցիր իր անվան հանդեպ» (Եբրայեցիներ 6։10

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր սեպտեմբեր ամսվա համար

Սաղմոս 119–150