Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

ԻՆՉՈ՞Ի երիտասարդ աղջիկը թողեց սխալ ապրելակերպը և վերադարձավ այն կրոնական արժեքներին, որ ծնողները մանկուց սերմանել էին նրա մեջ։ Ահա թե ինչ է նա պատմում։

«Իմ կյանքն այժմ իմաստալից է» (ԼԻՍԱ ԱՆԴՐԵ)

ԾՆՎԵԼ Է՝ 1986​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ «ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻ»

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Բերտրանժում՝ մի մաքուր, անվտանգ և բարգավաճ փոքրիկ քաղաքում, որը մոտ է Լյուքսեմբուրգ քաղաքին։ Ես հինգ երեխաներից ամենակրտսերն եմ։ Ծնողներս Եհովայի վկաներ են և ամեն ջանք թափել են, որ եղբայրներիս, քույրերիս և իմ մեջ սերմանեն քրիստոնեական արժեքներ։

Երբ մտա դեռահասության տարիք, սկսեցի լուրջ կասկածներ ունենալ այն ամենի վերաբերյալ, ինչ սովորեցնում էին Եհովայի վկաները։ Սկզբում անտեսում էի այդ կասկածները, բայց դա չօգնեց. հավատս աստիճանաբար թուլանում էր։ Ծնողներս ամեն ինչ անում էին, որ ճիշտ ուղղությամբ գնամ, բայց ես մերժում էի նրանց օգնությունը։ Նրանցից թաքուն՝ ժամանակս անցկացնում էի այնպիսի տղաների ու աղջիկների հետ, ովքեր չէին հարգում իշխանությունը։ Ես ուզում էի նրանց պես ապրել, որովհետև ինձ թվում էր՝ նրանք մեծ ազատություն են վայելում։ Մենք անընդհատ հավաքույթներ էինք կազմակերպում, սեքսով զբաղվում, թմրանյութեր օգտագործում և չարաշահում ալկոհոլը։ Սկզբում ուրախ էի, որ այդ մարդկանց հետ եմ, ովքեր, թվում էր, լիաթոք վայելում էին կյանքը։

Իրականում, սակայն, երջանիկ չէի։ Կյանքը նրանց հետ այնքա՜ն դատարկ էր. նրանց ոչ մի բան չէր հետաքրքրում։ Ի տարբերություն այդ «ընկերների»՝ ինձ հուզո՛ւմ էր աշխարհում տիրող անարդարությունը։ Քանի գնում էր, ավելի էի ընկճվում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Մի օր (այդ ժամանակ 17 տարեկան էի), խիստ ընկճված էի։ Մայրս, որ զգում էր, թե որքան դժբախտ եմ, առաջարկեց, որ նորից ձեռքս առնեմ Աստվածաշունչը։ Նա հորդորեց ինձ քննել Աստվածաշնչի ուսմունքները և հետո ինքնուրույն որոշել՝ ուզում եմ ապրել դրանց ներդաշնակ, թե ոչ։ Այդ օրվա մեր անկեղծ զրույցը շրջադարձային եղավ ինձ համար։ Ես համաձայնվեցի Աստվածաշունչ ուսումնասիրել իմ քրոջ՝ Կարոլինի և նրա ամուսնու՝ Ակիֆի հետ։ Ակիֆը չէր մեծացել Եհովայի վկաների ընտանիքում. նա Վկա դարձավ, երբ արդեն չափահաս էր։ Ակիֆի անցյալը նման էր իմ վարած կյանքին, ուստի ես կարող էի անկաշկանդ խոսել նրա հետ, ինչը ինձ համար շատ կարևոր էր։

Ես գիտեի, որ իմ ապրելակերպը չի համապատասխանում Վկաների ապրելակերպին, բայց սկզբում մտածում էի՝ իմ անձնական գործն է, թե ինչպես կապրեմ։ Սակայն Աստվածաշնչի ուսումնասիրությունից հասկացա, որ Եհովայի, ինչպես նաև ուրիշների համար միևնույն չէ, թե ինչպես եմ ապրում (Սաղմոս 78։40, 41; Առակներ 27։11

Ուսումնասիրության ընթացքում ես ակնհայտորեն տեսա, որ տրամաբանական և համոզիչ պատճառներ կան հավատալու, որ այդ գիրքը Աստծու Խոսքն է։ Օրինակ՝ իմացա, որ Աստվածաշնչի բազմաթիվ մարգարեություններ ապշեցուցիչ ճշգրտությամբ արդեն կատարվել են։ Այդ գիտելիքները օգնեցին ինձ փարատելու կասկածներս։

Ուսումնասիրություն սկսելուց մեկ տարի անց ծնողներիս հետ այցելեցի եղբորս, որը Գերմանիայի Եհովայի վկաների մասնաճյուղում կամավոր ծառայող է։ Երբ տեսա, թե ինչ երջանիկ է նա, սիրտս հուզմունքով լցվեց։ Դա հենց այն երջանկությունն էր, որ փնտրում էի։ Ինձ տպավորեցին նաև այնտեղ ծառայող մյուս կամավորները։ Նրանք լիովին տարբերվում էին այն անազնիվ, սուր զգացողություններ փնտրող երիտասարդներից, որոնց հետ ընկերակցում էի։ Այցելությունից կարճ ժամանակ անց սրտանց աղոթեցի Եհովային և խոստացա ծառայել նրան իմ ողջ կյանքում։ 19 տարեկանում մկրտվեցի՝ խորհրդանշելով նվիրումս Եհովային։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Իմ կյանքն այժմ իմաստալից է։ Ես մեծ ուրախությամբ ուրիշներին Աստվածաշունչ եմ սովորեցնում. նրանց օգնում եմ ճանաչել Եհովային և իմանալ, թե ինչ է նա անելու ապագայում։ Ընտանիքիս անդամները նույնպես ուրախ են. նրանք այլևս չեն անհանգստանում ինձ համար։

Ես գիտակցում եմ, թե ինչ սխալներ եմ գործել անցյալում, բայց ջանում եմ չկենտրոնանալ դրանց վրա։ Փոխարենը՝ ավելի շատ մտածում եմ Եհովայի ներողամտության և այն մասին, թե որքան շատ է նա սիրում ինձ և որքան հոգատար է իմ հանդեպ։ Լիովին կարող եմ հաստատել այն խոսքերը, որ գրված են Առակներ 10։22 համարում. «Եհովայի օրհնությունն է հարստացնում, և նա ցավ չի ավելացնում դրան»։

[մեջբերում 12-րդ էջի վրա]

«Մենք անընդհատ հավաքույթներ էինք կազմակերպում, սեքսով զբաղվում, թմրանյութեր օգտագործում և չարաշահում ալկոհոլը»

[մեջբերում 13-րդ էջի վրա]

«Ես գիտակցում եմ, թե ինչ սխալներ եմ գործել անցյալում, բայց ջանում եմ չկենտրոնանալ դրանց վրա»