Գիտեի՞ք արդյոք
Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ Երուսաղեմի տաճարում դրամափոխներ կային
▪ Իր մահից կարճ ժամանակ առաջ Հիսուսը ուշադրություն դարձրեց մի մեծ անարդարության, որ տեղի էր ունենում տաճարում։ Աստվածաշնչում ասվում է. «Հիսուսը.... դուրս վռնդեց բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները։ Նա ասաց նրանց. «Գրված է՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի», բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում»» (Մատթեոս 21։12, 13)։
Առաջին դարում հրեաները և պրոզելիտները (հրեաների կրոնն ընդունած այլազգիները) տարբեր երկրներից ու քաղաքներից գալիս էին Երուսաղեմի տաճար՝ իրենց հետ բերելով տեղի դրամը։ Սակայն նրանք պետք է այդ դրամը փոխանակեին այլ դրամով, որպեսզի կարողանային վճարել տաճարի տարեկան տուրքը, զոհաբերության համար կենդանիներ գնեին և այլ կամավոր նվիրաբերություններ անեին։ Դրամափոխները գործարքի համար սպասարկման վճար էին վերցնում։ Երբ հրեական տոները մոտենում էին, նրանք սեղաններ էին դնում տաճարի հեթանոսների գավիթում։
Այն, որ Հիսուսը հանդիմանեց դրամափոխներին՝ ասելով, որ նրանք տաճարը «ավազակների որջ» են դարձրել, ըստ ամենայնի, արտահայտում էր այն միտքը, որ դրամի փոխանակման համար գանձվող վճարները չափազանց բարձր էին։
Ինչո՞ւ էին ձիթենիները բարձր գնահատվում աստվածաշնչյան ժամանակներում
▪ Ձիթենիները և խաղողի այգիները այն օրհնություններից էին, որ Աստված խոստացել էր իր ժողովրդին, եթե նա հավատարիմ մնար (2 Օրենք 6։10, 11)։ Մինչ օրս ձիթենին շատ բարձր է գնահատվում այն վայրերում, որտեղ աճում է։ Այս ծառը հարյուրավոր տարիներ կարող է առատ պտուղ տալ, ընդ որում նա շատ խնամք չի պահանջում։ Եթե ծառին հոգ են տանում, ապա այն կարող է աճել նաև քարքարոտ հողում և դիմանալ հաճախակի երաշտներին։ Եթե ծառը կտրում են, կամ այն ընկնում է, արմատներից դուրս են գալիս մի քանի ընձյուղներ, որոնք մեծանալով դառնում են նոր ծառ։
Հին ժամանակներում ձիթենու կեղևն ու տերևները օգտագործում էին որպես ջերմիջեցնող միջոց։ Բնական խեժը, որ հոսում է նրա հին ճյուղերից և ունի վանիլի հոտ, օգտագործվում էր օծանելիք պատրաստելու համար։ Սակայն ձիթենին գլխավորապես գնահատվում էր իր պտուղների և դրանցից ստացված յուղի համար։ Հասած պտղամսից դուրս էր գալիս նրա քաշի կես չափով յուղ։
Լավ ձիթենին տարեկան կարող էր տալ մինչև 57 լիտր յուղ։ Ձիթապտղի յուղը նաև լամպի վառելիք էր, կոսմետիկական միջոց՝ մաշկի և մազերի համար, բուժիչ միջոց՝ վերքերի և կապտուկների համար։ Բացի դրանից, այն օգտագործվում էր արարողությունների ժամանակ և կրոնական նպատակներով (Ելք 27։20; Ղևտական 2։1–7; 8։1–12; Հռութ 3։3; Ղուկաս 10։33, 34)։