Գիտեի՞ք արդյոք
Գիտեի՞ք արդյոք
Ինչպե՞ս էին ֆինանսավորվում Եհովայի տաճարում կատարվող ծառայությունները
▪ Տաճարում կատարվող ծառայությունները ֆինանսավորվում էին գլխավորապես պարտադիր տասանորդի միջոցով։ Սակայն կային նաև այլ միջոցներ։ Օրինակ՝ խորանի կառուցման ժամանակ Եհովան Մովսեսին պատվիրեց մարդահամարի մեջ ներգրավված յուրաքանչյուր իսրայելացուց գանձել կես սիկղ արծաթ՝ որպես «նվիրաբերություն Եհովային» (Ելք 30։12–16)։
Ակներևաբար, իսրայելացիների մեջ սովորություն դարձավ, որ յուրաքանչյուրը ամեն տարի նվիրաբերի որոշակի գումար որպես տաճարի տուրք։ Հիսուսը Պետրոսին պատվիրեց վճարել հենց այս տուրքը այն մետաղադրամով, որը վերջինս գտնելու էր ձկան բերանում (Մատթեոս 17։24–27)։
Մի քանի տարի առաջ Երուսաղեմում հայտնաբերվեց երկու արծաթե մետաղադրամ։ Այդպիսի դրամը օգտագործվում էր տաճարի տուրքը վճարելու համար։ Մետաղադրամներից մեկը, որը հատվել էր մ.թ. 22-ին Տյուրոսում, հայտնաբերվեց առաջին դարին պատկանող ջրահեռացման համակարգում։ Այս դրամի մի երեսին պատկերված էր Տյուրոսի գլխավոր աստվածությունը՝ Մելկարտը, կամ՝ Բահաղը, իսկ մյուս երեսին պատկերված էր նավաքթին նստած արծիվ։ Մյուս մետաղադրամը, որը հայտնաբերվեց Տաճարի բարձունքից հեռացված քարերի կույտի մեջ, թվագրվում է Հռոմի դեմ հրեաների բարձրացած ապստամբության առաջին տարով (մ.թ. 66/67թթ.)։ Նրա վրա պատկերված է պաշտամունքային արարողության ժամանակ գործածվող գավաթ, նռնենու՝ նոր դուրս եկած պտուղներ, ինչպես նաև «Կես սիկղ» և «Սուրբ Երուսաղեմ» գրությունները։ Այս հայտնագործության վերաբերյալ պրոֆեսոր Գաբրիել Բարկեյն ասում է, որ այդ մետաղադրամը «կրակի հետքեր ունի. ամենայն հավանականությամբ, այն վնասվել է մ.թ. 70-ին Երկրորդ Տաճարը կործանած հրդեհից»։
Որքա՞ն մեծ էին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի իրականացրած շինարարությունները
▪ Նաբուգոդոնոսորը, համաձայն Աստվածաշնչի «Դանիել» գրքի, ասաց. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որը ես ինքս շինեցի արքայական տան համար իմ մեծ զորությամբ և ի փառս իմ մեծության» (Դանիել 4։30)։ Իսկապե՞ս այս հին քաղաքը մեծ էր։
Ըստ պատմաբանների՝ Նաբուգոդոնոսորը կառուցել է տաճարներ, պալատներ, պարիսպներ և շքեղ կախովի այգիներ։ Գլխավոր տաճարը, որը գտնվում էր Բաբելոնի կենտրոնում, ուներ աշտարակ, կամ՝ զիկկուրատ՝ հավանաբար, ավելի քան 70 մետր բարձրությամբ։ Այդուհանդերձ, «[Նաբուգոդոնոսորի] ամենահայտնի գործերը Շքերթի ճանապարհը և Իշտարի դարպասն են»,— ասվում է «Բաբելոն՝ հրաշալիքների քաղաք» գրքում (Babylon— City of Wonders)։ Շքերթի ճանապարհը, որն անցնում էր Իշտարի դարպասով, երկու կողմից զարդարված էր քայլող առյուծների բարձրաքանդակներով։ Իսկ դարպասի մասին, որը Բաբելոնի ամենամեծ մուտքն էր, նույն գրքում ասվում է. «Մուգ կապույտ ներկով ջնարակված աղյուսներ, ցուլի և վիշապի պատկերներով հարյուրավոր բարձրաքանդակներ. տեսարանն իրոք պետք է որ անմոռանալի լիներ հին ժամանակներում մայրաքաղաք այցելած մարդու համար»։
20-րդ դարի սկզբում հնագետները Շքերթի ճանապարհի և Իշտարի տաճարի հազարավոր բեկորներ գտան և դրանք վերականգնեցին Բեռլինի Պերգամոն թանգարանում (Գերմանիա)։
[նկարներ 12-րդ էջի վրա]
Իրական չափն է
[թույլտվությամբ]
Top: Clara Emit, Courtesy of Israel Antiquities Authority; bottom: Zev Radovan
[նկար 12-րդ էջի վրա]
Իշտարի վերականգնված դարպասը