Ինչո՞վ են Աստծու օրենքները օգտակար մեզ համար
Սովորենք Աստծու Խոսքից
Ինչո՞վ են Աստծու օրենքները օգտակար մեզ համար
Այս հոդվածում առաջ են քաշվում այնպիսի հարցեր, որոնք գուցե դու էլ ես տվել, և ցույց է տրվում, թե ինչպես կարող ես գտնել այդ հարցերի պատասխանները հենց քո Աստվածաշնչում։ Եհովայի վկաները հաճույքով կզրուցեն քեզ հետ այդ հարցերի շուրջ։
1. Ինչո՞ւ պետք է հնազանդվենք Աստծուն։
Միանգամայն բնական է, որ մարդը Աստծուն հնազանդվի։ Ինչո՞ւ։ Որովհետև Նա է ստեղծել մեզ։ Հիսուսը միշտ հնազանդվում էր Աստծուն (Հովհաննես 6։38; Հայտնություն 4։11)։ Աստծու օրենքները պահելով՝ մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան (կարդա՛ 1 Հովհաննես 5։3)։
Եհովա Աստծու բոլոր օրենքները մեր օգտի համար են։ Դրանք սովորեցնում են մեզ, թե ինչպես կարող ենք ապրել լավագույն կյանքով այսօր, և ցույց են տալիս, թե ինչպես կարող ենք հավիտենական «վարձատրություն» ստանալ ապագայում (կարդա՛ Սաղմոս 19։7, 11; Եսայիա 48։17, 18)։
2. Ինչպե՞ս է Աստծու օրենքները պահելը նպաստում մեր առողջությանը։
Աստծու օրենքներից մեկն արգելում է հարբեցողությունը։ Այն պաշտպանում է մեզ մահացու հիվանդություններից և դժբախտ պատահարներից։ Չափից ավելի խմելը կախվածություն է առաջացնում և տանում է անմիտ արարքների (Առակներ 23։20, 29, 30)։ Եհովան թույլ է տալիս ոգելից խմիչք օգտագործել, բայց միայն չափի մեջ (կարդա՛ Սաղմոս 104։15; 1 Կորնթացիներ 6։10)։
Եհովան նաև խորհուրդ է տալիս չնախանձել ու վերահսկել բարկությունը։ Որքան սերտորեն հետևենք նրա խորհուրդներին, այնքան կնպաստենք մեր առողջությանը (կարդա՛ Առակներ 14։30; 22։24, 25)։
3. Ինչպե՞ս կարող են Աստծու օրենքները պաշտպանել մեզ։
Աստծու օրենքն արգելում է արտամուսնական սեքսը (Եբրայեցիներ 13։4)։ Այն զույգերը, ովքեր հետևում են այս օրենքին, ապահովության զգացում են ունենում և բարենպաստ միջավայր են ստեղծում իրենց երեխաների համար։ Մինչդեռ արտամուսնական սեռական հարաբերությունների հետևանքներն են՝ հիվանդություն, ամուսնալուծություն, ընտանեկան բռնություն, հոգեբանական տրավմա և մեկ ծնողով ընտանիք (կարդա՛ Առակներ 5։1–9)։
Խուսափելով այն իրավիճակներից, որոնք կարող են մեզ դրդել սեռական անբարոյության՝ մենք պաշտպանում ենք մեր ջերմ փոխհարաբերությունները Աստծու հետ, ինչպես նաև չենք վնասում ուրիշներին (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 4։3–6)։
4. Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ հարգանք դրսևորելով կյանքի հանդեպ։
Կյանքը պարգև է, որ Աստված տվել է մարդկանց։ Այդ պարգևը հարգող մարդիկ հրաժարվում են ծխելուց և կախվածություն առաջացնող մյուս հակումներից։ Դրանք սպառնում են մարդու կյանքին (2 Կորնթացիներ 7։1)։ Աստված թանկ է գնահատում նույնիսկ արգանդում զարգացող երեխայի կյանքը (Ելք 21։22, 23)։ Հետևաբար, մենք չպետք է գիտակցաբար սպանենք չծնված երեխային։ Բացի այս, ովքեր թանկ են գնահատում կյանքի պարգևը, նրանք հետևում են անվտանգության կանոններին աշխատավայրում, տանը և մեքենայի մեջ (2 Օրենք 22։8)։ Նաև նրանք չեն զբաղվում վտանգավոր մարզաձևերով (կարդա՛ Սաղմոս 36։9)։
5. Ինչպե՞ս է արյան սրբության մասին օրենքը օգուտներ բերում մեզ։
Արյունը սուրբ է, քանի որ Աստված ասում է, որ այն ներկայացնում է իր ստեղծած էակների կյանքը, կամ՝ հոգին (Ծննդոց 9։3, 4)։ Աստծու օրենքով՝ արյան արժեքը հավասար է կյանքի արժեքին, և սա օգտակար է մեզ համար։ Այս օրենքի հիման վրա մեր մեղքերը կարող են ներվել (կարդա՛ Ղևտական 17։11–13; Եբրայեցիներ 9։22)։ Ինչպե՞ս։
Աստված իր Որդուն ուղարկեց երկիր, որպեսզի վերջինս իր արյան միջոցով փրկի մեզ։ Հիսուսի արյունը առանձնահատուկ արժեք ուներ, քանի որ նա կատարյալ էր։ Նա իր արյունը, որ խորհրդանշում էր իր կյանքը, ներկայացրեց Աստծուն (Եբրայեցիներ 9։12)։ Հիսուսի արյունը, որ թափվեց մեզ համար, հավիտենական կյանքի դուռ է բացում մեր առաջ (կարդա՛ Մատթեոս 26։28; Հովհաննես 3։16)։
Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 12-րդ և 13-րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։