Բնական աղետներ. ինչո՞ւ են այսքան շատ
ԴԱՏԵԼՈՎ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներից՝ աղետները չափազանց շատացել են. այնպիսի տպավորություն է, թե դրանք տեղի են ունենում մեկը մյուսի հետևից։ Այսօր ավելի շատ մարդ է մահանում աղետներից, քան առաջ։ Աղետների ժամանակ համաճարակների ուսումնասիրությամբ զբաղվող մի կենտրոն (Բելգիա) տեղեկացնում է, որ միայն 2010թ.-ին տեղի է ունեցել 373 աղետ և զոհվել է առնվազն 296000 մարդ։
Անցած մի քանի տասնյակ տարիների համեմատությամբ՝ արձանագրված աղետների թիվը զգալիորեն մեծացել է։ Համեմատենք։ 1975–1999թթ.-ին ամեն տարի տեղի ունեցած աղետների թիվը շատ հեռու էր 300-ից։ Բայց 2000–2010թթ.-ին աղետների տարեկան միջին թիվը բավական մոտ էր 400-ին։ Հավանաբար, դուք էլ այն մարդկանցից եք, ովքեր ուզում են իմանալ. «Ինչո՞ւ են մեր օրերում աղետներն այսքան շատ»։
Թեև մարդիկ հաճախ այդպիսի աղետները վերագրում են Աստծուն, բայց դա ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը։ Աստված չէ մերօրյա սարսափելի աղետների պատճառը։ Այդուհանդերձ, Աստվածաշնչում իրոք կանխագուշակվել է, որ մեր ժամանակներում աղետներ են լինելու։ Օրինակ՝ Մատթեոս 24։7, 8 համարներում կարդում ենք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն։ Սակայն այս ամենը ցավերի սկիզբն է»։ Ինչո՞ւ Աստծու Որդին մարգարեացավ, որ նման իրադարձություններ են լինելու, և ի՞նչ նշանակություն ունեն դրանք մեզ համար։
Այս խոսքերն ասելով՝ Հիսուսը պատասխանում էր հետևյալ հարցին. «Ո՞րն է լինելու.... աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Նա խոսեց ապագայում տեղի ունենալիք մի շարք բաների, այդ թվում նաև այնպիսի աղետների մասին, որոնք հիշատակվեցին վերևում։ Հետո Քրիստոսն ասաց մի շատ ուշագրավ խոսք. «Երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է» (Ղուկաս 21։31)։ Փաստորեն, այն, որ մեր օրերում տեղի են ունենում նման աղետներ, ինչ-որ բան է մեզ հուշում. շատ շուտով մեծ փոփոխություններ են լինելու։
Ուժեր, որոնք նպաստում են աղետներին
Շատերը, այնուամենայնիվ, գուցե հարցնեն. «Եթե Աստված չէ աղետների պատճառը, ապա ո՞վ է կամ ի՞նչն է»։ Այս հարցի պատասխանը կարող ենք հասկանալ միայն այն դեպքում, եթե ընդունենք հետևյալ ճշմարտությունը, որը գրված է Աստվածաշնչում. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Այս համարը ցույց է տալիս, որ Աստված չէ պատասխանատու աշխարհի վատթարացող վիճակի համար. մեղավորը շատ դեպքերում նրա թշնամին է՝ «Չարը», որն Աստվածաշնչում այլ կերպ կոչվում է «Բանսարկու» և «Սատանա» (Հայտնություն 12։9, 12)։
Մտածելով միայն սեփական անձի մասին՝ Աստծու այս թշնամին մարդկանց դիտում է ինչպես մեկանգամյա օգտագործման առարկաների։ Քանի որ ամբողջ աշխարհը իր իշխանության տակ է, նա մարդկանց մեջ տարածում է իր հատկությունները, և Աստվածաշունչն էլ է ասում, որ «վերջին օրերում» մարդիկ լինելու են «անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ» (2 Տիմոթեոս 3։1, 2)։ Ուստի զարմանալի չէ, որ Սատանան ստեղծել է մի համաշխարհային համակարգ, որը հիմնված է այսպիսի և ուրիշ ոչ աստվածահաճո հատկությունների վրա։ Նա խրախուսում է եսասիրաբար և ագահորեն շահագործել երկրի բնական ռեսուրսները, ինչը հաճախ վտանգավոր դրության մեջ է դնում մարդկանց։
Ինչպե՞ս է ագահությամբ տոգորված այդ համակարգը նպաստում աղետներին։ Համաշխարհային աղետների վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության մի զեկույցում ասվում է. «Բավական շատ են այն վայրերը, որտեղ ջրհեղեղի վտանգ կա և որտեղ բնակչությունը խիտ է։ Բացի այս, անտառների և ճահճոտ տարածքների վերացումը վնասում է շրջակա միջավայրի՝ վտանգներին դիմադրելու կարողությանը։ Սակայն շատ ավելի վտանգավոր են համաշխարհային կլիմայի փոփոխությունը և ծովի մակարդակի բարձրացումը, որոնք տեղի են ունենում ջերմոցային գազերի կուտակման՝ մարդու գործունեության հետևանքով»։ Թեև ասում են, որ այդ «մարդկային գործունեությունը» տնտեսական առաջընթացի համար է, սակայն իրականում դրա հետևում ընկած են եսասիրությունն ու ագահությունը, հատկություններ, որոնք տիրապետող են դարձել աշխարհում։
Շրջակա միջավայրի աղտոտում
Ուստի զարմանալի չէ, որ այսօր շատ մասնագետներ ընդունում են, որ մարդու անկանոն գործունեության հետևանքով աղետները ավելի կործանարար են դարձել։ Մարդիկ, թիկունք կանգնելով մի համակարգի, որն ավելի է ուժգնացնում աղետների հարվածները՝ իրականում Սատանայի ջրաղացին են ջուր լցնում։
Այսպիսով՝ տեսնում ենք, որ շատ աղետների պատճառը մարդու անհոգությունն է։ Ինչ խոսք, որոշ աղետներ կարող էին պակաս կործանարար լինել։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Որովհետև աշխարհի շատ վայրերում բնական աղետների հետևանքները ծանրանում են անբարեխիղճ մարդկանց հետկուլիսային մեքենայությունների պատճառով կամ էլ այն պատճառով, որ սոցիալական և տնտեսական անհավասարությունը ստիպում է բազմաթիվ մարդկանց ապրելու վտանգավոր գոտիներում։ Եվ վերջապես, որոշ դեպքերում մարդիկ աղետի զոհ են դառնում ոչ թե ինչ-որ մեկի անփութության պատճառով, այլ այն պատճառով, որ «ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11)։
Ի՞նչ կարող եք անել, եթե բնական աղետ է սպասվում կամ եթե աղետը արդեն պատահել է և դուք տուժել եք դրանից։ Հաջորդ հոդվածում կխոսենք այդ մասին։