Գիտեի՞ք արդյոք
Ո՞վ է Պարսկաստանի Ասուերոս թագավորը, որի մասին հիշատակվում է Աստվածաշնչի «Եսթեր» գրքում
▪ «Եսթեր» գրքում ասվում է, որ Ասուերոսը մի հրեա կույս աղջկա՝ Եսթերին, իր թագուհին դարձրեց։ Վերջինս քայլեր ձեռնարկեց իր ժողովրդին ցեղասպանությունից պաշտպանելու համար։ Կարծիքները այն մասին, թե ով է Պարսկաստանի Ասուերոս թագավորը, երկար ժամանակ խիստ տարբերվում էին իրարից։ Սակայն այս խնդիրը, ըստ ամենայնի, լուծվեց, երբ վերծանվեցին պարսկական եռալեզու արձանագրությունները։ Գրեթե կասկած չկա, որ Ասուերոսը Քսերքսես I-ն է՝ Դարեհ I-ի (Վշտասպ) որդին։ Այն ձևը, ինչպես որ «Քսերքսես» անունը գրված է պարսկական արձանագրությունում, գրեթե լիովին համապատասխանում է այդ անվան եբրայերեն այն ձևին, որը գրված է «Եսթեր» գրքի եբրայերեն տեքստում։
Այն ամենը, ինչ ասվում է «Եսթեր» գրքում Ասուերոսի վերաբերյալ, համապատասխանում է այս նկարագրությանը։ Պարսկաստանի միապետը, որի նստավայրը Շոշ (Շուշան) մայրաքաղաքն էր, որը գտնվում էր Էլամում, իշխում էր նաև Մարաստանի վրա. նրա տիրույթները տարածվում էին Հնդկաստանից մինչև Միջերկրական ծովի կղզիներ (Եսթեր 1։2, 3; 8։9; 10։1)։ «Այս ամենը վերաբերում է միայն Քսերքսեսին. ոչ մի ուրիշ պարսիկ միապետի մասին դա չենք կարող ասել,— ասում է աստվածաշնչագետ Լյուիս Բեյլս Փեյտոնը։— Այն, թե ինչպես է Ասուերոսը մեզ ներկայանում «Եսթեր» գրքում, միանգամայն համապատասխանում է Քսերքսեսի վերաբերյալ Հերոդոտոսի և ուրիշ հույն պատմիչների նկարագրությանը»։
Ի՞նչն է վկայում, որ հին Եգիպտոսում աղյուսներ էին պատրաստում
▪ Աստվածաշնչի «Ելք» գրքում ասվում է, որ եգիպտացիները հարկադրում էին իրենց եբրայեցի ստրուկներին աղյուսներ պատրաստել։ Նրանք պետք է ամեն օր որոշակի քանակությամբ աղյուս պատրաստեին կավի և հարդի խառնուրդից (Ելք 1։14; 5։10–14)։
Աստվածաշնչային ժամանակներում Նեղոսի հովտում աղյուս պատրաստելը կարևոր գործ էր։ Մինչև հիմա Եգիպտոսում պահպանվել են աղյուսից կառուցված պատմական հուշարձաններ։ Թեբեում՝ Ռեքմիրի դամբարանում, կա մ.թ.ա. 15-րդ դարով թվագրված մի որմնանկար, որը, գրեթե ժամանակակից լինելով «Ելք» գրքում աղյուսների վերաբերյալ արձանագրված հիշյալ տեղեկությանը, պատկերում է այդ գործը։
Մի հանրագիտարանում որմնանկարի այս դրվագի վերաբերյալ ասվում է. «Ջրավազանից բերում էին ջուրը, լցնում կավի ու հարդի զանգվածի վրա, ստացված ցեխը բրիչով խառնում էին, հետո տանում աղյուսագործի մոտ։ Զանգվածը սեղմելով լցնում էին գետնին կիպ դրված փայտե կաղապարի մեջ։ Հետո կաղապարը հանում էին, իսկ աղյուսը դնում արևի տակ՝ չորանալու։ Այսպես աղյուսները շարում էին կողք կողքի, չորացնում, հետո դասավորում իրար վրա։ Մինչև հիմա Մերձավոր Արևելքում այս մեթոդով աղյուս են պատրաստում» (The International Standard Bible Encyclopedia)։
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակով թվագրված բազմաթիվ պապիրուսե արձանագրություններ նույնպես վկայում են, որ ստրուկները հարդից ու կավից պատրաստել են աղյուսներ և ունեցել են աղյուսների արտադրության օրվա նորմա։
[նկար 22-րդ էջի վրա]
ԲԱՐՁՐԱՔԱՆԴԱԿ. ՔՍԵՐՔՍԵՍ (ԿԱՆԳՆԱԾ Է) ԵՎ ԴԱՐԵՀ (ՆՍՏԱԾ Է)
[թույլտվությամբ]
Werner Forman/Art Resource, NY
[նկար 22-րդ էջի վրա]
ՀԱՏՎԱԾ ՈՐՄՆԱՆԿԱՐԻՑ, ՌԵՔՄԻՐԻ ԴԱՄԲԱՐԱՆ
[թույլտվությամբ]
Erich Lessing/Art Resource, NY