Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ Ռուսաստանից

Ալթայի ոսկե լեռների գանձերը

Ալթայի ոսկե լեռների գանձերը

ՄԱՅԻՍՅԱՆ մի գեղեցիկ օր է։ Մեր պատուհանից երևում են փշատերև խիտ անտառները, որոնց վերևում՝ երկնակամարի վրա, ուրվագծվում են բաց կապույտ լեռները՝ ձյունածածկ գագաթներով։ Այսպիսին է Ալթայի Հանրապետության բնապատկերը, որը Սիբիրի հարավ-արևմուտքում գտնվող հեռավոր քարքարոտ երկիր է։ Ասիացի բնակիչները՝ ալթայցիները, որոնք ունեն իրենց լեզուն, ասես ձուլվել են Ալթայի լեռներին, որը թարգմանաբար նշանակում է «ոսկե»։

Մի քանի տարի է, ինչ ես ու կինս սովորել ենք ռուսական ժեստերի լեզուն և սկսել ենք այցելել Ռուսաստանի Եհովայի վկաների՝ այդ լեզվով հաղորդակցվող ժողովներն ու խմբերը։ Այս երկրում ապրող 70 տարբեր մշակույթների պատկանող ավելի քան 100 ազգությունները ունեն մեկ ընդհանուր լեզու՝ ռուսերենը։ Իսկ խուլերը հաղորդակցվում են ռուսական ժեստերի լեզվով։ Նրանք շատ մտերիմ են իրար հետ։ Խուլերից շատերը, ում հետ շփվում ենք, հյուրասեր մարդիկ են և սիրով պատմում են իրենց մասին։ Ալթայում ապրողներն էլ են այդպիսին։

Երբ Գոռնո-Ալթայսկ քաղաքում էինք, իմացանք, որ մոտ 250 կիլոմետր հեռու՝ մի փոքրիկ գյուղում, խուլեր կան։ Գիտեինք, որ այնտեղ թեև քիչ, բայց կան Վկաներ, սակայն նրանցից ոչ ոք չգիտի ժեստերի լեզուն։ Մենք ցանկացանք տեսնել նրանց և որոշեցինք մեքենայով գնալ ու գտնել լեռներում ապրող այդ մարդկանց։ Մեր ոգևորությունից վարակված՝ խուլ ու համր ամուսիններ Յուրին և Տատյանան որոշեցին միանալ մեզ։ Վերցնելով ժեստերի լեզվով գրականություն (DVD-ներ) և DVD նվագարկիչ՝ ճանապարհ ընկանք։ Վերցրինք նաև մի մեծ թերմոս, աշորայի հացով ու ծխեցրած նրբերշիկով պատրաստված բուտերբրոտներ և թարմ պիռաժկի՝ կաղամբով և կարտոֆիլով լցոնած ռուսական համեղ կարկանդակներ։ Նախապես մեր շորերի, կոշիկների վրա մի լավ փչեցինք տզերին վանող սփրեյ, քանի որ այդ վայրերում տարածված է տիզային էնցեֆալիտ հիվանդությունը։

Ճանապարհը ձգվում էր հրաշագեղ լեռների միջով։ Օդը հագեցած էր հասմիկի և յասամանի անուշ բուրմունքով։ Մենք լիովին թարմացանք։ Հանդիպեցինք սիբիրյան եղջերուների մի խմբի, որը հանգիստ խոտ էր արածում։ Տեսարանն այնքա՜ն գեղեցիկ էր։ Իսկ գյուղական վայրերում մետաղյա պարզ տանիքներով փայտե տները ասես շաղ տված ուլունքներ լինեին զմրուխտ կանաչի վրա։ Տներից շատերի կողքին կային փայտե հյուղակներ, որոնք կոչվում են այիլներ։ Դրանք սովորաբար կոնաձև տանիքներով վեցանկյուն տնակներ են, որոնցից մի քանիսը նման են ծառի կեղևով ծածկված վրանի։ Ալթայ ընտանիքներից շատերը մայիսից սեպտեմբեր ապրում են այիլներում, իսկ մնացած ամիսներն անցկացնում են տներում։

Տեղի Վկաները մեզ ջերմորեն ընդունեցին և ցույց տվեցին մի խուլ ու համր զույգի տուն։ Մեզ տեսնելով՝ ամուսինները ուրախացան ու հետաքրքրվեցին, թե որտեղից ենք և ինչով ենք զբաղվում։ Երբ մենք ցույց տվեցինք մի տեսասկավառակ, նրանք, քանի որ համակարգիչ ունեին, պնդեցին, որ դիտենք այն։ Երբ էկրանին հայտնվեց պատկերը, նրանց աչքերն ուղղվեցին համակարգչին։ Հայացքները հառած էկրանին՝ երբեմն հիացմունքով կրկնում էին ժեստերը և գլխով անում՝ ի նշան հավանության։ Նրանք բոլորովին մոռացել էին մեր ներկայության մասին։ Մեզ մեծ դժվարությամբ հաջողվեց նրանց կտրել մոնիտորից, որպեսզի նորից դիտենք տեսասկավառակի առաջին պատկերները՝ երկրային դրախտի գեղեցիկ տեսարանները։ Դրանցից մեկի վրա կանգնելով՝ մենք նրանց հետ քննարկեցինք, թե ինչ է անելու Աստված մարդկության համար և ինչպիսի մարդիկ են հավիտյան ապրելու նման կատարյալ պայմաններում։ Նրանց հետաքրքրությունը ոգևորում էր մեզ։ Վերջում նրանք տեղեկացրին մեզ մեկ այլ խուլ ու համր զույգի մասին, որն ապրում էր ուրիշ գյուղում, ուր կարելի էր հասնել մի քանի ժամում։

Մենք կրկին ճանապարհ ընկանք։ Ժայռերի արանքով օձաձև գալարվող ուղին մեզ տարավ շատ փոքրիկ մի գյուղ, որտեղ էլ գտանք, ում փնտրում էինք։ Խուլ ու համր ընտանիքը՝ ամուսինները, կնոջ մայրը և նրանց փոքր տղան, անչափ ուրախ էին անծանոթների անսպասելի այցից։ Փոքրիկ դռնով ներս մտանք նրանց այիլ։ Ներսից փայտի ու խնոցու թանի հաճելի հոտ էր գալիս։ Կոնաձև տանիքի գագաթին կլոր անցք էր բացած, որտեղից լույսն ընկնում էր ներս։ Աղյուսե սպիտակածեփ վառարանը դրված էր մի անկյունում, իսկ բալի գույնի կարպետները զարդարում էին պատերը։ Մեզ հյուրասիրեցին ալթայական ուտեստ՝ փոքրիկ կլորիկ կարկանդակներ, և տաք թեյ ասիական գավաթներով։ Մենք հարցրինք, թե երբևէ մտածել են, որ հնարավոր է Աստծու ընկերը դառնալ։ Նրանց հետաքրքրեց այդ հարցը։ Տարեց կինը պատմեց, որ մանկության տարիներին որպես աստվածներին զոհ մի անգամ ուտելիք է տարել լեռներում գտնվող մի վայր։ «Թե ինչու այդպես արեցի, ինքս էլ չգիտեմ։ Մեր սովորությունն էր»,— ասաց նա՝ ուսերը թոթվելով և ժպտալով։

Մենք նրանց ցույց տվեցինք այդ թեմայի վերաբերյալ տեսասկավառակը։ Նրանց դեմքերը սկսեցին փայլել։ Նրանք ցանկանում էին, որ կրկին այցելենք ու շարունակենք զրույցը։ Թեև խուլ ու համրերի հետ կապ պահպանելու համար ավելի հեշտ է տեքստային հաղորդագրություններ ուղարկելը, սակայն այդ տարածքում հեռախոսակայանի ոչ մի ալեհավաք չկար։ Ուստի խոստացանք նամակներ գրել։

Արևն արդեն մայր էր մտնում, երբ հրաժեշտ տվեցինք նրանց և ճանապարհ ընկանք դեպի տուն՝ Գոռնո-Ալթայսկ։ Հոգնած էինք, բայց մեր սրտերը լի էին բավարարվածության զգացումով։ Որոշ ժամանակ անց տեղի Վկաներից իմացանք այս ընտանիքի մասին։ Տան տղամարդը ամեն երկու շաբաթը մեկ գնում է քաղաք և այնտեղ ժեստերի լեզուն իմացող մի քրոջ օգնությամբ ուսումնասիրում է Աստվածաշունչը ու մասնակցում ժողովի հանդիպմանը։ Մենք ուրախ ենք, որ մեր ջանքերը պտուղներ բերեցին։

Ազնվասիրտ մարդկանց գտնելու մեր փնտրտուքները կարելի է նմանեցնել լեռներում գանձեր որոնելուն։ Երկար ժամերի մեր որոնումները վարձատրվեցին, երբ լեռների գրկում «պատահաբար» գտանք անգին մի գանձ։ Մեր հուշերում Ալթայի լեռները միշտ ոսկե կմնան, քանի որ դրանց կանաչ լանջերի մի գողտրիկ անկյունում էր, որ հանդիպեցինք նրանց...