Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բազմազան գույներն ու կտորները աստվածաշնչյան ժամանակներում

Բազմազան գույներն ու կտորները աստվածաշնչյան ժամանակներում

Բազմազան գույներն ու կտորները աստվածաշնչյան ժամանակներում

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ մենք հանդիպում ենք մանրամասների մեզանից հազարամյակներ առաջ ապրած մարդկանց հագուստների, դրանց ոճերի, գույների և կտորի տեսակների մասին։

Ճիշտ է, Աստվածաշունչը նորաձևության և ոճերի մասին պատմող գիրք չէ։ Սակայն նման մանրակրկիտ նկարագրությունների շնորհիվ այդ դեպքերը կենդանանում են ընթերցողի մտքում։

Օրինակ՝ կարդում ենք, որ Ադամն ու Եվան իրենց մերկությունը ծածկելու համար ժամանակավոր հագուստ էին պատրաստել՝ թզենու տերևները իրար կարելով։ Սակայն հետագայում Աստված դրանց փոխարեն նրանց տվեց «կաշվե երկար հագուստներ», որոնք ավելի դիմացկուն էին (Ծննդոց 3։7, 21

Իսկ Ելք գրքի 28-րդ և 39-րդ գլուխներում մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչ է կրել Իսրայելի քահանայապետը. կտավե ներքնազգեստ, սպիտակ պատմուճան, ոլորված գոտի, կապույտ անթև վերնահագուստ, ասեղնագործված եփուդ և կրծքապանակ, ինչպես նաև խույր՝ վրան ոսկուց փայլուն թիթեղ։ Կարդալով այն մասին, թե ինչպես են թանկարժեք կտորներ և թելեր օգտագործելով պատրաստել այս հագուստները՝ կարող ենք պատկերացնել, թե ինչ վեհաշուք տեսք են ունեցել դրանք (Ելք 39։1–5, 22–29

Մեկ այլ օրինակ է Եղիա մարգարեի հագուստը, որը առանձնացնում էր նրան բոլորից, և մարդիկ անմիջապես ճանաչում էին մարգարեին, երբ նկարագրում էին նրան. «Վրան մազոտ հագուստ կար, իսկ մեջքին կաշվե գոտի էր կապել»։ Հետաքրքիր է, որ հարյուրավոր տարիներ հետո ոմանք կարծում էին, թե Հովհաննես Մկրտիչը Եղիան է, մասամբ այն պատճառով, որ նրանց հագուստները նույնատիպ էին (2 Թագավորներ 1։8; Մատթեոս 3։4; Հովհաննես 1։21

Կտորներն ու գույները։ Աստվածաշնչում հանդիպում ենք շատ մանրամասների, որոնք վերաբերում են կտորների տեսակներին, հագուստի գույներին, ներկանյութերին, ինչպես նաև մանելուն, գործելուն և կարելուն *։ Կտորները հիմնականում պատրաստվում էին ընտանի կենդանիների բրդից և վուշի թելից։ Աստվածաշունչը հայտնում է, որ Աբելը «ոչխարների հովիվ» էր (Ծննդոց 4։2)։ Սակայն չի նշվում՝ արդյոք նա բրդի համար էր պահում ոչխարներ, թե ոչ։ Բարձրորակ կտավի մասին ամենավաղ աստվածաշնչյան արձանագրությունը կապված է այն դեպքի հետ, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 18-րդ դարում։ Ծննդոց 41։42 համարում կարդում ենք, որ փարավոնը Հովսեփին «բարձրորակ կտավից հանդերձ հագցրեց»։ Սուրբ Գրքում չկա արձանագրություն այն մասին, որ հրեաները կրել են բամբակյա հագուստներ, սակայն հայտնի է, որ վաղ ժամանակներում Մերձավոր Արևելքի երկրներում այդպիսի կտոր օգտագործվել է։

Վուշի և բրդի մանրաթելից մանում էին տարբեր հաստության թելեր։ Թելերից էլ պատրաստում էին կտորներ։ Թելերը և կտորները ներկում էին բազմազան գույներով։ Հետո կտորները կտրում և կարում էին համապատասխան հագուստներ։ Կտորները հաճախ ասեղնագործ էին լինում՝ միահյուսված տարբեր գույնի թելերով, ինչը ավելի գեղեցկացնում և ավելի թանկարժեք էր դարձնում հագուստը (Դատավորներ 5։30

Աստվածաշնչում հաճախ են նշվում կտորի գունաներկերի անուններ՝ կապույտ, ծիրանի և որդան կարմիր։ Իսրայելացիներին պատվեր էր տրվել իրենց հագուստների «փեշի ծոպերիզի վրայով կապույտ թել անցկացնել» (Թվեր 15։38–40)։ Եբրայերեն «թեքհելիտ» բառը՝ կապույտի երանգ, և «արգաման» բառը, որը սովորաբար թարգմանվել է «ծիրանի», օգտագործվել են նկարագրելու համար քահանայապետի հագուստը և խորանի ու տաճարի գործվածքները։

Խորանի և տաճարի գործվածքները։ Իսրայելացիների երկրպագության վայրը սկզբում խորանն էր՝ անապատում, հետագայում՝ տաճարը՝ Երուսաղեմում։ Ուստի հասկանալի է, թե ինչու է Աստվածաշունչն այդքան մանրակրկիտ տեղեկություններ պարունակում խորանի պատրաստման և Սողոմոնի տաճարի կառուցման ու կահավորանքի վերաբերյալ։ Բացի օգտագործվող կտորի տեսակի և գույնի մասին մանրամասներից, կան հրահանգներ, թե ինչպես պետք է գործել, ներկել, կարել և ասեղնագործել խորանի վարագույրները և ծածկոցները։

Աստծու ոգու առաջնորդությամբ՝ հմուտ արհեստավորներ Բեսելիելն ու Օհոլիաբը ուրիշ տղամարդկանց և կանանց հետ հավատարմորեն կատարեցին իրենց առանձնահատուկ հանձնարարությունը. պատրաստեցին Եհովայի երկրպագությանը վայել հանդիպման վրան (Ելք 35։30–35Ելք 26-րդ գլխում շատ մանրակրկիտ կերպով նկարագրվում են խորանի համար անհրաժեշտ գործվածքները, ինչպես նաև պատրաստման եղանակները։ Օրինակ՝ թանկագին գունագեղ վրանի կտորները հյուսված էին «ոլորված բարձրորակ կտավից, կապույտ թելից, ծիրանիով ներկված բրդից և որդան կարմրով ներկված մանվածքից»։ Սրանց մեծ մասը հավանաբար իսրայելացիները վերցրել էին իրենց հետ Եգիպտոսից դուրս գալու ժամանակ։ Առանձնակի ուշադրություն էր դարձվել գունագեղ հաստ վարագույրին, որի վրա ասեղնագործված էին քերովբեներ, և որը խորանում Սրբությունը պետք է բաժաներ Սրբությունների Սրբությունից (Ելք 26։31–33)։ Հետագայում նմանատիպ մանրամասն հրահանգներ տրվեցին նաև նրանց, ովքեր, Սողոմոն թագավորի առաջնորդությանը հետևելով, պետք է պատրաստեին Երուսաղեմի տաճարի համար անհրաժեշտ գործվածքները (2 Տարեգրություն 2։1, 7

Աստվածաշնչում պահպանված նման մանրամասն տեղեկություններն օգնում են տեսնելու, որ հնում եբրայեցիները եղել են արհեստավարժ և հնարամիտ իրենց ձեռքի տակ ունեցած հումքն օգտագործելու հարցում։ Այո՛, մեր աչքի առաջ հառնում է ոչ թե մի ժողովուրդ, որը հազիվ պահպանում էր իր գոյությունը՝ կրելով անհրապույր և անպաճույճ շորեր, այլ մի ազգ, որն ուներ բազմագույն ու բազմաոճ հագուստներ, որոնք նախատեսված էին տարբեր առիթների, տարբեր եղանակների և տարբեր խավի մարդկանց համար։

Աստվածաշնչում ասվում է, որ իսրայելացիներին տրվել էր «մի լավ ու ընդարձակ երկիր՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում» (Ելք 3։8; 2 Օրենք 26։9, 15)։ Քանի դեռ նրանք մաքուր երկրպագություն էին մատուցում Եհովային, վայելում էին նրա օրհնությունները։ Կյանքը հրաշալի էր, մարդիկ՝ ուրախ ու բավարարված։ Սուրբ Գիրքն ասում է. «Սողոմոնի բոլոր օրերում Հուդան և Իսրայելը ապրում էին ապահովության մեջ, ամեն մեկն իր որթատունկի և իր թզենու տակ՝ Դանից մինչև Բերսաբեե» (1 Թագավորներ 4։25

[ծանոթագրություն]

^ պարբ. 7 Թե ինչպես են դրանք արվում, նկարագրված է կից շրջանակներում։

[շրջանակ/​նկարներ 26-րդ և 27–րդ էջերի վրա]

Բրդյա կտոր և կտավ

Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ ոչխարներին պահում էին հիմնականում կաթի և բրդի համար։ Ընդամենը մի քանի ոչխարները տալիս էին այնքան բուրդ, որ բավարար կլիներ ամբողջ ընտանիքին հագուստով ապահովելու համար։ Եթե տանտերը շատ ոչխարներ ուներ, ապա ավել բուրդը վաճառում էր մանածագործներին։ Որոշ քաղաքներ և գյուղեր ունեին իրենց մանածագործական արհեստանոցները։ Հին ժամանակներում ոչխարներին խուզելը ամեն տարի արվող հիմնական աշխատանքներից մեկն էր (Ծննդոց 31։19; 38։13; 1 Սամուել 25։4, 11

Կտավը նույնպես տարածված կտորի տեսակ էր, որը պատրաստվում էր վուշի մանրաթելերից (Ելք 9։31)։ Վուշը քաղում էին, երբ այն գրեթե հասած էր։ Ցողունները փռում էին արևի տակ, որ չորանա, այնուհետև ընկղմում էին ջրի մեջ, որպեսզի կոշտ մասերը փափկեն։ Հետո կրկին չորացնում էին և ծեծում, որպեսզի մանրաթելը անջատվի կամ առանձնանա, ապա դրանով թել էին մանում կտոր գործելու համար։ Ազնվականները և բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրում էին կտավից կարված հագուստ։

[նկար]

Չոր վուշ նախքան ջրի մեջ թրջելը

[շրջանակ/​նկար 27-րդ էջի վրա]

Մանելը

Բուսական ու կենդանական մանրաթելերի, ինչպես օրինակ՝ վուշի, բրդի կամ այծի մազի մեկ թելիկը չափազանց բարակ է ու կարճ։ Այդ իսկ պատճառով դրանք ոլորում են միասին, կամ՝ մանում են, որպեսզի ստանան ցանկալի հաստության ու երկարության թել՝ մանվածք։ «Առաքինի կնոջ» մասին Աստվածաշունչն ասում է. «Նա մեկնում է իր ձեռքերը ճախարակին և իլիկը բռնում իր ձեռքերով» (Առակներ 31։10, 19)։ Այս համարում նկարագրված է մանելու պրոցեսը, որի ժամանակ օգտագործում են ճախարակ և իլիկ, որոնք պարզունակ փայտե սրածայր ձողեր են։

Կինը ձեռքով պահում էր ճախարակը, որի վրա թույլ փաթաթված էր մանրաթելը։ Աստիճանաբար նա քանդում էր փաթույթը, ձգում էր մանրաթելը, ոլորում և անցկացնում իլիկի ծայրին գտնվող փորակին կամ կեռիկին։ Մյուս ծայրին կոնաձև կամ գլանաձև գլխիկն էր, որը ծառայում էր որպես թափանիվ։ Իլիկը պտտելով և ուղղահայաց կախ տալով՝ կինը մանում էր մանրաթելը և ստանում որոշակի հաստության թել։ Մանվածքը փաթաթում էր իլիկի ձողին, ինչպես կոճի վրա են փաթաթում, և այդ գործողությունը կրկնում էր այնքան ժամանակ, մինչև ճախարակի վրա փաթաթված մանրաթելից ստացվում էր մեկ երկար թել։ Դրանից հետո կարելի էր ներկել և կտոր գործել։

[շրջանակ/​նկարներ 28-րդ և 29–րդ էջերի վրա]

Ներկելը

Մանելուց ու մաքրելուց հետո բրդի և վուշի թելերը կամ արդեն գործված կտորը ներկում էին տարբեր գույներով։ Ամեն անգամ ներկանյութի մեջ ընկղմելուց հետո թելի գույնն ավելի էր մգանում։ Քանի որ այդ ներկանյութը թանկ էր, թելը կամ կտորը գուռից հանելուց հետո քամում էին, որպեսզի ներկը կրկին օգտագործեն։ Հետո ներկված թելը կամ գործվածքը չորացնում էին։

Հնում չկային արհեստական գունաներկեր, և մարդիկ բույսերից ու մանր կենդանիներից էին ստանում կայուն և բազմագույն ներկեր։ Օրինակ՝ դեղին ներկը ստանում էին նուշի տերևներից և նռան մանրած կեղևից, սև գույնը՝ նռնենու կեղևից։ Կարմիր գույնը ստանում էին տորոն բույսի արմատից կամ որդան կարմիր կոչվող միջատից, իսկ լեղակի ծաղկից՝ կապույտ երանգը։ Տարբեր միջերկրածովային փափկամորթներից ստանում էին գունանյութեր, որոնց խառնուրդներից էլ տարբեր երանգներ՝ արքայական ծիրանիից մինչև կապույտ և մուգ կարմիր։

Քանի՞ ծովային փափկամորթ էր անհրաժեշտ մի հագուստ ներկելու համար։ Մի փափկամորթից այնքան քիչ գունանյութ էր դուրս գալիս, որ, ըստ մի ուսումնասիրության, 10000 փափկամորթ էր անհրաժեշտ մեկ հանդերձ կամ թիկնոց «արքայական ծիրանի» կոչվող ներկով մուգ գույն ներկելու համար։ Բաբելոնի Նաբոնիդ թագավորի օրոք ծիրանագույն ներկված բուրդը 40 անգամ ավելի թանկ էր, քան այլ գույներով ներկվածները։ Քանի որ անտիկ Տյուրոսը հայտնի էր որպես այս թանկարժեք ներկի մատակարար, այս գույնը կոչվեց նաև տյուրոսյան ծիրանի։

[նկարներ]

Ծովային փափկամորթի խեցի

Ծիրանի ներկելու համար գուռ թել դորում, Իսրայել, մ.թ.ա. 2-րդ կամ 3-րդ դար

[թույլտվությամբ]

The Tel Dor Project

[շրջանակ/​նկար 29-րդ էջի վրա]

Գործելը

Մանված թելերով դազգահի վրա գործում էին ցանկացած չափի կտորներ՝ հագուստ և այլ բաներ կարելու համար։ Երկայնակի թելերը՝ որպես հենք, միահյուսվում էին լայնակի միջնաթելերին, կամ՝ թեզանին։ Հենքի թելերը մեկումեջ՝ մեկ վրայից, մեկ տակից, խաչաձև գործվում էին միջնաթելի վրա։

Աստվածաշնչյան ժամանակներում օգտագործել են թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց դազգահ։ Որոշ ուղղահայաց դազգահների հենքի թելերին ներքևից կախում էին ծանր կախիկներ։ Հնում օգտագործվող դազգահների կախիկներ հայտնաբերվել են Իսրայելի մի շարք վայրերում։

Կտոր գործելը հաճախ առօրյա գործերից մեկն էր, սակայն, որոշ վայրերում ամբողջ գյուղեր էին զբաղվում այս արհեստով։ Օրինակ՝ 1 Տարեգրություն 4։21-ում նշված է «բարձրորակ կտոր գործողների տան» մասին, որն, ակներևաբար, իրար հետ աշխատող ջուլհակների մի համայնք էր։

[նկար 26–րդ և 27-րդ էջերի վրա]

Կապույտ թել եվ ծիրանիով ներկված բրդյա կտոր (Ելք 26։1)