Գիտեի՞ք արդյոք
Գիտեի՞ք արդյոք
Ի՞նչ էր «Անծանոթ Աստծու» զոհասեղանը, որը Պողոսը տեսավ Աթենքում (Գործեր 17։23)
▪ Մի քանի հին հույն գրողներ հիշատակել են այդպիսի զոհասեղանների մասին։ Օրինակ՝ երկրորդ դարի պատմաբան և աշխարհագրագետ Պավսանիասը նշել է, որ Օլիմպիայում կար «անծանոթ աստվածների զոհասեղան»։ Իսկ հռետոր և փիլիսոփա Փիլոստրատոսը ասել է, որ Աթենքում «զոհասեղաններ [էին] կանգնեցվում նույնիսկ անծանոթ աստվածների պատվին»։
Երրորդ դարի գրող Դիոգենես Լաերտցին գրել է մի ավանդույթի մասին, որը բացատրում է «անանուն զոհասեղանների» ծագումը։ Պատմությունը, որը թվագրվում է մ.թ.ա 6-րդ կամ 7-րդ դարերով, նշում է, թե ինչպես Էպիմենիդես անունով մի մարդ Աթենքում կանգնեցրեց համաճարակը։ Դիոգենեսը գրում է. «Նա մի քանի ոչխար վերցրեց.... ու բերեց Արեոպագոս, այնուհետև դրանց բաց թողեց ու պատվիրեց որոշ մարդկանց հետևել կենդանիներին։ Նրանք պետք է հենց այն տեղում, որտեղ ոչխարները կպառկեին, զոհ մատուցեին տեղի աստվածությանը։ Ասում են, թե դրանից հետո համաճարակը դադարեց։ Նույնիսկ մինչ օրս Ատտիկայի տարբեր մասերում կարելի է գտնել զոհասեղաններ, որոնց վրա անուններ չկան փորագրված»։
Անծանոթ աստվածների համար զոհասեղաններ կանգնեցնելու մեկ այլ հնարավոր պատճառի մասին նշվում է մի բառարանում, որում ասվում է. «Մարդիկ վախենում էին, որ եթե չմեծարեն որևէ անծանոթ աստծու կամ աստվածուհու, ապա կբարկացնեն նրան և չեն ստանա այդ աստվածության հավանությունը» (The Anchor Bible Dictionary)։
Ինչո՞ւ էին առաջին դարի հրեաներն արհամարհում հարկահավաքներին
▪ Մարդիկ երբեք հարկահավաքներին առանձնապես չեն սիրել։ Առաջին դարում Իսրայելում նրանք դասվել են ամենապարսավելի ու կաշառակեր մարդկանց շարքում։
Հռոմեական իշխանությունը ժողովրդից մեծ հարկեր էր պահանջում։ Գլխահարկն ու հողի հարկը հռոմեացի պաշտոնյաներն էին հավաքում, իսկ ներկրվող, արտահանվող և տարանցիկ ապրանքների հարկերը հավաքելու գործը տրվում էր նրան, ով դրա համար ամենաբարձր գինն էր առաջարկում։ Ուստի որոշ շրջաններից հարկեր հավաքելու իրավունքը գնում էին տեղի առևտրականները։ Որպես ատելի հռոմեացիների կամակատարներ՝ այդպիսի անհատները խորապես զայրացնում էին իրենց հրեա ազգակիցներին, որոնք նրանց համարում էին «դավաճաններ ու հավատուրացներ, ովքեր հեթանոսների հետ հաճախ շփվելով՝ ապականվել են», ինչպես նշվում է «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարանում»։
Հարկահավաքները հայտնի էին իրենց անազնվությամբ։ Նրանք հարստանում էին իրենց ազգակիցների հաշվին։ Ոմանք գերագնահատում էին այն ապրանքների արժեքը, որոնց համար պետք է հարկ վերցնեին, և ավել գումարը դնում էին իրենց գրպանը, ուրիշներն էլ կեղծ մեղադրանքներով աղքատներից փող էին շորթում (Ղուկաս 3։13; 19։8)։ Այդ պատճառով հարկահավաքները դասվում էին մեղավորների շարքում և, ինչպես նշում է «Հրեական հանրագիտարանը», «պիտանի չէին դատավոր կամ նույնիսկ վկա լինելու համար» (Մատթեոս 9։10, 11)։
[նկար 18-րդ էջի վրա]
ԱՆԾԱՆՈԹ ԱՍՏԾՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ԶՈՀԱՍԵՂԱՆ ՊԵՐԳԱՄՈՆԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ (ԹՈՒՐՔԻԱ)
[նկար 18-րդ էջի վրա]
ՀՌՈՄԵԱԿԱՆ ՔԱՆԴԱԿ, ՈՐԻ ՎՐԱ ՊԱՏԿԵՐՎԱԾ Է ՄԻ ՀԱՐԿԱՀԱՎԱՔ (Մ.Թ. 2-ՐԴ ԿԱՄ 3-ՐԴ ԴԱՐ)
[թույլտվությամբ]
Erich Lessing/Art Resource, NY