Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ վատ բան կա ոգեհարցության մեջ

Ի՞նչ վատ բան կա ոգեհարցության մեջ

Ի՞նչ վատ բան կա ոգեհարցության մեջ

Դեռ մանկուց Բարբարան * տեսիլքներ էր տեսնում և ձայներ էր լսում։ Նա համոզված էր, որ շփվում է մահացած հարազատների հետ։ Հետագայում ամուսնու՝ Խոակիմի հետ կարդում էին ոգեհարցության վերաբերյալ գրքեր և ժամանակի ընթացքում դարձան հմուտ տարո քարտ գցողներ։ Դա լավ եկամտի աղբյուր էր, ուստի ոգեհարցությունը դարձավ նրանց բիզնեսը։ Մի օր քարտերը նախազգուշացրին նրանց, որ վտանգավոր մարդիկ են գալու իրենց տուն, և ասացին, թե ինչպես պետք է պաշտպանվեն նրանցից։

ՈԳԵՀԱՐՑՈՒԹՅՈՒՆԸ, թեև շատ հին արմատներ ունի, սակայն հետաքրքրությունը գերբնական երևույթների հանդեպ լայնորեն տարածված է այսօր։ Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ թալիսմաններ են կրում, ոգի են կանչում և դիմում են ոգեհարցների՝ իրենց ապագան իմանալու կամ չարից պաշտպանվելու համար։ Գերմանական «Ֆոկուս» պարբերականի մի հոդվածում, որի վերնագիրն էր «Լապտոպն ու Լյուցիֆերը», հետևյալն է ասվում. «Ինտերնետը կախարդությանը նոր հմայք է հաղորդում»։

Իսկ գիտե՞ս, թե ինչ է ասում Աստվածաշունչը ոգեհարցության մասին։ Այս թեմայի վերաբերյալ սուրբգրային տեղեկությունները գուցե անակնկալի բերեն քեզ։

Ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը

Իսրայել ազգին Աստծու տված Օրենքում գրված էր. «Ձեր մեջ չպետք է լինի.... գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի և գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող, որովհետև բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, գարշելի են Եհովայի համար, և այս գարշելի բաների պատճառով քո Աստված Եհովան այդ ազգերին քշում է քո առաջից» (2Օրենք 18։10–12)։ Ինչո՞ւ էր այսքան խստորեն արգելվում ոգեհարցությամբ զբաղվելը։

Ինչպես նախաբանում նշված օրինակից է երևում, շատերն այսօր հավատում են, որ հնարավոր է հաղորդակցվել մահացածների հետ և որ կախարդության միջոցով ստացված տեղեկությունները հայտնում են մահացածները։ Այս համոզմունքը հիմնված է այն գաղափարի վրա, որ սովորեցնում են շատ կրոններ, որի համաձայն՝ մահանալուց հետո մարդու հոգին շարունակում է ապրել ոգեղեն ոլորտում։ Սակայն հակառակ այս ուսմունքի՝ Աստվածաշունչը հստակ ասում է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5Սուրբ Գրքում մահը համեմատվում է խոր քնի հետ, որի ժամանակ մարդը բացարձակապես անտեղյակ է, թե ինչ է կատարվում իր շուրջը * (Մատթեոս 9։18, 24; Հովհաննես 11։11–14)։ Այդ դեպքում գուցե մտածես. «Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել այն գերբնական երևույթները, որոնց առնչվում են մարդիկ։ Ո՞ւմ հետ են նրանք հաղորդակցվում»։

Կապ ոգիների աշխարհի հետ

Ավետարանների արձանագրությունը ցույց է տալիս, որ երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը խոսել է ոգիների հետ։ Մարկոս 1։23, 24-ում նշվում է մի «անմաքուր ոգու» մասին, որը Հիսուսին ասաց. «Գիտեմ, թե դու ով ես»։ Ոգիներն, անշուշտ, գիտեն նաև, թե ով ես դու։ Իսկ դու գիտե՞ս, թե ովքեր են նրանք։

Նախքան մարդ արարածին ստեղծելը Աստված ստեղծել էր բազմաթիվ ոգեղեն որդիներ՝ հրեշտակներ (Հոբ 38։4–7)։ Նրանց կյանքի տեսակն ավելի բարձր է, քան մարդ էակինը (Եբրայեցիներ 2։6, 7)։ Հրեշտակները հզոր բանականություն և մեծ զորություն ունեն։ Նրանք ստեղծվել են Աստծու կամքը կատարելու համար։ Սաղմոսերգուն գրել է. «Օրհնե՛ք Եհովային, ո՛վ նրա հրեշտակներ, որ ուժով զորավոր եք և կատարում եք նրա խոսքը՝ լսելով նրա խոսքի ձայնը» (Սաղմոս 103։20

Աստծու Խոսքը հայտնում է, որ ժամանակի ընթացքում որոշ հրեշտակներ իրենց նախաձեռնությամբ կապ հաստատեցին մարդկանց հետ՝ առանց դրա իրավունքն ունենալու։ Ո՞րն էր նրանց նպատակը։ Առաջին ոգեղեն էակը, որը գնաց այդ քայլին, խաբեության միջոցով առաջին մարդկային զույգին հեռացրեց Աստծուց, որը ստեղծել էր նրանց։ Այդպես վարվելով՝ այդ ոգեղեն էակը իրեն դարձրեց Բանսարկու և Սատանա՝ զրպարտիչ և Աստծու հակառակորդ (Ծննդոց 3։1–6

Հետագայում ուրիշ հրեշտակներ էլ «թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը» երկնքում, մարդկային մարմիններ հագան և սկսեցին երկրի վրա ապրել գեղեցիկ կանանց հետ (Հուդա 6; Ծննդոց 6։1, 2)։ Այս ըմբոստ հրեշտակները և նրանց խառնածին սերունդը ահաբեկում էին մարդկանց, ինչի հետևանքով երկիրը «բռնությամբ լցվեց»։ Հավանաբար գիտես աստվածաշնչյան այն պատմությունը, թե ինչպես Աստված Նոյի օրերում Ջրհեղեղով կործանեց այդ չար  սերնդին (Ծննդոց 6։3, 4, 11–13

Ջրհեղեղի ջրերը ստիպեցին ոգիներին թողնել իրենց մարմինները և վերադառնալ ոգեղեն ոլորտ։ Բայց Ստեղծիչը թույլ չտվեց նրանց վերադառնալ իրենց նախկին «բնակության վայրը»։ Փոխարենը՝ նրանք պահվեցին նվաստացած վիճակում, որը համեմատվում է «թանձր խավարի խորքերի» հետ (2 Պետրոս 2։4, 5)։ Սուրբ Գիրքը ըմբոստ հրեշտակներին կոչում է «դևեր» (Հակոբոս 2։19)։ Նրանք այն ուժերն են, որ կանգնած են ոգեհարցության հետևում։

Ի՞նչ է դևերի ուզածը

Չար ոգիները, որոնք հաղորդակցվում են մարդկանց հետ, նախևառաջ նպատակ ունեն շեղելու նրանց, որ չերկրպագեն ճշմարիտ Աստված Եհովային։ Այն «շնորհն ու զորությունը», որ ոգեհարցները պնդում են, թե ունեն, ընդամենը մարդկանց շեղելու միջոցներ են, որ նրանք Աստծու մասին ճշգրիտ գիտելիքներ չստանան և նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ չզարգացնեն։

Դևերի երկրորդ նպատակի մասին իմանում ենք այն դեպքից, երբ նրանց առաջնորդը՝ Սատանան, փորձում էր Աստծու Որդուն։ Նա առաջարկեց Հիսուսին «աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը»։ Իսկ ի՞նչ էր ուզում Սատանան դրա դիմաց։ Նա ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե ընկնես ու երկրպագություն անես ինձ»։ Պարզ է, որ Սատանան ու իր դևերը ուզում են, որ մարդիկ երկրպագեն իրենց։ Սակայն Հիսուսը մերժեց նրա առաջարկը. հեռանալ Աստծուց և թողնել ճշմարիտ երկրպագությունը (Մատթեոս 4։8–10

Այսօր չար ոգիները նման բացահայտ առաջարկներ չեն անում։ Նրանք փորձում են միամիտներին թակարդը գցել առաջին հայացքից անվնաս թվացող զբաղմունքների միջոցով, ինչպիսիք են բյուրեղյա գնդով գուշակություն անելը, սուրճի բաժակ նայելը, տարո քարտեր գցելը, թելից կամ մազից կախված մետաղյա փոքրիկ առարկաներով կամ հորոսկոպով գուշակելը։ Մի՛ խաբվիր նման բաներով։ Դրանք բնության խորհրդավոր ուժերի միջոցով «անծանոթ աշխարհի» հետ կապ հաստատելու միջոցներ չեն։ Չար ոգիները, կախարդության հմայքն օգտագործելով, գրավում և թակարդն են գցում մարդկանց, որպեսզի շեղեն նրանց Եհովային երկրպագելուց։ Երբ այդ միջոցը չի գործում, դևերը հաճախ ահաբեկում և ճնշում են այն մարդկանց, ովքեր ընկել են իրենց ոստայնը։ Եթե հայտնվել ես չար ուժերի ճանկերում, ի՞նչ կարող ես անել նրանցից ազատվելու համար։

Ինչպե՞ս ազատվել թակարդից

Մի պահ անգամ չկասկածես, որ այն ոգիները, ովքեր հաղորդակցվում են մարդկանց հետ, Աստծու թշնամիներն են և դատապարտված են կործանման (Հուդա 6)։ Նրանք ինքնակոչ խաբեբաներ են, ովքեր ձևացնում են, թե մեր մահացած հարազատներն են։ Ի՞նչ կզգայիր, եթե պարզեիր, որ ընկերդ ինքնակոչի մեկն է և ջանում է շեղել քեզ այն ամենից, ինչը նպաստում է քո բարօրությանը։ Կամ ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ ինտերնետով կապ ես հաստատել մի սեքսուալ մանյակի հետ։ Համոզված եղիր, որ դևերը շատ ավելի վտանգավոր են։ Պետք է ամեն բան անես նրանց հետ բոլոր կապերը խզելու համար։ Բայց ինչպե՞ս։

Այն բանից հետո, երբ Եփեսոսի բնակիչները իմացան՝ ինչ է ասվում Սուրբ Գրքում ոգեհարցության մասին, նրանցից ոմանք հասկացան, որ անհրաժեշտ է ոչնչացնել կախարդության վերաբերյալ իրենց գրքերը, որքան էլ դրանք թանկարժեք լինեին։ Նրանք «ամենքի առաջ այրեցին» դրանք (Գործեր 19։19, 20)։ Այսօր ոգեհարցությանն առնչվող բաների մեջ մտնում են ոչ միայն գրքեր, թալիսմաններ, ոգի կանչելու պարագաներ և նմանատիպ իրեր, այլև էլեկտրոնային նյութեր։ Ուստի մերժիր այն ամենը, ինչը կարող է «դուռ բացել» ոգեհարցության առաջ։

Հիշիր այն զույգին, որի մասին հիշատակվեց այս հոդվածի սկզբում։ Տարո քարտերի միջոցով նրանք եզրակացրին, որ վտանգավոր մարդիկ են գալու իրենց տուն, բայց իրենք չպետք է լսեն նրանց և չպետք է ոչինչ վերցնեն նրանցից։ Սակայն երբ Քանին և Գուդրունը՝ երկու Եհովայի վկա կանայք, եկան նրանց տուն և ասացին, որ Աստծու մասին բարի լուր են բերել, Խոակիմն ու Բարբարան որոշեցին լսել կանանց։ Նրանք խոսեցին նաև ոգեհարցության մասին, և Վկաները դրա վերաբերյալ հայտնեցին ճշգրիտ տեղեկություններ Աստվածաշնչից։ Նրանք սկսեցին պարբերաբար զրուցել աստվածաշնչային թեմաներով։

Կարճ ժամանակ անց Խոակիմն ու Բարբարան որոշեցին խզել բոլոր կապերը դևերի հետ։ Վկաները ասացին, որ նրանց այդ որոշումը ոգիներին դուր չի գա։ Նրանք չէին սխալվում։ Ամուսինները շատ դժվարություններ կրեցին և սարսափելի հարձակումների ենթարկվեցին դևերի կողմից։ Որոշ ժամանակ ամուսինները ամեն գիշեր վախով էին անցկացնում, մինչև որ փոխեցին իրենց տունը, ինչից հետո նրանց վիճակը որոշ չափով թեթևացավ։ Այդ ողջ ընթացքում նրանք չկորցրին իրենց վստահությունը Փիլիպպեցիներ 4։13 համարում գրված խոսքերի հանդեպ. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»։ Եհովան օրհնեց զույգի վճռականությունը, և ոգիներն ի վերջո հանգիստ թողեցին նրանց։ Այսօր Խոակիմն ու Բարբարան ուրախությամբ երկրպագում են ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։

Բոլոր նրանց, ովքեր ուզում են ունենալ Եհովայի օրհնությունը, Աստծու Խոսքը հորդորում է. «Ուրեմն հպատակվեք Աստծուն, հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ։ Լվացեք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավորներ, և մաքրեք ձեր սրտերը, ո՛վ անվճռական մարդիկ» (Հակոբոս 4։7, 8)։ Եհովա Աստված կարող է և կօգնի քեզ ազատվելու դևերի ազդեցությունից, եթե, իհարկե, դու ցանկանաս։ Հիշելով, թե ինչպես ազատվեցին ոգեհարցության ոստայնից՝ Խոակիմն ու Բարբարան սրտանց կրկնում են Սաղմոս 121։2-ի խոսքերը. «Իմ օգնությունը Եհովայից է՝ երկինքն ու երկիրը Ստեղծողից»։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 2 Անունները փոխված են։

^ պարբ. 7 Մահացածների վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող ես գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 6-րդ գլխում, որի վերնագիրն է՝ «Որտե՞ղ են գտնվում մահացածները»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[մեջբերում 21-րդ էջի վրա]

Ոգեհարցության ձևերը մարդկանց Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելուց շեղելու միջոցներ են

[մեջբերում 22-րդ էջի վրա]

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (ՀԱԿՈԲՈՍ 4։8)