Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Նա Եհովային կառչած մնաց»

«Նա Եհովային կառչած մնաց»

Սովորեցրեք ձեր երեխաներին

«Նա Եհովային կառչած մնաց»

ԳԻՏԵ՞Ս, թե ինչ է նշանակում կառչել մեկին կամ մի բանի։~ * Քո հայրիկը կամ մայրիկը գուցե փողոցն անցնելիս ասի, որ ամուր բռնես իր ձեռքը կամ, այլ կերպ ասած, կառչես իրեն։ Նա դա ասում է, որովհետև սիրում է քեզ ու չի ուզում, որ վնասվես։ Մենք ցանկանում ենք պատմել քեզ մի մարդու մասին, որը, ինչպես Աստվածաշունչն է ասում, «կառչած մնաց» Եհովային՝ ճշմարիտ Աստծուն։ Նրա անունը Եզեկիա է։ Եկ տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրա օրինակից։

Եզեկիան դառը մանկություն է ունեցել։ Նրա հայրը՝ Աքազը՝ Հուդայի թագավորը, դադարել էր Եհովային ծառայելուց։ Նա սկսել էր երկրպագել կեղծ աստվածների, երբ Եզեկիան փոքր տղա էր։ Աքազը նույնիսկ իր տղաներից՝ Եզեկիայի եղբայրներից առնվազն մեկին սպանել և զոհ էր մատուցել այն աստծուն, որին պաշտում էր։

Թեև Աքազը շարունակում էր վատ բաներ անել, Եզեկիան հնազանդվում էր Եհովային։ Քո կարծիքով՝ դժվա՞ր էր նրա համար այդպես վարվել։~ Բնականաբար դժվար էր։ Բայց Եզեկիան չհանձնվեց։ Եկ իմանանք, թե ինչպես նա կարողացավ կառչած մնալ Եհովային և ինչպես մենք կարող ենք այդպես վարվել։

Եզեկիան գիտեր, որ եղել են մարդիկ, որոնք կառչած են մնացել Եհովային։ Դավիթը նրանցից մեկն էր, որն ապրել էր հարյուրավոր տարիներ առաջ։ Եզեկիան նրա մասին կարող էր իմանալ Սուրբ Գրքից։ «Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն,— գրել էր Դավիթը,— Եհովան կընդունի ինձ»։

Գլխի ընկա՞ր, թե ինչն էր օգնել Դավթին հնազանդվելու Եհովային։~ Նրա հավատն էր օգնել։ Դավիթը վստահ էր, որ եթե հնազանդվի Եհովային, նա կօգնի իրեն։ Նա դրանում ոչ մի կասկած չուներ։ Անկասկած, Դավթի մասին մտածելը օգնեց Եզեկիային, որ կառչած մնա Եհովային՝ հնազանդվելով նրան։ Դու նույնպես կարող ես վստահ լինել, որ Եհովան կօգնի քեզ, եթե հնազանդվելով՝ կառչած մնաս նրան։

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հայրդ կամ մայրդ չեն երկրպագում Եհովային։~ Աստված ասում է, որ երեխաները պետք է հնազանդվեն իրենց ծնողներին։ Ուստի դու էլ քո ծնողներին պետք է հնազանդվես։ Բայց եթե ծնողներդ ասում են, որ անես մի բան, ինչը Աստված թույլ չի տալիս, կարող ես բացատրել, թե ինչու չես ուզում դա անել։ Դու չպետք է ստես, գողանաս կամ ուրիշ վատ բան անես, ինչն Աստված ասում է, որ սխալ է, անկախ նրանից, թե ով է քեզ ասում, որ անես դա։ Ճիշտ կվարվես, եթե հնազանդվես Աստծուն։

Կան շատ լավ օրինակներ, որոնց կարող ենք հետևել։ Եզեկիան գիտեր ոչ միայն Դավթի մասին, այլև իր պապիկի՝ Հովաթամի մասին։ Թեև Եզեկիայի պապիկը մահացել էր մինչև նրա ծնվելը, Եզեկիան կարող էր իմանալ նրա մասին Աստծու Խոսքից այնպես, ինչպես մենք։ Հիշո՞ւմ ես ուրիշ լավ օրինակներ, որոնց կարող ենք հետևել։~ 

Ճիշտ է, Աստվածաշնչում դու կարող ես կարդալ որոշ սխալների մասին, որ արել են Եզեկիան, Դավիթը, Հովաթամը և ուրիշ անկատար մարդիկ։ Բայց նրանք սիրել են Եհովային, ընդունել են իրենց սխալները և փորձել են անել այն, ինչ ճիշտ է։ Հիշի՛ր, միայն Աստծու Որդին՝ Հիսուսն էր կատարյալ։ Ձգտիր ավելին իմանալ նրա մասին և հետևել նրա օրինակին։

Կարդա քո Աստվածաշնչում

2 Թագավորներ 18։6; Սաղմոս 27։10

2 Տարեգրություն 28։1–3; Եփեսացիներ 6։1

Կողոսացիներ 3։20; 1 Պետրոս 2։21

2 Տարեգրություն 27։1, 2

[ծանոթագրություն]

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։