Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Պահեք իմ խոսքը»

«Պահեք իմ խոսքը»

«Պահեք իմ խոսքը»

«Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք։ Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 8։31, 32)

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Հիսուսի «խոսքը» իր ուսմունքներն են, որոնք գալիս են վերին աղբյուրից։ «Ինձ ուղարկող Հայրը պատվեր տվեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ»,— ասաց Հիսուսը (Հովհաննես 12։49)։ Իր երկնային Հորը՝ Եհովա Աստծուն ուղղված աղոթքում նա ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է»։ Նա հաճախ էր մեջբերում Աստծու խոսքը՝ իր ուսմունքները հիմնավորելու համար (Հովհաննես 17։17; Մատթեոս 4։4, 7, 10)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները «պահում են նրա խոսքը», այսինքն՝ ընդունում են Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, որպես «ճշմարտություն» և Սուրբ Գիրքը համարում են իրենց հավատալիքների ու սովորույթների հիմքը։

Ինչպե՞ս էին վարվում վաղ քրիստոնյաները։ Պողոս առաքյալը խոր հարգանք ուներ Աստծու Խոսքի հանդեպ, ինչպես Հիսուսը։ Նա գրեց. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16)։ Տղամարդիկ, որոնք նշանակված էին կրթելու իրենց հավատակիցներին, պետք է «ամուր բռնեին հավատարիմ ու վստահելի Աստծու Խոսքը» (Տիտոս 1։7, 9; The Amplified Bible)։ Վաղ քրիստոնյաներին հորդոր էր տրվում մերժել փիլիսոփայությունն ու դատարկ խաբեությունը, քանի որ «սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ուսմունքների վրա» (Կողոսացիներ 2։8

Ովքե՞ր են նման կերպ վարվում այսօր։ Համաձայն Վատիկանի Աստվածային հայտնության դավանաբանության սահմանադրության, որն ընդունվել է 1965-ին և մեջբերվել է կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսում՝ «միայն Սուրբ Գրքից չէ, որ [կաթոլիկ] եկեղեցին հավաստիանում է այն ամենում, ինչը հայտնություն է եղել։ Ուստի թե՛ սուրբ ավանդույթները և թե՛ Սուրբ Գիրքը պետք է ընդունվեն և խորապես հարգվեն միևնույն նվիրվածությամբ և ակնածանքով» (Dogmatic Constitution on Divine Revelation; Catechism of the Catholic Church)։ Մի պարբերագրում (Maclean’s) մեջբերվում էր Կանադայի՝ Տորոնտոյի քահանաներից մեկի խոսքերը. «Մի՞թե մենք կարիք ունենք, որ մեզ առաջնորդի «հեղափոխական» մի ձայն, որը երկու հազար տարվա հնություն ունի։ Մենք մեր հիանալի գաղափարներն ունենք, որոնք անընդհատ թուլանում են, քանի որ ստիպված ենք կապել դրանք Հիսուսի ու Աստվածաշնչի հետ»։

Եհովայի վկաների մասին «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» գրված է. «Նրանք Աստվածաշունչը համարում են իրենց հավատալիքների և կանոնակարգված բարքերի միակ աղբյուրը» (New Catholic Encyclopedia)։ Վերջերս Կանադայից մի տղամարդ ընդհատեց Եհովայի վկաներից մեկին, երբ վերջինս ուզում էր ներկայանալ։ «Ես գլխի ընկա, թե ով եք դուք,— ասաց նա և մատնացույց անելով նրա Աստվածաշունչը՝ ավելացրեց,— ձեր ձեռագիրը միշտ նույնն է»։