Պե՞տք է վստահել առաջին տպավորությանը
Պե՞տք է վստահել առաջին տպավորությանը
ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ հանգիստ նստած՝ բժիշկը դիտում էր հեռուստատեսային մի թոք-շոու, որի հյուրը իռլանդացի մի պետական պաշտոնյա էր։ Տղամարդու դեմքին ուշադիր նայելիս բժիշկը մի բան նկատեց, որը, ըստ նրա, կարող էր ուռուցքի ախտանշան լինել։ Նա կապ հաստատեց պաշտոնյայի հետ և խորհուրդ տվեց նրան անհապաղ հետազոտվել։
Ախտորոշումը ճիշտ էր։ Այդ բժիշկն ուներ այսպես կոչված «մասնագիտական աչք»՝ հիվանդին միայն նայելով ճիշտ ախտորոշելու կարողություն։ Շատերը, սակայն, կարծում են, որ ունեն «մասնագիտական աչք», երբ հարցը վերաբերում է մարդկանց բնավորության գծերին, անհատականությանը կամ վստահարժան լինելուն։
Դարերի ընթացքում որոշ մասնագետներ փորձել են մարդկանց արտաքինից նրանց բնավորությունը բացահայտելու հնարավորությանը գիտական տեսանկյունից մոտենալ։ Նրանք դա կոչել են ֆիզիոգնոմիկա, որը, ըստ «Բրիտանական հանրագիտարանի» բնորոշման, «կեղծ ուսմունք է մարդու դեմքի ու մարմնի կառուցվածքի միջոցով նրա բնավորության գծերի բացահայտման մասին»։ 19-րդ դարում մարդաբանները, օրինակ՝ Ֆրենսիս Գալտոնը՝ Չարլզ Դարվինի զարմիկը, և քրեաբանները, օրինակ՝ իտալացի Չեզարե Լոմբրոսոն, առաջարկել էին նմանատիպ թեորիաներ ու մեթոդներ, որոնք այդ ժամանակից ի վեր մեծ մասամբ մոռացվել են։
Այնուհանդերձ, բազմաթիվ մարդիկ հավատում են, որ հնարավոր է ճիշտ դատել անհատի մասին՝ ուղղակի նրա արտաքինին նայելով։ Արդյոք պե՞տք է առաջին տպավորությանը վստահել։
Դատել՝ արտաքինից ելնելով
Առաջին տպավորության հիման վրա կարծիք կազմելու տիպիկ օրինակ կարող ենք գտնել Աստվածաշնչի «Առաջին Սամուել» գրքում։ Եհովա Աստված պատվիրեց Սամուել մարգարեին Հեսսեի ընտանիքի անդամներից մեկին օծել որպես Իսրայելի ապագա թագավոր։ Կարդում ենք. «Երբ [Հեսսեի որդիները] եկան, Եղիաբին տեսնելով՝ նա ասաց. «Հիրավի, Եհովայի օծյալն իր առջևում է»։ Բայց Եհովան ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ նրա հասակի բարձրությանը, որովհետև ես մերժել եմ նրան։ Աստված այնպես չի նայում, ինչպես որ մարդն է նայում, քանի որ մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում»»։ Նույնը կրկնվեց Հեսսեի վեց որդիների դեպքում։ Ի վերջո, հակառակ մարգարեի ու Հեսսեի կարծիքի՝ Աստված ընտրեց ութերորդ որդուն՝ Դավթին՝ մի պատանու, որին ոչ ոքի մտքով անգամ չանցավ կանչել (1 Սամուել 16։6–12)։
Այսօր գրեթե ոչինչ չի փոխվել։ Մի քանի տարի առաջ քրեաբանության մի գերմանացի պրոֆեսոր փորձ անցկացրեց, որին մասնակցում էին իրավաբանական ֆակուլտետի 500 ուսանող։ Հրավիրված էին 12 անծանոթ մարդիկ։ Նրանց թվում էին ոստիկանապետը, դատախազը, ինստիտուտի հաշվապահը, հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը, մի քանի իրավաբաններ, դատարանի աշխատակիցներ և երեք դատապարտված հանցագործ։ Ուսանողները, դատելով նրանց արտաքինից ու հաշվի առնելով նրանց հոբբին, պետք է որոշեին յուրաքանչյուրի մասնագիտությունը և թե հրավիրվածներից որ մեկն է դատապարտված եղել և ինչ հանցանքի համար։
Ինչպիսի՞ն էին արդյունքները։ Ուսանողների 75 տոկոսը կարողացավ գտնել երեք հանցագործներին։ Սակայն 60 տոկոսը այն կարծիքին էր, որ մյուս ինը հրավիրվածները, որոնք երբևէ քրեական պատասխանատվության չէին ենթարկվել, նույնպես իրավախախտներ են։ Օրինակ՝ 7-ից մեկի կարծիքով՝ դատախազը թմրանյութ վաճառող էր, իսկ ուսանողների 3-ից մեկի կարծիքով՝ ոստիկանապետը գող էր։
Փաստորեն, առաջին տպավորությունը կարող է ճիշտ չլինել։Արտաքինը կարող է խաբուսիկ լինել
Երբ առաջին անգամ հանդիպում ենք որևէ մեկի, հակված ենք լինում կարծիք կազմելու՝ ելնելով անցյալի փորձառությունից։ Մենք հակված ենք ընդհանրացնելու և դատելու կարծրատիպերով։ Բացի արտաքինից, մարդու մասին կարծիք են կազմում՝ ելնելով նրա ազգային, էթնիկական, սոցիալական կամ կրոնական պատկանելությունից։
Երբ պարզվում է, որ անհատի մասին մեր կազմած կարծիքը ճիշտ էր, ոգևորվում ենք մեր «հաջողությունից», և համոզվածությունը, որ կարող ենք վստահել մեր առաջին տպավորությանը, ամրանում է։ Սակայն երբ հասկանում ենք, որ բոլորովին սխալ կարծիք էինք կազմել, ինչպե՞ս ենք արձագանքում այդուհետ։ Եթե անկեղծ ենք, ապա հրաժարվում ենք մեր կանխակալ կարծիքից և հաշվի ենք առնում փաստերը։ Այլապես գուցե գործենք ի վնաս ուրիշների կամ լուրջ սխալներ անենք միայն այն պատճառով, որ հպարտությամբ հենվում ենք այն բանի վրա, որ ունենք առաջին հայացքից մարդկանց մասին ճիշտ կարծիք կազմելու «գերազանց» ունակություն։
Արտաքինից դատելը կարող է ցավ պատճառել ոչ միայն «զոհին», այլև վնաս հասցնել «քննադատին»։ Օրինակ՝ առաջին դարում շատ հրեաներ հաշվի չառան այն, որ հնարավոր է՝ Հիսուսը լինի խոստացված Մեսիան։ Ինչո՞ւ։ Քանի որ կարծիք էին կազմել՝ հիմնվելով կարծրատիպերի վրա. Հիսուսը իրենց ծանոթ հյուսնի որդին էր։ Թեև տպավորված էին նրա խոսքերով և հզոր գործերով, նրանք չհավատացին, որ Հիսուսը կարող էր ավելի մեծ մեկը լիներ, քանի որ կանխակալ կարծիք ունեին նրա մասին։ Նրանց տրամադրվածության պատճառով Հիսուսը ուրիշ վայրեր գնաց քարոզելու՝ ասելով. «Մարգարեն ոչ մի տեղ անարգված չէ, այլ միայն իր հայրենի վայրերում և իր սեփական տանը» (Մատթեոս 13։54–58)։
Այդ հրեաները մի ազգից էին, որը դարեր շարունակ սպասում էր Մեսիային։ Այն բանի պատճառով, որ թույլ տվեցին առաջին տպավորությունը խանգարի իրենց բնորոշելու Մեսիային, որն արդեն եկել էր, նրանք կորցրին Աստծու հավանությունը (Մատթեոս 23։37–39)։ Նույն կանխակալ տրամադրվածությունը դրսևորվեց նաև Հիսուսի հետևորդների հանդեպ։ Շատ մարդիկ ուղղակի չէին կարողանում հավատալ, որ համեստ ձկնորսների փոքր խումբը, որն արհամարհված էր կրթված մարդկանց և կրոնական առաջնորդների կողմից, կարող էր կարևոր բան հայտնել իրենց։ Նրանք, ովքեր շարունակեցին վստահել իրենց առաջին տպավորությանը, կորցրին Աստծու Որդու հետևորդները լինելու հրաշալի հնարավորությունը (Հովհաննես 1։10–12)։
Ոմանք փոխեցին իրենց կարծիքը
Հիսուսի ժամանակակիցներից ոմանք, ովքեր խոնարհ էին, փոխեցին իրենց կարծիքը՝ տեսնելով այն գործերը, որ անում էր նա (Հովհաննես 7։45–52)։ Նրանց մեջ էին Հիսուսի ընտանիքի անդամներից մի քանիսը, որոնք սկզբում չէին էլ մտածում, որ իրենց հարազատներից մեկը կարող է Մեսիան լինել (Հովհաննես 7։5)։ Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում նրանք փոխեցին իրենց կարծիքը և հավատացին նրան (Գործեր 1։14; 1 Կորնթացիներ 9։5; Գաղատացիներ 1։19)։ Նմանապես, տարիներ հետո Հռոմում հրեական համայնքի որոշ ներկայացուցիչներ ցանկացան անձամբ Պողոս առաքյալին լսել, քան հավատալ ասեկոսեներին, որոնք տարածել էին քրիստոնեության թշնամիները։ Նրանցից ոմանք հավատացյալներ դարձան (Գործեր 28։22–24)։
Այսօր շատերը բացասական կարծիք ունեն Եհովայի վկաների մասին։ Ինչո՞ւ։ Պատճառը այն չէ, որ նրանք քննել են Սուրբ Գիրքը և համոզվել, որ նրանց հավատալիքներն ու սովորույթները աստվածաշնչային հիմք չունեն։ Ընդհանուր առմամբ՝ պատճառն այն է, որ նրանք ուղղակի չեն կարողանում հավատալ, որ Եհովայի վկաները կրոնական դաշտում աստվածաշնչյան ճշմարտությունն են քարոզում։ Սա, ինչպես հիշում եք, հենց այն կարծիքն է, որ շատերն առաջին դարում ունեին քրիստոնյաների հանդեպ։
Զարմանալի չէ, որ տհաճ և արհամարհական ակնարկներ են արվում նրանց մասին, ովքեր ջանում են հետևել Հիսուսի օրինակին։ Իսկ ինչո՞ւ զարմանալի չէ։ Բանն այն է, որ Հիսուսը զգուշացրել էր իր ճշմարիտ հետևորդներին. «Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից»։ Բայցև քաջալերել էր նրանց հետևյալ խոսքերով. «Ով որ մինչև վերջ տոկա, նա կփրկվի» (Մատթեոս 10։22)։
Հնազանդվելով Հիսուսի պատվերին՝ այսօր Եհովայի վկաները համայն աշխարհում ջանադրաբար քարոզում են մարդկանց Աստծու Թագավորության բարի լուրը (Մատթեոս 28։19, 20)։ Նրանք, ովքեր կտրականապես հրաժարվում են լսելուց, կանգնում են հավիտենական կյանքի տանող ճանապարհը կորցնելու վտանգի առաջ (Հովհաննես 17։3)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Կառաջնորդվես միայն առաջին տպավորությամբ և կանխակալ կարծիքո՞վ, թե՞ կցանկանաս ողջամտորեն քննել փաստերը։ Հիշիր՝ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել, իսկ տպավորությունը՝ սխալ, բայց փաստերի անկողմնակալ քննությունը կարող է հաճելիորեն զարմացնել (Գործեր 17։10–12)։
[նկար 11-րդ էջի վրա]
Հրեաներից շատերը իրենց առաջին տպավորության պատճառով մերժեցին Հիսուսին՝ Մեսիային
[նկար 12-րդ էջի վրա]
Եհովայի վկաների մասին քո կարծիքը հիմնված է առաջին տպավորությա՞ն, թե՞ փաստերի վրա