Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ. Հիսուսն Աստվա՞ծ է

Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ. Հիսուսն Աստվա՞ծ է

Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ. Հիսուսն Աստվա՞ծ է

ՀԱՎԱՆԱԲԱՐ ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։

Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ կնոջ միջև։ Վկա կնոջ անունը կդնենք Կարինե, իսկ զրուցակցի անունը՝ Անժելա։

Ճի՞շտ է, որ դուք չեք հավատում Հիսուսին

Անժելա Մեր քահանան ասում է, որ Եհովայի վկաները չեն հավատում Հիսուսին։ Դա ճի՞շտ է։

Կարինե — Նախ ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մենք Հիսուսին հավատում ենք։ Մենք համոզված ենք, որ առանց Քրիստոսին հավատ ընծայելու՝ հնարավոր չէ հասնել փրկության։

Անժելա — Ես էլ եմ հավատում։

Կարինե — Ուրեմն նույն կարծիքն ունենք այս հարցի մասին։ Ի դեպ, իմ անունը Կարինե է, իսկ ձե՞րը։

Անժելա — Անժելա։

Կարինե — Ուրախ եմ, Անժելա։ Դեմ չե՞ք, եթե «դու»-ով խոսենք իրար հետ։

Անժելա — Դեմ չեմ։

Կարինե — Եվ այսպես, հարց է առաջանում. «Եթե Եհովայի վկաներն իրոք հավատում են Հիսուսին, ապա մարդիկ ինչո՞ւ են այլ բան ասում»։

Անժելա — Այո՛, իսկապես։

Կարինե — Եթե կարճ ասեմ, Անժելա ջան, մենք շատ մեծ հավատ ունենք Հիսուսի հանդեպ, բայց չենք հավատում ամեն բանի, որ մարդիկ ասում են նրա մասին։

Անժելա — Օրինակ՝ ինչի՞ն չեք հավատում։

Կարինե — Ոմանք ասում են, որ Հիսուսը ընդամենը մի սովորական մարդ է եղել։ Բայց մենք համաձայն չենք այս մտքին։

Անժելա — Ես էլ համաձայն չեմ։

Կարինե — Տեսնո՞ւմ ես, այս հարցում էլ ենք համամիտ։ Իսկ ընդհանրապես, Եհովայի վկաները համաձայն չեն այն ուսմունքներին, որոնք հակասում են այն բոլոր խոսքերին, որ Հիսուսն ասել է Հոր հետ իր ունեցած առնչության մասին։

Անժելա — Ի՞նչ նկատի ունես։

Կարինե — Շատ կրոններ սովորեցնում են, թե Հիսուսը Աստված է։ Հնարավոր է՝ քեզ էլ են այդպես սովորեցրել։

Անժելա — Այո՛, քահանան ասում է, որ Աստվածն ու Հիսուսը նույն անձնավորությունն են։

Կարինե — Համաձա՞յն չես, որ Հիսուսի մասին ճշմարտությունն իմանալու լավագույն ձևն այն է, որ քննենք, թե ինչ է իր մասին ասել ինքը։

Անժելա — Համաձայն եմ։

Ի՞նչ է ասել Հիսուսը

Կարինե — Քննենք մի աստվածաշնչյան համար, որը լույս է սփռում այս հարցի վրա։ Տեսնենք, թե ինչ է ասվում Հովհաննես 6։38-ում. «Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը»։ Այս համարը մեզ դժվար կացության մեջ է դնում, եթե Հիսուսը Աստված է։

Անժելա — Այսի՞նքն։

Կարինե — Նկատենք, թե Հիսուսի խոսքերից ինչ է հետևում. նա չեկավ երկիր, որ իր կամքը կատարի։

Անժելա — Ճիշտ ես, նա ասաց, որ եկել է կատարելու իրեն ուղարկողի՛ կամքը։

Կարինե — Բայց եթե Հիսուսը Աստված է, ո՞վ է նրան երկնքից ուղարկել երկիր, և ինչո՞ւ Հիսուսը ենթարկվեց ուղարկողի կամքին։

Անժելա — Գլխի եմ ընկնում, թե ինչ ես ուզում ասել։ Բայց գիտե՞ս, չեմ կարծում, որ միայն այս համարով կարելի է համոզված ասել, որ Հիսուսը Աստված չէ։

Կարինե — Շատ լավ։ Քննենք մեկ ուրիշ խոսք, որ Հիսուսն ասել է Հովհաննես 7։16-ում։ Կկարդա՞ս։

Անժելա — Այո՛։ «Հիսուսն էլ պատասխանեց. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է»»։

Կարինե — Շնորհակալություն, Անժելա։ Ըստ այս համարի՝ Հիսուսը ի՞ր գաղափարներն էր սովորեցնում։

Անժելա — Ո՛չ, նա ասաց, որ ինչ որ ինքը սովորեցնում է, իրեն ուղարկողինն է։

Կարինե — Ճիշտ է։ Այդ դեպքում ո՞վ ուղարկեց Հիսուսին և ո՞վ նրան սովորեցրեց այն ճշմարտությունները, որ ինքը սովորեցնում էր։ Նա Հիսուսից մեծ չէ՞ր լինի։ Կարծում եմ՝ համաձայն կլինես, որ ուղարկողը ավելի բարձր է ուղարկվողից։

Անժելա — Հետաքրքիր է։ Այս հատվածը չեմ հիշում, որ կարդացած լինեմ։

Կարինե — Քեզ կարող են հետաքրքրել նաև Հիսուսի այն խոսքերը, որ գրված են Հովհաննես 14։28-ում. «Լսեցիք, որ ասացի ձեզ, թե գնում եմ ու հետ կգամ ձեզ մոտ։ Եթե սիրեիք ինձ, կուրախանայիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև Հայրը մեծ է ինձանից»։ Ըստ այս համարի՝ Հիսուսն ի՞նչ է ասում Հոր նկատմամբ ունեցած իր դիրքի մասին։

Անժելա — Ասաց, որ Հայրը մեծ է իրենից։ Փաստորեն, Աստված նրանից բարձր դիրք ունի։

Կարինե — Շատ ճիշտ ես։ Քննենք մեկ այլ օրինակ։ Կարդանք Մատթեոս 28։18 համարը։ Այստեղ Հիսուսն իր աշակերտներին ասում է. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել»։ Ի՞նչ ենք տեսնում. ասա՞ց Հիսուսը, որ ամբողջ իշխանությունը միշտ է ունեցել։

Անժելա — Ո՛չ, նա ասաց, որ այն տրվե՛լ է իրեն։

Կարինե — Բայց եթե Հիսուսը Աստված է, ապա ինչպե՞ս կարող է նրան տրվել ավելի մեծ իշխանություն։ Եվ ո՞վ տվեց դա նրան։

Անժելա — Ես պետք է մտածեմ այդ մասին։

Ո՞ւմ հետ էր նա խոսում

Կարինե — Աստվածաշնչի մեկ ուրիշ հատված էլ կա, որը կարող է մեզ փակուղու առջև կանգնեցնել, եթե Հիսուսին Աստված համարենք։

Անժելա — Ո՞րն է։

Կարինե — Դա Հիսուսի մկրտության դրվագն է, որ գրված է Ղուկաս 3։21, 22 համարներում։ Կկարդա՞ս։

Անժելա — «Երբ ամբողջ ժողովուրդը մկրտվեց, Հիսուսը նույնպես մկրտվեց, ու երբ աղոթք էր անում, երկինքը բացվեց, և սուրբ ոգին մարմնավոր կերպարանքով, աղավնու տեսքով իջավ նրա վրա, և մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»։

Կարինե — Նկատեցի՞ր, թե ինչ էր Հիսուսն անում մկրտվելիս։

Անժելա — Նա աղոթում էր։

Կարինե — Այո՛։ Անշուշտ, հարց է առաջանում. «Եթե Հիսուսը Աստված է, ապա ո՞ւմ էր աղոթում»։

Անժելա — Լավ հարց է։ Այդ մասին կհարցնեմ քահանային։

Կարինե — Բացի այդ, երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, ինչ-որ մեկը երկնքից խոսեց։ Նկատեցի՞ր, թե ինչ ասաց երկնքից խոսողը։

Անժելա — Նա ասաց, որ Հիսուսն իր Որդին է, սիրում է նրան և հավանություն է տալիս։

Կարինե — Ճիշտ ես ասում։ Բայց եթե Հիսուսն Աստված է, ո՞վ էր երկնքից խոսողը։

Անժելա — Այս դրվագին նախկինում այս տեսանկյունից չէի նայել։

Ինչո՞ւ «Հայր» և «Որդի»

Կարինե — Արի մի բան էլ քննարկենք։ Տեսանք, որ Հիսուսը Աստծուն համարում էր իր երկնային Հայրը։ Իսկ երբ մկրտվեց, երկնքից լսված ձայնն ասաց, որ Հիսուսը Աստծու Որդին է։ Փաստորեն, ինքը Հիսուսը իրեն անվանել է Աստծու Որդի։ Եթե ուզենաս ինձ բացատրել, որ ընտանիքի երկու անդամներ իրար հավասար են, ապա ո՞ւմ կբերես որպես օրինակ։

Անժելա — Օրինակ՝ երկու եղբայրների։

Կարինե — Շատ լավ, գուցե նույնիսկ միաձվածին երկվորյակ եղբայրների։ Բայց Հիսուսը Աստծուն անվանեց Հայր, իսկ իրեն՝ Որդի։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր Հիսուսը դրանով ուզում ասել։

Անժելա — Հասկանում եմ։ Հիսուսը խոսում է մի անձնավորության մասին, ով իրենից տարիքով մեծ է և ավելի շատ իշխանություն ունի։

Կարինե — Ճիշտ ես։ Այս հարցը պարզաբանելու համար քննարկեցինք բավական լավ օրինակ՝ եղբայրների կամ երկվորյակների օրինակը։ Եթե Հիսուսը իրոք Աստված էր, ապա չե՞ս կարծում, որ նրա՝ Մեծ Ուսուցչի մտքով նույնպես այս օրինակը կամ նույնիսկ ավելի լավ օրինակ կանցներ։

Անժելա — Կարծում եմ։

Կարինե — Բայց փոխարենը՝ նա օգտագործեց «Հայր» և «Որդի» բառերը՝ բացատրելու համար, թե ինչպիսին է իր դիրքը Աստծու նկատմամբ։

Անժելա — Այո, հետաքրքիր է։

Ի՞նչ են ասել Հիսուսի առաջին աշակերտները

Կարինե — Թույլ տուր այս հարցի հետ կապված մի բան էլ քննարկել, եթե, իհարկե, ժամանակ ունես։

Անժելա — Լավ, մի քանի րոպե ունեմ։

Կարինե — Եթե Հիսուսն իրոք Աստված է, չե՞ս կարծում, որ նրա աշակերտները այդ մասին հստակ կասեին։

Անժելա — Տրամաբանական է։

Կարինե — Բայց հենց իրողությունն այն է, որ Աստվածաշնչում ոչ մի տեղ չենք կարդում, որ նրանք նման բան են սովորեցրել։ Ավելին, ուշադրություն դարձրու, թե Պողոս առաքյալը, որ Հիսուսի վաղ հետևորդներից էր, ինչ գրեց։ Նա Փիլիպպեցիներ 2։9-ում ասում է, թե ինչ արեց Աստված Հիսուսի մահից և հարությունից հետո. «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան [այսինքն՝ Հիսուսին] և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից»։ Ըստ այս համարի՝ ի՞նչ արեց Աստված Հիսուսի համար։

Անժելա — Նրան ավելի բարձր դիրք տվեց։

Կարինե — Ճիշտ է։ Բայց եթե Հիսուսը նախքան մահանալը Աստծուն հավասար էր, իսկ հետո Աստված նրան ավելի բարձր դիրքի արժանացրեց, մի՞թե դա չի նշանակում, որ Հիսուսն Աստծուց բարձր եղավ։ Իսկ այսպիսի բան հնարավո՞ր է։

Անժելա — Չէ՛, հնարավոր չէ։

Կարինե — Համաձայն եմ քեզ հետ։ Մեր այս խոսակցությունից հետո ի՞նչ եզրակացրիր, Անժելա ջան. Աստվածաշունչը սովորեցնո՞ւմ է, որ Հիսուսը Աստված է։

Անժելա — Ո՛չ, չեմ կարծում։ Աստվածաշունչն ասում է, որ նա Աստծու Որդին է։

Կարինե — Ճիշտ է։ Կուզեի քեզ հավաստիացնել, որ Եհովայի վկաները շատ բարձր են գնահատում Հիսուսին։ Մենք հավատում ենք, որ նրա՝ խոստացված Մեսիայի մահը փրկության ճանապարհ է բացում Աստծուն հավատարիմ բոլոր մարդկանց առջև։

Անժելա — Ես էլ եմ հավատում։

Կարինե — Հնարավոր է՝ քեզ հետաքրքրի, թե ինչպես կարող ենք Հիսուսին ցույց տալ, որ բարձր ենք գնահատում այն, որ նա իր կյանքը տվել է մեզ համար *։

Անժելա — Այո՛, կուզեի իմանալ։

Կարինե — Ես կարող եմ նորից այցելել և Աստվածաշնչից ցույց տալ այդ հարցի պատասխանը։ Հաջորդ շաբաթ մոտավորապես այս ժամին տանը կլինե՞ս։

Անժելա — Կլինեմ։

Կարինե — Հրաշալի է։ Ցտեսություն, կհանդիպենք։

[ծանոթագրություն]

^ պարբ. 78 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը։