Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածասեր մարդ և պատասխանատու քաղաքացի. ինչպե՞ս

Աստվածասեր մարդ և պատասխանատու քաղաքացի. ինչպե՞ս

Աստվածասեր մարդ և պատասխանատու քաղաքացի. ինչպե՞ս

ԵՎ ԱՅՍՊԵՍ, ի՞նչ հիմնական երկու բանով է առանձնանում Հիսուսի ծառայությունը։ Առաջին՝ Քրիստոսը ջանում էր փոխել մարդկանց սրտերը և ոչ թե քաղաքական կառույցները։ Տեսնենք, թե ինչ նա շեշտեց Լեռան քարոզում։ Հիսուսը, երբ դեռ չէր հորդորել իր ունկնդիրներին նմանվելու աղի և լույսի, ասաց, որ իսկական երջանկություն գտնում են նրանք, ովքեր «գիտակցում են իրենց հոգևոր կարիքները»։ Նաև ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են.... սրտով մաքուր են.... խաղաղարար են» (Մատթեոս 5։1–11)։ Հիսուսն իր հետևորդներին օգնեց տեսնելու, որ կարևոր է իրենց մտածելակերպը համապատասխանեցնել Աստծու՝ բարու և չարի վերաբերյալ չափանիշներին, ինչպես նաև Նրան ծառայել սրտանց։

Երկրորդ՝ Հիսուսը տառապյալների հանդեպ լցվեց կարեկցանքով և քայլեր ձեռնարկեց թեթևացնելու նրանց թշվառ վիճակը։ Բայց նա իր առջև նպատակ չդրեց վերացնելու բոլոր չարիքները (Մատթեոս 20։30–34)։ Նա բուժեց հիվանդներին, բայց հիվանդությունը չվերացավ (Ղուկաս 6։17–19)։ Ամոքեց ճնշվածներին, բայց անարդարությունը շարունակեց տառապանք պատճառել։ Քաղցածներին կերակրեց, բայց սովերը շարունակեցին պատուհասել մարդկությանը (Մարկոս 6։41–44

Սրտի փոփոխություն, ցավի թեթևացում

Ինչո՞ւ Հիսուսը նպատակ չդրեց փոխելու զանազան հաստատությունները և իսպառ վերացնելու տառապանքը, փոխարենը՝ կենտրոնացավ մարդկանց սիրտը փոխելու և ցավը թեթևացնելու վրա։ Քրիստոսը գիտեր, որ Աստծու նպատակն է Իր Թագավորության միջոցով վերջ դնել մարդկային բոլոր կառավարություններին և մեկընդմիշտ վերացնել ամեն չարիք (Ղուկաս 4։43; 8։1)։ Պատահական չէ, որ մի անգամ, երբ աշակերտները հորդորեցին Հիսուսին ավելի շատ ժամանակ տրամադրել հիվանդների բուժմանը, նա պատասխանեց. «Եկեք ուրիշ տեղ գնանք՝ մոտակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց այս նպատակով եմ եկել» (Մարկոս 1։32–38)։ Այո՛, Քրիստոսը ժամանակ էր հատկացնում մարդկանց ցավը թեթևացնելուն, բայցևայնպես նրա համար ավելի կարևոր էր Աստծու խոսքը քարոզելն ու ուսուցանելը։

Այսօր Եհովայի վկաները՝ որպես քարոզիչներ, ձգտում են նմանվել Քրիստոսին։ Նրանք գործնական քայլեր են ձեռնարկում կարիքավորների տառապանքը թեթևացնելու համար։ Բայց Վկաները նպատակ չունեն վերացնելու աշխարհի չարիքները։ Նրանք գիտեն, որ դա անելու է Աստծու Թագավորությունը (Մատթեոս 6։10)։ Հիսուսի պես՝ նրանք ջանում են փոխել սրտերը, բայց ոչ քաղաքական կառույցները։ Սա իրատեսական է, որովհետև մարդու հիմնական խնդիրները ոչ թե քաղաքական են, այլ բարոյական։

Պատասխանատու քաղաքացիներ

Եհովայի վկաները նաև գիտեն, որ իրենց քրիստոնեական պատասխանատվությունն է լինել լավ քաղաքացիներ։ Ուստի նրանք հարգում են պետական իշխանությունը։ Իրենց հրատարակությունների և քարոզչական գործի միջոցով Վկաները հորդորում են մերձավորներին լինել օրինապահ։ Բայց երբ պետական իշխանությունը պահանջում է այն, ինչ ուղղակիորեն հակասում է Աստծու պատվիրաններին, նրանք չեն կարող այդ պահանջը բավարարել։ Նրանք «առաջին հերթին Աստծուն են հնազանդվում և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29; Հռոմեացիներ 13։1–7

Եհովայի վկաները ձգտում են այցելել հասարակության բոլոր անդամներին և առաջարկել Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն։ Նման կրթական ծրագրի շնորհիվ միլիոնավոր սրտեր են փոխվում։ Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ հաղթահարում են իրենց վնասակար սովորությունները, ինչպիսիք են ծխելը, հարբելը, թմրամոլությունը, խաղամոլությունը և սեռական սանձարձակությունը։ Նրանք դարձել են բարոյապես մաքուր և պատասխանատվության զգացում ունեցող քաղաքացիներ, որովհետև սովորել են աստվածաշնչյան սկզբունքները կիրառել կյանքում (տե՛ս «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածը, էջ 18)։

Ի լրումն այս ամենի՝ աստվածաշնչային կրթությունը նպաստում է ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ հարգանքին, ջերմ հաղորդակցությանը, ամրացնում է ընտանեկան կապը։ Իսկ եթե ընտանիքն ամուր է, ամուր է նաև հասարակությունը։

Այս հոդվածները կարդալուց հետո ի՞նչ եզրակացության եք գալիս. Աստվածաշունչը հավանություն տալի՞ս է, երբ կրոնը խառնվում է քաղաքականությանը։ Պատասխանը հստակ է՝ ո՛չ։ Բայց պե՞տք է ճշմարիտ քրիստոնյաները լինեն պատասխանատու քաղաքացիներ։ Անշո՛ւշտ։ Իսկ ինչպե՞ս։ Հետևելով Հիսուսի այն պատվիրանին, որ հարկավոր է լինել ինչպես աղ և լույս աշխարհի համար։

Քրիստոսի ասածներին հետևող մարդիկ օրհնություն են բերում ոչ միայն անձամբ իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, այլև ամբողջ հասարակությանը։ Ձեր հարևանությամբ ապրող Եհովայի վկաները ուրախ կլինեն հավելյալ տեղեկություններ տրամադրելու իրենց կողմից անցկացվող աստվածաշնչյան կրթական ծրագրի մասին *։

[ծանոթագրություն]

^ պարբ. 12 Կարող եք այցելել նաև Եհովայի վկաների պաշտոնական կայք՝ www.watchtower.org։

[մեջբերում 10-րդ էջի վրա]

Հիսուսը ջանում էր փոխել մարդկանց սրտերը և ոչ թե քաղաքական կառույցները

[մեջբերում 11-րդ էջի վրա]

Վկաները գիտեն, որ իրենց քրիստոնեական պատասխանատվությունն է լինել լավ քաղաքացիներ