Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընտրիր պայծառ ապագան. ինչպե՞ս

Ընտրիր պայծառ ապագան. ինչպե՞ս

Ընտրիր պայծառ ապագան. ինչպե՞ս

ԻՆՉՊԵ՞Ս կարող ես հասնել երջանկության։ Քայլերից մեկը, որ կարող ես անել, հետևյալն է. քննիր, թե այն որոշումները, որ կայացնում ես այսօր, ինչ հետևանքներ կարող են ունենալ ապագայում։

Ինչ խոսք, դժվար է կայացնել այնպիսի որոշումներ, որոնց բերած օգուտները կզգաս ամբողջ կյանքում։ Ինչո՞ւ. որովհետև մեր շրջապատում շատ են այն մարդիկ, ովքեր մտածում են միայն իրենց ուզածին անմիջապես հասնելու մասին. նրանք անտեսանելի կերպով ճնշում են գործադրում, որ սխալ որոշումներ կայացնենք։ Օրինակ՝ ենթադրենք՝ ուզում ես ամրացնել ընտանիքիդ անդամների միջև կապերը և գիտես, որ այդ նպատակին հասնելու համար պետք է հետևես Աստվածաշնչի խորհուրդներին (Եփեսացիներ 5։22–6։4)։ Բայց շրջապատը անընդհատ ճնշում է գործադրում քո վրա, որպեսզի չափից դուրս շատ աշխատես կամ զվարճանաս։ Այո՛, կյանքի շատ բնագավառներում է անհրաժեշտ լինում ընտրել կա՛մ կարճատև հաճույքը, կա՛մ երկարատև երջանկությունը։ Ինչպե՞ս կարող ես կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հարատև օգուտներ կբերեն քեզ։ Կատարիր հետևյալ չորս քայլերը։

1 Պատկերացրու քո որոշումների հետևանքները

Երբ կանգնում ես որոշում կայացնելու առաջ, հնարավորինս իրատեսորեն մտածիր հետևանքների մասին։ Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3)։ Եթե անկեղծ լինես ինքդ քեզ հետ, ապա հավանաբար կցանկանաս խուսափել այնպիսի ուղուց, որը կարող է վտանգավոր լինել, իսկ եթե պատկերացնես, թե ինչ օգուտներ կարող է բերել իմաստուն որոշումը, կլցվես այդ որոշումն իրագործելու վճռականությամբ։

Ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ արդյունքներ կբերի իմ կայացրած որոշումը մեկ տարի անց, 10 տարի անց և նույնիսկ 20 տարի անց։ Ինչպե՞ս այն կանդրադառնա իմ էմոցիոնալ վիճակի և առողջության վրա։ Ինչպե՞ս այդ որոշումը կազդի ընտանիքիս անդամների վրա և նրանց վրա, ում մասին հոգ եմ տանում»։ Եվ ամենակարևոր հարցը, որ պետք է տաս, սա է. «Իմ կայացրած որոշումը հաճելի կլինի՞ Աստծուն, և ինչպե՞ս այն կազդի նրա հետ ունեցած իմ փոխհարաբերության վրա»։ Քանի որ Սուրբ Գիրքը ներշնչված է Աստծուց, այն կարող է օգնել քեզ որոշելու, թե ինչն է հաճելի նրան, և կարող է զգուշացնել այն վտանգների մասին, որոնք դու գուցե չես նկատել (Առակներ 14։12; 2 Տիմոթեոս 3։16

2 Ո՞ր ուղղությամբ կգնաս

Շատերը, սեփական որոշումներ կայացնելու փոխարեն, պարզապես ընդօրինակում են շրջապատին։ Բայց ինչ-որ ապրելակերպ չի կարող մարդուն երջանիկ դարձնել զուտ այն պատճառով, որ ժողովրդականություն է վայելում։ Ի՞նչ ապրելակերպ կընտրես դու։ Քննենք Նատալիի օրինակը *։ Նա պատմում է. «Ես ուզում էի հաջող ամուսնություն ունենալ։ Բայց հասկանում էի, որ ապրելակերպիս պատճառով չեմ կարող հասնել նպատակիս։ Քոլեջում բոլոր ընկերներս շատ խելացի էին, սակայն անձնական կյանքում անընդհատ սխալ որոշումներ էին կայացնում։ Շարունակ փոխում էին իրենց զուգընկերներին և զուգընկերուհիներին։ Նրանց նման՝ ես էլ շատ զուգընկերներ եմ ունեցել։ Այդպիսի կյանքը բազմաթիվ էմոցիոնալ հարվածներ է հասցրել ինձ»։

Նատալին սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Նա ասում է. «Վկաների մեջ տեսա երջանիկ երիտասարդների և ամուսնական զույգերի։ Աստիճանաբար փոխեցի իմ արժեքներն ու ապրելակերպը, թեև ինձ համար հեշտ չէր»։ Ի՞նչ արդյունք բերեց նման որոշումը։ «Միշտ ցանկանում էի ամուսնանալ մի այնպիսի տղայի հետ, որով կհիանայի,— ասում է Նատալին։— Ժամանակի ընթացքում ամուսնացա մի մարդու հետ, որը նույն կրոնական համոզմունքներն ուներ, ինչ ես։ Համոզված կարող եմ ասել, որ Աստված ավելի լավ ընտանեկան կյանք է տվել ինձ, քան ես կարող էի երազել»։

3 Նայիր հեռուն

Անհեռատես մտածելակերպից խուսափելու համար հարկավոր է հստակորեն պատկերացնել այն ապագան, որին ուզում ես հասնել, նաև անհրաժեշտ է ծրագրել դրան հասնելու քայլերը (Առակներ 21։5)։ Միայն թե կարիք չկա այդ ապագան պատկերացնել 70 կամ 80 տարվա սահմաններում։ Փոխարենը՝ պատկերացրու, թե ինչպես ես վայելելու այն հավիտենական ապագան, որի մասին խոսում է Աստվածաշունչը։

Սուրբ Գիրքը հայտնում է, որ Աստված Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի միջոցով մարդկությանը հնարավորություն է տալիս ապրելու հավիտյան (Մատթեոս 20։28; Հռոմեացիներ 6։23)։ Աստված խոստանում է, որ շուտով կիրագործի երկրի և մարդկության հետ կապված իր սկզբնական նպատակը։ Նրանք, ովքեր սիրում են Աստծուն, հնարավորություն կունենան հավիտյան վայելելու կյանքը վերականգնված Դրախտում (Սաղմոս 37։11; Հայտնություն 21։3–5)։ Եթե հեռուն նայես, կհասնես այս ապագային։

4 Ջանք արա, որ հասնես նպատակներիդ

Առաջին քայլը դեպի այդ ապագան Աստծու մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելն է Սուրբ Գրքից (Հովհաննես 17։3)։ Այդ գիտելիքները կլցնեն քեզ համոզվածությամբ, որ Աստծու խոստումներն անպայման կատարվելու են։ Դու քեզ այնքան ուժեղ կզգաս, որ ցանկացած փոփոխություն կանես Աստծու հավանությանն արժանանալու համար։

Քննենք Մայքլի օրինակը։ Նա պատմում է. «Արդեն 12 տարեկանում սկսեցի ալկոհոլ և թմրանյութ օգտագործել։ Ես բանդայի անդամ էի և մտածում էի, որ 30 տարի էլ չեմ ապրի։ Զայրացած էի, հիասթափված և ինքնասպանության բազմաթիվ փորձեր արեցի։ Սրտիս խորքում ուզում էի ավելի լավ կյանք տեսնել, բայց չգիտեի, թե որն է այդ լավ կյանքը»։ Նա դեռ դպրոցում էր սովորում, երբ իրենց բանդայի անդամներից մեկը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Մայքլը որոշեց հետևել նրա օրինակին։

Այն, ինչ նա սովորեց Աստվածաշնչից, փոխեց ապագայի վերաբերյալ նրա պատկերացումները։ Նա ասում է. «Սովորեցի, որ ապագայում երկիրը վերածվելու է դրախտի և մարդիկ ապրելու են խաղաղության մեջ՝ անհանգստությունից զերծ։ Ես սկսեցի իմ ապագան հենց այդպիսին պատկերացնել։ Եհովայի հետ մտերմանալը իմ նպատակը դարձավ։ Բայց նաև սայթաքում էի. նույնիսկ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց հետո մի քանի անգամ հարբեցի, իսկ մի անգամ էլ եղա մի աղջկա հետ»։

Ինչպե՞ս էր Մայքլին հաջողվում ամեն անգամ վեր կենալ և շարունակել փոփոխություններ անել իր կյանքում։ «Նա, ով ինձ Աստվածաշունչ էր ուսուցանում, քաջալերում էր ամեն օր Աստվածաշունչ կարդալ և շփվել նրանց հետ, ովքեր ուզում են հաճելի լինել Աստծուն,— ասում է Մայքլը։— Հասկացա, որ բանդայի ընկերներս խանգարում են ինձ։ Չնայած որ բանդան ընտանիքի պես էր ինձ համար, ես խզեցի կապերս նրանց հետ»։

Մայքլն իր առաջ դրեց մոտակա նպատակներ և որոշեց, թե ինչն է առաջնային իր համար. սա օգնեց նրան հասնելու իր հեռակա նպատակին, այն է՝ կյանքը ներդաշնակեցնել Աստծու չափանիշներին։ Դու նույնպես կարող ես այդպես անել։ Գրիր քո հեռակա նպատակը և այն միջանկյալ քայլերը, որոնք կօգնեն քեզ հասնելու դրան։ Պատմիր նպատակներիդ մասին նրանց, ովքեր կաջակցեն քեզ այդ հարցում, և խնդրիր, որ օգնեն քեզ ճիշտ գնահատելու քո առաջընթացը։

Մի հապաղիր գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին և դրանք կիրառել։ Այսօրվանից իսկ սեր զարգացրու Աստծու և նրա Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ։ Այն մարդու մասին, ով կիրառում է Սուրբ Գրքի սկզբունքները, ասվում է. «Ինչ էլ որ նա անի, կհաջողվի» (Սաղմոս 1։1–3

[ծանոթագրություն]

^ պարբ. 8 Անունները այս հոդվածում փոխված են։