Աստվածաշունչը փոխում է կյանքերը
ԻՆՉՊԵ՞Ս մի մարդ, որը դաժան մանկություն է ունեցել, դարձավ լավ ամուսին և երջանիկ հայր։ Ի՞նչը մղեց մի կնոջ, որը բազում վատ սովորություններ ուներ, փոխելու իր կյանքը։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։
«Ինձ անարժեք էի զգում» (ԲԻԿՏՈՐ ՈՒԳՈ ԷՌԵՐԱ)
- ԾՆՎԵԼ Է՝ 1974 թ.
- ԵՐԿԻՐԸ՝ ՉԻԼԻ
- ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԱՐԲԵՑՈՂ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Ծնվել եմ Չիլիի հարավում՝ գեղեցիկ Անգոլ քաղաքում։ Հորս երբեք չեմ տեսել։ Երբ երեք տարեկան էի, մայրս, եղբայրս և ես տեղափոխվեցինք մայրաքաղաք՝ Սանտյագո։ Ապրում էինք մի խղճուկ տան փոքր սենյակում, որը նախատեսված էր տուն չունեցողների համար։ Օգտվում էինք հանրային զուգարանից, իսկ ջուրը վերցնում էինք դրսում գտնվող հիդրանտից (հրշեջ նպատակով ջուր վերցնելու հարմարանք)։
Մոտ երկու տարի հետո պետությունը մեզ մի փոքր տուն տվեց։ Մեր նոր հարևանները թմրամոլներ էին, հարբեցողներ, զբաղվում էին հանցագործությամբ ու անբարոյությամբ։
Մի օր մայրս հանդիպեց մի մարդու, որի հետ հետո ամուսնացավ։ Իմ խորթ հայրը հարբեցող էր։ Նա ծեծում էր մեզ։ Հաճախ լաց էի լինում, երազում էի այնպիսի հայր ունենալ, որը կպաշտպաներ ինձ։
Թեև մայրս շատ էր աշխատում, բայց մենք աղքատ էինք։ Հաճախ բացի կաթի փոշուց ու շաքարից ուրիշ ուտելու բան չէինք ունենում։ Երբեմն ես ու եղբայրս հարևանի պատուհանից թաքուն հեռուստացույց էինք դիտում։ Բայց մի օր հարևանը բռնացրեց մեզ, ու մենք զրկվեցինք այդ հաճույքից։
Կարդալ սովորեցի միայն 12 տարեկանում։ Մի տարի անց թողեցի դպրոցս և լրիվ աշխատանքային ժամով գործ գտա։ Աշխատանքից հետո տղաներով գնում էինք ակումբներ, հարբում էինք ու թմրադեղեր օգտագործում։ Շուտով կախվածություն ձեռք բերեցի։
20 տարեկանում հանդիպեցի Կատի անունով մի աղջկա, որի հետ հետագայում ամուսնացա։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո նորից վերադարձա իմ նախկին սովորություններին և ավելի վատ բաներով սկսեցի զբաղվել։ Հասկանում էի, որ նման ապրելակերպը ինձ ի վերջո կա՛մ բանտ կտանի, կա՛մ էլ գերեզման։ Իսկ ամենաահավորն այն էր, որ տղաս իմ պես դառը մանկություն կունենար։ Դա ինձ տխրեցնում էր։ Բարկանում էի ինքս ինձ վրա և անարժեք զգում։
2001թ.-ին երկու Եհովայի վկաներ այցելեցին մեզ, և Կատին համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել նրանց հետ։ Նա պատմում էր ինձ իր սովորածի մասին։ Հետաքրքրությունից մղված՝ ես էլ սկսեցի ուսումնասիրել։ 2003թ.-ին կինս մկրտվեց։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
Մի օր, երբ կարդացի Հռութ 2։12-ը, որտեղ ասվում է, որ Եհովան վարձատրում է նրանց, ովքեր հավատով են գործում և ապաստան են գտնում նրա մոտ, հասկացա, որ եթե փոխվեմ, կկարողանամ հաճեցնել Աստծուն և վարձատրվել նրանից։ Ուսումնասիրության ընթացքում նկատեցի, թե որքան հաճախ է Աստվածաշունչը դատապարտում հարբեցողությունը։ Ինձ անչափ տպավորեց 2 Կորնթացիներ 7։1-ը։ Այն խրախուսում է «մաքրել մեզ.... ամեն պղծությունից»։ Ուստի որոշեցի թողնել իմ վատ սովորությունները։ Սկզբում հաճախ էի կորցնում ինքնատիրապետումս, բայց Կատին համբերությամբ աջակցում էր ինձ։
Վերջապես թողեցի աշխատանքս, քանի որ այնտեղ ծխելու և խմելու ճնշումը շատ մեծ էր։ Թեպետ դա բացասաբար ազդեց մեր ընտանեկան բյուջեի վրա, սակայն ավելի շատ ժամանակ ունեի Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։ Հենց այդ ընթացքում էր, որ սկսեցի հոգևորապես աճել։ Կատին երբեք չէր պահանջում, որ շատ փող աշխատեմ, և չէր նախատում ինձ մեր պարզ ապրելակերպի համար։ Ես անչափ երախտապարտ եմ նրան։
Աստիճանաբար սկսեցի ավելի շատ շփվել Վկաների հետ։ Նրանք օգնեցին ինձ հասկանալու, որ չնայած իմ թերի կրթությանը՝ Եհովան գնահատում է իրեն ծառայելու իմ անկեղծ ցանկությունը։ Քրիստոնեական ժողովի սերն ու միասնությունը մեծ ազդեցություն թողեցին իմ ընտանիքի վրա։ Մենք ուրիշ ոչ մի տեղ այդպիսի խաղաղություն չէինք տեսել։ 2004թ. դեկտեմբերին ես մկրտվեցի։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Զգացի, թե որքան ճշմարիտ են Եսայիա 48։17-ի խոսքերը. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ»։ Իմ արած փոփոխությունները այնքան տպավորեցին մորս ու եղբորս, որ այժմ նրանք նույնպես Աստվածաշունչ են ուսումնասիրում։ Նույնիսկ հարևաններն են ուրախ տեսնելու, թե որքան եմ փոխվել և որքան երջանիկ է իմ ընտանիքը։
Կինս սիրում է Աստծուն և ինձ համարում է իր վստահելի կողակիցն ու ընկերը։ Թեև երբեք հորս չեմ ճանաչել, սակայն Աստվածաշունչը սովորեցրել է ինձ, թե ինչպես դաստիարակեմ իմ երեք տղաներին։ Նրանք հարգում են ինձ, և, որ ամենակարևորն է, Եհովան նրանց համար իրական Անձնավորություն է, որին նրանք սիրում են։
«Թեև երբեք հորս չեմ ճանաչել, սակայն Աստվածաշունչը սովորեցրել է ինձ, թե ինչպես դաստիարակեմ իմ երեք տղաներին»
Անչափ երախտապարտ եմ Եհովային, որ, չնայած իմ դժբախտ մանկությանը, հնարավորություն տվեց ինձ երջանկություն գտնելու։
«Բարկացկոտ էի ու ագրեսիվ» (ՆԱԲԻԽԱ ԼԱԶԱՐՈՎԱ)
- ԾՆՎԵԼ Է՝ 1974 թ.
- ԵՐԿԻՐԸ՝ ԲՈՒԼՂԱՐԻԱ
- ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՎԱՃԱՌՈՂ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Ծնվել եմ Սոֆիայում, միջին խավի ընտանիքում։ Հայրս լքեց մեզ, երբ վեց տարեկան էի։ Դա մեծ ցավ պատճառեց ինձ։ Ես ինձ լքված էի զգում ու անարժեք։ Այդ զգացումներից դրդված՝ ըմբոստացա։ Երբ մեծացա, բարկացկոտ էի ու ագրեսիվ։
14 տարեկանում առաջին անգամ փախա տնից։ Հաճախ փող էի գողանում մորիցս, տատիկիցս ու պապիկիցս։ Քանի որ կռվարար էի, անընդհատ անախորժությունների մեջ էի ընկնում դպրոցում, այդ պատճառով ընդամենը մի քանի տարում հինգ դպրոց փոխեցի։ Երեք տարի էր մնում, որ դպրոցս ավարտեի, թողեցի այն։ Անբարո կյանք էի վարում։ Ծխում էի ու մարիխուանա օգտագործում։ Հաճախ էի հարբում ու ակումբներ գնում։ Սկսեցի թմրանյութերի վաճառքով զբաղվել։ Տեսնելով, թե ինչպես են մարդիկ տառապում և մահանում՝ հուսահատության մեջ էի ընկնում։ Ուստի ապրում էի զուտ օրվա հաճույքի համար։
1998թ.-ին, երբ 24 տարեկան էի, ինձ ձերբակալեցին Սան Պաուլուի (Բրազիլիա) օդանավակայանում թմրադեղերի ապօրինի վաճառք կատարելիս։ Ինձ դատապարտեցին չորս տարվա ազատազրկման։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
2000թ.-ին Եհովայի վկաները սկսեցին շաբաթը մեկ անգամ այցելել բանտ։ Վկաներից մեկը՝ Մարինեսը, շատ բարի էր իմ հանդեպ։ Նա իմ մեջ Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն արթնացրեց։ Քանի որ ծանոթ չէի Վկաների հետ, իմ բանտակիցներից հարցրի, թե ինչ գիտեն նրանց մասին։ Ի զարմանս ինձ՝ շատերը վատ արտահայտվեցին։ Նրանցից մեկը նույնիսկ ասաց, որ ես կարող եմ ցանկացած կրոն ընտրել, բայց ոչ Վկաներինը։ Նրա ասածը ինձ ավելի շահագրգռեց իմանալու, թե ինչու են այդ մարդկանց այսքան շատ ատում։ Հետո հասկացա, որ պատճառն այն էր, որ նրանք ճշմարիտ կրոնն են դավանում։ Չէ՞ որ Աստվածաշունչն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան Հիսուսի հետևորդները լինել, պիտի հալածվեն (2 Տիմոթեոս 3։12)։
Ժամանակի ընթացքում ինձ նշանակեցին աշխատելու բանտի վարչական մասնաշենքում։ Մի օր պահեստում գտա «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերով * լի արկղեր։ Վերցրի դրանք, բերեցի բանտախուց ու սկսեցի կարդալ։ Ասես չոր անապատում թարմ ջրի աղբյուր գտած լինեի։ Քանի որ ազատ ժամանակ շատ ունեի, ամեն օր ժամեր շարունակ Աստվածաշունչ էի կարդում։
Մի օր ինձ կանչեցին բանտի գլխավոր գրասենյակ։ Մտածելով, թե ինձ ազատ են արձակում՝ արագ-արագ հավաքեցի իրերս, հրաժեշտ տվեցի բանտակիցներիս և շտապեցի գրասենյակ։ Սակայն երբ եկա այնտեղ, ասացին, որ իմ դեմ նոր գործ է հարուցվել։ Ինձ նաև մեղադրում էին կեղծ փաստաթղթեր պահելու մեջ։ Ուստի դատապարտեցին ևս երկու տարի ազատազրկման։
Սկզբում շատ կոտրված էի։ Սակայն մի քանի օր հետո սկսեցի հասկանալ, որ այս դժբախտությունը իրականում օրհնություն էր ինձ համար։ Թեև շատ բաներ էի իմացել Աստվածաշնչից, սակայն սրտիս խորքում դեռ ցանկանում էի բանտից դուրս գալուն պես վերադառնալ իմ նախկին կյանքին։ Փոխվելու համար ինձ ժամանակ էր պետք։
Երբեմն թվում էր, թե Աստված ինձ չի ընդունի։ Սակայն, 1 Կորնթացիներ 6։9–11 համարների շուրջ մտածելով, հասկացա, որ առաջին դարում Աստծու որոշ երկրպագուներ նախկինում եղել են գողեր, հարբեցողներ և շորթողներ, բայց Աստծու օգնությամբ փոխվել են։ Նրանց օրինակը անչափ քաջալերական էր ինձ համար։
Որոշ վատ սովորություններից ձերբազատվելը դժվար չէր։ Օրինակ՝ հեշտությամբ հրաժարվեցի թմրադեղերից, ինչը չեմ կարող ասել ծխելու մասին։ Մի տարուց ավել պայքարեցի և ի վերջո հաջողության հասա։ Ինձ օգնեց այն բանի գիտակցումը, որ ծխելը վատ հետևանքներ է թողնում առողջության վրա։ Բայց ամենից շատ օգնեց Եհովային անդադար աղոթելը։
«Գտել եմ ամենալավ Հորը՝ մեկին, ով երբեք չի լքի ինձ»
Մտերմանալով Եհովայի հետ՝ աստիճանաբար հաղթահարեցի լքված լինելու զգացումը, որն առաջացել էր այն բանից հետո, երբ հայրս լքել էր մեզ։ Սաղմոս 27։10-րդ համարը խորապես տպավորեց ինձ։ Այնտեղ ասվում է. «Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն, Եհովան կընդունի ինձ»։ Հասկացա, որ գտել եմ ամենալավ Հորը՝ մեկին, ով երբեք չի լքի ինձ։ Կյանքս իմաստով լցվեց։ 2004թ. ապրիլին՝ բանտից դուրս գալուց վեց ամիս անց, ես մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Ես երջանիկ եմ։ Ձերբազատվել եմ վատ սովորություններից, ապրում եմ առողջ կյանքով։ Ինձ լավ եմ զգում թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացապես։ Երջանիկ եմ ամուսնության մեջ և մտերիմ փոխհարաբերություններ ունեմ իմ երկնային Հոր՝ Եհովայի հետ։ Նրա երկրպագուների մեջ գտել եմ բազմաթիվ հայրեր, մայրեր ու քույրեր (Մարկոս 10։29, 30)։ Ուրախ եմ, որ նրանք իմ մեջ լավ մարդ դառնալու պոտենցիալ տեսան։
Երբեմն անցյալում կատարած սխալները ճնշում են ինձ։ Բայց մխիթարվում եմ՝ իմանալով, որ Աստծու խոստացած նոր աշխարհում վատ բաներն այլևս «չեն հիշվի» (Եսայիա 65։17)։ Սակայն իմ անցյալը օգնում է ինձ կարեկից լինելու ուրիշների հանդեպ, ովքեր նման խնդիրներ ունեն։ Այդ իմաստով իմ անցյալը, կարելի է ասել, առավելություն է։ Օրինակ՝ ծառայության ժամանակ ինձ համար ավելի հեշտ է առանց նախատրամադրվածության խոսել թմրամոլների, հարբեցողների և հանցագործների հետ։ Վստահ եմ, որ եթե ես կարողացել եմ փոխվել Եհովային հաճեցնելու համար, ցանկացած մեկը կարող է։
^ պարբ. 28 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։