Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ տեսակի գրիչ ու թանաք էր օգտագործվում հնում

Եղեգնյա գրիչ (Եգիպտոս, մոտ մ.թ. առաջին դար)

Հովհաննես առաքյալն իր երրորդ նամակի վերջում գրեց. «Շատ բաներ ունեմ քեզ ասելու, բայց չեմ ուզում թանաքով ու գրչով քեզ գրել» (3 Հովհաննես 13)։ «Թանաք» ու «գրիչ» հունարեն բառերը բառացի նշանակում են «սև» և «եղեգ»։

Դպրի գրիչը եղեգի կոշտ կտոր էր։ Այն թեքությամբ կտրում էին և սուր ծայրի մեջտեղից կտրվածք անում։ Դպիրը գրչի ծայրը սրում էր պեմզայով։ Եղեգից պատրաստված գրիչը շատ նման էր մետաղե ծայր ունեցող ժամանակակից ինքնահոս գրչի։

Թանաքը հիմնականում պատրաստվում էր մրի ու խեժի լուծույթների խառնուրդից. վերջինս սոսնձանյութի դեր էր կատարում։ Այսպիսի թանաքը չոր վիճակում էին վաճառում, և այն նախքան օգտագործելը անհրաժեշտ էր ճիշտ քանակով խառնել ջրի հետ։ Թանաքը չորանում էր և չէր ներծծվում պապիրուսի կամ մագաղաթի մեջ, ուստի գրողը կարող էր հեշտությամբ ուղղել սխալները՝ օգտագործելով թաց սպունգ, որը նույնպես դպրի պիտույքներից մեկն էր։ Թանաքի մասին այս մանրամասնությունը օգնում է հասկանալու, թե ինչ նկատի ունեին Աստվածաշունչը գրողները, երբ խոսում էին Աստծու հիշատակի գրքի մասին, որից անունները կարող էին ջնջվել (Ելք 32։32, 33; Հայտնություն 3։5

Ի՞նչ տեսակի վրաններ էր կարում Պողոս առաքյալը

Կարի պարագաներ (մ.թ. առաջին կամ երկրորդ դար)

Գործեր 18։3-ում ասվում է, որ Պողոսը վրանագործությամբ էր զբաղվում։ Հնում վրանագործները ուղտի կամ այծի մազից կտոր էին գործում և այդ կտորներն իրար կարելով՝ ճանապարհորդների համար վրան էին պատրաստում։ Շատ վրաններ կաշվից էին կարվում, որոշներն էլ՝ քաթանից, որը պատրաստվում էր Պողոսի հայրենի Տարսոն քաղաքում։ Պողոսը հավանաբար կարում էր բոլոր տեսակի կտորներով, ինչպես նաև կաշվով։ Երբ Պողոսն ու Ակյուղասը միասին էին աշխատում, հնարավոր է՝ քաթանից պաստառներ էին կարում, որոնք բակերում օգտագործվում էին որպես ծածկ՝ արևից պաշտպանվելու համար։

Պողոսը հավանաբար այս արհեստը սովորել էր փոքր հասակում։ Ըստ մի եգիպտական պապիրուսի՝ Հռոմի տիրապետության ժամանակ Եգիպտոսում մոտ 13 տարեկանից արհեստ էին սովորում։ Եթե Պողոսը այդ տարիքում է սկսել վրանագործություն սովորել, ուրեմն 15 կամ 16 տարեկանում նա պետք է որ արդեն կարողանար կտորը և կաշին հմտորեն կտրել, ձևել, բզով ծակել ու կարել։ Մի գրքում ասվում է. «Արհեստը սովորելուց հետո Պողոսը թերևս ստացել էր գործիքների իր հավաքածուն»։ Նույն գրքում նշվում է, որ ընդամենը մի քանի դանակ ու բիզ ունենալով՝ վրանագործը կարող էր ցանկացած տեղ իր գործն անել (The Social Context of Paul’s Ministry)։ Այս արհեստը հնարավորություն էր տալիս Պողոսին միսիոներական շրջագայության ժամանակ հոգալու իր կարիքները։