Ընտանեկան երջանկության բանալին
Պարտքե՞ր ունես
Յանիս *։ «Երբ Հունաստանում ճգնաժամ սկսվեց, ես կորցրի բիզնեսս։ Էլ չէինք կարողանում ո՛չ տան հիպոթեկը վճարել, ո՛չ էլ վարկաքարտի վճարումներն անել։ Սթրեսի պատճառով քունս չէր տանում»։
Կատերինա։ «Մեր տունը սիրով ենք կառուցել։ Մտածել անգամ չէի ուզում, որ հնարավոր է՝ մի օր կորցնենք այն։ Ես ու Յանիսը շատ էինք վիճում, թե ինչպես պետք է փակենք մեր պարտքերը»։
ՊԱՐՏՔԸ կարող է լարվածություն առաջացնել ընտանիքում և նույնիսկ քայքայել այն։ Սոցիոլոգ Ջեֆրի Դյուն պարզել է, որ պարտքեր ունեցող զույգերը իրար հետ ավելի քիչ ժամանակ են անցկացնում, հաճախ վիճում են և երջանիկ չեն։ Ի տարբերություն ուրիշ պատճառներով ծագող վեճերի՝ պարտքի ու փողի հետ կապված վեճերը ավելի երկար են տևում, վիճողները հաճախ իրար վրա գոռում են, երբեմն նույնիսկ բռնություն են գործադրում, և այդ վեճերը նոր վեճեր են ծնում։ Ուստի զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներում ամուսնալուծությունների պատճառը հիմնականում փողին առնչվող խնդիրներն են։
Մեծ պարտքերի պատճառով անհատը կարող է նաև լուրջ առողջական խնդիրներ ունենալ, օրինակ՝ անքնություն, գլխացավ, ստամոքսի ցավեր, սրտի նոպա կամ դեպրեսիա։ Մարթա անունով մի կին ասում է. «Ամուսինս՝ Լուիսը, այնքան ճնշված էր զգում պարտքերի պատճառով, որ օրվա մեծ մասը քնում էր։ Նա, ով ինձ համար միշտ թև ու թիկունք է եղել, անօգնական էր դարձել»։ Ոմանց համար պարտքի հետ կապված սթրեսը ուղղակի անտանելի է։ Բի-Բի-Սի լրատվական ընկերությունը տեղեկացնում է, որ Հնդկաստանի հարավարևելյան մասում ապրող մի կին պարտքի պատճառով ինքնասպան
է եղել։ Պարտքը կազմել է 840 ԱՄՆ դոլար։ Նա այդ գումարը վերցրել էր իր երեխաների բուժման համար։Իսկ դուք պարտքեր ունե՞ք։ Եկեք ուշադրություն դարձնենք մի քանի տարածված խնդիրների, որոնց ընտանիքները բախվում են պարտքերի պատճառով, և տեսնենք, թե ինչպես կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել այս հարցում։
ԽՆԴԻՐ 1. անընդհատ մեղադրում ենք իրար։
«Կնոջս մեղադրում էի անմտածված գնումներ անելու համար,— խոստովանում է Լուկաշը,— իսկ կինս բողոքում էր, որ եթե գործս սեզոնային չլիներ, մենք բավարար չափով գումար կունենայինք»։ Ի՞նչ կարող են զույգերն անել, որ պարտքի պատճառով իրենց փոխհարաբերությունները չվնասվեն։
Հաջողության բանալին։ Միահամուռ ջանքեր թափեք։
Կողակցիդ վրա բարկանալով ոչնչի չես հասնի, անգամ եթե քո պատճառով չէ, որ պարտքեր ունեք։ Տեղին կլինի կիրառել Եփեսացիներ 4։31-ում գրված խոսքերը. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն»։
Պայքարեք պարտքերի դեմ, ոչ թե իրար։ Ստեֆանոսը պատմում է, թե ինչպես էին ինքն ու իր կինը համագործակցում իրար հետ. «Պարտքը մեր ընդհանուր թշնամին էր»։ Այսպիսի համագործակցությունը ներդաշնակ է Առակներ 13։10-ում գրված խոսքերին. «Իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա»։ Խնդիրը միայնակ լուծելու փոխարեն՝ անկեղծորեն զրուցեք ձեր ֆինանսական խնդիրների մասին և միասին լուծեք դրանք։
Այս հարցում ձեզ կարող են օգնել նաև երեխաները։ Արգենտինայում ապրող Էդգարդո անունով մի հայր պատմում է. «Փոքր տղաս նոր հեծանիվ էր ուզում։ Մենք բացատրեցինք նրան, թե ինչու չենք կարող գնել, և տվեցինք պապիկի հեծանիվը։ Նա շատ ուրախացավ։ Հասկացա, թե որքան կարևոր է ընտանիքում համագործակցել իրար հետ»։
ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Անկեղծորեն ու հանգիստ զրուցիր պարտքերի մասին տան անդամների հետ։ Ընդունիր սխալներդ։ Անցյալի վրա կենտրոնանալու փոխարեն՝ ձգտիր կիրառել այնպիսի սկզբունքներ, որոնք կօգնեն քեզ ապագայում ֆինանսական հարցերում ճիշտ որոշումներ կայացնելու (Սաղմոս 37։21; Ղուկաս 12։15)։
ԽՆԴԻՐ 2. երբ թվում է, թե հնարավոր չէ պարտքից ազատվել։
Էնրիկեն պատմում է. «Բիզնեսիս պատճառով շատ պարտքեր ունեի։ Վիճակս ավելի վատացավ, երբ Արգենտինայում ճգնաժամ սկսվեց։ Կնոջս պետք է վիրահատեին։ Թվում էր, թե երբեք չեմ ազատվի պարտքերից։ Ասես թակարդն ընկած լինեի»։ Բրազիլիայում ապրող Ռոբերտո անունով մի մարդ գործարքի պատճառով կորցրել էր իր բոլոր փողերը և պարտք էր մնացել 12 բանկերի։ Նա ասում է. «Չէի կարողանում ընկերներիս երեսին նայել։ Ինձ կորած մարդ էի համարում»։
Ի՞նչ կարող ես անել, եթե պարտքիդ պատճառով ընկճված ես, քեզ մեղավոր ես զգում կամ էլ ամաչում ես։
Հաջողության բանալին։ Ճիշտ տնօրինիր փողդ *։
1. Բյուջե կազմիր։ Գրի առ, թե որքան եկամուտ ունես և ինչքան ես ծախսում երկու շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում։ Գրիր նաև հարկերի և ապահովագրության համար տրամադրվող գումարի չափը, հագուստի համար նախատեսված ծախսերը ու ձգտիր չգերազանցել ամեն ամիս դրանց վրա ծախսվող միջին գումարը։
2. Ավելացրու եկամուտդ։ Աշխատանքիդ վայրում կարող ես լրացուցիչ հերթափոխով աշխատանք կատարել, սեզոնային գործ անել, աշակերտներ ունենալ, որոշ թափոններ և ջարդոններ հանձնել համապատասխան ընդունման կետեր կամ էլ հոբբիդ բիզնես դարձնել։ Նախազգուշացում. Թույլ մի՛ տուր, որ աշխատանքդ խանգարի հոգևոր գործերին։
3. Կրճատիր ծախսերդ։ Միայն անհրաժեշտության դեպքում որևէ բան գնիր (Առակներ 21։5)։ Էնրիկեն ասում է. «Մի՛ շտապիր գնումներ անել։ Այդպես կկարողանաս որոշել՝ այդ իրը քեզ իսկապես պետք է, թե պարզապես ուզում ես ունենալ այն»։ Ահա մի քանի խորհուրդ։
-
Տուն։ Հնարավորության դեպքում տեղափոխվիր այնպիսի բնակարան, որի համար ամսական ավելի քիչ գումար կվճարես։ Նվազեցրու կոմունալ ծախսերդ՝ խնայելով էլեկտրաէներգիան, ջուրը և գազը։
-
Սնունդ։ Դրսում կանոնավորաբար սնվելու փոխարեն՝ քեզ հետ ուտելիք վերցրու։ Օգտվիր զեղչի քարտերից կամ այլ հատուկ առաջարկներից։ «Միրգ կամ բանջարեղեն գնելիս փողս խնայում եմ, երբ շուկայից գնումներ եմ անում օրվա վերջում»,— ասում է Բրազիլիայում ապրող Զոելման։
-
Տրանսպորտ։ Եթե մեքենա ունես, մտածիր, թե արդյոք այն քեզ իսկապես անհրաժեշտ է։ Եթե որոշես, որ պետք է, լավ վիճակում պահիր այն և մի՛ մտածիր վաճառելու և նոր մոդել գնելու մասին։ Օգտվիր հանրային տրանսպորտից կամ, եթե հնարավոր է, ոտքով գնա։
Ծախսերդ կրճատելուց հետո մնացած գումարը ճիշտ օգտագործիր։
4. Վերանայիր պարտքերդ։ Նախ վերանայիր, թե որքան է կազմում յուրաքանչյուր պարտքիդ տոկոսը, ապա տեղեկացիր, թե ինչ տուգանքներ կլինեն, եթե ուշացնես կամ ընդհանրապես չկատարես ամսական վճարումները։ Ուշադիր կարդա պարտքի վճարման պայմանագիրը և ամսական հաշվեկշիռը, քանի որ վարկատուները կարող են դիմել խաբեության։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում կարճաժամկետ վարկեր տրամադրող մի ընկերություն հայտարարել էր, թե վարկեր է տրամադրում 24 տոկոսով, այնինչ իրականում տրամադրում էր ավելի քան 400 տոկոսով։
Որոշիր նաև, թե ինչ հերթականությամբ ես վճարելու պարտքերդ։ Կարող ես նախ վճարել ամենաբարձր տոկոսադրույքով պարտքդ կամ էլ սկզբում վճարել փոքր պարտքերը, որ քեզ ավելի հանգիստ զգաս։ Եթե բարձր տոկոսադրույքով վարկ ես վերցրել, գուցե հարմար լինի մեկ ուրիշ բանկից ավելի ցածր տոկոսադրույքով վարկ վերցնել, որ վճարես մյուս վարկի դիմաց։
Իսկ եթե չես կարողանում քո պարտավորությունները կատարել, փորձիր փոխհամաձայնության գալ պարտատերերի հետ։ Կարող ես խնդրել, որ պարտքի վճարման ժամկետը երկարացնեն կամ տոկոսադրույքը նվազեցնեն։ Որոշ պարտատերեր գուցե նվազեցնեն պարտքիդ չափը, եթե այն պատրաստ լինես անմիջապես վճարելու։ Ազնիվ եղիր և հարգալից կերպով բացատրիր նրանց քո ֆինանսական կացությունը (Կողոսացիներ 4։6; Եբրայեցիներ 13։18)։ Ցանկացած նոր համաձայնագիր գրավոր կերպով վավերացրու։ Նույնիսկ եթե առաջին անգամ խնդրանքդ չի ընդունվել, մի՛ հանձնվիր (Առակներ 6։1–5)։
Ինչ խոսք, դու պետք է իրատես լինես փողդ տնօրինելու հարցում։ Նույնիսկ լավագույն ծրագրերը կարող են անկանխատեսելիորեն խափանվել, քանի որ փողը հաճախ «արծվի թևերի պես թևեր է շինում իր համար և դեպի երկինք թռչում» (Առակներ 23։4, 5)։
ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Երբ բյուջե ես կազմում, ընտանիքի անդամների հետ քննարկիր, թե ինչպես կարող է յուրաքանչյուրը նվազեցնել ծախսերը կամ ավելացնել եկամուտը։
Տեսնելով, թե ինչպես է յուրաքանչյուրը զոհողություն անում՝ կքաջալերվես։ԽՆԴԻՐ 3. պարտքը կարող է մթագնել մեր միտքը։
Պարտքերի պատճառով թերևս մոռանանք առավել կարևոր գործերի մասին։ Յեորյիոս անունով մի տղամարդ ասում է. «Ամենամեծ խնդիրն այն էր, որ մեր ողջ կյանքը պտտվում էր պարտքերի շուրջ, իսկ առավել կարևոր գործերը հետին պլան էին մղվել»։
Հաջողության բանալին։ Ճիշտ տեսակետ ունեցիր փողի վերաբերյալ։
Գուցե տարիներ շարունակ ջանքեր ես թափում, բայց պարտքերից չես կարողանում ազատվել։ Թերևս փոխես վերաբերմունքդ քո հանգամանքների հանդեպ։ Փոխանակ անընդհատ փողի մասին մտածելու՝ իմաստուն կլինի հետևել Աստվածաշնչի հետևյալ խորհրդին. «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8)։
Բավարարվիր քո ունեցածով և կկարողանաս «հավաստիանալ, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։ «Ավելի կարևոր» բաների մեջ են մտնում Աստծու և ընտանիքիդ հետ ունեցած քո փոխհարաբերությունները։ Յեորյիոսն ասում է. «Թեև ամբողջությամբ դեռ չենք վճարել մեր պարտքերը, սակայն դրանք մեր կյանքում այլևս առաջին տեղում չեն։ Մեր ամուսնական կյանքը երջանիկ է դարձել, քանի որ սկսել ենք ավելի շատ ժամանակ տրամադրել մեր երեխաներին և իրար, նաև միասին զբաղվում ենք հոգևոր գործերով»։
ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Թվարկիր այն բոլոր բաները, որոնք թանկ են քեզ համար և որոնք փողով չես գնի։ Այնուհետև որոշիր, թե ինչպես կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել և ուժ ներդնել դրանց համար։
Պարտքի հետ կապված խնդիրները սթրես են առաջացնում, իսկ դրանք լուծելու համար զոհողություններ են պետք։ Սակայն արժե՛ ջանքեր թափել։ Անժեյ անունով մի ամուսին, որը Լեհաստանում է ապրում, խոստովանում է. «Երբ իմացա, որ կնոջս երաշխավորությամբ նրա աշխատակցուհին մեծ գումար է վերցրել և անսպասելիորեն անհետացել, մեր տանը լարված իրավիճակ ստեղծվեց»։ Հետադարձ հայացք գցելով՝ Անժեյն ասում է. «Ժամանակի ընթացքում մենք ավելի միասնական դարձանք, քանի որ միահամուռ ջանքեր գործադրեցինք խնդիրը լուծելու համար»։
^ պարբ. 3 Որոշ անուններ փոխված են։
^ պարբ. 17 Ավելի շատ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Դիտարանի» 2011թ. հունիսի 1-ի թողարկման՝ «Ապրիր ունեցածդ միջոցների համեմատ. ինչպե՞ս» հոդվածը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ
-
Ինչպե՞ս կարող եմ ընտանիքիս օգնել պարտքերը վճարելու հարցում։
-
Ի՞նչ կարող ենք անել, որ պարտքի պատճառով մեր փոխհարաբերությունները չփչանան։